Thursday, April 22, 2010

ՀՅԴ-Ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ

22-24. ապրիլի, 2010թ.


Ամեն տարի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանշական օրվա՝ Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունը ջահերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունը ամենաշատն է կուրծք ծեծում, զգայացունց միջոցառումներ կազմակերպում, հեռուստաէկրաններում եւ թերթերի էջերում երեւում իր առաջնորդների տխրամած դեմքերով։
Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունն է տարփողում իր «հերոսական» անցյալը, թուրքի դեմ մղած «ազգային ազատագրական կռիվը»։
Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով, Դաշնակցությունը հայ ժողովրդին է ներկայացնում սեփական կեղծ պատմությունը։
Բայց գոյություն ունի նաեւ իրական պատմություն։ Ոչ միայն գոյություն ունի, այլ նաեւ ժամանակին գրվել ու արձանագրվել է թերթերում, գրքերում ու փաստաթղթերում։
Եւ հենց այդ օբյեկտիվ պատմությունից սարսափած ու այն թաքցնելու համար է, գուցե, առաջին հերթին, որ Դաշնակցությունը այդքան «ծանր է տանում» ամեն մի Ապրիլի 24։
Ուստիեւ, հերթական Ապրիլի 24-ը «թեթեւ տանելու» համար վերահրատարակում ենք պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ 2002թ. տպագրված «Դաշնակցությունը պատմության դատաստանի առջեւ» ընդարձակ հոդվածը, որ իրական պատմության մի արձանագրում է՝ ինչպես վկայել են ժամանակի փաստաթղթերը, կուսակցական դեմքերը, պատմաբանները, ականատեսները։



«Ժողովրդի պատմության մեջ արտաքին գործոններն, անշուշտ, կարեւոր դեր են խաղում, բայց վտանգավոր է, երբ ժողովուրդն իր հաջողությունների ու անհաջողությունների պատճառը միայն իրենից դուրս է որոնում: Դա կազմալուծում է նրան եւ տանում ազգային ինքավերացման»:
19.օգոստոս, 1988թ.
ՀՀՇ առաջին Ծրագիր


ՀՅԴ-Ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ
(վկայում են փաստերը, կուսակցական դեմքերը, պատմաբանները, ականատեսները)

Հղված հեղինակներ եւ փաստաթղթեր

«Դրոշակ» - ՀՅԴ բյուրոյի պաշտոնաթերթ, հրատարակվում է 1891թ.-ից
Լեո - նշանավոր հայ պատմաբան
Լեւոն Չորմիսյան (1896-1980) - սփյուռքահայ նշանավոր պատմաբան, ՀՅԴ անդամ եւ նշանավոր գործիչ  
Իշխան - ՀՅԴ նշանավոր գործիչ
Ռուբեն Տեր-Մինասյան - ՀՅԴ բյուրոյի անդամ, Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար
Վահան Փափազյան (Կոմս) - ՀՅԴ բյուրոյի անդամ, Թուրքական պառլամենտի պատգամավոր
Ա.-Դո - հասարակական գործիչ, ՀՅԴ համակիր
Վարդպատրկյան (Վարդո) - ՀՅԴ անդամ, հայտնի հասարակական գործիչ
Դավիթ Անանուն (1879-1943) - նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, նախապես ՀՅԴ անդամ, ապա՝ սոցիալ-դեմոկրատ
«Վան-Տոսպ» - շաբաթաթերթ, հրատարակվում էր Թիֆլիսում 1921թ.
«Ազատ Հայաստան» - 1921թ. փետրվարյան հեղաշրջումից հետո հաստատված «Հայրենիքի փրկության կոմիտեի» պաշտոնաթերթ
Հովհաննես Քաջազնունի - Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ, ՀՅԴ բյուրոյի անդամ
«Հառաջ» - Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտոնաթերթ
Ալեքսանդրապոլի պայմանագիր - կնքվել է Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարության եւ Թուրքիայի միջեւ 1920թ. դեկտեմբերի 2-ին՝ որպես հետեւանք հայ-թուրքական պատերազմում Հայաստանի կրած պարտության
Սիմոն Վրացյան -  ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ, 1921թ. փետրվարյան հեղաշրջումից հետո «Հայրենիքի փրկության կոմիտեի» ղեկավար
Զավեն Մսրլյան - սփյուռքահայ հասարակական գործիչ, պատմաբան
Մ. Սերոբյան - կուսակցական, հասարակական գործիչ, ՌԱԿ անդամ
Գրիգոր Մերճանով - ՀՅԴ բյուրոյի անդամ
Ռուբեն Դարբինյան - ՀՅԴ բյուրոյի անդամ,  նախարար Առաջին Հանրապետության շրջանում
Սիրիայի պետական ապահովության բարձրագույն ատյանի դատապարտման որոշումը. Դաշնակ կուսակցության լրտեսություն կատարելը ի շահ Իսրայելի եւ օտար երկրներու դատին (թարգմանություն արաբերենից, հրատ. «Արմատ», թ. 64)

1
Արկածախնդրության շրջան

Ի սկզբանե եւ մինչեւ վերջ ՀՅԴ-ն ունեցել է անհեթեթ ու հանցավոր գաղափար, իբր թե հայ ժողովրդի ազատությունը հնարավոր է միայն մեծ երկրների միջամտությամբ, այդ միջամտությանը կարելի է հասնել միայն նրանց ստիպելով, իսկ ստիպել կարելի է միայն նույն այդ ժողովրդի թափված արյամբ: Միջամտությունն այնքան ավելի հզոր կլինի, որքան ավելի շատ թափվի ժողովրդի արյունը: Եվ հետեւողականորեն ամեն ինչ արել է այդ «հիմքը» ապահովելու համար:

«Դրոշակ», 1991, մայիս, թ. 1. «Եվրոպան չկա... եւ մինչեւ հայկական հողը չշաղախվի արյունով՝ թող գիտենան հայերը, որ ոչինչ չեն ստանա: Ապստամբություն, ուրիշ ելք չկա»:
«Դրոշակ» 1895 հունվար. «1894թ.-ը ամենափայլունն էր մեր հեղափոխական կյանքում թե՛ յուր որակությամբ, եւ թե յուր ծավալով... 94 թվականի հեղափոխական կյանքի պատկերը թեեւ տխուր, վշտացուցիչ է, որովհետեւ միշտ արյուն է հոսում, բայց ոգեւորող եւ խրախուսիչ է, որովհետեւ ազատությունն այդ է պահանջում... ետ նահանջել չենք կարող ոչ մի պայմանով, մինչեւ թշնամին զինաթափ չլինի: Հաշտությունը անհնար է այլեւս... Սասունի կռվով ժողովուրդը դրեց կառավարության առջեւ «մահ կամ ազատություն», իսկ կառավարությունը դրել է «կոտորած կամ կատարյալ ընկճում»: Որոշումներ, որոնք ոչ մի պայմանով չեն կարող հաշտվել... Ո՞վ կհաղթի: Ուժերը հավասար չեն, ինչ կասկած, որ կառավարությունն ուժեղ է եւ դեռ մի քանի Սասունի կռիվներում կկոտորի... Բայց ժողովուրդը չի հաղթվել, որովհետեւ թշնամին չի կարողացել խլել նրանից ապստամբական արնագույն դրոշակը... Այդ դրոշակը չի ընկնիլ մինչեւ վերջին հայի վերջին շունչը... Եղբայրներդ վճռել են կամ ձեռք բերել ազատություն, կամ թշնամուն տալ ածխացած դիակներ եւ արյունոտ ավերակներ: Մի՞թե կարող ես անտարբեր մնալ: - Ո՛չ»:
«Դրոշակ», 1895, հոկտեմբեր. «Արդեն կտրված են հարաբերությունները, եւ այժմ միայն շարունակվում է կռիվը, որ վաղուց հայտարարված է: Խնդիրը կվճռվի միայն երկուսից մեկի ընկնելովը, մահովը - կա՛մ պետք է տակն ու վրա լինի, ոչնչանա սուլթանական պոռնիկ կառավարությունը, կա՛մ պետք է ընկնի, մեռնի հայ ժողովուրդը, խնդրի միակ լուծումը մահն է: Հայ ժողովուրդը զենքը վայր կդնի կա՛մ հաղթությունը բոլորովին տարած, կա՛մ անշնչացած...»:
«Դրոշակ», 1895, թ.19. «Եվ որպեսզի այս անգամ էլ ապարդյուն չանցնին աշխատանքը, զոհերը, պետք է շարունակվի կռիվը, որով միայն կարելի է ստիպել դիպլոմատիային ի նկատի առնել դժգոհ ժողովրդի պահանջները: Ազատության ճանապարհը հարթողը արյան հոսանքներն են. մենք չպետք է շփոթվենք սարսափելի տեսարարաններից, չպետք է կորցնենք մեր գիտակցությունը՝ հասկանալու համար եւ տիրելու րոպեին, նրան մեզ ծառայեցնելու» (ընդգծումը՝ «Դրոշակի»):
Լեո. «1894 - 1896թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որն զգում էր իր չարն ու բարին, այսինքն հասկանում էր այն հանգամանքները, որոնց մեջ նա ապրում է, եւ ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա: Սակայն խրատվեցա՞նք մենք: Ամենեւին: Եւ ահա էլի մի փաստ: Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ. Պոլսում՝ պետությունների ուշադրությունը գրավելու համար... 1896-ի օգոստոսին էր տեղի ունենում դեպքը, որը կոչվում էր Բանք Օթոմանի դեպք: ...Համիդը բանքի դեպքին պատասխանեց Կ. Պոլսի ջարդով, որ այս անգամ համարյա ոչ մի ազդեցություն  չէր անում եվրոպական դիվանագիտության վրա: Կոտորածի մյուս օրը, որբ Կ. Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրն Աբդուլ-Համիդին ընծա էր ուղարկում իր պատկերը, զարդարված թանկագին քարերով: ...ըստ անգլիական մամուլից վերցրած տեղեկության, Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոններ, ասելու, որ դուք էշեր եք» («Անցյալից», էջ 118-121):

Հանցավոր արկածախնդրության առաջին արդյունքը՝ 1995-96թթ. 300.000 հայերի կոտորածն էր, որ ոչ միայն չսթափեցրեց, այլ ավելի ոգեւորեց Դաշնակցությանը:

«Դրոշակ» 1897, թ. 1. «Մենք չենք հավատում ո՛չ սուլթանին, ո՛չ էլ դիպլոմատիային: Մենք՝ հայերս, 1896 թիվը վերջացնում ենք ավելի ուրախ, քան սկսել ենք:
Ավելի մեծ հավատով ենք դիմավորում 97 թվականը:
Մենք ուշադրություն չենք դարձնում իրենց խելոք ու ավելի փափկասիրտ կարծող հայերի բարբաջանքների վրա եւ ավելի բացարձակ կերպով հայտարարում ենք, որ միշտ պետք է կռվենք:
Մեր խիղճը հանգիստ է, որովհետեւ համոզված ենք, որ հայի փրկության միակ միջոցը հեղափոխությունն է...
Հավատացած ենք, որ այդ սուրբ մարտը մեզնից պահանջում են մեր ստրուկ ժողովուրդը, մեր ավերակ հայրենիքը եւ մեր հարյուր հազար նահատակների սուրբ հիշատակը:
Նոր տարին սկսում ենք գոչելով՝ «Կռի՛վ, կռի՛վ եւ ավելի ուժե՛ղ կռիվ»:

300.000 անմեղ ու անիմաստ զոհ տված եւ հսկայական նյութական կորուստներ կրած արեւմտահայությունը երկրից դուրս վռնդեց իր «ազատարարներին»՝ արժանանալով Դաշնակցության ծանր մեղադրանքներին այն բանի համար, որ չհաձայնեց «մինչեւ վերջին հայը» գնալ ստույգ մահվան եւ «թշնամուն տալ միայն ածխացած դիակներ»:

«Դրոշակ» 1901, թ.7. «Հեղափոխության փրկարար գաղափարը սոսկալի փորձանքի էր ենթարկվել 1895-96-ի աղետներից հետո: Ընդհանուր հիասթափության եւ հետաշրջման մի անմիտ, բայց իր անմտության մեջ ուժեղ տարերային մի հոսանք էր տիրել մեր հասարակության բազմազան խավերին: Սարսափահար մեծամասնությունը անեծքներ կարդաց մեր շարժման հասցեին, մեծախոս, բայց փոքրոգի տարրերը շտապեցին փախուստ տալ հեղափոխական բանակից, հրապարակը գրավվեց զանազան տեսակի դպիրներով եւ դպրիկներով, որոնք հանդես եկան մեր վաշխառու հայերի իմաստությունը մեզ քարոզելու, հեղափոխականը դատապարտվեց իբրեւ ազգավնաս եւ դատարկապորտ, գաղափարը նսեմացավ իր խոյանքների, իր հմայքի, իր սրբազան նպատակների կախարդական ուժի մեջ»:
Լեւոն Չորմիսյան. «Չի կարելի որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության մեղադրել ժողովրդի ազատությունը նախապատրաստելու մտադրության համար: Բայց հնարավո՞ր է որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության չմեղադրել, երբ այդ մտադրության հետապնդման մեջ ընտրում է նույն այդ ժողովրդի գոյությունն իսկ վտանգող գործելակերպ: Մահվան առաջ դրված հավաքականության համար կարո՞ղ էր ազատագրության հարց գոյություն ունենալ: Հնարավո՞ր է նախապատվությունը տալ ազատությանը, քան թե կյանքին... Կարելի՞ է արդարացման նշույլ իսկ տեսնել այն մարդկանց գործունեության մեջ, որոնք ոչ թե իրենց, այլ անթիվ եւ անհամար անծանոթ մարդկանց մահն են նախապատրաստում» («Կուսակցությունները», Եր.1995,  էջ 20):
Լեո. «Սուլթան Համիդը կոտորել էր տալիս հայերին, բայց մի՞թե առանց առիթի եւ պատրվակների, եւ մի՞թե այդ առիթն ու պատրվակը թոնրի շրթին քնած մերկերն էին, եւ ոչ թե այն պոռոտախոսները, որոնք թղթի վրա անպարտելի կռվողներ էին դարձնում այդ իսկ թշվառներին եւ կոկորդ էին պատռում՝ «ապստամբություն, ապստամբություն» բղավելով ամեն մի քայլում: Եթե 1896-ի օգոստոսին չգրավեին Բանկ Օտոմանը, Կ. Պոլսում կջարդվեի՞ն 7 հազար հայեր»:
«Քրիստափոր Միքայելյանը, երեւի ինքն էլ այդ չնկատելով, իր գաղափարախոսությամբ տանում էր դեպի այն անհեթեթ ու վայրենի միտքը, թե հայկական կոտորածները նույնիսկ օգտակար են: ...հեղափոխությունը չի կարող շարժումներ առաջ չբերել, Աբդուլ Համիդն էլ չի կարող չկոտորել հայերին: Երկուսն էլ ուրեմն պատասխանատու չեն: Բայց չէ՞ որ պիտի լինի եւ մի պատասխանատու... դա եվրոպական պետությունների, ինչպես ինքն էր ձեւակերպում, դավաճանությունն էր» («Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ. Բ, Երեւան, 1994, էջ 36, 38):

Անգամ որոշ կուսակցական գործիչներ բանական մտածողության պահեր ունեցան եւ կասկածի տակ առան իրենց «հեղափոխական» գործելակերպի իմաստը, բայց միայն պահեր: «Հեղափոխական» գործելակարպը նրաց համար ինքնանպատակ զբաղմունք էր:

Իշխան. «Կսենք միշտ, որ պետք է նահատակվել հայրենիքին համար: Ահա 150 հոգի գնացինք եւ մի քանի օրվան մեջ նահատակ եղանք բացառությանմբ մի քանիսի: Բայց նահատակ լինե՞լն է կարեւորը, թե՞ նպատակին հասնելը» (տե՛ս Լ. Չորմիսյան, Համապատկեր, հ. Բ, էջ 325):

10 տարուց պակաս տեւեց արեւմտահայության հիշողությունը 95-96թթ. կոտորածների մասին, եւ «հեղափոխական» կուսակցությունը նորից «մտավ երկիր»:

Լեո. «Եվ սկսվեց: 1903-1904 թվականներին նորից շարժումներ սկսվեցին Սասունում... Իբրեւ պատասխան այդ շարժումներին, կոտորածներ տեղի ունեցան Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում, գլխավորապես Մուշի շրջանակներում: Այդ կոտորածներին զոհ գնացած հայերի թիվը եվրոպական լրագիրները որոշում էին 7.000 հոգի» (նշվ. աշխ., էջ 39):

