Saturday, February 20, 2010

ՄԱՐՏԻ 1-Ի ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ

 (ամփոփում)

Լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 2 տարին։ Դրան հաջորդած իրադարձությունները, կատարված նախաքննությունները, դատավարությունները, ձեռք բերված ու հրապարակված նյութերն ի հայտ բերեցին հետեւյալ իրողությունները։

Լիակատար տապալվեց իշխանական վարկածը.
Իշխանական վակածն այսպիսին էր. 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ը, Ազատության հրապարակում ընդդիմության շուրջօրյա հավաքներն անօրինական էին։ Այդ հավաքների ընթացքում նախապատրաստվում էր հեղաշրջման միջոցով իշխանության յուրացում։ Դրա իրականացման համար ընդդիմությունը զինվում էր։ Կանխելու համար դա՝ իշխանությունն իրականացրեց տեղանքի զննություն՝ զենքերի հայտնաբերման ու առգրավման նպատակով։ Հավաքի մասնակիցները դիմադրեցին, թույլ չտվեցին, ինչից հետո այն ցրվեց ուժի գործադրմամբ։ Նույն օրը Ֆրանսիայի դեսպանության հարեւանությամբ հավաքված ցուցարարները դիմեցին զանգվածային անկարգությունների, կատարեցին մեքենաների հրկիզումներ, խանութների թալան, կրակեցին ոստիկանական զորքերի վրա, ինչի հետեւանքով եղան զոհեր։ Իշխանության յուրացումը, սպանություններով ուղեկցվող զանգվածային անկարգությունները կանխելու համար մտցվեց արտակարգ դրություն, կատարվեցին օրինազանցների ձերբակելություններ։
Երկու տարվա ընթացքում այս մեղադրանքներից եւ ոչ մեկը չհիմնավորվեց.
ա) Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու մեղադրանքով ոչ մեկը չմեղադրվեց ու չդատապարտվեց։ Դա նշանակում է, որ Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հավաքներն օրինական էին։
բ) Ազատության հրապարակում ցուցարերներին պատկանող զենք ու զինամթերք այդպես էլ չհայտնաբերվեց, այդ հիմքով գործ չհարուցվեց։
գ) «Յոթի» կամ «մայր գործով» տեւական դատավարությունների ընթացքում հօդս ցնդեց իշխանության յուրացման մեղադրանքը։ Իր համար ստեղծված խայտառակ իրավիճակից մի կերպ դուրս գալու համար վարչախումբը ստիպված եղավ Քրեական օրենսգրքում հոդվածներ փոփոխել՝ դրա հետ նաեւ առաջադրված մեղադրանքը։
դ) Նույն՝ «Յոթի գործի» տապալմամբ իշխանությունն ստիպված եղավ ընդդիմության վրայից հանել նաեւ 10 սպանությունների մեղադրանքը։
ե) «Յոթի գործը» բաժանելով մասերի՝ ըստ էության անհեթեթ դարձավ շարժման ակտիվիստների կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքը։
զ) Շարժման մասնակիցներից ոչ մեկը չմեղադրվեց շուրջ 5 տասնյակ մեքենաների հրկիզման եւ տասնյակ խանութների թալանին մասնակցած լինելու մեղադրանքով։ Իսկ ում որ մեղադրեցին, պարզվեց որ դրանք եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք։
է) Ցուցարարներից ոչ մեկը չմեղադրվեց Մարտի 1-ին ապօրինի զենք կրելու եւ ոստիկանության վրա կրակելու մեղադրանքով։
Այսինքն՝ պարզվեց, որ այն փաստարկները, որոնք պաշտոնապես ներկայացվել էին մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու համար որպես հիմք, դրանցից եւ ոչ մեկն իրականում գոյություն չի ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ արտակարգ դրությունը մտցվել է կեղծ փաստերի ու անհիմն հայտարարությունների հիման վրա, ինչը հանցագործություն է։

