Saturday, December 18, 2010

ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ


Ընդամենը երկու-երկուսուկես տարի առաջ ոչ մեկը չէր էլ կարող ենթադրել, թե Հայաստանում հնարավոր է այնպիսի մի քաղաքական իրավիճակ, որն իր բնութագրիչներով կարող է համեմատվել 1988-90թթ-ի հետ, առավել եւս՝ գերազանցել այն։ Պատճառը ոչ միայն հիմնական՝ ազատության, ժողովրդավարության, օրինականության սոցիալական խնդիրների ավելի պակաս հուզող լինելու հանգամանքն էր՝ համեմատած ղարաբաղյան հնչեղ “ազգային” խնդրի հետ։ Պատճառը նաեւ այն էր, որ նախորդ տասնամյակում, այս խնդիրներով հասարակական ուժերի մոբիլիզացումը վերջնական արդյունք չէր տվել, ու հասարակությունը մատվնել էր հուսալքության ու վերջնական քաղաքական ապատիայի։ 2007-ի աշնան սկզբի ըստ էության զրոյական վիճակից, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ մտնելով, մի քանի ամսվա ընթացքում գոյացած Համաժողովրդական շարժումը հասավ աներեւակայելի կուլմինացիայի՝ մասնակիցների քանակի ու խանդավառության աստիճանի առումով հավասարվելով 1988-ին։ Մարտիմեկյան ջարդից, սպանդից եւ հետագա աներեւակայելի բռնությունների ծանր պայմաններում, Շարժումը կարողացավ հարատեւել՝ պահպանելով իր ողջ քաղաքական ռեսուրսը՝ ապացուցելով նաեւ իր տոկունությունը։
Թերեւս առաջին անգամ հայ իրականության մեջ ընդդիմությունը դրսեւորեց քաղաքական պատասխանատվության որակներ, որոնք, ըստ մեզանում տարածված պատկերացումների, կարող է ունենալ իշխանությունը, բայց ոչ ընդդիմությունը՝ իշխանության համար պայքարը ստորադասելով երկրի շահերին։ Այս ամենով Հայ Ազգային Կոնգրեսը ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ արտաքին քաղաքական խնդիրներում կարեւորագույն քաղաքական գործոն է՝ պաշտոնական իշխանությանը հավասար կամ ավելի, ինչն, ակնհայտ լինելով, ապացուցելու կամ հիմնավորելու կարիք չի զգում։
Ո՞ւմ պետք է առաջին հերթին անհանգստացնի այս հանգամանքը։
Գործող իշխանությանը - 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, պետական հեղաշրջումից հետո հաստատված վարչախումբը տասնամյա հետեւողական ու մանրակրկիտ “աշխատանքով” տեսանելի ապագայի համար, կարծես թե, լուծել էր բռնապետական իշխանության հաստատման, պահպանման ու վերարտադրման խնդիրը։ Համաժողովրդական շարժումը տակնուվրա արեց ամեն ինչ։ Ամբողջությամբ բացահայտվեց ու անգործության մատնվեց նրա “քաղաքական” զինանոցը՝ կեղծ ու ձեռնասուն ընդդիմության ինստիտուտը, ինչն այնքա՜ն անհրաժեշտ էր՝ մի կողմից հասարակությանը խաբելու ու ապակողմնորոշելու, մյուս կողմից՝ արտաքին աշխարհի առջեւ ժողովրդավարության քողով դեմքը ծածկելու համար։ Չնայած անլուր բռնություններին՝ տեղի տվեց հուսալքության ու վախի մթնոլորտը։ Չնայած տեղեկատվական շրջափակմանը եւ քարոզչական տեռորին՝ վարչախումբն իր գործողություններին ստիպված եղավ ողջ հասարկությանը ցուցադրել իր իր զազրելի մերկությունը։
Վարչախմբի փորձերը՝ վերականգնել իր ավերված զինանոցը, մասնավորապես կեղծ քաղաքական ընդդիմությունների՝ “երրորդ բեւեռի”, “հայրենասիրական ճակատի”, Դաշնակցությանը ընդդիմադիր դաշտ գործուղելու եւ այլ տարբերակներով, լիակատար ձախողում կրեցին։ Քաղաքական-գաղափարական հրապարակային ճակատային պայքարը, հենց սկզբից արած մի քանի փորձերից հետո, պարզ դարձրեցին, որ, այս ասպարեզում ունենալով ինտելեկտի ու մանավանդ փաստարկների խոր դեֆիցիտ, ակամա դառնում է ընդդիմության գովազդ, վնասաբեր վարչախմբի համար։ Բռնությունների եւ ուժի գործադրումը, այնուամենայնիվ, ինչ-որ սահմաններից դուրս գալ չի կարող։ Դատապարտված լինելու զգացումը, որքան էլ դա արտաքուստ չերեւա, շարունակում է օր-օրի քայքայել վարչախումբը ներսից եւ մեծացնում Կոնգրեսի քաղաքական պոտենցիալը։