1908թ. ՀՅԴ-ն դաշնակցեց երիտթուրքերի հետ՝ կատարելու թուրքական «հեղափոխությունը», ապա, չնայած վերջիններիս կողմից Ադանայում իրականացրած 30.000 հայերի կոտորածին, նրա հետ եղբայրության դաշն կնքեց եւ հրապարակավ հրաժարվեց «Հայ դատից»:

«Դրոշակ» 1909.թ. 4. «Օսմանյան հեղափոխությունը... եկավ տակն ու վրա անելու եւ մի շարք միջազգային հարաբերություններ: Նա հայտարարեց ի միջի այլոց, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ եւ 23-րդ հոդվածները այլեւս կորցնում են իրենց գոյության իրավունքը, որ հայկական, մակեդոնական խնդիրները, վերցնելով միջազգային դիվանագիտության սեղանից, դառնում են Օսմանյան պետության ներքին խնդիրներ, կապվում են Տաճկաստանի ընդհանուր եւ հիմնական վերանորոգման հետ: Հայ ժողովուրդը եւ Հայ Յեղ. Դաշնակցությունը սպասում են հեղափոխության այդ հանդիսավոր հանձնարարությունների իրագործման»:
«Դրոշակ», 1909, թ. 9. «Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքին եւ գործելակերպին՝ պիտի շարունակե նույն թափով եւ ավելի լայն ծավալով համագործակցել թուրք երիտասարդ կուսակցության  եւ մտավորականության հետ ի պաշտպանություն սահմանադրության եւ համախմբել այդ գործակցության շուրջ բոլոր դիմադիր տարրերը՝ հայ եւ օտար... Կուսակցությունը ջանք չպիտի խնայե վերացնելու համար միջազգային եւ ազգային այն բարդությունները, որոնք կրնան դժվարացնել իրավակարգի հիմնավորումը եւ ազդելու փոխադարձ եւ անկեղծ համերաշխությանը: ...Դաշնակցությունը վճռողականապես ետ մղելով անջատողական ձգտումները՝ պիտի տքնի վերակազմել երկրի տնտեսական ու քաղաքական կարգերը Օսմանյան պետության ամբողջության մեջ, հիմնաված բոլոր շրջաններու տեղական լայն ինքնավարության վրա եւ ամրապնդված բոլոր տարրերու կապերով»:
Ռուբեն Տեր-Մինասյան. «Համաօսմանցիության անունով եղած թուրքացման քաղաքականությունը ծայրահեղորեն գրգռել եւ զայրացրել էր պետության բոլոր բաղկացուցիչ տարրերը՝ բացառությամբ հայերի եւ մանավանդ ՀՅ Դաշնակցության: Թե՛ հայ ժողովուրդը, եւ թե՛ նրա ամենաուժեղ կուսակցությունը անգնահատելի ծառայություն մատուցեցին երիտասարդ թուրքերին ե՛ւ հեղափոխական շարժումների օրերին, ե՛ւ սահմանադրության հրապարակման, ե՛ւ կիրառման ժամանակ. սակայն այդ բոլորի փոխարեն անարգորեն դավադրված գտան իրենց: Ի պատասխան այդ խոշոր ծառայությանց՝ Ադանայի հայկական կոտորածները տեղի ունեցան... Եվ չնայած դրան՝ ՀՅԴ-ն վճռեց մնալ հանգիստ եւ նունյիսկ աշխատեց հնար եղած չափով ամրապնդել սահմանադրությունը՝ հակառակ մյուս հայ քաղաքական կուսակցությունների դժգոհություններին: Իր լռությամբ եւ համբերությամբ Դաշնակցությունը չէր դավաճանում հայ ժողովրդին եւ ոչ էլ գոհ էր Երիտասարդ թուրքերի եւ նրանց վարած պետական կործանարար քաղաքականությունից» (Հայ-թուրքական կնճիռը, Կահիրե-1924, էջ 130):
 Լեո. «Դաշնակցությունն այլեւս աղմուկ չհանեց այդ (Ադանայի ջարդի) առիթով միջազգային հրապարակում, դիվանագիտական առաքելություններ եւ այլ այսպիսի հնարքներ չսարքեց: Ընդհակառակը, Ադանայի արյունը մի կռվան դարձավ, որ նա, իր կուսակցական շահերի տեսակետից, մի օգտավետ դաշինքով միանա երիտասարդ թուրքերի կուսակցության հետ» (նույն տեղում, էջ 58-59):

Թուրքիայում պաշտոնապես գործելու տարիներին ՀՅԴ-ն վարեց վայրիվերո եւ խիստ վտանգավոր քաղաքականության: Նախ՝ Հայկական հարցից ու Եվրոպայի միջամտությունից հրաժարվելով եւ երիտթուրքերին հավատարմության երդումներ տալով՝ դրա դիմաց նրանցից պառլամենտական աթոռներ ստացավ: Իսկ երբ Թուրքիան հայտնվեաց վտանգի առջեւ (Բալկանյան պատերազմներ) կրկին բարձրացրեց Հայկական հարցը եւ դիմեց օտար պետությունների միջամտությանը: Թուրքական կառավարությանը սա համարեց թիկունքից հարված, եւ լրացուցիչ հիմքեր ստացավ հիմնավորելու եւ արդարացնելու համաշխարահային պատերազմի տարիներին տեղահանության անվան տակ ցեղասպանության իրականացման իր ծրագիրը:

Վահան Փափազյան (Կոմս). «Մենք, անշուշտ, խորապես կգիտակցեինք մեր փափուկ դիրքը. ապրիլ Օսմանյան կայսրության մեջ, լինել անոր հպատակը, վայելել ազգային սահմանադրական ինքնավարություն, բնական հարաբերություններ պահել կառավարության հետ եւ միեւնույն ատեն դավադիր գործ կատարել, այսինքն՝ օտար պետություններու դիմել եւ անկե սպասել օգնություն: Անըմբռնելի հանդգնություն մըն էր այս, որուն արդյունքը վայելեցինք 3 տարի վերջը...» («Իմ հուշերը», հ. Բ, էջ 185-186):
Լեո. «Սոցիալիստ-հեղափոխական» Դաշնակցությունը գրկախառնված է «ամենաբարբարոս» ցարիզմի հետ եւ թշնամանում է նույն այն Թուրքիային, որի սահմանադրական ազատությունների, իր իսկ խոսքերով՝ վայելողն է նա այդ րոպեին» (նույն տեղում, էջ 67): «Եթե երեք հոգի կարողանում էին խոսել ամբողջ հայ ժողովրդի անունից եւ վճիռներ տալ ամբողջ հայ ժողովրդի համար կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցերի մեջ, այս արդեն ապացույց էր, որ Դաշնակցությունը փաստորեն իր անմռունչ ստրուկ-ստացվածքն էր դարձրել ամբողջ հայությանը, եւ ի՛նչ ապահովություն կար, թե մի ուրիշ խմբակ դաշնակցականների, մի ուրիշ մեծամիտ երրորդություն ստրկամիտների, բոլորովին հակառակ վճիռ եւ ցուցմունք չէր տա նույն այդ անասնատիպ ստացվածքին: Այդպես էլ եղավ: Այս անգամ մի միլիոն մարդկանց ոչնչացումն էր պատրաստում թուրքահայ հեղափոխության ահռելի հիմարությունը» (նույնը, էջ 78):

Ցեղասպանությանն անմիջապես նախորդող շրջանում ՀՅԴ-ն փաստորեն միահեծան  իշխանություն էր Արեւմտյան Հայաստանում, ուստի՝ ժողովրդի ճակատագրի համար միակ քաղաքական պատասխանատուն: Այդպիսին էր նրան ընդունում ժողովուրդը, այդպիսին էր նրան համարում թուրքական կառավարությունը:

Ռուբեն Տեր-Մինասյան. «Թյուրիմացություններից խուսափելու համար հենց սկսզբից խոստովանենք, որ հայկական հեղափոխության շարժումների ղեկավարը, պատասխանատուն եւ գործոն ուժը եղած է ՀՅԴ-ն»: «...Հայ մեծ քաղաքական կազմակերպությունը, լինելով Թուրքիայի օրինական կազմակերպությունը, իսկ Իթթիհաթից հետո նրա ամենեն զորավոր կազմակերպությունը...» (նշվ. աշխ., էջ 28, 46):
Վահան Փափազյան. «Դաշնակցությունը կրոնական դավանանք մըն էր դուրանցիներու (տարոնցիներ - Ա.Ս.) համար. կուսակցական ղեկավարները այդ սրբազան կրոնի քուրմերն էին՝ իրենց բոլոր ստորոգելիներով: Զանգվածորեն դաշնակցական էին ամենքը, դավանությամբ դաշնակցական: Անոնց չէր հետաքրքրեր ծրագիր եւ այլն: Լավ գիտեին միայն, որ Դաշնակցությունը նվիրված է հայ հայրենիքի եւ ժողովրդի ազատագրության - Դաշնակցությունը ազգն է: Անոր անդամ եղողը զինվոր մըն է, որ կուրորեն պարտական է ենթարկվիլ պետի հրամանին կամ «կարմիր կնիքին», որ՝ զինվորագրվածը համակ զոհողություն պետք է մարմնացնե. երիտասարդություն, սեր, ծնողք, տուն, հարստություն՝ գոյություն չպիտի ունենա անոր համար, ազգը եւ զենքը իր պատիվն են - ահա բովանդակ ըմբռնողությունը դաշնակցության մասին (նույն տեղում, էջ 310):
Ա.-Դո.  «Դաշնակցական գործողների վրա երիտասարդ թուրքերի կառավարությունը նայում էր իբրեւ հայ ժողովրդի ներկայացուցիչների, նրանց հետ պահում էր սերտ կապեր եւ յուրաքանչյուր հարցում դիմում էր նրանց խորհուրդներին ու աջակցության: Այս հանգամանքն ավելի եւս բարձրացրեց այս կուսակցության հեղինակությունը, ժողովուրդն էլ սկսեց նայել նրանց վրա՝ իբրեւ իր ներկայացուցչության, եւ կառավարության մեջ ստեղծեց կառավարություն» («Մեծ դեպքերը Վասպուրականում», Եր.-1917, էջ 123-124):

2
Մատնումի եւ փախուստի շրջան

ՀՅԴ-ն, ծրագրված ցեղասպանության ակնառու վտանգի դեմ հանդիման, ոչինչ չձեռնարկեց ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Ընդհակառակը՝ ամեն ինչ արեց օսմանյան բանակ հայ տղամարդկանց զորակոչն իրականացնելու համար (այս օրենքը թուրքական պառլամենտը ընդունվել էր մի քանի տարի առաջ՝ Դաշնակցության ակտիվ նախաձեռնությամբ): Վերջիններիս կոտորեցին, իսկ երկիրը մնաց անպաշտպան:

Ռուբեն Տեր-Մինասյան. «Դաշնակցությունը դեմ լինելով պատերազմին, դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականության, այնուամենայնիվ որոշում է (8-րդ ընդհանուր ժողովը) հորդորել հայ ժողովուրդին՝ կռվի դեպքում անթերի կերպով իր պարտականությունը կատարել Թուրքիո հանդեպ»:
«Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունը այսպես կարող էր վարվել (կռվի դեպքում ծառայել «Օսմանյան հայրենիքին»), սակայն ... ազնիվ մարդկանց հետ: Այս վերջին կետը մոռացվեցավ ՀՅԴ կողմից, եւ այս մոռացումն, անշուշտ, ճակատագրական մեծ սխալ էր... Այժմ դեպքերից հետո կարելի է այդ ճակատագրական սխալն ափսոսալ, քանի որ 200.000  հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին (նկատի ունի թուրքական եւ ռուսական բանակ զորակոչված հայ զինվորներին, որոնց թիվը միասին հաշվում է 450.000 - Ա.Ս.), նաեւ ռուսական հսկա օժանդակությունները զորքով սնունդով եւ ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու: Այդ ուժի գիտակցությունը Դաշնակցությունը ուներ, բայց նա խուսափեց դրանից օգտվել, մնալով կաշկանդված ընդհանուր ժողովի որոշումների սահմանների մեջ» (նույն տեղում, էջ 56, 67-68):  
Վահան Փափազյան (Կոմս). «Դաշտի գյուղերը ձգած էին իրենց ճակատագրին: Կազդուրվելես վերջ միայն զգացի, թե ինչ ահավոր սխալ մը գործած էի ձգելով քաղաքաը (Մուշը) այդ ծանր օրերուն եւ քաշվելով լեռներու ծերպերը» (նույն տեղում, էջ 359):
«Ահա ինչպես զոհ գացինք մենք մեր «ռազմական նախատեսության»՝ կարծելով, թե կառավարությունը, առանց դաշտին ու քաղաքին ձեռք դիպցնլելու, նախ Սասունը պիտի զարնե: Թշնամին թողուց, որ դաշտի զինված ուժերը դուրս հանենք ու կեդրոնանանք Սասնո կղզիացած պզդիկ տարածության վրա... թշնամին օգտվելով ուրեմն այս պայմաններեն, բնաջնջեց ժողովուրդը (Դաշտի 190.000 բնակչից, ըստ հեղինակի, փրկվեց միայն 5000-ը - Ա.Ս.): Այս զարհուրելի սխալը գործեցինք մենք՝ ղեկավար ու պատասխանատու ընկերներս՝ ենթարկվելով քարացած ավանդություներուն, համառ անհեռատեսության... (նույն տեղում, էջ 365):

25 տարի իբր զբաղվելով արեւմտահայությանը զինելու գործով, ՀՅԴ-ն իրականում բացի «հեղափոխական» աղմուկից ուրիշ ոչինչ չէր արել կամ ակամա ավելի շատ զինել էր թուրքերին ու քրդերին:

Վարդպատրկյան «Ամենաշատը 300 հրացան հազիվ էր տեղափոխվել երկիր: Վասպուրականի պես նահանգը հազիվ 60 հրացան ուներ, հակառակ նրան, որ Պարսկաստանի տխրահռչակ արհեստանոցը , որ զենք շինելու եւ նորոգելու համար էր հիմնված, եւ ահագին գումարներ էր կլանել, գտնվում էր Վասպուրականի կողքին» (տե՛ս Դավիթ Անանուն, նշվ. աշխ. հ.3, էջ 226):
Լեւոն. Չորմիսյան. «Արշավախումբերի նպատակը զենք եւ կռվողներ ղրկելն էր Երկիր: Այդ երկու նպատակների մեջ էլ միայն մեկ-երկու դեպքում են գործնական արդյունք ստացել: Կովկասից եւ Պարսկաստանից ուղարկված զենքերի մեկ տասներորդն անգամ տեղ չի հասել: 9/10-ը կամ փչացել է, կամ անցել է թշնամու ձեռքը՝ մեծացնելով նրա կռվելու միջոցները («Համապատկեր արեւմտահայոց մեկ դարու պատմության» հ. Բ, էջ 329):
Վ. Փափազյան (Կոմս). «Զինամթերք Երկիր տանող բոլոր խումբերը սահմանին վրա, կա՛մ սահմանեն ներս կռիվներու՝ բռնվեցան եւ ջարդվեցան, կա՛մ մեծ կորուստներով վերադարձան եւ իրենց բեկորները միայն տեղ հասցուցին. իսկ ատոր անդրադարձումները շրջակա հայ գյուղերու վրա այնքան ծանր էին, որ այլեւս անմտություն էր շարունակել: 1903-905թթ. այդ խումբերու միջոցով փոխադրված զինամթերքի չնչին տոկոսը միայն տեղ հասավ...: Թորգոմի՝ 1903-ի երկրորդ անգամ, Խանի, Նեվրուզի, Երկաթի եւ Թոխմախի, Միհրանի, Փոխիկի, Շաշոյի, Զուլումաթի եւ այլ խումբերը այդ ճակատագրին ենթարկված էին 1903 - 1904-ին» (Նույնը, հ. Ա, էջ 206):
 «Գալով մեր զինական ուժերուն՝ առաջին օրեն իսկ ձեռնարկեցինք ցուցակագրման... 170 քիչ շատ կանոնավոր զենք ունեինք՝ պաշտպանելու համար մոտ 20.000 ժողովուրդ (190.000-ից փրկված - Ա.Ս.), որ տեղավորված էր 5-6 կիլոմետր շրջագծով տարածության վրա»: Իսկ ռազմամթե՞րքը... յուրաքանչյուր հրացանին միջին հաշվով հազիվ 30-35 փամփուշտ կհասներ (նույն տեղում, հ. Բ. էջ 370-371): 
«Դժբախտաբար զինված չէր մեր ժողովուրդը: Քիչ շատ գործածական զենքեր ունեին միայն հին մարտիկները, մնացյալները մաշված կամ պակասություններով էին, խիստ սակավ էր փամփուշտը: Ես չտեսա ինքնապաշտպանական կազմակերպություն  եւ ոչ մի տեղ, եւ մանավանդ ընդհանուր ծրագիր մը ապագա անակնկալներու հանդեպ» (նույն տեղում, էջ 320):
«Սասունի ժողովուրդը խիստ թերի զինված էր. 7-8 հարյուր «շեշխանա» եւ որսորդական հրացաններու հետ թերեւս 150-200 քիչ շատ կանոնավոր հրացաններ ունենային, սակայն փամփուշտի չնչին պաշար ունեին. Դաշտը ավելի խղճուկ վիճակ մը կներկայացներ. կանոնավոր զենք, կարելի է ըսել, բացառապես միայն մեր նախկին մարտիկներու ձեռքին կգտնվեր: Դաշտի 90 գյուղերը հազիվ 200 քիչ շատ կանոնավոր հրացաններ ունենային՝ փամփուշտի նույն թերիներով» (Նույնը, հ. Բ էջ 337):