Ի հայտ եկան վարչախմբի հանցավորության բազմաթիվ անհերքելի ապացույցներ.
ա) Հայտնաբերվել եւ հրապարակվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ 5 բարձրաստիճան պաշտոնյաների եւ իշխանությանը սերտաճած 4 օլիգարխների անունով Մարտի 1-ին Պաշտպանության նախարարական պահեստներից համազգեստ է բաց թողնվել՝ շուրջ 950 մարդու հանդերձավորման համար։ Փաստաթղթի վավերականությունը պաշտոնապես չի հերքվել։ Դրանցով հանդերձավորված բանդաների խնդիրն է եղել ինչպես ցուցարարների դեմ պատժիչ գործողություններին մասնակցելը, այնպաս էլ՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, մեքենաներ հրկիզելը, խանութներ թալանելը, սադրանքներ կազմակերպելը։
բ) Բանակն անմիջականորեն մասնակցել է մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ գործողություններին մինչեւ հատուկ դրություն հայտարարելը։ Դա հաստատվում է փաստաթղթերով ու բազմաթիվ տեսանյութերով։
գ) Հայտնաբերվել ու հրապարակվել է Պաշտպանության նախարարի, 2008թ. փետրվարի 23-ով թվագրված, թիվ 0038 հրամանը, ինչով ապօրինաբար կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարվել ՊՆ համակարգում։ Այսինքն՝ մարտի 1-ից դեռ մեկ շաբաթ առաջ Երեւանի կայազորի պետի հրամանատարությամբ ստեղծվել էր բանակային հատուկ կառույց՝ խաղաղ ցուցարարների դեմ գործողությունների իրականացման համար։
դ) Ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության իրականացումը դրվել է բանակի վրա, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է։
ե) 10 մահերի գործով առ այսօր ոչ ոք չի մեղադրվել ու կալանավորվել, չնայած այն բանին, որ Փաստահավաք խմբի կողմից ըստ էության ձեռք է բերվել դրանցից առնվազն 3-ի բացահայտման հիմքերը։ Դա վկայում է, որ սպանությունների իրականացնողն ու պատասխանատուն ինքը՝ վարչախումբն է։
զ) Հայտնաբերվել եւ հրապարակվել է Քննչական հատուկ վարչության պետի ապօրինի հանձնարարական-շրջաբերականը հանրապետության տարածքային դատախազներին, ինչն, ըստ էության, ընդդիմության ակտիվիստների քաղաքական նկատմամբ համատարած հետապնդումների մի հանձնարարական է։
է) Վարչախումբը հատուկ դրություն է մտցրել ոչ թե ոչ ճիշտ տեղեկատվության պատճառով թյուրիմացության մեջ լինելով (այդ դեպքում պետք է կեղծված տեղեկատվություն տրամադրողներ ի հայտ եկած ու պատժված լինեին)։ Արտակարգ դրություն մտցնելու «հիմքերը» վարչախումբն ինքն է ստեղծել՝ քրեական աշխարհի օգնությամբ, ավազակային բանդաների ստեղծումով, սադրանքների նախապես մշակված ծրագրով, բանակի ապօրինի օգտագործմամբ, մարդկանց վրա կրակելով։ Դա կրկնապատկում, եռապատկում է հանցանքի չափը։

Այսպիսով՝ փակվել է ոչ թե Մարտի 1-ի էջը, այլ Մարտի 1-ի իշխանական վարկածի էջը։ Դա հնարավոր եղավ համաժողովրդական շարժման, Հայ ազգային Կոնգրեսի  պայքարի, տոկունության, միջազգային կառույցների հետ արդյունավետ աշխատանքի, քաղբանտարկյալների անկոտրում կամքի շնորհիվ։ Մարտի 1-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում եւ իշխանության բռնազավթում։ ԵԽԽՎ-ում արդեն շրջանառության մեջ է բանաձեւի նախագիծ, որով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները որակվում են որպես վարչախմբի պարագլուխների կողմից իրականացված ռազմական հեղաշրջում։ Այնպես որ՝ իրական մարտի 1-ի էջը դեռ նոր է բացվելու՝ բացահայտելու համար ինչպես թվարկված ծանր, այնպես էլ դրանց ուղեկցած բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնց ապացուցողական բազան արդեն իսկ պատրաստ է։
Մարտի 1-ի վաղ առավոտյան կազմակերպած բարբարոսական ջարդով եւ երեկոյան իրականացրած արյունոտ սպանդով վարչախումբը փորձեց ցույց տալ իր անպատժելիությունը, ահաբեկել ողջ ժողովրդին, նրանից ստանալ անազատ ու հնազանդ մի զանգված։ Չկարողացավ. այսօր նա ունի բացահայտ ըմբոստ, ատելությունից ատամները սեղմած, պայքարը մինչեւ վերջ տանելու կամքով տոգորված մի հասարակություն։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» («Կոնգրեսի ներդիր») 20.02.2010