Միջազգային հանրությանը կամ՝ Արեւմուտքին - Հայաստանն Արեւմուտքի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ 1988-90 թվականներին, երբ Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական շարժումը ցնցում էր 70 տարի վեր “հակառակ բեւեռ” հանդիսացող խորհրդային բռնատիրության հիմքերը։ Ըստ այդմ՝ վերաբերմունքը խիստ դրական էր։ 1988-90-ին Արեւմուտքն ազատորեն կարող էր հանդես գալ իր հռչակած՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների դիրքերից, նպաստել ԽՍՀՄ, այդ թվում հայկական ժողովրդավարական շարժումներին, քանզի դրանք մոտեցնում էին իր այդ պահի աշխարահաքաղաքական խնդիրների լուծմանը։ Այժմ Հայաստանն Արեւմուտքի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանզի երկու հիմնական խնդիր՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նրան անհրաժեշտ է՝ լուծելու համար իր այսօրվա կարեւոր աշխարհաքաղաքական կոնկրետ խնդիրները։ Հայաստանի հետ կապված նրա այդ խնդիրները բնույթով բոլորովին այլ են, եւ շատ ավելի հեշտ ու էժան լուծում կստանան ոչ ժողովրդավար, թույլ ու խոցելի իշխանության եւ իներտ հասարկության պայմաններում։
Հենց դրանով պետք է բացատրել վերջին տարիների մի շարք “զարմանալի” իրողություններ՝ Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները գերագույն արժեք, իսկ իրեն՝ դրանց ջատագով ու պաշտպան հռչակած Արեւմուտքի վարքագծում։ Մի կողմից՝ Հայաստանում իշխող վարչախմբի ապօրինությունների առիթով արված հրապարակային դատապարտումներ, պահանջներ, բանաձեւեր, դատավճիռներ, մյուս կողմից՝ ճչացող անհետեւողականություն, նույն վարչախմբի նկատմամբ անհասկանալի ներողամտություն, ընդհուպ՝ վատ սքողված գուրգուրանք։ Բացատրությունը մեկն է. Արեւմուտքը պետք է մի կողմից՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ջատագովի իր դեմքը պահպանի, մյուս կողմից՝ լուծի Հայաստանում ոչ լեգիտիմ ու խոցելի իշխանություն ունենալու խնդիրը՝ նրա միջոցով թույլ կողմի հաշվին, առավել էժան տարբերակով կարգավորելու համար իր աշխարհաքաղաքական խնդիրները։ Որքան էլ իր ռեսուրսներով ու տնտեսությամբ երկիրը փոքր, սակայն նրան դժվար է հրամայել ու ստիպել, եթե այն օժտված է լեգիտիմ եւ հասարկության վստահությունը վայելող անխոցելի ժողովրդավար իշխանությամբ։ Իր այսօրինակ քաղաքական կշռով Կոնգրեսն ինչ-որ տեղ զսպում է Հայաստանի (եւ Ղարաբաղի) նկատմամբ Արեւմուտքի եւ հարեւանների ախորժակը։ Այս հանգամանքի շնորհիվ է, որ Կոնգրեսն, ըստ էության, ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական կարեոր ու անշրջանցելի գործոն է՝ ոչ պակաս կարեւոր, քան պաշտոնական իշխանությունները։ Ահա, այստեղ է, որ հասարկության մեծագույն մասի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժը՝ Հայ Ազգային Կոնգրեսը, որպես երկրում ժողովրդավարական, օրինական ու անխոցելի իշխանության հաստատման պոտենցիալ, չքայքայվող քաղաքական կորիզ ունեցող ուժ, անհանգստացնող է ու անցանկալի Արեւմուտքի համար։