Այդ ընթացքում ՀՅԴ-ն խեղդել է ժողովրդի ինքնապաշտպանական ինքնագործունեությունը, իսկ դժվարին պահին խուճապահար լքել է՝ խուճապի ենթարկելով նաեւ ժողովրդին:

Դավիթ Անանուն . «Ռազմամոլությունն ու ինքնագոհությունը կուրացրել էին նրա միտքը, եւ նա մի հոտի հովվի սկզբունքին հարելով, չէ թե փրկում էր հոտին, այլ նրան ենթարկում դառն փորձությունների... Այստեղ է թաքնված Դաշնակցության հանցանքը, հայ ժողովրդի ինքնագործունեության ճնշման մեջ» (նույն տեղում, էջ  226):
Վահան Փափազյան (Կոմս). «Փախուստիս լուրը (Մուշից Սասնա լեռները) անմիջապես տարածվեցավ Դաշտի եւ լեռներու մեջ ու թողեց բարոյալքիչ ազդեցություն մեր ժողովուրդին վրա: «Կացությունը հուսահատական է, ուրեմն, որ պահվեցավ», - կհետեւցներ ժողովուրդն իրավացիորեն, որովհետեւ այլեւս ոչ ոք կմնար՝ գեթ երեւույթները փրկելու համար: Այս հոգեբանությունը վարակեց, մանավանդ, հեղափոխական մարտիկները, որոնցմե շատերը զենքերնին առած լեռը եկան: Մուշեն հեռանալես հետո Կոտոյի Հաջին, Տիգրանը եւ ուրիշ ընկերներ հազիվ ժամանակ ունեցած էին քաղաքի զինական ուժերը քիչ շատ կարգի բերելու: Դաշտի գյուղերը ձգված էին իրենց ճակատագրին» (նույն տեղում, էջ 359): 
Լեո. «Վանը չէր լքվում: Կռվելու ընդունակ ազգաբնակությունը պիտի պաշտպաներ քաղաքը. հայ կամավորական գնդի հրամանատարը համաձայնություն էր տալիս, որ գունդն էլ մնա քաղաքում եւ միանա քաղաքացիներին: Հարկավոր էին, ուրեմն, ժիր ու գործունյա մարդիկ, որ իսկույն գործի կպչեին: Գովված ու հերոսացած Արամն ու իր կուսակցական ընկերներն այդպիսի մարդիկ դուրս չեկան: Մյուս օրը նահանգապետը (Արամը) մունետիկ է պտտեցնում քաղաքում եւ հայտարարում, որ ամեն մարդ իր գլխի ճարը տեսնե: Եվ սկսվում էր աներեւակայելի խելագար տեսարանը՝ դաշնակցական խուճապը, ուրիշ խոսքով՝ քառասմբակ փախուստ՝ սեփական կաշին ազատելու համար: Եվ այսպիսի փախուստի մատնվում էր ոչ միայն Վանը, այլեւ ամբողջ Վասպուրականը» (նույն տեղում, էջ 175):
«Վան-Տոսպ», թիվ 6 (1921թ.). «Երեք ամենածանր ամբաստանություններ ունի վանեցին պ. Արամի եւ իր գործակիցների դեմ: Առաջին՝ հակառակ վանեցիներու կամքը ներկայացնող հանձնաժողովին տված որոշումներուն եւ առանց անոր գիտությանը՝ խուճապային փախուստի մատնեց ժողովուրդը ու պատճառ դարձավ Վասպուրականի փճացման: Երկրորդ՝ չկազմակերպելով հարյուր հազարավոր բազմության մը ամառային տաժանալի ճամփորդությունը՝ սովածությամբ եւ հոգնածությամբ մահվան դատապարտեց հարյուրավորներ ու քայքայեց ֆիզիկականը հազարավորներու: Երրորդ՝ զինվորական պաշտպանություն չընծայելով ժողովրդին՝ նշավակ ըրավ զանոնք քրդական հարձակումներու, որով սպանվեցան եւ գետը թափվելով խեղդվեցան հազարե ավելի վասպուրականցիներ, իսկ այդ իրարանցումներու ատեն կողոպտվեցան արդեն իսկ իրենց ամեն ինչը կորսնցուցած փախստականներու հարյուր հազարավոր ռուբլիի արժողությամբ անասուններ ու իրեղենները:
Ինչպես հետագա իրադարձությունները եկան հաստատելու՝ Վանը թշնամու ձեռքը չպիտի իյնար բնավ եւ հետեւաբար չպիտի ենթարկվեր իր կրած անփոխարինելի կորուստներուն, եթե հանձնաժողովին տված որոշման համաձայն տղամարդիկ մնային քաղաքը եւ զինված դիմադրություն կազմակերպեին, առնվազն 8000-ի չափ զենք պիտի ունենայինք - 3000 կամավորներու ունեցածները, 3000 թուրքերեն գրավածները, որ տրամադրելի էին, 2000 ալ վանեցիներուն զենքերը: Այսքան զենքն ալ դարձյալ կբավեր ինքնապաշտպանության եւ, ի հարկին, նահանջի համար: Թրքական բանակը փոքրիկ ուժ մը կներկայացներ Վանա լճի հարավային կողմը, իսկ հյուսիսային կողմի ուժեղ բանակը իր թիկունքը չպիտի դարձներ ռուս բանակին Վանի վրա հառաջանալով: Նույն իսկ եթե երկու կողեն ալ այսպիսի հառաջխաղացում մը կատարվեր, մեր ինքնապաշտպանական ուժերը կրնային կանոնավորապես նահանջել Սարայի գծով» (Մ. Մինասյան, դեպքերի ականատես մասնակից):
Հեռագիր թուրքական կառավարությանը. «Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր՝ Էնվեր փաշային. Կոստանդնուպոլիս
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Հ. Քաջազնունի
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր՝ Արամ փաշա Մանուկյան
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ՝ Սահակյան
Հուլիսի 17-ին, 1918թ.» (Փաստաթուղթը հրապարակված է Ջ. Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերը», Եր.-1965թ. աշխատության մեջ)
«Ազատ Հայաստան», 1921, թ. 8.  «Ո՞վ կարող էր երեւակայել, որ ռազմի դաշտում պիտի պարտվեինք այնքան շուտ, եւ թուրքերը՝ հռչակավոր բերդաքաղաք Կարսը գրավելուց, Ալեքսանդրապոլը իրենց ոտքերի տակ առնելուց հետո, պիտի սպառնային անգամ Երեւանին, երբ մենք մեր զորական ուժի քանակով, տեխնիկայի բոլոր առավելություններով, անժխտելիորեն գերազանց էինք մեր թշնամուց: Կարելի՞ էր երբ եւ իցե մտածել, թե մեր երկրի սահմաններից ներս մտած փոքրաթիվ թրքական զինվորական ուժերն այնքան հեշտությամբ պիտի կարողանային ահաբեկել մեզ եւ մղել ամբողջ ժողովուրդն անձնատվության: Սրանք փաստեր են, մեր պանիկական հոգեբանության փայլուն ապացույցը»:

Արեւմտահայաստանի եւ արեւմտահայության ազատագրության կարգախոսով ՀՅԴ-ն իրականում իր դատապարտելի գործելակերպով Արեւմտահայաստանը մատնեց կորստյան եւ արեւմտահայությանը՝ ցեղասպանության, ինչով եւ նրա 30-ամյա գործունեությունը պետք է համարել հանցավոր: Ձախողանքների պատճառը կազմակերպությանը ի սկզբանե հատուկ արկածախնդրական, աղանդավորական էությունն էր եւ դրա հետեւանքով քաղաքական մտածողությունուց զուրկ լինելը:

Դավիթ Անանուն «Մենք պատմության ուղեւորն էինք, որ գիտեինք, թե այսինչ կետում մի դարանակալ գազան կա: Եվ փոխանակ շեղելու մեր ուղին՝ ասպետորեն եւ տխմարաբար, աղմուկով ու ցուցարարությամբ ուղղակի կիրճն էինք մտնում: Գազանը ծիտ չէր, որ փախչեր մեր աղմուկից: Նա դունչն ու թաթերը մեկնեց իր որջից եւ պատմության ուղեւորն անհայտացավ նրա երախում...» (նույն տեղում, էջ 559-560):
Վահան Փափազյան (Կոմս) «Երկար, երկա՜ր տարիներ մեր դժբախտ դատը պտտեցուցինք աշխարհի չորս անկյունները:
Բախեցինք գոց դուռները աշխարհի զորեղներու: Ծով արյուն հոսեցավ մեր սիրտերեն. դեզերով թուղթեր լեցուցինք բողոքի ու ցասումի արյունով ու արցունքով ցողված:
Որո՞ւ չդիմեցինք. դիմեցինք աղերսով ե՛ւ «մայր» Ռուսաստանի, ե՛ւ Անգլիո, ե՛ւ Գերմանիո, ե՛ւ Ամերիկայի ու սատանային. ստացանք միայն առատ, սնամեջ խոստումներ «դժբախտ հայերուն»...
Ուզեցինք, «Մեծ Հայաստան» խոստացան, ուրախությամբ ընդունեցինք «վիլսոնյան սահմանները», խոստացան: Բավականացանք «Ալաշկերտի հովիտով», թուրքերն իսկ խոստացած էին: Ապա ամրապես եւ համառորեն կառչեցանք «Հայկական օջախին». ան ալ խոստացան ու... այդ շրջմոլիկ օջախը տեղե տեղ փոխադրվելով, այդ ալ հանգավ հովերեն. ի՞նչ մնաց՝ երազ միայն:
...Գութ ու աղերս հայցեցինք դաժան պայքարներու մեջ, իսկ արյունով ներկեցինք մեր սրբազան երկիրը. սպառեցանք: Ու այժմ, ձեռքերնիս միայն թղթե շերեփ մը կը մոտենանք «հերիսայի կաթսային», որուն պղնձյա խուփը ամրապես եւ «վերջնականապես» փակվեցավ մեր առջեւ...(հ. Գ, էջ 234- 235):
Լեւոն Չորմիսյան. «Այս պատճառով է, որ հայ կյանքի մեջ կուսակցությունները կրոնական աղանդի մը նկարագիր ստացած են, որուն կարելի է հավատալ կամ չհավատալ, բայց կարելի չէ անոր անհրաժեշտության բանավոր հիմքեր եւ արդարացում փնտրելու մտավորական ճիգ կատարել (նույն տեղում, էջ 479):
Հովհաննես Քաջազնունի. «Փաստն այն է սակայն, ու սա է էականը, որ թուրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսված պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության եւ բնաջնջման եւ Թուրքահայաստանի ամայացման: Այս է ահռելի իրականությունը» («ՀՅ Դաշնակցությունը անելիք չունի այլեւս, Երեւան, 1994, էջ 8):
«Զայրացած ու սարսափած, որոնեցինք հանցավորներին եւ գտանք իսկույն. ռուս կառավարության նենգ քաղաքականությունը: Քաղաքականապես տհաս ու մտքով անհավասարակշռված մարդկանց հատուկ անհետեւողականությամբ, մի ծայրահեղությունից ընկանք իսկույն մյուս ծայրահեղության մեջ:Կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էինք գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն էին վարվել մեր հանդեպ (հետագայում հերթը պիտի գար ֆրանսիացիներին, ամերիկացիներին, անգլիացիներին, վրացներին, բոլշեւիկներին, ամբողջ աշխարհին). կարծես մի մեծ առաքինություն էր ու մի մեծ քաջություն, որ ինքներս այնքան միամիտ անհեռատես ենք եղել, որ դրել ենք մեզ (կամ թույլ ենք տվել մեզ դնելու) այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել կամ կոտորել տալ մեզ» (նույն տեղում, էջ 10):
«Ամենից հիմնական, ամենից մեծարժեք ու պատասխանատու խնդիրներում իսկ՝ մենք չենք ունեցել մեր հաստատուն կամքը, չենք վարել գործերը ըստ մեր հասկացողության, չենք գնացել մեր սեփական ճամփով, այլ թույլ ենք տվել, որ ուրիշները տանեն մեզ իրենց հետեւից, ուր կամենան» (նույն տեղում, էջ 40):
«Եթե ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետեւ հենց այդ նախատեսելու ընդունակությունն է, որ չենք ունեցել բնավ:
Մենք շարունակ սխալված ենք եղել մեր հաշիվների մեջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, որովհետեւ չենք գիտեցել նախատեսել:
Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել:
Ապա չենք ունեցել որոշ ու հստակ գիտակցությունը մեր անելիքի մասին, չենք ունեցել մեր ղեկավարող սկզբունքը ու տեւողական հետեւողական սիստեմ, գործել ենք կարծես հանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանվել ենք, պատից պատ ընկել՝ կեսկուրորեն շոշափելով ոտներիս տակի հողը:
Չենք ճանաչել ու հաճախ գերագնահատել ենք մեր կարողության չափը, չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը եւ թեթեւամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ:
Կտրուկ ենք եղել, ուր պետք էր ծայրահեղ զգուշություն, ու անվճռական այնտեղ, ուր պետք է կտրուկ լինեինք:
Չենք կարողացել տարբերել պետությունը կուսակցությունից ու կուսակցական մտայնություն ենք մտցրել պետական կյանքի մեջ:
Պետական մարդիկ չէինք մենք:
Թող ոչ ոք չվիրավորվի այս խոսքերից. անբարյացկամ մարդու չարախնդություն չէ սա, այլ մի պարզ ինքնագնահատում: Չէ՞ որ անկարողների առաջին շարքում՝ ձեր կողքին ու ձեր հետ միասին՝ եղել եմ ես. ես ձեր գործակիցն եմ եղել, ձեզ հետ ու ձեզ չափ պատասխանատու մեր պարտության:
Պատասխանատու, ասի... քաջություն չունեմ ավելացնելու, որ մենք ոչ միշտ ու ոչ հարկավոր չափով գիտակցել ենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա. ապա նաեւ, թե ոչ միշտ եւ ոչ հարկավոր չափերով բարեխիղճ ենք եղել մեր պարտականությունների հանդեպ... Քաջություն չունեմ, որովհետեւ վախենում եմ, թե անարդար լինեմ: Բայց, ո՞վ գիտե, գուցե ինձանից ավելի անաչառ մի մարդ այդ էլ ասի եւ անիրավացի չլինի...(նույն տեղում, էջ 42-43):
Լեո. «Ո՞վ էր, ուրեմն, իսկական հեղինակը հայ ժողովրդի կորստյան. գաղութահայությունը, որ իր այս գործով վերջացնում էր այն, ինչ սկսել էր Միքայել Նալբանդյանի ժամանակից... Ռուսաստանի գաղութահայությունն էր այդ գործի իսկական տերը, եւ ամեն ինչ նրան է պարտական իբրեւ ռուսական ազգության արդյունք, իբրեւ բակունինիզմի ահռելի հաղթանակ: Եթե բոլոր «հեղափոխական» կոչված ձեռնարկումները մաղենք եւ քամենք, կստանանք մի կազմակերպչական եւ տակտիկական միավոր: Դաշնակցությունը շատ ուժեղ կերպով էր ներկայացնում այդ ռուսական կառուցվածքը: Եթե չլիներ նա, հայությունը չէր խեղդվի արյան ծովի մեջ» (նույն տեղում, էջ 119):
«Այս մի չափազանց կարեւոր հանգամանք է, որ մենք պարտավոր ենք քննել ամենայն լրջությամբ եւ անկողմնակալությամբ՝ պատասխանատուները եւ նրանց պատասխանատվության չափը ճշտելու համար: Մենք պիտի միանգամայն անբավարար համարենք այն վերաբերմունքը, որ պատասխանատու եւ մեղավոր է հռչակում միմիայն թուրքերին: Չպետք է ստվերի մեջ թողնել հակառակ կողմը, որի պատասխանատվությունը պակաս ահռելի չէ» (նույն տեղում, էջ 140):

