Wednesday, December 22, 2010

ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ...

22.12.2010

Հանրապետական կուսակցության 20-ամյակի առիթով Սերժ Սարգսյանի ընդարձակ ելույթը կարդալիս տարբեր զգացողություններ ես ունենում, որոնց ընդհանուր հատարար-բացատրությունը, կարծես թե մեկն է. «Դանիական թագավորությունում ինչ-որ բան այնպես չէ»։ Անդրադառնանք նրա ելույթի «մեխերից» միայն մեկ-երկուսին։
«Դու ասացիր»
«Ասելիքի բացակայությունը մի կողմից, «ամեն ինչ վատ է» սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել ոչ պեկաս՝ «ռասիզմ»։ Եթե պետք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցության վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին։ Ա՛յ այսպիսի պարզունակ տրամաբանական շղթա։ Բայց մենք Հովհաննես Թումանյանի անունն էլ ենք տալիս... Նաեւ շատ ու շատ մեր մեծերի անունն էլ ենք տալիս։ Մենք այսուհետեւ եւս շարունակելու ենք հետեւել հայոց մեծերին ՝ առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարին»։
Սերժ Սարգսյանն ակնարկում է Լեոն Տեր-Պետրոսյանի 2010թ. նոյեմբերի 9-ի ելույթի հետեւյալ հատվածը. «Այնուամենայնիվ, ինչպես էլ վերաբերվենք Սարգսյանի ելույթին, հարկ է արժանին մատուցել նրա հեղինակին, որը լինելով արդի նժդեհականության հայրը, առաջին անգամ այսպես հստակ ներկայացրեց իր կուսակցության ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը։ Միայն թե ի գիտություն անտեղյակների նշենք, որ ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը։ Հետեւությունները թողնում եմ ձեզ»։
Այն, որ ի սկզբանե, սկսած դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման առաջին իսկ տարիներից, նրան ինչ որ բանում մեղադրելու կամ քննադատելու համար շարքային քաղաքական աճպարաներ ստիպված էին նրա խոսքը խեղաթյուրել, վաղուց հայտնի փաստ է՝ տասնյակ օրինակներով։ Բայց որ իրեն թուլ է տալիս այդ մակարդակին իջնել հանրապետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձը, իրոք, զավեշտալի է։ Ի՞նչ պարտադիր էր անպայման «պատասխանել», եթե պատասխանելու բան չունես։ Թե՞ միակ հույսն ու հաշվարկն այն է, որ բոլոր հեռուստաալիքների վրա վերահսկողություն սահմանած լինելով՝ գիտի, որ իր ակամա լսարանը հարյուր անգամ ավելի մեծ է, ուստիեւ լսողների մեծագույն մասը չի կարողանալու համեմատել երկուսի խոսքը՝ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանը անճարակաբար ստում է։ Ինչպես դժվար չէ տեսնել, Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը արձանագրում է այն իրողությունը, որ, Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության գաղափարական հիմքը Նժդեհի ցեղապաշտական կամ ցեղակրոն ուսմունքն է, եւ «անտեղյակների համար» ասում, որ ցաղապաշտությունը կամ ցեղակրոնությունը (սրանք համարժեքներ են) միջազգային տերմինալոգիայում հայտնի «ռասիզմն» է հայերեն թարգմանությամբ։ Սերժ Սարգսյանը չի՞ կարողանում տարբերել բառի թարգմանությունը «հրեշավոր պիտակ կպցնելուց»։ Սերժ Սարգսյանը, որպես բանասեր, թող ինքնուրույն քրքրի բառարանները կամ, եթե դա անել չի կարող, թող համապատասխան հումանիտար ինստիտուտներին հանձնարարի պարզել, որ «ռասիզմ» բառը հայերն այլ համարժեք, թարգմանություն ունի։ Կրկնենք. