Friday, December 3, 2010

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ


Ինչ-որ տարիքում եւ ինչ-որ պահի, հաստատ, ամեն մեկը երազել է ապրած լինել պատմական այս կամ այն հետաքրքիր կամ բախտորոշ ժամանակաշրջանում։ Ու ամեն մեկը համարել է, որ այդպիսին չէ իր ապրած ժամանակաշրջանը։ Պատմությունը, ինչ-որ իմաստով, մարդուն ավելի շատ է ձգում, քան ապագան, առավել եւս՝ ներկան։ Գուցե այն պատճառով, որ անցյալն, ի տարբերություն ապագայի` արդեն հայտնի է ու, ի տարբերություն ներկայի` զերծ ամենօրյա հոգսերից։ Սակայն, կարելի է չկասկածել, որ պատմության այն դրվագները, որոնք այսօր հետաքրքիր ու հերոսական են ընկալվում, հենց այն շրջաններն են, երբ հասարակական միջին գիտակցությունը առավել կարեւոր ու բախտորոշ է համարել ՆԵՐԿԱՆ, քան հիացել է «հերոսական անցյալով» կամ պայքարել «պայծառ ապագայի» համար։ Այդ շրջաններում են ծնվել հաղթանակները, մշակութային պայթյունները եւ քաղաքական վերելքները, որոնք եւ պարբերաբար կյանք, կենսականություն են ներարկել ազգին ու ապահովել նրա հետագա գոյատեւումը։
Այդպիսին են գնահատվելու ու այդպիսիք են մեր ապրած այս տարիները։ Մեզնից հետո եկողները առանձնացնելու ու երանելի են համարելու 1988-90թթ. Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարկան շարժման, անկախության ձեռքբերման, պետականության կառուցման, հաղթանակների ու հերոսական մաքառումների տարիները։ Նույն կերպ նախանձելի ու երանելի են համարելու նաեւ նրանց, ովքեր ապրել, պայքարել ու պատվով հաղթահարել են պատմականորեն խայտառակ, ազգի համար ամոթաբեր տասնամյա ավազակապետական այս ռեժիմը, որը որպես ճակատագրի վերջին մի հեգնանք փաթաթվեց հայ ժողովրդի վզին ու որպես խարան դրվեց նրա ճակատին։ Նրանք չեն զգալու այն մենօրյա դժվարություններն ու զոհողությունները, որ այսօր կրում են այդ ամոթն ու խարանը մաքրելու համար պայքարի ելած մարդիկ։ Ազատության մեջ ապրելով՝ նրանք չեն զգալու նաեւ նույն այդ ազատության առարկայականությունն այնպես, ինչպես զգում էին տասնյակ հազարավոր մարդիկ, երբ 2008թ. փետրվարի 20-29-ի օրերին հարակից փողոցից մտնում էին Ազատության հրապարակի տարածք։ Ամենաշքեղ դահլիճում ու ամենապրոֆեսիոնալ կատարմամբ անգամ չեն ըմբոշխնելոււ «Արեգակն արդար, առավոտ լուսոն» այնպես մարմնացած, ինչպես այդ օրերին մարդիկ, խարույկների մոտ, արեւի առաջին ճառագայթների հետ վայելում էին այն որպես որպես աստվածային նախաճաշ։ Չեն զգալու, որովհետեւ այդպես ԱԶԱՏ է լինելու ողջ Հայաստանը։
Ճիշտ չէ մարդու կյանքն օրացուցային տարիներով հաշվել, այլ՝ ապրածի բովանդակությամբ ու հաստությամբ։ Անցած երեք տարում մենք ապրել ենք բազմաթիվ օրեր, որոնցից ամեն մեկն իր տարողությամբ մի ամբողջ տարի արժեր։
Ընդունված է՝ նոր տարվա շեմին, որպես շրջափուլ, անցած տարվա արդյունքներն ամփոփել։ Մեր շրջափուլն էլ օրացուցային տարին չէ, ուստիեւ պարտադիր չէ, որ տարվա հետ ինչ-որ բան ավարտվի ու նոր տարվա հետ մի այլ բան սկսվի։ Չի կարելի ավարտին չհասցնել այս պայքարը, ինչպես որ չի կարելի կիսատ թողնել բժշկական վիրահատական գործողությունը, երբ բարեհաջող հասել ես վերջնագծին։ Չի կարելի դադարեցնել երկունքը, երբ արդեն ծնվում է «Հուր-հեր» Երեխան ։
Եւ այնուամենայնիվ, ՆՈՐ ՏԱՐԻ Է, ուստիեւ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ.
Շնորհավորում ենք մեր հերոս քաղբանտարկյալներին. նրանք իրենց տոկունությամբ, ըստ էության, ռազմաճակատի մի նոր գիծ բացեցին ավազակապետության դեմ ու փայլուն հաթանակ տարան։
Շնորհավորում ենք ներկան անցյալից ու ապագայից կարեւորած մեր հարյուր հազարավոր համակիրներին՝ ազատ երկրի արժանապատիվ քաղաքացու իրենց իրավունքի համար աննկուն պայքարողներին. նրանք կյանքի ու կենսունակության հսկա մի չափաքանակ ներարկեցին ազգին՝ գոյատեւման ու հարատեւման համար։
Շնորհավորում ենք Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին ու կազմակերպություններին. նրանք ապացուցեցին իրենց հավատամքը։
Շնորհավորում ենք ողջ հայ ժողովրդին. որն արժանի է վերջապես մտնելու իր պատմության այն խաղաղ, ազատ ու արժանապատիվ կյանքի շրջափուլը, որին արժանի է իր պատմությամբ ու այսօրվա որակներով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Աշոտ Սարգսյան

«Հայ Ազգային Կոնգրես», թերթւն հ.10, դեկտ.-3 

No comments:

Post a Comment