3
Ուրացումի շրջան

Ահավոր եղելությունից հետո անգամ, ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին ականատես դաշնակցական գործիչները ցանկացած պայմանով իրենց իշխանությունը Հայաստանում պահպանելու համար պատրաստ էին ընդունել  Թուրքիայի գերիշխանությունը, նրան ազատել ցեղասպանության մեղադրանքից,Հայաստանի եւ հայության փրկված մասն էլ նետել նրա ոտքերի տակ, երբ ցեղասպանությունը... դեռ շարունակվում էր:

Լեո. «Եվ այս բոլոր սարսափների մեջ ամենամեծը, մղձավանջայինը, որ ընդունակ էր հարյուրապատկել մեր ժողովրդի ցավերն ու տանջանքները, թշնամու անողորմ սուրը չէր, այլ նրանից էլ հարյուրապատիկ հատու եւ անողորմ այն իրողությունը, որ Դաշնակցությունն իր բերանով խոստովանում էր, թե թուրքահայ հեղափոխությունը երեսուն տարվա ընթացքում ուրիշ բան չի եղել, բայց միայն ոճիր ժողովրդի դեմ, մի չարագործություն հիմնված հիմարությունների, տգետ անհասկացողությունների վրա: Անարգ սյունին էր բեւեռվում ամբողջ թուրքահայ հեղափոխության գաղափարախոսությունը, եւ բեւեռվում էր ո՞ւմ ձեռքով՝ Դաշնակցության, որ գլխավոր ոճրագործն էր: Այս մի ինքնասպանություն էր, որ, տարաբախտաբար, ժամանակին չէր կատարվում, որպեսզի բնաջնջված ժողովրդից գոնե մի երկու բուռն ավելի ազատվեր: Սակայն շատ տարօրինակ դրդումներով էր, որ Դաշնակկցությունը դիմում էր ինքնասպանության: Այդ գործը նա կատարում էր ոչ թե մեռնելու եւ անհայտանալու համար, այլ ընդհակառակը՝ նորից ապրալու եւ տիրող մնալու հույսով: Կորցնելով ամեն ինչ՝ նա ուզում էր կենսական հյութեր գտնել ստեղծված սարսափելի պայմանների մեջ: Թշնամին՝ գրավելով Ալեքսանդրապոլն ու Իգդիրը, սպառնում էր Երեւանին. ուրիշ ելք չէր մնում. իշխանությունը պահելու համար պետք էր անձնատուր լինել հոգով եւ մարմնով, նախապատրաստել այնպիսի արդարացումներ, որոնք հասկանալի դարձնեին ամնախայտառակ պարտությունն անգամ: Հայ մարտական կառավարության անունով հոխորտացող կազմակերպությունն այդ օրհասական օրերին դառնում էր սաստիկ ծեծված մի երեխա, որ լաց ու կոծով հավատացնում է, թե ինքը մեղավոր չէ, չէ իմացել: Եվ հանձն էր առնում այնպիսի մեղքեր, որոնց համար աշխարհի վրա չի կարող լինել որեւէ արդարացում, եւ որոնց համագումարը կազմում է ոչ այլ ինչ, բայց միայն խայտառակ ինքնասպանություն» (Նույն տեղում, էջ 235-236):
«Հառաջ», 1920, թ.255. «Իր փրկության համար Հայաստանն ունի մի ճանապարհ - գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարեւանի, թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել եւ ապահովել իր պետական ու ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թրքական օրիենտացիա: ...Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեւրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ նա խուսափած կլիներ կոտորածներից եւ նրա դրությունը վրացիներից էլ լավ կլիներ»:
Ալեքսանդրապոլի պայմանագիր (հատված, որ բացակայում է հայերեն բնագրում). «Ինչպես որ թուրք, ռուս եւ բոլոր աշխարհի վիճակագրությունները եւ հաստատյալ ընկերային կացությունը ցույց կու տան, այս առթիվ ալ կվավերացվի, թե Օսմանյան սահմանի վրա հայ մեծամասնություն ունեցող որեւէ հողամաս չկա» (տե՛ս Լեո, նույն տեղում, էջ 243):
Ռուբեն Տեր-Մինասյան. «Ռադեկը գիտացորեն խեղաթյուրում է փաստերը՝ հայտարարելով, թե թուրքահայերի բնաջնջումը պետական անհրաժեշտություն էր Թուրքիայի համար: Հայկական կոտորածները պետական անհրաժեշտություն էին Ռուսաստանի համար՝ ի վնաս Թուրքիայի եւ հայերի» (նույն տեղում, էջ 83):
 Սիմոն Վրացյան (1921թ.). «Բոլշեւիզմի դեմ կռվելու եւ, ընդհանրապես, մեր երկրում խաղաղ կյանք վրսկսելու համար մենք մեծապես պետք ունինք հարեւան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ՝ թե՛ այստեղ, թե՛ արտասահմանում, որ հակառակ է մեր եւ թուրքերի մեջ բարյացկամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Այսօր մենք երկու իրական ուժ ունենք մեր կողքին. մեկը խորհրդային Ռուսաստանն է, մյուսը՝ Թուրքիան: Մյուս ուժերը մեզնից շատ հեռու են: ԱՌԱՋԻՆԻ ՀԵՏ, ԻՆՉՊԵՍ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԴԱՌԸ ՓՈՐՁԸ, ՀԱՇՏՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ, ՄՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՇՏՎԵՆՔ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԱՆԱՆՔ ՄՅՈՒՍԻ ՀԵՏ: Այդ անհնարին չէ, որովհետեւ մենք եւ թուրքերն ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով... Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ եւ իրական կենակցություն մեր հարեւան Թուրքիայի հետ: Ուրեմն՝ մեր արտասահմանի բարեկամները, եթե նրանք իրոք բարեկամ են մեզ, չպիտի դնեն Թուրքիան այնպիսի դրության մեջ, ուր նա նկատի մեզ իբրեւ իրա դժբախտության պատճառը ու լցվի ատելության եւ վրիժառության զգացմունքներով հանդեպ մեզ: Կոնֆերանսի որոշումները մեր վերաբերմամբ ընդունելի պիտի լինին Թուրքիայի համար, ահա՛ մեր պահանջը» (մեջբերված՝ Ավետիս Ահարոնյան, Հայաստանի Հանրապետություն, Եր.-1993, էջ 657-658):
«Ազատ Հայաստան», 1921, թ. 35. «Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցյալի դառն հուշերը եւ ավանդությունները եւ ոչինչ չխնայելու հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի եւ Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար: Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործոն բարեկամությամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գա իր ներկա ծանր տագնապից եւ թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա վերջապես ձեռք բերել տեւական ապահովություն: Ուրիշ ճանապարհ չկա»:
Զավեն Մսրլյան. «18 մարտ 1921-ին, Սիմոն Վրացյան Թուրքիո Ազգային մեծ ժողովու կառավարության, որ ճանչցած էր «Հայրենիքի փրկության կոմիտեն» որպես միակ իշխանությունը Հայաստանի մեջ, ուղղեց դիմում մը: Դիմումի մեջ Ս. Վրացյան կխնդրեր, որ իր բանակը համալրելու համար թուրքեր վերադարձնեն իրենց մոտ եղող հայ պատերազմական գերիները, եւ ցույց տան ռազմական օգնություն Հայաստանի Հանրապետության: Սիմոն Վրացյան իր դիմումը կհիմներ Ալեքսանդրապոլի դաշնագիրին վրա: Վրացյան կգրեր. «Սույն դիմումն անելով Հայաստանի կառավարությունը հիմնվում է այն բարեկամական հարաբերությունների վրա, որոնց հիմք են դրված Ալեքսանդրապոլի դաշնագրից սկսած եւ որոնք խանգարված էին բոլշեւիկյան իշխանության ժամանակ» («Երեք դաշնագիր», Բեյրութ, 1979, էջ 119-120):
Վրացյանի հեռագիրը Լոնդոնի խորհրդաժողովին. «Հայաստանը կուզե ապրիլ խաղաղությամբ ու բարեկամությամբ իր հարեւան Թուրքիո հետ: Ան կուզե  ուրեմն, որ Լոնդոնի խորհրդաժողովին տալիք որոշումները փոխադարձ անվստահություն չբերեն Թուրքիո եւ Հայաստանի միջեւ եւ կամ դժգոհություն: Վերջ:» (Հեռագրի առիթով Օսբորնի մակագրությունը՝ «Այնպես կթվի, թե զենքով թուրք մը կեցած էր պ. Վրացյանի կռնակը, երբ ան այս հեռագիրը ղրկեց» (տե՛ս Զ. Մսրլյան, էջ 120-121):
«Հայրենիքի փրկության կոմիտեի» օրգան «Ազատ Հայաստան» պաշտոնաթերթ. «Իրերի պատմական բերումով Անդրկովկասի ժողովուրդների իրական պաշտպանը կարող է դառնալ միայն Տաճկաստանը: Որովհետեւ Տաճկաստանն է միակ իրական, մերձավորագույն քաղաքական ուժը, որն անմիջապես եւ կենսապես շահագրգռված է Անդրկովկասի ժողովուրդների կատարյալ ազատագրությամբ» (տե՛ս Զ. Մսրլյան, էջ 120): 

Հայաստանում իշխանությունը կորցնելուց հետո, արդեն արտասահմանում, անտեսելով եւ ուրանալով ահավոր ցեղասպանության փաստը, ՀՅԴ-ն շարունակել է ապավինել ու ծառայել թուրքերին. վրաց մենշեւիկների, ադրբեջանական մուսավաթի եւ Թուրքիայի հետ 1921-26թթ. մշակել եւ կնքել է «Պրոմեթեյան ուխտ» դաշինքը՝ Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու եւ Թուրքիայի հովանավորության տակ դնելու նպատակով:

Մ. Սերոբյան. «Այս աթոռազուրկ ատրպեճանցի, վրացի, դաղստանցի եւ հայ նախարարները մեկ նպատակ միայն կհետապնդեն. տիրանալ իրենց կորցրած աթոռներին: Եվ հոն, մութին մեջ կկազմեն «Պրոմեթեական» խմբակը: ...1926-ին, երբ Սուլթանով Պոլսի մեջ «Կովկասյան համադաշնակցությունը» վերջապես կազմակերպելե հետո Քեմալի հովանավորության տակ, 1926 նոյեմբերին Փարիզի մեջ կպարզե Վրացյան խմբակի հետ 1921-են ի վեր կազմած համագործակցության փուլերը, եւ կպահանջե, որ «Կովկասյան համադաշնակցության» Պոլսո կենտրոնական կոմիտեի մեջ հայերուն համար բաց թողված երկու աթոռներ գրավեն Ս. Վրացյան եւ Ռուբեն փաշա (Դարբինյան): ...Այլեւս դիմակները ինկած են Վրացյան-Դարբինյան խմբակին երեսեն: Այ այսուհետեւ ճակատաբաց Վրացյան-Դարբինյան կրնան հայտարարել իրենց դավանանքը` «Կովկասի ժողովուրդների պաշտպան կարող է լինել Տաճկաստանը» («Հայաստանի անկախության առիթով», Կահիրե, 1950, էջ 49-50):

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն օժանդակել է ֆաշիստական Գերմանիային եւ նրա դաշնակիցներին, որոնց մեջ էր նաեւ Թուրքիան: ՀՅԴ-ի կողմից «կոտորածների» 20-ամյա ուրացուման փաստի հնիդիման Հիտլերն իրոք իրավունք ուներ հռետորական հարց տալու. «Ո՞վ է հիշում այսօր հայկական կոտորածները»: Քանզի այն չէր հիշում նաեւ ՀՅԴ-ն:

Գրիգոր Մերճանով. «Դաշնակցության Պյուրոյի հետ իմ ունեցած սկզբունքային գլխավոր տարակարծություններես մեկը եղավ կուսակցության գործակցությունը Նացի Գերմանիո հետ, 2-րդ համաշխարհային պատերազմի օրերուն: Չէի կրնա հաշտվիլ այն մտքի հետ, որ կուսակցությունը իր սեփական հատվածական նպատակներեն տարված, կրնա ու պետք է գործակցի ցեղային խտրությունը եւ աշխարհակալությունը նշանաբան դարձուցած այս տերության հետ: ... Նացի Գերմանիո դաշնակից դարձեր էր Թուրքիան, որ իմ աչքին կպատկերացներ Գայզերական Գերմանիո եւ Իթթիհատական Թուրքիո միջեւ կնքված զինակցությունը, որուն ավանդության շարունակությունն էր այս մեկը: Գոնե այսպես կնկատեի ես: Որով, գերմանական հաղթանակի մը պարագային, Հայաստանի բախտով մտահոգվելու պետք չունեին ուրիշները: Թուրքիան կբավեր, որուն բանակները տարիներ առաջ շարված մնացին Արաքսին արեւմտյան եզերքին վրա, անհամբեր սպասելով Ստալինկրաթի անկումին: Բարեբախտաբար դիմադրեց Ստալինկրատը: Գերմանիան պարտվեցավ: Իմ համոզումս է, որ անով վերապրեցավ նաեւ հայությունը: Այլապես թուրքերը հին բարեկամ գերմաններուն հետ, Մեծ եղեռնեն ճողոպրած հայության վերջին կտորին հաշիվը մաքրած պիտի ըլլային այսօր: ...Փարիզի Կենտրոնական կոմիտեի ժողովներուն մեջ ես գլխովին հակառակեցա այս ծրագրին, որ աղետալի էր պարզապես: Մեծամասնությունը հավանություն տվավ գործակցության թեզին, եւ որոշումը վավերացվեցավ» («Իմ կտակը», Բեյրութ 1972, էջ 90-92:

«Սառը պատերազմի» տարիներին Դաշնակցությունը գտնվում էր Թուրքիայի հետ նույն բլոկում՝ ընդդեմ Խորհրդային Միության, որի մեջ էր Հայաստանը:

Ռուբեն Դարբինյան. «Միջազգային ներկա կացության մեջ Թուրքիո՝ ազատ աշխարհին հետ ըլլալը ոչ թե չարիք մը, այլ բարիք մըն է ազատատենչ հայության համար» («Ազդակ», 21.11.1954):

Դաշնակցությունը հօգուտ Թուրքիայի լրտեսական գործունեությամբ է զբաղվել ընդդեմ Հայաստանի եւ այն երկրների, որոնք ապաստան են տվել եղեռնից մազապուրծ տասնյակ հազարավոր հայերի:

