Saturday, December 4, 2010

Գագիկ Թադեւոսյանը՝ դիդակտիկ նյութ

04.12.2010

Տասնյակ դեպքեր են եղել, երբ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին «քննադատելու» կամ «պատասխանելու» համար օգտագործվել է նրա խոսքն աղավաղելու էժանագին «տրյուկը»՝ մի ստորակետ, մի բառ փոխելով, խոսքը, միտքը կիսելով, աղճատելով։ Մանր ժուլիկի նույն հնարքն է օգտագործել «Ազգային միաբանություն» կոչվող կուսակցության  (Ա. Գեղամյանի) փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը։
 ՀՀՇ երիտասարդական միության համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում զգուշացրեց երիտասարդությանը՝ չհրապուրվել միայն կուսակցական աշխատանքով ու կարիերայով, եւ ամեն ինչից առաջ մտահոգված լինեն նախ եւ առաջ մասնագիտական պատրաստություն ստանալու խնդրով՝ զգուշացնելով «կոմսոմոլ» երեւույթից։
 Նյութը կառուցված է որպես «Առավոտի» հետ զրույց» եւ մեջբերումը լրագրողի անունից է. «Նախկին խորհրդային կամ սոցիալիստական ճամբարի ամենախայտառակ երեւույթը հենց այդ կոմսոմոլի երեւույթն էր, երբ պատրաստվում էին կիսագրագետ, ֆանատիկ զոմբիներ, որոնք հետագայում պիտի դառնային սիստեմի հենարանը։ Ի դեպ, եթե դուք նայեք Խորհրդային Միության պատմությանը, կուսակցության շարքերում կային ֆանատիկներ։ Բայց կային շատ զարգացած, լուրջ ինտելեկտուալ մարդիկ, որովհետեւ նրանք ստացել էին ցարական կրթություն, դեռ այն ժամանակ էին մասնագիտություն ստացել»։ Ապա լրագրողի անունից ավելացվում է . «Գալով 60-80-ական թվականներին՝ Տեր-Պետրոսյանը Խորհրդային Միության կադրերի մի մասին «կիսագրագետ, գավառամիտ մի խաժամուժ» անվանեց»։
Ահա այս առիթով Գ. Թադեւոսյանը արձագանքում է. «Ես չգիտեմ Տեր-Պետրոսյանն ո՞ւմ նկատի ուներ. վաղամեռիկ Համբարձում Գալստյանի՞ն, ով համալսարանի պատմության ֆակուլտետի կոմսոմոլի քարտուղարն էր, Աշոտ Մանուչարյանի՞ն, ով ֆիզիկայի ֆակուլտետի քարտուղարն էր, նաեւ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար աշխատեց, թե՞ Դեմիրճյան Ստյոպային, որ Պոլիտեխնիկ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի անդամ էր, այսօր էլ իր կողքին։ Միգուցե Հրանուշ Հակոբյանի՞ն, ով իր նախագահ եղած ժամանակ կառավարության անդամ էր, կամ՝ իր եղբայր Պետրոս Պետրոսյանին, ով կոմերիտմիության ակտիվիստ էր, հրամանատար»։
Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ունի շարունակություն, որը չանտեսելու դեպքում բոլորովին այլ կլիներ հարցադրումը եւ, մեղմ ասած, անհեթեթ կհնչեր Գ. Թադեւոսյանի «պատասխանը»։ Դա հետեւյալն է. «Որոշ բացառություն են կազմում կուսակցական այն կադրերը, որոնք գալիս էին արտադրությունից։  Կոմունիստական կուսակցությունն ուներ սնուցման երկու աղբյուր. մեկը կոմսոմոլն էր՝ հիմնականը, մյուսը՝ արտադրությունը։  Եւ արտադրությունից եկած կադրերը էականորեն տարբերվում էին կոմսոմոլից եկած կադրերից»։ Եւ նշումէ երկու օրինակ՝ կենտրոնի մակարդակով՝ Կոսիգինին եւ Հայաստանում՝ Կ. Դեմիրճյանին։
Լեւն Տեր-Պետրոսյանի խոսքը, ինչպես դժվար չէ տեսնել, կոմսոմոլի ճանապարհով կուսակցական աշխատանքի անցնելու մասին է միմիայն։ Ահա, այս դեպքում ժամանակին զոմբիացած Գ. Թադեւոսյանի հռետորական հարցադրումները հօդս են ցնդում. Համբարձում  Գալստյանը եւ Աշոտ Մանուչարյանը «կոմսոմոլով» կուսակցական աշխատանքի չեն անցել, նրանցից մեկը լավ գիտնական էր, մյուսը՝ լավ մանկավարժ։ Ստեփան Դեմիրճյանը նույնպես, չնայած բոլոր հնարավորություններին ու դյուրություններին, նաեւ առաջարկներին՝ գերադասել է արտադրությունը եւ չի անցել կուսակցական աշխատանքի։ Նույնը՝ նաեւ Պետրոս Տեր-Պետրոսյանը։ Այսինքն՝ սրանք բոլորը ճիշտ հակառակ օրինակներն են։ Իսկ Հրանուշ Հակոբյանին հաճույքով նվիրում եմ Գ. Թադեւոսյանին։
Հիմա միայն մեկ հարց Գ. Թադեւոսյանին. ինչո՞ւ իր ցուցակի մեջ չի ներառել ամենացայտուն օրինակները՝ Ռ. Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որոնք, իրոք, «կոմսոմոլով» կուսակցական աշխատանքի էին անցել եւ հետո հայտնվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ նախարարի ու վարչապետի բարձր պաշտոններում։ Որովհետեւ իր կուսակցական «շեֆ» Ա. Գեղամյանն այդ երկուսի հավատարիմ «հաճախո՞րդն» է առ այսօր, եւ ընտրությունից ընտրություն, թեկուզ իր հայտարարածից «տասն անգամ պակաս» (ըստ Ս. Սարգսյանի), բայց ինչ-որ բան ստանո՞ւմ է։
Պետք է ասել, որ օգտակար էր Գ. Թադեւոսյանի այս «ելույթը». դրանով նա հանձինս իրեն ներկայացնում է այն մեկընդմիշտ զոմբիացած կոմսոմոլի խոտելի կերպարը, դառնում լավագույն դիդակտիկ նյութը, որը կհամոզի երիտասարդությունը հեռու մնալ «կոմսոմոլացման» վտանգից, եւ, ամեն ինչից առաջ, որպես առաջին խնդիր, ունենալ մասնագիտական ուսումը, լավ մասնագետ դառնալու նպատակը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ», 04.12.2010

No comments:

Post a Comment