15.12.201
Սահմանադրության
եւ օրենքի փոխարեն քրեական աշխարհի բարքերով՝ «գողականով» առաջնորդվող, քաղաքականի
փոխարեն նյութականի վրա հիմնված, պետական անվտանգության, քաղաքացիների իրավունքների
ու բարեկեցության խնդիրի փոխարեն միմիայն սեփական հարստացման մասին մտածող, ի ծնե ապօրինի
իշխանությունը կարող է բազում վնասներ, նույնիսկ աղետներ բերել, բայց չի կարող երկար
գոյատեւել։ Այն, ինչ տեղի է ունենում վերջերս «հայրենի» ավազակապետության հետ, դրա
փայլուն ապացույցն է։
«Մախաթը
պարկում չի մնա», - ասում է ժողովրդական իմաստությունը։ Միայն վերջին շրջանում համաշխարհային
հնչեղության երեք՝ «Պզոյի», Լուժկովի եւ Ուրանի գործերով ողջ միջազգային հանրությունն
արձանագրեց վերջին տասնամյակում Հայաստանի իշխանական «էլիտայի» անմիջական կապն ու ակտիվ
դերակատարությունը միջազգային ահաբեկչության, նարկոբիզնեսի, մարդավաճառության, փողերի
լվացման բնագավառներում։ Սրան ավելացավ «վիկիլիքսի» շնորհիվ հայտնի դարձած զենքի ապօրինի
վաճառքի գործը՝ կապված անձամբ Սերժ Սարգսյանի անվան հետ։
Հայաստանյան
ավազակապետությունն այս ամենով պաշտոնապես ճանաչվում է նաեւ միջազգայնորեն։ Իսկ դա
անխուսափելիորեն պետք է ունենար առնվազն երկու հետեւանք։ Առաջին. իշխանական բուրգում պիտի սասանվեր այն հավատը, թե առաջին դեմքը
կարող է փակել իրենց հանցանքների հետ կապված ցանկացած գործ ոչ միայն ներսում, այլեւ
դրսում։ Այս լեգենդի կործանումը հոգեբանական ծանր հարված է յուրաքանչյուրին՝ վերից
վար։ Երկրորդ. նույն այդ միջազգային հանրությունը (ի դեմս խոշոր
տերությունների) հրապարակված խայտառակ փաստերի պայմաններում պետք է (պարտավոր է) վերապահությամբ
հարաբերվի Հայաստանի իշխանության հետ ու խուսափի նրան աջակցելու վարկաբեկիչ դերից։
Սրանով սասանվում է երկրորդ՝ «դրսի մշտական օգնության» լեգենդը։ Այս շարքին ավելանում
է Ղարաբաղի հարցում ձախողումը. ի հեճուկս անտեղյակ զանգվածին ուղղված իշխանական քարոզչության,
նույն իշխանության մեջ շատերն, անշուշտ, հասկանում են, որ Ս. Սարգսյանը ստորագրել է
մի փաստաթուղթ, որի առանցքային դրույթի վրա 1996-ին վետո էր կիրառել Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Երկրի ներսում էլ ոչ միայն ընդդիմության հարցերը չեն լուծվում, այլ ստիպված են կատարել
նրանց պահանջները։ Այս ամենը շատ լավ հասկանալով կամ, ինչպես ասում են, «ողնուղեղով
զգալով» վերահաս վտանգը, ավազակապետական բուրգը պետք է ցնցումներ ապրեր նաեւ ներսից։
Եւ այդ
ցնցումը շատ չուշացավ։
Երեւանի
քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի «դիմում գրեց» Սերժ Սարգսյանի պահանջով (պաշտոնապես
հենց այդպես էլ ներկայացվեց)։ Նույնպիսի մի պատրվակով պաշտոնանկ արվեց նաեւ արդարադատության
նախարարը։ Ըստ ամենահուսալի էքսպերտների գնահատականի՝ Ս. Սարգսյանին իշխանության բերելու
եւ այդ իշխանության գոյությունն ապահովող «երախտավորների» մեջ Գ. Բեգլարյանն առաջին
տեղում էր։ Ինչո՞ւ Ս. Սարգսյանը զոհաբերեց նրան։ Այն, ինչը պաշտոնապես ներկայացվում
է որպես նրա «պաշտոնանկության» պատճառ, մեր իրականության համար ծիծաղելի է։ Նրանից
«քաշով» ու մատուցած ծառայությամբ ավելի ցածր մարդիկ ոչ միայն հարյուրավոր այսպիսի
հանցանքներ, այլ ընդուպ սպանություններ են գործել ու մարսել Ս. Սարգսյանի օրհնությամբ։
Ո՞րն էր իրական պատճառը։ Այսօր պատմվող տարբերակները շատ են. ներիշխանական գզվռտոց,
ընդհուպ՝ պետական հեղաշրջման ծրագրի բացահայտում։ Մի բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանը
հանկարծ չորոշեց օրինապաշտ լինել։ Այդ դեպքում նա պետք է սկսեր բոլորովին այլ տեղից։
Ակնհայտ է, որ իշխանական բուրգը ներսից ցնցվում է ու խարխլվում։
Քրեականների
միջոցով ձեւավորված ու քրեական բովանդակություն ունեցող իշխանությունը՝ ավազակապետությունը
չի կարող երկար կյանք ունենալ, երբ դրա դեմ ձեւավորվում է համաժողովրդական ընդդիմացում։
Ավազակապետական այս ռեժիմի հետ Հայաստանի ժողովուրդը
չի հաշտվել դրա ծննդյան օրվանից, իսկ վերջին երեք տարում դրա դեմ անընդհատ ու հաստատակամ
պայքարը ծնեց քաղաքացիական մի հասարակություն, ինչն արմատապես փոխեց երկրի քաղաքական
մթնոլորտը։ Թանձրացող այդ մթնոլորտը մահացու է ավազակապետության համար, ուստի դրա խորացումը
իր ազատության, ապահովության, մարդկային, նույնիսկ ազգային արժանապատվության համար
նախանձախնդիր յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։
Աշոտ Սարգսյան
«Հայ Ազգային Կոնգրես» 15.12.2010
No comments:
Post a Comment