Սիրիայի պետական ապահովության բարձրագույն ատյանի դատապարտման որոշումը. Դաշնակ կուսակցության լրտեսություն կատարելը ի շահ Իսրայելի եւ օտար երկրներու դատին (թարգմանություն արաբերենից. «Հետեւյալ էջերուն մեջ մանրամասնորեն պիտի հստակեցնենք յուրաքանչյուր խնդիր առանձին, մատնանշելով յուրաքանչյուր ամբաստանյալի դերը այս դատական գործի մեջ հետեւյալ շարքով:
Խնդիր առաջին. Կուսակցության լրտեսությունը Բեյրութի եւ Հալեպի մեջ ի շահ Թուրքիո եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու:
...Ամբաստանյալ Արթին Պազրպաշյան...անդամակցած է դաշնակ կուսակցության 1933թ. եւ աստիճանաբար բարձրացած է պատասխանատու պաշտոններու, ըլլալով երբեմն Հալեպի հանձնախումբի եւ երբեմն ալ Կոմիտեի անդամ: 1952թ. ան նշանակվեցավ որպես պետ Սուրիո «հետախուզական հանձնախմբի»: Իր հետ խոսած է Սուրիո կուսակցապետ Հրաչ Փափազյանը, որ միեւնույն ժամանակ կուսակցության բարձրագույն կոմիտեի անդամ էր: Ան պատմած է այն համաձայնության մասին, որ ինքը կայացուցած է Թուրքիո հետ՝ Թուրքիո մեջ, թուրք պատասխանատուներու հետ միասին, ըստ որի կուսակցությունը եւ Թուրքական պետությունը պիտի գործակցեին համայնավարներուն դեմ, այն պայմանավ, որ կուսակցությունը ի շահ Թուրքիո տեղեկություններ հավաքե Սուրիո զինվորական, քաղաքական, երկրագործական կացության մասին, փոխան Թուրքիո օգնության համար, որպեսզի հայերը Սովետական Հայաստանը ազատագրեին համայնավարներեն ընդհանուր պատերազմի մը ընթացքին» (տե՛ս «Արմատ», թ. 64):

Որպես վերջաբան

1923թ.-ին, աչքի առաջ ՀՅԴ 30-ամյա գործունեությունը, Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հ. Քաջազնունին, արդեն անվիճելի «դաժան իրականության» հանդիման, սթափված աղաղակեց. «Հայաստանն ու հայ ժողովուրդը հում նյութ չեն ՀՅ Դաշնակցությունն ապրեցնելու համար: Անորակելի ոճիր կլիներ, եթե մենք մի վայրկյան անգամ թույլ տայինք մեզ վարվել այնպես, ինչպես կվարվեր (գիտակցորեն, թե անգիտակցորեն) կուսակցական ֆանատիզմով բռնկված հիվանդը: ՀՅ Դաշնակցությունն անելիք չունի այլեւս, ո՛չ ներկայումս, ո՛չ ապագայում. նա վերջ պիտի դնի իր գոյության» (նույն տեղում, էջ 58, 61): ՀՅԴ-ն իր հերթին Քաջազնունուն հայտարարեց «հոգեկան հիվանդ» եւ, կուսակցական նույն ֆանատիզմով բռնկված, շարունակեց «անորակելի ոճիրը» իրեն որպես «հում նյութ» պահող հայ ժողովրդի նկատմամբ:
50 տարի ՀՅԴ-ն ուրացավ հայոց ցեղասպանությունը: Միայն 1965թ.-ից, երբ Հայաստանում աննախադեպ ցույցեր եղան ցեղասպանության ճանաչման եւ «հողերի» պահանջով, հանկարծ «հասկացավ», որ ցեղասպանություն է տեղի ունեցել, որ այն իրականացրել է ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան, եւ արժե այն շահարկել իր գոյությունը սփյուռքում արդարացնելու նպատակով: Ուստի սկսեց թուրքական դեսպաններ որսալ եւ Ռուսաստանի ձեռքերով կորցրած հողերը հետ բերելու ծրագրեր կազմել:
Ինչի՞ համար էր 50-ամյա լռության, ավելի ճիշտ՝ ուրացումի, պարտակումի շրջանը: Դրա համար ՀՅԴ-ն ուներ առնվազն երկու կենսական ու հավասարազոր պատճառ.
ա) Դաշնակցությունը պետք է որոշեր, թե ո՞վ է ավելի շատ չարիք բերել՝ Թուրքիան, թե՞ Ռուսաստանը: Հարցին պատասխանելու համար պետք է ընտրվեր ելակետ. չարիքը պատճառվել է Հայաստանին ու հայ ժողովրդի՞ն, թե՞ Դաշնակցությանը: Առաջին ելակետի դեպքում, իհարկե՛ Թուրքիան էր չարագործը՝ իր գործած ցեղասպանությամբ, ողջ Արեւմտահայաստանի եւ Արեւելահայաստանի մի մասի զավթմամբ: Երկրորդ ելակետի դեպքում, իհարկե՛ Ռուսաստանը, որի  շնորհիվ հայ ժողովրդի փրկված այս հատվածը գեթ ազատվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից, սակայն իշխանությունից զրկեց եւ դուրս քշեց Դաշնակցությանը: Մինչդեռ Թուրքիան թույլ էր տալիս մնալ եւ իշխել: «Կուսակցական ֆանատիզմը», բնականաբար, ընտրեց երկրորդ ելակետը:
բ) Եթե ՀՅԴ-ն սկզբից եւեթ սկսեր ցեղասպանության համար մեղադրել Թուրքիային (ինչը նա արեց 1965-ից հետ), ապա ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մարդիկ հարյուրավոր բնական հարցեր եւ մեղադրանքներ կուղղեին նրան: Գուցե եւ հենց նրանք վերջ տային ՀՅԴ-ի գոյությանը, որին այդպես անմնացորդ վստահել էին իրենց ճակատագիրը, իսկ նա լքել էր, խաբել, մատնել, փախել: Ուրեմն՝ պետք էր ժամանակ շահել, մինչեւ սերունդը փոխվեր, մինչեւ կենդանի հիշողությունը մարեր եւ մեջտեղ գային նորահյուս հեքիաթներն ու առասպելները: 50 տարին դրան բավարար էր:
1965-ից հետո, երբ ուրիշները արդեն դրեցին ցեղասպանության եւ Թուրքիայի մեղավորության հարցը, ՀՅԴ-ն կտրուկ շրջադարձով «սեփականաշնորհեց» այն, հակառակ դեպքում անխուսափելիորեն դրվելու էր նաեւ իր մեղավորության եւ պատասխանատվության հարցը: Իսկ եթե ինքն է հարցի միակ «տերը», բնականաբար դա թույլ չի տա: Ինչպես որ երբեւէ թույլ չի տա, որ հարցը դրվի բանական, լուծելի, հեռանկարային ճանապարհի վրա: Եվ ինչպես հինգ տասնամյակ առաջ, այնպես էլ այժմ՝ այն պետք է ծառայեցվեր «գերագույն արժեքին»՝ Դաշնակցությանը, ոչ թե «հում նյութին»՝ հայ ժողովրդին: Այսինքն՝ պետք է հետապնդվեր ճիշտ այնպես, ինչպես ժամանակին «61-րդ հոդվածը»:
Ցեղասպանությունը մարդկության դեմ գործված հանցագործություն է եւ վաղեմության ժամկետ չի ճանաչում:
Հայոց ցեղասպանությունը ունի երեք պատասխանատու՝ յուրաքանչյուրը հանցանքի եւ պատասխանատվության իր չափով:
Առաջինը Թուրքիան է, որն իրականացրել է այն, եւ որեւէ պատճառ չի կարող որպես արդարացում ծառայել:
Երկրորդը Ռուսաստանը եւ եվրոպական երկրներն են, որ չեն կանխել, իսկ հաճախ օժանդակել են նրան:
Երրորդը Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որի քաղաքական արկածախնդրության հետեւանքով հայությունը մատնվել է ցեղասպանության:
Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ու դատապարտվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Դա պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Ճանաչումը, դատապարտումը եւ պատասխանատվությունը պետք է իրականանան վերը բերված ցուցակի հակառակ հերթականությամբ: Որովհետեւ դա է բանական, արդյունավետ եւ մինչեւ վերջ հասնելու միակ հնարավոր ճանապարհը:
Որպեսզի այս «Հայկական հարցն» էլ չունենա նախորդի ճակատագիրը՝ կրկին խաղալիք չդառնա ուրիշների ձեռքին, ինչպես որ է այսօր, եւ նոր արհավիրք՝ Հայաստանի ժողովրդի գլխին:
Որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատվի բոլոր երեք՝ «հում նյութ» լինելու, օտարին ապավինելու եւ զոհի  կործանարար եւ ազգասպան բարդույթներից, շրջի վերջապես իր պատմության տխուր եւ ամոթալի էջը, փայփայի իր պետականությունը եւ կարողանա շարունակել վստահ ապրել իր երկրում:


ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Չորրորդ իշխանություն», 22-24 ապրիլի, 2010թ.

Saturday, February 20, 2010

ՄԱՐՏԻ 1-Ի ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ

 (ամփոփում)

Լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 2 տարին։ Դրան հաջորդած իրադարձությունները, կատարված նախաքննությունները, դատավարությունները, ձեռք բերված ու հրապարակված նյութերն ի հայտ բերեցին հետեւյալ իրողությունները։

Լիակատար տապալվեց իշխանական վարկածը.
Իշխանական վակածն այսպիսին էր. 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ը, Ազատության հրապարակում ընդդիմության շուրջօրյա հավաքներն անօրինական էին։ Այդ հավաքների ընթացքում նախապատրաստվում էր հեղաշրջման միջոցով իշխանության յուրացում։ Դրա իրականացման համար ընդդիմությունը զինվում էր։ Կանխելու համար դա՝ իշխանությունն իրականացրեց տեղանքի զննություն՝ զենքերի հայտնաբերման ու առգրավման նպատակով։ Հավաքի մասնակիցները դիմադրեցին, թույլ չտվեցին, ինչից հետո այն ցրվեց ուժի գործադրմամբ։ Նույն օրը Ֆրանսիայի դեսպանության հարեւանությամբ հավաքված ցուցարարները դիմեցին զանգվածային անկարգությունների, կատարեցին մեքենաների հրկիզումներ, խանութների թալան, կրակեցին ոստիկանական զորքերի վրա, ինչի հետեւանքով եղան զոհեր։ Իշխանության յուրացումը, սպանություններով ուղեկցվող զանգվածային անկարգությունները կանխելու համար մտցվեց արտակարգ դրություն, կատարվեցին օրինազանցների ձերբակելություններ։
Երկու տարվա ընթացքում այս մեղադրանքներից եւ ոչ մեկը չհիմնավորվեց.
ա) Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու մեղադրանքով ոչ մեկը չմեղադրվեց ու չդատապարտվեց։ Դա նշանակում է, որ Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հավաքներն օրինական էին։
բ) Ազատության հրապարակում ցուցարերներին պատկանող զենք ու զինամթերք այդպես էլ չհայտնաբերվեց, այդ հիմքով գործ չհարուցվեց։
գ) «Յոթի» կամ «մայր գործով» տեւական դատավարությունների ընթացքում հօդս ցնդեց իշխանության յուրացման մեղադրանքը։ Իր համար ստեղծված խայտառակ իրավիճակից մի կերպ դուրս գալու համար վարչախումբը ստիպված եղավ Քրեական օրենսգրքում հոդվածներ փոփոխել՝ դրա հետ նաեւ առաջադրված մեղադրանքը։
դ) Նույն՝ «Յոթի գործի» տապալմամբ իշխանությունն ստիպված եղավ ընդդիմության վրայից հանել նաեւ 10 սպանությունների մեղադրանքը։
ե) «Յոթի գործը» բաժանելով մասերի՝ ըստ էության անհեթեթ դարձավ շարժման ակտիվիստների կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքը։
զ) Շարժման մասնակիցներից ոչ մեկը չմեղադրվեց շուրջ 5 տասնյակ մեքենաների հրկիզման եւ տասնյակ խանութների թալանին մասնակցած լինելու մեղադրանքով։ Իսկ ում որ մեղադրեցին, պարզվեց որ դրանք եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք։
է) Ցուցարարներից ոչ մեկը չմեղադրվեց Մարտի 1-ին ապօրինի զենք կրելու եւ ոստիկանության վրա կրակելու մեղադրանքով։
Այսինքն՝ պարզվեց, որ այն փաստարկները, որոնք պաշտոնապես ներկայացվել էին մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու համար որպես հիմք, դրանցից եւ ոչ մեկն իրականում գոյություն չի ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ արտակարգ դրությունը մտցվել է կեղծ փաստերի ու անհիմն հայտարարությունների հիման վրա, ինչը հանցագործություն է։

Ի հայտ եկան վարչախմբի հանցավորության բազմաթիվ անհերքելի ապացույցներ.
ա) Հայտնաբերվել եւ հրապարակվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ 5 բարձրաստիճան պաշտոնյաների եւ իշխանությանը սերտաճած 4 օլիգարխների անունով Մարտի 1-ին Պաշտպանության նախարարական պահեստներից համազգեստ է բաց թողնվել՝ շուրջ 950 մարդու հանդերձավորման համար։ Փաստաթղթի վավերականությունը պաշտոնապես չի հերքվել։ Դրանցով հանդերձավորված բանդաների խնդիրն է եղել ինչպես ցուցարարների դեմ պատժիչ գործողություններին մասնակցելը, այնպաս էլ՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, մեքենաներ հրկիզելը, խանութներ թալանելը, սադրանքներ կազմակերպելը։
բ) Բանակն անմիջականորեն մասնակցել է մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ գործողություններին մինչեւ հատուկ դրություն հայտարարելը։ Դա հաստատվում է փաստաթղթերով ու բազմաթիվ տեսանյութերով։
գ) Հայտնաբերվել ու հրապարակվել է Պաշտպանության նախարարի, 2008թ. փետրվարի 23-ով թվագրված, թիվ 0038 հրամանը, ինչով ապօրինաբար կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարվել ՊՆ համակարգում։ Այսինքն՝ մարտի 1-ից դեռ մեկ շաբաթ առաջ Երեւանի կայազորի պետի հրամանատարությամբ ստեղծվել էր բանակային հատուկ կառույց՝ խաղաղ ցուցարարների դեմ գործողությունների իրականացման համար։
դ) Ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության իրականացումը դրվել է բանակի վրա, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է։
ե) 10 մահերի գործով առ այսօր ոչ ոք չի մեղադրվել ու կալանավորվել, չնայած այն բանին, որ Փաստահավաք խմբի կողմից ըստ էության ձեռք է բերվել դրանցից առնվազն 3-ի բացահայտման հիմքերը։ Դա վկայում է, որ սպանությունների իրականացնողն ու պատասխանատուն ինքը՝ վարչախումբն է։
զ) Հայտնաբերվել եւ հրապարակվել է Քննչական հատուկ վարչության պետի ապօրինի հանձնարարական-շրջաբերականը հանրապետության տարածքային դատախազներին, ինչն, ըստ էության, ընդդիմության ակտիվիստների քաղաքական նկատմամբ համատարած հետապնդումների մի հանձնարարական է։
է) Վարչախումբը հատուկ դրություն է մտցրել ոչ թե ոչ ճիշտ տեղեկատվության պատճառով թյուրիմացության մեջ լինելով (այդ դեպքում պետք է կեղծված տեղեկատվություն տրամադրողներ ի հայտ եկած ու պատժված լինեին)։ Արտակարգ դրություն մտցնելու «հիմքերը» վարչախումբն ինքն է ստեղծել՝ քրեական աշխարհի օգնությամբ, ավազակային բանդաների ստեղծումով, սադրանքների նախապես մշակված ծրագրով, բանակի ապօրինի օգտագործմամբ, մարդկանց վրա կրակելով։ Դա կրկնապատկում, եռապատկում է հանցանքի չափը։

Այսպիսով՝ փակվել է ոչ թե Մարտի 1-ի էջը, այլ Մարտի 1-ի իշխանական վարկածի էջը։ Դա հնարավոր եղավ համաժողովրդական շարժման, Հայ ազգային Կոնգրեսի  պայքարի, տոկունության, միջազգային կառույցների հետ արդյունավետ աշխատանքի, քաղբանտարկյալների անկոտրում կամքի շնորհիվ։ Մարտի 1-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում եւ իշխանության բռնազավթում։ ԵԽԽՎ-ում արդեն շրջանառության մեջ է բանաձեւի նախագիծ, որով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները որակվում են որպես վարչախմբի պարագլուխների կողմից իրականացված ռազմական հեղաշրջում։ Այնպես որ՝ իրական մարտի 1-ի էջը դեռ նոր է բացվելու՝ բացահայտելու համար ինչպես թվարկված ծանր, այնպես էլ դրանց ուղեկցած բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնց ապացուցողական բազան արդեն իսկ պատրաստ է։
Մարտի 1-ի վաղ առավոտյան կազմակերպած բարբարոսական ջարդով եւ երեկոյան իրականացրած արյունոտ սպանդով վարչախումբը փորձեց ցույց տալ իր անպատժելիությունը, ահաբեկել ողջ ժողովրդին, նրանից ստանալ անազատ ու հնազանդ մի զանգված։ Չկարողացավ. այսօր նա ունի բացահայտ ըմբոստ, ատելությունից ատամները սեղմած, պայքարը մինչեւ վերջ տանելու կամքով տոգորված մի հասարակություն։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» («Կոնգրեսի ներդիր») 20.02.2010