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե ցաղապաշտությունը կամ ցեղակրոնությունը «հռչակում է» ռասիզմ, այլ հիշեցնում է, որ այն հայտնի միջազգային հայտնի բառի թարգմանությունն է, հայերեն բառարանային համարժեքը։ Իսկ եթե Ս. Սարգսյանը համարում է, որ դա նշանակում է «ցեխ շպրտել» Նժդեհի ու Հանրապետականի վրա, ապա դա, արդեն, իր խնդիրն է։ Աստվածաշնչային խոսքով՝ «Դու ասացիր»։ Կամ, եթե դա համարում է «հրեշավոր պիտակ», առիթ է, թող կարդա Նժդեհի գործերից մի քանիսը (դրանք շատ չեն) եւ՝ Հանրապետականի Ծրագիրը։
Իմիջայլոց, շա՜տ հետաքրքիր է Ս. Սարգսյանի խոսքում «Հանրապետականները տալիս են Նժդեհի անունը» ձեւակերպումը։ Թումանյանը եւ մյուս մեծերն, իհարկե, այստեղ գործ չունեն։ Խոսքը անունը տալու մասին չէ. խոսքն այն մասին է, որ Հանրապետականների ծրագրում է Նժդեհի ուսմունքը հիշատակվում որպես այդ կուսակցության գաղափարախոսության հիմք։ Եւ Ս. Սարգսյանի կիրառած «անունը տալիս են» ցրողական «մեղմասացաությունը» ու Թումանյանին ու մյուս մեծերին այդ ցրողականության համար օգտագործելը շատ նման է, որ Ս.Սարգսյանը Հայոց ցեղասպանությունն ուրանալուց հետո նաեւ իր գաղափարական նախահորը ուրանալու քայլ է անում, նման է՝ որ ուրանալը նրա համար դառնում է բնավորության կայուն գիծ ու գործելակերպ, եւ ոչ միայն ազգային ու քաղաքական հարցերում։
Կաշառակերություն եւ կոռուպցիա
«Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան։ Դրանց պատճառների եւ նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է»։
Շատ լավ։ Հայաստանում, վերից վար, չկա մի չափահաս մարդ, որը չիմանա ու չհամարի, որ այդ նույն կոռուպցիայի ու կաշառակերության ներկայացուցիչները իշխանական բուրգի ներկայացուցիչներն են՝ դարձյալ վերից վար։ Սերժ Սարգսյանն այնպես է խոսում, կարծես ինքը դրա հետ ոչ մի կապ չունի։ Բայց պայմանականորեն համարենք, թե մեր ասվածը պարզ, անապացույց մի հայտարարություն է։ Այդ դեպքում պետք է պատասխանել բազմաթիվ հարցերից, օրինակ, այս մեկին։ Ռուսական «Վերսիա» եւ «Վեկ» հեղինակավոր պարբերականները հրապարակեցին Հայաստանի մեծահարուստ իշխանավորների՝ միլիարդավոր դոլարներով չափվող ունեցվածքի ցանկը՝ հստակ արձանագրելով, որ դա կոռուպցիայի, թալանի, կողոպուտի արդյունք է։ Մեծահարուստ իշխանավորների այդ ցանկում Ս. Սարգսյանը երկրորդ տեղում էր Ռ. Քոչարյանից հետո։ Այդ ինֆորմացիան խայտառակություն էր ամեն մի իշխանավորի համար, որը պաշտոնապես երբեւէ բիզնեսով չի զբաղվել։ Ուստիեւ հսկայական այդ կարողությունների ձեռքբերման միակ աղբյուրը պետք է ենթադրել պաշտոնական դիրքի չարաշահումը՝ նույն կաշառքն ու կոռուպցիան։ Ի՞նչ պետք էր անել, եթե այդ ամենը զրպարտություն էր եւ չէր համապատասխանում իրականությանը։ Իհարկե, պետք էր դատի տալ համապատասխան պարբերականներին՝ նման մի մահացու մեղադրանքի, իրենց «անունն ու բարի համբավը» ոչ թե արատավորելու, այլ ոչնչացնելու համար։ Այդ բանը չարեց ոչ մեկը։ Անգամ պաշտոնական հերքում չտրվեց։ Ուրեմն նման բան ասելու իրավունք ունեալու համար Ս. Սարգսյանը կա՛մ պետք է դատի տա հիշյալ նյութը հրապարակողին ու ապացուցի հակառակը, կա՛մ այն ամենը, ինչ այնտեղ գրված է, հրապարակայնորեն վերադարձնի ժողովրդին։ Ապա պետք է ստիպի, որ նույն բանն անեն Ռ. Քոչարյանը եւ մյուսները։ Այլապես ցանկացած խոսք այդ մասին «հովվերգության ժանրին կպատկանի»։