*  *  *
Այսինքն՝ վարչախումբը եւ Արեւմուտքը, տարբեր մոտիվներով, բայց դաշնակիցներ են Հայ Ազգային Կոնգրեսի թուլացման, նրա քաղաքական միջուկի քայքայման խնդրում։ Մեթոդներն են մնացել սահմանափակ։ Իշխանական բռնությունները, ապօրինությունները, կամայականությունները, տոտալ քարոզչությունը՝ վերագրումների, կեղծիքների տարածումը վարչախմբի կողմից վերահսկվող էլեկտրոնային միջոցներով գուցե մի քիչ կարճացրեց Կոնգրեսի “փեշերը”։ Սակայն, որպես քաղաքական գործոն, անխախտ մնաց նրա՝ մի քանի տասնյակ հազարանոց քաղաքական կորիզը։ Ահա այդ չքայքայվող կորիզի մեջ “ցեց գցելն” է հիմնական խնդիրը։ Միակ արդյունավետ ձեւը մնում է այնպիսի կեղծ տեղեկությունների տարածումը, մատից ծծած “վերլուծությունները”, որոնք պետք է նրբորեն ազդեն մարդկանց ենթագիտակցության վրա ու նպաստեն Կոնգրեսի նկատմամբ վստահության անկմանը։ Ահա տարածվող այդպիսի “խոսք ու զրույցի” մի քանի օրինակ.
-        Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից,
-        Կոնգրեսի մեջ պառակտում է սկսվել,
-        Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այսօրվա իշխանության տեսակետները նույնական են,
-        Կոնգրեսն իրեն սպառել է, անհրաժեշտ է նոր ընդդիմություն եւ նոր ղեկավար,
-        Կոնգրեսը համագործակցում է իշխանության հետ,
-        Կոնգրեսը կարող է, բայց չի կանխում հայ-թուրքական եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման աննպաստ զարգացումնրը, սպասում է, մինչեւ դրանց վրա ձախողվի Սերժ Սարգսյանը եւ այլն։
Սակայն այս ամենի ազդեցությունը կոնգրեսական քաղաքական կորիզի վրա զրոյական է, քանի դեռ այն տարածվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից։ Որպեսզի այդ կորիզի մեջ “ցեց ընկնի”, նմանօրինակ մտքերը պետք է հայտնվեն “ընդդիմադիր” ընկալվող լրատվամիջոցներում։ Եւ դրա շահագրգռված պատվիրատուն, բնականաբար, կարող է լինել ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ Արեւմուտքը՝ օգտվելով, մասնավորապես, վերջիններիս ֆինանսական խոցելի վիճակից։
Վերջերս նման գիծ է նկատվում “Ժամանակ” (Երեւան) թերթի էջերում։ Բերենք մի քանի օրինակ.
“Վերջին 15 տարում հենց կառավարող էլիտան է շահագրգռված, որ բանավեճ տեղի չունենա (Ղարաբաղի հարցում) եւ ամեն ինչ մնա առուվաճառքի մասին մեղադրանքների մակարդակին, որովհետեւ այդ դեպքում իշխանությունը հայտնվում է շահեկան վիճակում”, “ներքաղաքական հստակ ու լեգիտիմ օրակարգի բացակայությունը, որ իշխանությունը կարողացավ փաթաթել ոչ միայն հասարկությանը, այլեւ ընդդիմությանը”, “լրջորեն վնասվեց ներքաղաքական, ներպետական կյանքում առկա միակ օրգանական գործող կապը՝ հասարակություն-ընդդիմություն կապը”, “ընդդիմության պարագայում հանրությունը գտնվում է որոշակի մոլորված վիճակում”, “այժմ Հայաստանում կարծես թե հերթական անգամ այդօրինակ մի փուլ է, երբ նոր օրակարգի պահանջ է ձեւավորվում, ու առաջանում է անխուսափելի մի հարց՝ ո՞վ է ձեւակերպելու այդ պահանջը եւ տնօրինելու դրա ընթացքը։ Թերւես տվյալ քաղաքական ուժինն էլ լինելու է ապագան, համենայնդեպս, հասարակությունն իր ապագան կապելու է հենց այդ ուժի հետ”, “սարերի հետեւում չէ 2012թ. եւ այդ առումով, կարծես թե ինքնաբերաբար հարց է առաջ գալիս. թե եղած ընդդիմությա՞մբ է քաղաքական դաշտը գնալու այդ, իսկ հետո նաեւ 2013թ. ընտրությանը, ընդդիմությամ՞բ է գնալու, թե՞ գնալու է ընդդիմություններով, Հայաստանի նոր ընտրական փուլին կմասնակցի նախորդին արդեն իսկ մասնակցած ընդդիմությունը։ Լավ է դա, թե՞ վատ”, “Կոնգրեսը գաղափարական առումով որեւէ հակասություն չունի այդ միջազգային կենտրոնների տարածաշրջանային պատկերացումների ու զարգացումների հետ” եւ այլն։
Ոչ միայն Ղարաբաղի հարցում է մեր հակառակորդը միջազգային հանրությունը կամ Արեւմուտքը։ Նրա դիմադրությունը մենք պետք է հաղթահարենք նաեւ երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու, լեգիտիմ իշխանություն ունենալու հարցում։ Եւ դա լիովին լուծելի խնդիր է։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են որեւէ կերպ նպաստել այդ խնդիրն իր առջեւ դրած, ժամանակի ծանրագույն մարտահրավերներին դիմակայած Հայ ազգային Կոնգրեսը թուլացնելու գործին, ի վերջո գործում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի նպաստ ապօրինի վարչախմբի եւ օտարի շահերի։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”, 18.12.09


No comments:

Post a Comment