Wednesday, February 10, 2010

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է ՄՆՈՒՄ ՇԱՐԺԱՌԻԹԸ


«Ժամանակի» փետրվարի 3-ի համարում Ա. Ամատունու վերլուծականը իմ մի հոդվածի պատասխանն է (տպագրված «Հայկական ժամանակ», 29.01.2010)։ Անհասկանալի է միայն, թե ինչու առանց իմ անունը տալու, իմ մտքերը ընդհանրացվում, վերագրվում է Կոնգրեսին ընդհանրապես, մանավանդ, որ հատուկ ընդգծել էի, որ դա իմ անձնական մոտեցումն է «Չխոսեմ իմ ընկերների անունից, ինձ համար անընդունելի են մնալու....»։ Նկատի էի ունեցել այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ, Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը, պատասխանելով նույն հարցին, բոլորովին այլ (լիակատար հանդուրժողական) վերաբերմունք էին արտահայտել Կոնգրեսի հասցեին հնչող ցանկացած հրապարակային քննադատության նկատմամբ։ Եթե լրագրողի այս ընդհանրացման մեջ դիտավորություն չտեսնեմ, ապա դա էթիկայի խախտում է առնվազն։ Ասեմ նաեւ, որ Կոնգրեսի ընդհանրական տեսակետները հնչում են միմիայն նրա պաշտոնական հայտարարություններում։ Հիմա էլ՝ նման ընդհանրացում կանխելու համար, ներողություն խնդրելով ընթերցողից, ստիպված պետք է լինեմ շարունակել չարաշահել ոչ գեղեցիկ եզակի առաջին դեմքը։ Հույս ունեմ նաեւ, որ վերեւում ասածս էլ չի մեկնաբանվի որպես «Կոնգրեսի ղեկավարության մեջ ռազմավարական խնդիրներում առկա խորը տարաձայնություն»։
Խնդիրս ամենեւին «պատասխանին» «պատասխանելը» չէ։ Իմ անհանգստությունը բոլոր նման դեպքերում մեկն է՝ որ նույն նպատակին (Սահմանադրական կարգի վերականգնում) հետամուտ մարդկանց արած մեկնաբանությունները ոչ թե թուլացնեն, այլ ամրացնեն այն գործոնը կամ գործիքը, որի միջոցով կարելի է հասնել դրան։ Տվյալ դեպքում ես որպես հիմք ընդունում եմ հանրային այն ընկալումը, թե որ թերթն ու լրագրողն է ընդդիմադիր, որը՝ իշխանամետ։ Իշխանամետի դեպքում անհանգստություն չունեեմ. ընթերցողը դրանց չի հավատում։
 Իսկ հիմա ընդամենը երկու օրինակով փորձեմ ցույց տալ, թե ինչպես գործնական քաղաքականության եւ հանդիսատես վերլուծողի դիրքերից քննելիս տարբեր են լինում նույն իրողության գնահատականները, որոնք էլ մի դեպքում ծառայում են հիմնական նպատակին, մյուս դեպքում՝ ընդհակառակը, կարող են վնասել։

1. Ընդդիմությանը քննադատելու մասին։ Մի պահ վերանանք Կոնգրեսից։ Քաղաքական ընդդիմությունն ինքը քննադատության գործիք է, նրա խնդիրը իշխանությանը քննադատելն է, նրա սխալների ու վրիպումների վերհանումը, ցուցադրումը եւ հասարակության համար ավելի նպաստավոր ծրագրի ներկայացմամբ վստահություն ձեռքբերելով իշխանության հասնելը՝ իր ծրագրերն իրականացնելու համար։ Ուրեմնեւ՝ ընդդիմության լավագույն եւ իրական քննադատությունը, եթե դրա կարիքը կա, այլ բան լինել չի կարող, քան նոր ընդդիմադի ուժի ձեւավորումը՝ նույն խնդիրն ավելի արագ ու հաջող լուծելու համար։ Այսօր Հայ Ազգային Կոնգրես կոչվող ուժը 2007թ. աշնանը հենց այդպես էլ վարվեց։ Իսկ եթե որեւէ մեկը նման հավակնություն չունի, այլ (որպես անհատ, իր քաղաքացիական դիրքորոշման թելադրանքով) մտահոգված է գոյություն ունեցող քննադատող գործիքի (ընդդիմության) աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, պետք է պարզապես իր հնարավորությունների չափով նպաստի այդ արդյունավետության բարձրացմանը։ Հրապարակավ քննադատել քննադատող սուբյետին, գործիքին (ընդդիմությանը) նշանակում է օգնել քննադատվող օբյեկտին (իշխանությանը)։ Մի քիչ ավելի պարզեցրի՝ ավելի հեշտ ընկալելի լինալու համար։ Բայց սա պարզ թվաբանություն է։ Համենայնդեպս՝ այդպիսին է դրա հասարակական հետեւանքը։ Հասկանալի է՝ խոսքս խոհանոցային քննարկումների, բանավեճերի, հարյուրավոր առաջարկների մասին չէ, որ շնորհակալությամբ ստանում, քնարկում ենք։ Երբ հրապարակավ խոսվում է «Կոնգրեսի բացթողումների, կամ թերացումների կամ սխալ հաշվարկների մասին», անշուշտ, դա չի նշանակում, թե հեղինակն արդարացնում է իշխանությանը (ես նման բան չեմ էլ գրել), բայց որ 1000 կարդացողից 20, 10 կամ 1 հոգի դրանից կարող է ոգեւորության կորուստ ունենալ, կամ հիասթափվել, կամ հուսահատվել, դա արդեն նշանակում է օբյեկտիվորեն օգնել իշխանությանը։ Ակամա, թե մտածված՝ երկուսն էլ հնարավոր է։

2. Թիվ10 ընտրատարածքում կայացած ընտրությունների մասին։ Այստեղ Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ստացավ 5020 ձայն։ Հանդիսատես-վերլուծաբանը հռետորական հարց է հնչեցնում. «Մի՞թե 55.000 ընտրող ունեցող թիվ 10 ընտրատարածքում այդ 5 հազա՞րն էին մնացել Հայ Ազգային Կոնգրեսի համակիր»՝ դա համարելով Կոնգրեսի սխալների, բացթողումների, հեղինակության անկման դրույթը հիմնավորող փաստարկ։ Թվերը, կարծես թե, տպավորիչ են (55.000-ից 5000)՝ պարզ ընթերցողին համոզելու համար, որ Կոնգրեսի հեղինակությունը ընկել է, կամ նա վատ է աշխատել։ Գործնական հետեւանքն էլ նույնը՝ 1000-ից 20 թե 10 թե 1 մարդու հիսթափություն, հուսահատություն՝ հօգուտ իշխանության։ Բայց նույն այդ թվերով կարելի է հասնել հակառակ արդյունքի, եթե չանտեսես ինչպես այլ, նույնքան իրական թվեր, այնպես էլ՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրողություններ, եւ վերլուծությունդ անես դրանց համալիր եւ անաչառ հաշվառմամբ։
Այսպես.
ա) Թիվ 10 ընտրատարածքում 55.000 ընտրողից բացակա են ավելի քան 1/3-ը. մեկ առ մեկ 15.000 ընտանիքի դուռ են ծեծել Կոնգրեսի քարոզիչները (ինքս էլ եմ մասնակեցել ու համոզվել), այդ ընթացքում պարզելով, որ 5000-ում կա՛մ մարդ չի ապրում, կա՛մ վարձով ապրում են այդ ընտրատարածքում քվեարկության իրավունք չունեցող քաղաքացիներ։ Ուրեմն՝ անենք առաջին թվաբանական պարտադիր գործողությունը եւ կստացվի ոչ թե 55.000-ից 5000, այլ 1/3-ով պակաս՝ 38.000-ից 5000։
բ) Բացված դռներից 1/3-ից շատ ավելի բնակիչներն էլ վճռականորեն հայտարարել են, որ ինրենք երբեւէ որեւէ ընտրության չեն մասնակցել ու չեն մասնակցելու։ Ուրեմն, պետք է անել երկրորդ պարտադիր թվաբանական գործողությունը եւ կստացվի 25.000-ից 5000 հարաբերակցություն։
Ստացված 25.000 թիվը իրական է, քանզի անգամ ամնաբուռն ընտրությունների ժամանակ մասնակցության թիվը հազիվ է հասնում ընտրողների ընդհանուր թվի 50%-ին։ Եւ համաձայնենք, որ թվերի այս վերջին հարաբերակցությունն արդեն իսկ փոքր ինչ այլ տպավորություն է թողնում։ Բայց շարունակենք. 
գ) Ընդիմադիր զանգվածն իր քաղաքացիական ակտիվության առումով, բնական է, որ միատարր չէ։ Պայմանականորեն ու կոպիտ այն բաժանենք երեք մասի՝ ակտիվ, միջին ակտիվության եւ պասիվ համակիրներ։
դ) Հասարակության ընդդիմադիր մասի ընտրական ակտիվության պիկը (արմատական փոփոխությունների եւ իր սպասելիքների իրականացման հույսով) առաջանում է նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ դա է համարվում ռեալ իշխանափոխություն։ Այդ ժամանակ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի մասնակցությունը ձգտում է 100%-ի։ Խորհրդարանական ընտրության ժամանակ այդ ակտիվությունը նվազում է 25-30%-ով։ Խորհրդարանական ընտրությունների համեմատ էլ, նույն չափով, ընդդիմադիր ընտրազանգվածի ակտիվությունը նվազում է տեղական ինքնակառավարման (Երեւանում՝ քաղաքապետական) ընտրություններում։ Հասկանալի է, որ առանձին մեկ ընտրատարածքում պատգամավորի ընտրությունը (ընտրողին հետաքրքրող հիմնական հարցի՝ երկրում ինչ-որ բան փոխվելու հույսի իմաստով) այս վերջինից է՛լ շատ ավելի քիչ վստահություն է ներշնչում, ուստիեւ՝ նույն չափով պակասում է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնակցությունը ընտրությանը։ Այսինքն՝ այն 5000 թիվը, որի մասին խոսվում է որպես Կոնգրեսի համակիրների, պետք է բազմապատկել, եթե ոչ 4-ով, ապա առնվազն 3-ով՝ ստանալու համար Կոնգրեսի համակիրների ամբողջ սպեկտրի թիվը՝ 15.000։ Ստացվեց՝ 25.000-ից 15.000 հարաբերակցություն։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Մեր այս թվաբանությունն արված է, այսպես ասենք, խաղաղ պայմանների, նորմալ իրավիճակի համար, երբ ազատ, նաեւ հեռուստատեսությամբ, քարոզարշավի հնարավորություն կա, երբ ընտրողը նախապես սպառնալիքներ ու զգուշացումներ չի ստանում, ահաբեկման չի ենթարկվում, մտավախություն չունի գործից հեռացվելուց, ընտրատարածքում կրիմինալի հանդիպելուց, «պատմությունների» մեջ ընկնելուց, ընդհուպ՝ համատիրությունից տեղեկանք չստանալուց եւ այլն, ինչի օրինակներ տասնյակներով ծանոթ է բոլորին։ Այս հանգամանքները միասին կարո՞ղ էին պայմանավորել, որ եւս մի քանի հազար մարդ ընտրատեղամաս չգնա։ Ուրեմն 25.000-ից 15.000 հարաբերակցությունը կարող է դառնալ 25.000 «ռեալ» ընտրողից 20.000 համակիր։ ասել է թե՝ տեղամաս եկած 5000-ը այն մարդկանց թիվն է, որոնք թքած են ունեցել ամեն տեսակ սպառնալիքների, մեծ ու փոքր վտանգների ու անհարմարությունների վրա։ Այսինքն՝ Կոնգրեսը մեկ ընտրատարածքում ոչ թե 5000 ձայն, այլ 5000 աննահանջ պայքարող ու անձնազոհ մարտիկ ունի (հանրապետությունում՝ բազմապատկած 41-ով, 200.000-ից ավելի)։ Պայքարող մարտիկ՝ որ համակիրների ընդհանուր սպեկտրի 1/3 կամ 1/4-ն է, եւ 200.000-ը պետք է բազմապատկել 3-ով կամ 4-ով՝ ստանլու համար Կոնգրեսի համակիրների ընդհանուր թիվը հանրապետությունում։ Եւ դա՝ մարտիմեկյան սպանդից, հարյուրավորների ապօրինի բանտարկությունից, հազարավորների հալածանքներից հետո։
Սա արդեն տրամագծորեն այլ պատկեր է։ Եւ իրական։ Ցույց է տալիս Կոնգրեսի ուժը եւ աշխատանքի իրական արդյունքը, ու, ոչ թե ընթերցողի մեջ հիասթափություն ու հուսալքություն, այլ պայքարի խանդավառություն է առաջացնում եւ հաղթանակի հավատ։
Բերված փաստարկների ու հանգամանքների գոյութունն ու ազդեցությունը որեւէ մեկը կարո՞ղ է ժխտել։ Դրանք բոլորն իրողություններ են։ Թվե՞րն են անիրական։ Խնդրեմ, դրեք ձեր թվերը, բայց մի՛ անտեսեք այն իրողությունները եւ հանդամանքները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն (չնայած, դժվար է ասել՝ իրականության հետ համեմատած հօգուտ ո՞ր կողմի կարող են շեղվել բերածս պայմանական թվերը)։ Այս ամենը վերլուծաբանը չպե՞տք է նկատի ունենենա եւ լսարանին հայտարարի, թե 55.000 ընտրողից 5000 համակիր ունի Կոնգրեսը ու դա է նրա վարկանիշը, նրա վատ աշխատանքի արդյունքը։
Բայց այս ամենն էլ մի կողմի դնենք եւ դիտարկենք հենց 10-րդ ընտրատարածքում գրանցված պաշտոնական արդյունքները։ Կոնգրեսի թեկնածուն 40% ձայն հավաքեց, այն դեպքում, երբ քաղաքապետական ընտրություններում 17% էր։ 40-ը 17-ի նկատմամբ անկո՞ւմ է, թե՞ բարձրացում։ Այս փաստարկի դեմ սովորաբար ասում են, թե իշխանությանն այդքան ձայն բավարարում էր՝ այդքան բերեց (կամ լցրեց), եթե ավելին պետք լիներ՝ կբերեր (կլցներ) ավելին։ Ճիշտ չէ։ Ու ճիշտ չլինելով՝ նաեւ հուսահատեցնող ու վնասակար։ Նախագահական ընտրության ժամանակ վարչախումբը խնդիր էր դրել ամեն ինչ անել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվի 4-րդ, ամենաշատը՝ 3-րդ տեղում։ Չստացվեց։ Քաղաքապետական ընտրության ժամանակ խնդիր էր դրված Կոնգրեսի ձայները սահմանափակել 10%-ից ոչ ավելի։ Չստացվեց։ 10-րդ ընտրատարածքում խնդիր էր դրված իշխանական թեկնածուի համար ապահովել 25.000 ձայն։ Չստացվեց։ Սրանք էլ իրողություններ են, հավաստի տեղեկութեուններ։ Իսկ չստացվեց՝ Կոնգրեսի աշխատանքի շնորհիվ։
Այսպիսով, հարգելով հանդերձ յուրաքանչյուրի կարծիք, համոզմունք ունենալու, վերլուծելու իրավունքը, ես ընդամենն ուզում եմ, որ դրանք լինեն համակողմանի, օբյեկտիվ, ոչ հանդիսատեսի դիրքերից, ակամա չխանգարեն, չվնասեն այն ընդհանուր գործին, նպատակին, ինչի ջատագովներ են ներկայանում (կամ ընկալվում) նաեւ դրանց հեղինակները։ Հակառակ դեպքում՝ այդ ջատագովությունը կեղծ է, մոլորեցնող, վնասակար, եւ անհասկանալի ու խոցելի է մնում շարժառիթը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
 «Ժամանակ» 10.02.2010

Friday, January 29, 2010

ՄԵՆՔ ՑԼԱՄԱՐՏԻԿ ՉԵՆՔ, ՈՉ ԷԼ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ՝ ՑՈՒԼ