Ընդդիմություն
«Երկրորդ խմբում (ընդդիմության) մարդիկ են, ովքեր Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միայն իշխանափոխության մեջ։ Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի։ Քան դեռ նա է, ամեն ինչ վատ է, ու վատ է լինելու։ Այս պարզ բանաձեւն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է»։
Վերագրումն արված է Հայ Ազգային Կոնգրեսին։, որ դարձյալ սուտ է, խեղաթյուրում։ Խոսքը երբեք Սերժ Սարգսյանին չի վերաբերել որպես որոշակի ֆիզիկական, բարոյական, ինտելեկտուալ ու հոգեւոր ամբողջություն ներկայացնող անձ-անհատի։ Խոսքը միշտ վերաբերել է Հանրապետության նախագահի լեգիտիմության խնդրին։ Խոսքը նույն կերպ վերաբերելու էր ցանկացած մեկին, որը եթե անգամ թվարկված հատկանիշներով տասն անգամ գերազանցեր Սերժ Սարգսյանին, բայց իշխանության գար ընտրությունները ոտքից գլուխ կեղծելով, ջարդով ու սպանդով, այլ խոսքով՝ բռնազավթեր Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը։ Սերժ Սարգսյանն, ահա, ոչ մի կերպ չի կարողանում կամ չի ուզում հասկանալ այս շատ պարզ բանաձեւը եւ ուրիշներին մեղադրում «պարզունակ բանաձեւերի» հետեւելու մեջ։ Իսկ իշխանության լեգիտիմության խնդիրն էլ մանկական կապրիզ չէ, այլ սահմանադրական պահանջ, որն ունի իր, դարձյալ շատ պարզ բացատրություն-բանաձեւը. եթե դու իշխանության ես գալիս ժողովրդի կամքով՝ ծառայում ես նրան՝ ընդդեմ կրիմինալի, եթե կրիմինալի միջոցով՝ ծառայում ես կրիմինալին՝ ընդդեմ ժողովրդի։
«Կոալիցիոն գործընկերների մասին»
Այս ենթաբաժնում Ս. Սարգսյանն ասում է «Այստեղ ուզում եմ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին... թե իբր ես վերջնագիր եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը... Բոլորիդ հայտնի է, որ ես երբեք, ոչ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ՝ իմ գործընկերների հետ։ Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ։ Կարծում եմ, որ սա օրինաչափ է, եւ հակառակը ենթադրել՝ պարզապես անտրամաբանական է»։
Դժվար է պատկերացնել, բայց մարդը սպառիչ հաստատում է այն, ինչը փորձում է սպառիչ հերքել։ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ նախագահ, պահանջներ կարող է ներկայացնել իր ղեկավարած կուսակցությանը։ Ուրիշ կուսակցության, թեկուզ «կոալիցիոն» նա պահանջներ ներկայացնելու իրավունք չունի։ Որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ նա, գուցե, կարող է պահանջներ ներկայացնել պետական պաշտոնյաներին, եւ այն էլ՝ ընդամենը, որ չխախտեն օրենքները կամ պատշաճ կատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունները։ Եւ այդ դեպքում կուսակցականությունը որեւէ կապ չունի։ Բայց եթե Ս. Սարգսյանը (որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ) պահանջներ է ներկայացնում այլ կուսակցության, ապա դա այլ բան չէ, քան վերջնագիր։ Այնպես որ՝ դա ոչ միայն օրինաչափ ու տրամաբանական չէ, այլ նվաստացուցիչ «կրտսեր» գործընկերոջ նկատմամբ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայկական ժամանակ», 22.12.2010  

No comments:

Post a Comment