10-րդ ընտրատարածքում կայացած ընտրության արդյունքները թարմ նյութ տվեց լրագրողներին ու վերլուծաբաններին։ Թե այս առիթով ինչ պետք է ասեր իշխանական քարոզչամեքենան, ինչ պետք է գրեին իշխանական լրատվամիջոցները, հայտնի էր ի սկզբանե։ Խոսքս վերաբերելու է իրենց ընդդիմադիր համարող որոշ լրագրողների ու վերլուծաբանների, որոնք, իբր, հանդես են գալիս քաղաքական ընդդիմության նկատմամբ սրտացավության, Շարժման հաղթանակի նկատմամբ նախանձախնդրի, կամ գեթ տեղի ունեցածը գնահետլու օբյեկտիվության դիրքերից։ Վերջին շրջանում նրանց մի մասի մեղադրանքների ու քննադատությունների սլաքը իշխանությունից ընդդիմության՝ Հայ Ազգային Կոնգրեսի վրա տեղափոխվելու միտում է նկատվում։ Համատարած ապօրիննությունների համար իշխանությանը մեղադրելն ու քննադատելը այլեւս, կարծես թե, դառնում է սպառված թեմա ու անիմաստ։ Այլեւս որպես բնական երեւույթ են դիտվում նրա վարքագիծն ու գործողությունները. Կոնգրեսի հանրահավաք է՝ պետք է երթուղիներից հանեն հասարակական տրանսպորտն ու փակեն ճանապարհները, բանդաներ կազմեն զգեստափոխված ոստիկաններից՝ թռուցիկների տարածումը թույլ չտալու համար, երթ է՝ պետք է մարդկանց քշեն մայթերը, ընտրություն է՝ պետք է կեղծեն, ջարդեն, ընտրակաշառք բաժանեն, լցոնումներ կատարեն։ Այս ամենն աստիճանաբար բնական երեւույթ է համարվում այնպես, ինչպես՝ անձրեւն ու ձյունը, արեւի ծագելն ու մայր մտնելը, դե, արի նման բաները քննադատիր կամ դրանցից դժգոհիր։ Անհամ նյութ կստացվի։ Դրանով ո՛չ ընթերցող կպահես, ո՛չ էլ կարդացվող լրագրող ու խորաթափանց վերլուծաբան կհամարվես։ Էլ չենք ասում, որ իշխանությանը քննադատելը ոչ միայն եկամտաբեր չէ, այլեւ կարող է վտանգավոր լինել։ Եւ, ահա, վարչախմբի գործողությունների՝ որպես բնական երեւույթի ընկալումը փորձ է արվում աննկատ փաթաթել նաեւ հասարակության վզին։ Սա վտանգավոր է։
Այլ բան է՝ ընդդիմությունը. թարմ թիրախ է, անվտանգ, հետաքրքիր, ինտրիգային։ Եւ որեւէ առիթով կամ անառիթ, «սրտացավ» ու «օբյեկտիվ» լրագրողների ու «վերլուծաբանների» կողմից կրկին սկսեցին հնչել այսպիսի մտքեր. «Ընդդիմությունը եւս մեկ անգամ բավարարվեց բարոյական հաղթանակով», «Ընդդիմության ձայները պակասեցին, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն այլեւս նրա հետ հույսեր չի կապում», «Կոնգրեսի վարկանիշն ընկնում է», «Նոր ընդդիմություն է պետք», «Հասարակությունն անտարբեր է դարձել Կոնգրեսի անվճռականության պատճառով» եւ այլն։ Նույնիսկ կատարվեց բացահայտ կեղծիք-վերագրում, իբր, վերջերս ընդդիմությունն ավելի շատ է խոսում Չորրորդ հանրապետության մասին, որպեսզի երբ իշխանության գա, կարողանա խուսափել իր իշխանության շրջանում կատարած սխալների պատասխանատվությունից։ Եւ դա այն դեպքում, երբ Կոնգրեսի ոչ մի ներկայացուցիչ այդ բառն անգամ չի արտասանել։
Ընհանրապես այս ամենին կարելի էր պատասխանել նաեւ ըստ էության, փաստերով։ Բայց դա այն դեպքում, եթե համարեինք, որ այսօրինակ դատողությունների ու թեզերի հեղինակների ելակետն, իրոք, ներկա վարչախմբից օր առաջ ազատվելու քաղաքացիական մտահոգությունն է, ինչպես ներկայացնում են, ու դրա համար, հաջող թե անհաջող, բայց անկեղծորեն, ուղիներ են փնտրում։ Չենք ուզում նրանց մեջ վարչախմբի գործկալներ տեսնել, բայց համոզված ենք, որ առնվազն գործ ունենք քաղաքական մտածողության դեֆիցիտի, քաղաքացիական կեցվածքի չգոյության, ունեցած փեշակի եկամտաբեր գործադրման քաղքենիական հիմքի ու գծուծ հաշվարկի  հետ։ Իսկ դա անհանգստացնող է այնքանով, որ շարքային ընթերցողը նման դեպքերում միշտ չէ, որ ընկալում է նրանց իրական շարժառիթն ու նպատակը։ Վերջերս նման մի մտքի հանդիպեցի. Կոնգրեսը պետք է ազատի ընդդիմության հարկաբաժինը, որպեսզի նոր ուժեր կարողանան գալ եւ լուծեն վարչախմբի հեռացման խնդիրը։ Հրաշք է։ Մանկապերտեզ։ Իշխանությունն է, որ երկրում մեկը կարող է լինել։ Ընդդիմության դաշտն անսահմանափակ է։ Կոնգրեսը պետական ռեգիստրում չէ, որ գրանցված է որպես ընդդիմություն, եւ այդ պատճառով չէ, որ ուրիշներին չեն գրանցում։ Թող գա որեւէ մեկը, իր նոր ծրագրեով խանդավառի ու իր հետեւից տանի ժողովրդին՝ ոչ մեկը չի խանգարում։ 2007-ի աշնանն էլ ընդդիմության հարկաբաժինը լավ զբաղված էր։ Հիմա որտե՞ղ են նրանք։ Ինքնակամ իրե՞նք հեռացան, Կոնգրե՞սը նրանց արտաքսեց, թե՞ իրողությունները ճանաչած ժողովուրդը։ Հիմա եթե նոր իրողություններ են, մատուցեք դա ժողովրդին, նրան տվեք այլ ծրագրեր, տարեք ձեր ետեւից, ձեզ միայն կծափահարենք։
Թե չէ, այնպիսի տպավորություն է, որ մեր «սրտացավ» եւ «օբյեկտիվ» քննադատները, ճանապարհ ցույց տվող կամ դատավճիռ կարդացող «վերլուծաբանները» տրիբունեներում նստած հանդիսատես են զգում իրենց եւ գրում են իրենց դիտած հերթական ցլամարտի մասին։ Իշխանությունը ցուլ է, ընդդիմությունը՝ ցլամարտիկ, իրենք՝ տրիբունեներում նստած, տոմսի համար վճարած եւ այդ վճարին արժանի տեսարան պահանջելու իրավունք ունեցող հանդիսատես։ Դե, ցուլը՝ ցուլ է, անբան կենդանի, առավելագույնս գործադրում է իր ուժը՝ առաջնորդվելով կենդանական բնազդներով։ Նա չի կարող ենթարկվել ինչ-որ օրենքների, կանոնների։ Նրան քննադատելը, նրա սխալների, ապօրինությունների, հանցավոր վարքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլեւ կարող է ծիծաղելի լինել։ Այլ բան է ցլամարտիկը։ Նրա պատճառով ու մեղքով է միայն, որ տեսարանը կարող է չստացվել, ուստի հենց նրան էլ պետք է քննադատել, նրան փոխելու պահանջ դնել։ Նա է, որ կարող է սխալներ անել, չարդարացնել հանդիսատեսի հույսերը, չապահովել սպասված տեսարանը։ Վարչախումբը շատ գոհ է. թող թեկուզ անբան կենդանու տեղ դնեն իրեն, բայց վազն անցնեն իրենից ու հանգիստ թողնեն։
Հիշեցնենք ուրեմն մեր «սրտացավ» քննադատներին, որ իշխանությունն անբան կենդանի չէ, եւ օրենքներն ու սահմանափակումներն առաջին հերթին հենց իշխանության համար են, առաջին հերթին նա պետք է օրենքներով ու կանոններով առաջնորդվի, առաջին հերթին նա է պատասխանատու ամեն ինչի համար։ Օրինակ՝ ընդդիմությանը չէ, որ պետք է մեղադրել ձայները ընտրակեղծարարներից պահել չկարողանալու համար, այլ իշխանությանը՝ կեղծելու ու գողանալու։ Ըադդիմությանը չէ, որ պետք է քննադատել ոստիկանության ու սափրագլուխների կիրառած բռնություններին դիմակայել չկարողնալու ու համարժեք պատասխան տալ չկարողանալու համար, այլ իշխանությանը՝ քրեական գործելակերպի համար։ Ամոթ է չէ՞ նման բաներ հիշեցնելը։ Հենց այդպիսի «տրամաբանությունն» է չէ՞ տանում այն եզրահանգման, թե Մարտի 1-ին սպանվածների համար մեղավորն իրենք՝ փողոց դուրս եկածները կամ նրանց փողոց հանողներն էին, ոչ թե կրակող իշխանությունը։ Բայց սա ցինիզմ է, հայերեն ավելի տարողունակ ու ճշգրիտ բառով՝ շնականություն։ Նույն տրամաբանությամբ վաղն էլ ասելու են, թե՝ եթե Կոնգրեսը չլիներ, Ս. Սարգսյանը հանգիստ լեգիտիմ նախագահ դառնար, չէր տա Ղարաբաղը։
Հիշեցնենք նաեւ, որ ցլամարտիկ չէ Հայ Ազգային Կոնգրեսը, ոչ էլ ոմանք՝ տրիբունաներում նստած հանդիսատես են։ Եւ որ ամեն մի լրագրողական նյութի, ռեպորտաժի կամ վերլուծության «սրտացավ» հեղինակ, եթե իրեն նեղություն չի տվել գեթ մի քանի ժամ ապօրինի դատավճիռներ կայացնող դատարանների առջեւ կանգնել, գեթ մի քանի պիկետների մասնակցել, նախընտրական շրջանում գոնե մեկ անգամ ընդդիմադիր թեկնածուի որեւէ շտաբ մտնել, քարոզչական նյութ բաժանել, վստահված անձ լինել, մարդկանց քարոզել, որպես լրագրող կամ դիտորդ ներկա լինել որեւէ տեղամասում, ոստիկանության ու խուժանի հետ շփում ունենալ կամ նրանց մոտիկից տեսնել, այլ խոսքով՝ Քաղաքացի լինել, ապա, ընդդիմադիրի կեցվածք որդեգրելով՝ ուրիշներին խելք սովորեցնելը, ճանապարհ ցույց տալը, քննադատելը, բութ մատը վերեւ կամ ներքեւ տնկելով դատավճիռ կայացնելն անբարոյականություն է։ Ասենք նաեւ, որ նրանց ֆոնին ավելի ընդունելի են էդիկշարմազանովները, գալուստսահակյանները, «հայոցաշխարները», որոնք այդ նույն բանն անում են, նույն բանն ասում են՝ չթաքցնելով, որ իրենք հակառակ ճամբարում են, որ վարչախմբին ծառայելն է իրենց կոչումն ու նպատակը։ Ու հենց դրա համար էլ սրանց արածն անվտանգ է։
Վերջերս, հիմնականում նույն «սրտացավ» լրագրողական շրջանակներից, բողոքներ հնչեցին, թե Կոնգրեսը քննադատություն, խոսքի ազատություն չի ընդունում, երբ պատասխանում է իրենց։ Հետաքրքիր է. իրենց համար խոսքի ազատությունը կարող է գործել, իսկ իրեց պատասխանանելը խոսքի ազատության հետ կապ չունի, դա արդեն խոսքի ազատության վրա ճնշում է համարվում։ Չխոսեմ իմ ընկերների անունից, ինձ համար անընդունելի են մնալու այնպիսի «քննադատությունները», որոնք իրականում միտված են (կամ ակամա նպաստում են) հասարակության մեջ քաղաքական ապատիայի տարածմանը ու քաղաքացիական ակտիվության նվազմանը, իշխանության անպարտելիության լեգենդի զարգացմանը, ապօրինության դեմ օրինական ճանապարհով պայքարի անհեռանկարայնության պատկերացում ստեղծելուն ու տարածելուն։ Անընդունելի են այն «քննադատությունները», որոնք հենվում են կեղծիքի, խեղաթյուրումների վրա, այն վերլուծությունները, որ ոչ թե փաստերից են արտածված, այլ մատից ծծած։ Համոզված եմ, որ պետք է միշտ ի ցույց դնել այն «սրտացավ վերլուծությունների» սնանկությունը, որոնց հեղինակները, «բաբչկան» վզին, երբեք գրասեղանից այն կողմ մի քայլ չեն անում, բայց ուրիշներին քաղաքականության ու գործողությունների դասեր են տալիս, ուրիշների վրա նայում են որպես գլադիատորների։ Անընդունելի են այնպիսի քննադատությունները, որոնք բացահայտ կամ ենթատեքստում պահանջում են քաղաքական պայքարի փոխարեն դիմել ահաբեկչական մեթոդների եւ այլն։ Անկախ այն բանից՝ շարժառիթը «կարդացվող նյութ» գրելն է, թե այլ բան, այս ամենը պարզ վնասարարություն է համաժողովրդական պայքարին, մեծագույն աջակցություն իշխող բռնապետական վարչախմբին։ Իսկ եթե այդ ամենը միտումնավոր չեն անում, ապա ինչ-որ գաղափար, հարց, հարցադրում, կասկած, տարակուսանք առաջանալիս, յուրաքանչյուրի համար Կոնգրեսի դռները միշտ բանց են՝ ցանկացած խնդիր ըստ էության քննարկելու համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ», 29.01.2010


Wednesday, December 23, 2009

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

  
“Հայկական ժամանակում” (18.12.09) տպագրված հոդվածիս մի միտքը՝ “Թերեւս առաջին անգամ հայ իրականության մեջ ընդդիմությունը դրսեւորեց քաղաքական պատասխանատվության որակներ, որոնք, ըստ մեզանում տարածված պատկերացումների, կարող է ունենալ իշխանությունը, բայց ոչ ընդդիմությունը՝ իշխանության համար պայքարը ստորադասելով երկրի շահերին” ՀԺԿ վարչության աշխատակազմին տեղիք է տվել ինձ անաչառության կոչ անել՝ մասնավորապես հիշեցնելով, որ նույնպիսի մտահոգությամբ է առաջնորդվել նաեւ Կ. Դեմիրճյանը 1998-ին եւ ՀԺԿ-ն, երբ սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս եկավ իշխանությունից։
Վերոբերյալ միտքս, որ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին, բնականաբար, ամբողջությամբ վերաբերում է նաեւ Կոնգրեսին մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց ողջ գործունեության ընթացքում՝ ներառելով ընդդիմադիր համաժողովրդական շարժումները 1988-90-ին, 1998-2004-ին եւ 2007-ից առ այսօր։ Հենց դա է եղել քաղաքական այն որակը, որ նրանց համախմբել է Կոնգրեսում։ Պարզապես, ոչ մեկ անգամ գրած լինելով այս մասին, չեմ կասկածել, թե նույն այս միտքն եմ արտահայտում կարճառոտ ձեւակերպմամբ, իմ համոզմամբ՝ ոչինչ զանց չառնելով։ Հակառակ դեպքում կստացվեր, թե այդ հատկանիշից զուրկ եմ համարել Կոնգրեսի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց ողջ գործունեության ընթացքում՝ ավելի քան 20 տարի ինքս անդամակցած լինելով դրանցից մեկին։ Սակայն, եթե իմ շարադրանքը տարընկալման տեղիք է տվել, նշանակում է, թե ինձ համար մարսված ու անկասկած միտքն ընթերցողին չեմ ներկայացրել բավարար հստակությամբ՝ այնպես, որ բացառվի այլ կերպ ընկալման որեւէ հնարավորություն։ Ուստիեւ՝ արված բարեկամական դիտողությունն այս իմաստով համարում եմ օգտակար, իսկ որոշ լրատվամիջոցների՝ այս առիթով հապշտապ մեկնաբանություններն՝ անտեղի։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

“Հայկական ժամանակ” 23.12.09

Saturday, December 12, 2009

“ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ”


Հանրապետական կուսակցության վերջերս տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին տված բնորոշումների մեջ ամենից հաճախ օգտագործվողը “բրեժնեւյան”, “կոմունիստական” որակումն էր։ Նրանց համար, ովքեր ապրել են այդ շրջանը, դրանով ամեն ինչ ասված է եւ հասկանալի։ Համակարգը, որ ստեղծել են Ռ. Քոչարյանը, եւ Ս. Սարգսյանը, իրոք, վերականգնում է բռնապետական այն մեխանիզմները, որոնք հատուկ են ե՛ւ խորհրդային, ե՛ւ այլ բռնապետությունների համար։ Մի քանի շտրիխներով դիտարկենք Ս. Սարգսյանի ելույթը՝ մեզ ավելի ծանոթ խորհրդային իրականությանը նմանվելու տեսանկյունից՝ մի կողմ թողնելով այս ելույթում հեղինակի՝ նույն “բրեժնեւյան” ճառերը հիշեցնող տասնյակ տափակ ու անհեթեթ “աֆորիզմները”։

Ցինիզմը

“Ինքնաքննադատությունը” խորհրդային ղեկավարների ելույթների պարտադիր բաղադրիչներից էր։ Ս. Սարգսյանն էլ “ինքնաքննադատաբար” խոստովանում է, որ իրենք ժամանակին չեն կարողացել կանխատեսել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանի համար, եւ արձանագրում. “Մեր երկրում տնտեսական անկման ցուցանիշն անցավ 18 տոկոսի սահմանագիծը, մի բան, որ մեր ծրագրերից որեւէ մեկում չէր տեղավորվում”։ Իրոք, այն ժամանակ, երբ աշխարհի բոլոր երկրներում էին խոսում այս թեմայից ու նախապատրաստվում դրան, երբ այդ մասին զգուշացնում էր ընդդիմությունը՝ հուշելով նաեւ, թե ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկել դրա ազդեցությունը մեղմելու համար, Հայաստանի վարիչները անմեղսունակի ժպիտով հայտարարում, կամ լուրջ դեմքով “գիտականորեն” հիմնավորում էին, թե Հայաստանն իր տնտեսական եւ այլ յուրահատկությունների շնորհիվ ենթակա չէ որեւէ տնտեսական ճգնաժամի։ Այսինքն՝ Ս. Սարգսյանը փառավորապես խոստովանում է, որ պարզագույն ու ակնհայտ մի խնդրում կառավարությունը, իր ղեկավարած իշխանությունը չի ունեցել տնտեսական ու քաղաքական կանխատեսման նվազագույն կարողություն։ Դժվար է պատկերացնել, թե որեւէ իշխանության ղեկավար նման հայտարարություն աներ ինքն իր մասին։ Այս խոստովանությունից հետո ոչ միայն կառավարությունը, այլեւ ողջ իշխանությունը պետք է անվերադարձ ու խայտառակ կերպով հեռանար։ Բայց այդպես կարող է լինել քաղաքական տրամաբանության դեպքում եւ քաղաքական իշխանության պայմաններում։ Այլ է ավազակապետության պարագայում։ Ս. Սարգսյանը, թեկուզ ձեւի համար, ոչ միայն որեւէ մեկի հասցեին որեւէ թթու խոսք չի ասում, այլեւ իր իսկ արձանագրած խայտառակ փաստը պարզունակ աճպարարությամբ փորձում է դարձնել իրեն, նույն այդ կառավարությանը եւ իշխանությանը սերտաճած օլիգարխներին գովերգելու հիմք։ Ինչպե՞ս։ Շատ հասարակ. “Փառք ու պատիվ մեր բոլոր այն գործարարներին, խոշոր ու համակարգաստեղծ ընկերություններին, որոնք ճիշտ ընկալեցին մեր հորդորը. համագործակցելով կառավարության հատ՝ երբեմն գործեցին դասական բիզնես նպատակադրումներին հակառակ եւ համատեղ մենք կարողացանք շրջանցել հնարավոր շատ ավելի անցանկալի զարգացումնրեը”։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ “ճգնաժամի ազդեցությունն իրենց կյանքի վրա մեր քաղաքացիներն զգացին շատ ավելի նվազ չափով, քան կարելի էր ենթադրել”։ Ուզում է ասել, թե իր հորդորով օլիգարխները հրաժարվեցին իրենց շահույթների մի մասից, կամ ամբողջից, գուցե նաեւ վնասներ կրեցին, որպեսզի ճգնաժամը քիչ ազդի ժողովրդի կենսամակարդակի վրա, ուստի եւ նրանց փառք ու պատիվ է տալիս։ Հուզվել կարելի է, մանավանդ, որ հանուն ժողովրդի կատարած իրենց այս բարեգործություն մասին մեր “համեստ” ու “բարեպաշտ” օլիգարխները, հետեւելով աստվածաշնչային հայտնի պատգամին, ոչ մի բառ չեն ասել։
Իսկ իրողությունները բոլորովին այլ են.
ա) Տնտեսական ճգնաժամի պայմաններում ամբողջ աշխարհում տեղի ունեցավ ապրանքների գների աննախադեպ անկում, Հայաստանում՝ նույնպիսի բարձրացում։
բ) Հայաստանն ստացավ մեկ շնչի հաշվով, թերեւս, ամենաշատ արտաքին վարկեր, սակայն արձանագրեց ամենամեծ տնտեսական անկումը։
գ) Աշխարհում ամենուր խոշոր գործարարները, տասնյակ միլիարդ կարողության տեր մարդիկ կորցրեցին իրենց կապիտալի ընդհուպ 80 տոկոսը, Հայաստանում խոշոր գործարարների կարողությունները միայն աճեցին։
“Բրեժնեւյան” ճառերում ցինիզմը բավարարում էր խոսել հիմնականում “պայծառ ապագայի” մասին, այստեղ ցինիզմը շատ ավելի բարձր աստիճանի վրա է՝ խոսվում է “պայծառ ներկայի” մասին՝ կույրի, թե անբան կենդանու տեղ դնելով նույն այդ ներկայում ապրողներին։

Ցինիզմը խաբեության հետ

Խորհրդային ղեկավարների “բրեժնեւյան” ելույթների մյուս բաղադրիչն էլ մեղքը ուրիշների կամ օբյեկտիվ իրողությունների վրա գցելն էր։ Ս. Սարգսյանը հենց այս կերպ է մեկնաբանվում անցած նախագահական ընտրություններն ու դրա հետ կապված զարգացումները։ Այստեղ արդեն վտանգավոր է “ինքնաքննադատությամբ” զբաղվել. “Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի”։ Կարծես խոսքը նորատունկ բույսերի մասին է, որ ուզես-չուզես պետք է սպասես, մինչեւ մեծանան (կայանան) ու բերք տան։ Մինչդեռ՝
-        ո՞ւմ ձեռքին է ընտրական համակարգի “կատարելագործումը”,
-        ո՞վ վճռականապես հրաժարվեց, օրինակ, քվեաթերթիկները արտասահմանում տպագրելու, ընտրությանը մասնակցողի մատը թանաքոտելու եւ “չկայացած ընտրական համակարգի” պայմաններում օրինախախտումներն ինչ-որ չափով կանխելու համար աշխարհում կիրառվող մեթոդներից,
-        ո՞վ էր ընտրատարածքներում ծեծ ու ջարդ կազմակերպում,
-        ո՞վ էր ընտրակաշառք բաժանում,
-        ո՞վ կազմակերպեց խաղաղ ցուցարարների ջարդը եւ Մարտի 1-ի սպանդը,
-        ո՞վ է մեկ տարվա ընթացքում ընդդիմության հավաքների 100-ից ավելի հայտ մերժել,
-        ո՞վ է կուսակցություններ գնում ու քաղաքական կյանքն այլասերում,
-        ո՞վ է ընդդիմության որեւէ միջոցառման ժամանակ փակում հանրապետության ճանապարհները, կանգնեցնում երթուղիները, խախտում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը,
-        ո՞վ է հազարավոր մարդկանց քաղաքական հայացքների համար հետապնդում, հալածում, բանտարկում,
-        ո՞վ է, որ անգամ Եւրոպական դատարանի վճռից հետո թույլ չի տալիս Ա-1+-ի հեռարձակումը....
Չէ, այս ամենի հետ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հանրապետականը, ո՛չ վարչախումբը կապ չունեն։ Դրանք վերեւից անձրեւի հետ թափվել են Հայաստանի վրա, իսկ Ս. Սարգսյանը գիտակցում է այս ամենի վերացման եւ “հասարակական ինստիտուտների հետագա զարգացմանը եւ վերջնական կայացմանն ուղղված արդյունավետ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը” եւ դա համարում Հանրապետականի առաքելությունը։ Չէ՞ք հավատում, կարդացեք իր ելույթը։ Խորհրդային, ինչպես նաեւ մյուս բռնապետությունները հաստատվել եւ գոյատեւել են հենց ամենաժողովրդավար կարգախոսներով, ազատության կոչերով, սին խոստումներով։

“Առա՛ջ, Հայաստան”

Բռապետական համակարգերը չեն հանդուրժում երկրում իրական քաղաքական կյանք եւ ձգտում են միակուսակցականության, տվյալ կուսակցության բացարձակացման, նրա իշխանության անսակարկելիության։ Խորհրդային Միությունում կոմունիստական կուսակցության համար դա արձանագրված էր անգամ Սահմանադրության 6-րդ հոդվածով՝ “Կոմկուսը որպես հասարկությանն առաջնորդող եւ ուղղություն տվող ուժ”։ Սերժ Սարգսյանն իր ելույթում նույնը նախանշում է Հանրապետական կուսակցության համար. “Հանրապետական կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի”։ Հասկանալի է, չէ՞, որ խոսքը ժամանակահատվածի մասին չէ, այլ՝ տեւականության։ Թե չէ՝ ժողովրդավարություն, “իշխանությունը պատկանում է ժողովրդին”, ընտրություններ, հեքիաթներ...
Կուսակցապետության բնորոշ մի հանգամանքն էլ այն է, որ խնդիրները քննարկվում, որոշումները կայացնում եւ իրական իշխանությունն իրականացնում էին ոչ թե սահմանադրական մարմինները, այլ կուսակցական ռայկոմներն ու կենտկոմները։ Այժմ Սերժ Սարգսյանի հավաստմամբ այս խնդիրն արդեն իսկ լուծված է մեզ մոտ. “Դուք գիտեք, որ բոլոր կարեւորագույն որոշումները ես նախ եւ առաջ կուսակցությանն եմ ներկայացրել”։ Դժվար է ասել, թե այս միտքը լսելուց հետո իրենց ինչպես պետք է զգան “կոալիցիոն գործընկերները”։ Բայց դա քաղաքական կյանքով ապրող երկրում, մեզ մոտ “կոալիցիոն գործընկերները” դա, հաստատ չեն էլ նկատել։ Ուրիշ են նրանց հոգսերը...
“Հանրապետական կուսակցությունը ըստ էության հայկական վերականգնված պետականության հիմնասյունն է”,- ասում է Ս. Սարգսյանը։ Երբվանի՞ց։ Վերականգնման սկզբի՞ց. մինչեւ 1998թ. այս կուսակցության փոքր ի շատե հայտնի անդամներին կարելի էր հաշվել մեկ ձեռքի մատների վրա, որոնց միակ “քաղաքական միջոցառումը” շաբաթը մեկ չորս շիշ քյաբաբի ու մի շիշ օղու սեղանի շուրջ հավաքվելն էր։ Հիմա՞. կազմեք այս կուսակցության՝ հասարակությանը հայտնի առաջին 10-ի ցուցակը եւ տվեք մարդկանց կարծիք հայտնելու։ Կստանաք էկզոտիկ հայհոյանքների (տղամարդկանց) ու անեծքների (կանանց)՝ ազգագրագետների համար արժեքավոր մի ժողովածու։
Սերժ Սարգսյանն իր ելույթում վերջապես բացահայտում է “Առաջ Հայաստան” կարգախոսի իրական բովանդակությունը.
-        Առա՛ջ՝ դեպի ցինիզմ ու խաբեություն։
-        Առա՛ջ՝ դեպի միակուսականություն։
-        Առա՛ջ՝ դեպի քաղաքական կյանքի լիակատար վերացում։
-        Առա՛ջ՝ դեպի բռնապետության ամրապնդում, դեպի ֆաշիզմ։
Ակա՛նջդ կանչի, Նժդեհ...

Հ.Գ. Այս ելույթը կարդալով ակամա մտածում ես. կա՛մ երիտասարդական տարիներից չափազանց խորն է նստել կոմերիտական գործչի մեջ խորհրդային մտածելակերպը, կա՛մ նրան օգնել է ավելի փորձառու մի “մասնագետ”։

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
“Չորրորդ իշխանություն” 12.12.2009


Tuesday, December 1, 2009

Անդրանիկ Հովակիմյանի գրքի շնորհանդեսին

անտիպ

Այսօր ուրախ օր է։ Գրքի ծնունդը երեխայի ծնունդի նման մի բան է։ Մեր ընկեր Անդրանիկ Հովակիմյանն այսօր գիրք-երեխա է ունեցել, եւ մենք հավաքվել ենք շնորհավորանքի։ Եւ այդ շնորհավարանքն ի դեմս տիկին Սեդայի եւ գիրքը կազմող մեր սիրելի Լիանայի, ուղղում ենք մեր ընկերոջը։

Անդրանիկ Հովակիմյանը կարճ, բայց նախանձելի իմաստալից կյանք ապրեց։ Եւ եկեք ընդունենք, որ կյանքի տեւողությունը օրացուցային տարիներով չեն չափում, այլ ապրած օրերի բովանդակության հարստությամբ, ու մխիթարվենք դրանով։ Այդ իմաստավոր կյանքի վկայությունը կդառնա այս գիրքը։

Հրապարակված գիրքն էլ ոչ թե մի հուշարձան է հեղինակի համար, ինչպես հաճախ ընդունված է ասել, այլ, ըստ էության, հեղինակի կյանքի յուրատեսակ մի կենդանի շարունակություն է։ Այսինքն, եկեք ընդունենք, որ այս գրքով մեր սիրելի Անդրանիկը մեզ հետ շարունակելու է ապրել եւ, իհարկե, պայքարել։

Անդրանիկին ճանաչողներից ամեն մեկը կարող է շատ երկար բնութագրել նրան։ Այդ բնութագրերը անպայման կլինեն օբյեկտիվ ու անկեղծ, ու դրա պատճառը ինքը բնութագրվողը կլինի, քանզի նա իր հարաբերություններում, ում հետ էլ որ լիներ, անկեղծ էր եւ օբեկտիվ։

Ինչպես բոլորս, Անդրանիկը եւս իր նկատմամբ կարող էր ունենալ տարբեր վերաբերմունք, նրան կարող էին սիրել կամ չսիրել, բայց նրան հարգում էին բոլորը, եւ այդ հարգանքն ինքն էր հարուցում իր վարվելակերպով, կենսակերպով ու պահվածքով։ Նույն այդ հարգանքը նրա նկատմամբ առաջանալու է նաեւ այս գրքի՝ նրան չճանաչող ընթերցողների մոտ, քանզի, ինչպես ասացի, դրանով շարունակվելու է նրա կենդանի գոյություն ու շփումը մարդկանց հետ։

Գրքի հրատարակության առիթով ես շնորհավորում եմ Անդրանիկի մայրիկին՝ տիկին Սեդային։ Ընդունված է, որ ինչ-որ բանի համար պայքարող ծնողի գործը խոստանում ու շարունակում է որդին։ Հասկանալի պատճառով հազվադեպ է պատահում հակառակը։ Տիկին Սեդան այդ հազվադեպներից է։ Արժանապատվորեն ու զուսպ կրելով իր մեծ վիշտը, նա առանց չափազանցնելու, բառիս ամբողջական իմաստով, փոխարինեց իր որդուն՝ նրա պայքարն ու գործ մինչեւ վերջ հասցնելու պատկառազդու հաստատակամությամբ։ Այսօրվանից այդ պայքարին միանում է նաեւ Անդրանիկի հրապարակված գիրքը։

Շնորհավորում եմ նաեւ Լիանա Երվանդյանին, որը, չունենալով հանդերձ այդ գործի համար անհրաժեշտ փորձը, միայն անմնացորդ սիրով ու տեւական աշխատանքով կարողացավ հասնել իր առջեւ դրած գեղեցիկ նպատակի իրականացմանը։

Շնորհավորում եմ բոլորիս։
Աշոտ Սարգսյան