Wednesday, February 10, 2010

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է ՄՆՈՒՄ ՇԱՐԺԱՌԻԹԸ


«Ժամանակի» փետրվարի 3-ի համարում Ա. Ամատունու վերլուծականը իմ մի հոդվածի պատասխանն է (տպագրված «Հայկական ժամանակ», 29.01.2010)։ Անհասկանալի է միայն, թե ինչու առանց իմ անունը տալու, իմ մտքերը ընդհանրացվում, վերագրվում է Կոնգրեսին ընդհանրապես, մանավանդ, որ հատուկ ընդգծել էի, որ դա իմ անձնական մոտեցումն է «Չխոսեմ իմ ընկերների անունից, ինձ համար անընդունելի են մնալու....»։ Նկատի էի ունեցել այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ, Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը, պատասխանելով նույն հարցին, բոլորովին այլ (լիակատար հանդուրժողական) վերաբերմունք էին արտահայտել Կոնգրեսի հասցեին հնչող ցանկացած հրապարակային քննադատության նկատմամբ։ Եթե լրագրողի այս ընդհանրացման մեջ դիտավորություն չտեսնեմ, ապա դա էթիկայի խախտում է առնվազն։ Ասեմ նաեւ, որ Կոնգրեսի ընդհանրական տեսակետները հնչում են միմիայն նրա պաշտոնական հայտարարություններում։ Հիմա էլ՝ նման ընդհանրացում կանխելու համար, ներողություն խնդրելով ընթերցողից, ստիպված պետք է լինեմ շարունակել չարաշահել ոչ գեղեցիկ եզակի առաջին դեմքը։ Հույս ունեմ նաեւ, որ վերեւում ասածս էլ չի մեկնաբանվի որպես «Կոնգրեսի ղեկավարության մեջ ռազմավարական խնդիրներում առկա խորը տարաձայնություն»։
Խնդիրս ամենեւին «պատասխանին» «պատասխանելը» չէ։ Իմ անհանգստությունը բոլոր նման դեպքերում մեկն է՝ որ նույն նպատակին (Սահմանադրական կարգի վերականգնում) հետամուտ մարդկանց արած մեկնաբանությունները ոչ թե թուլացնեն, այլ ամրացնեն այն գործոնը կամ գործիքը, որի միջոցով կարելի է հասնել դրան։ Տվյալ դեպքում ես որպես հիմք ընդունում եմ հանրային այն ընկալումը, թե որ թերթն ու լրագրողն է ընդդիմադիր, որը՝ իշխանամետ։ Իշխանամետի դեպքում անհանգստություն չունեեմ. ընթերցողը դրանց չի հավատում։
 Իսկ հիմա ընդամենը երկու օրինակով փորձեմ ցույց տալ, թե ինչպես գործնական քաղաքականության եւ հանդիսատես վերլուծողի դիրքերից քննելիս տարբեր են լինում նույն իրողության գնահատականները, որոնք էլ մի դեպքում ծառայում են հիմնական նպատակին, մյուս դեպքում՝ ընդհակառակը, կարող են վնասել։

1. Ընդդիմությանը քննադատելու մասին։ Մի պահ վերանանք Կոնգրեսից։ Քաղաքական ընդդիմությունն ինքը քննադատության գործիք է, նրա խնդիրը իշխանությանը քննադատելն է, նրա սխալների ու վրիպումների վերհանումը, ցուցադրումը եւ հասարակության համար ավելի նպաստավոր ծրագրի ներկայացմամբ վստահություն ձեռքբերելով իշխանության հասնելը՝ իր ծրագրերն իրականացնելու համար։ Ուրեմնեւ՝ ընդդիմության լավագույն եւ իրական քննադատությունը, եթե դրա կարիքը կա, այլ բան լինել չի կարող, քան նոր ընդդիմադի ուժի ձեւավորումը՝ նույն խնդիրն ավելի արագ ու հաջող լուծելու համար։ Այսօր Հայ Ազգային Կոնգրես կոչվող ուժը 2007թ. աշնանը հենց այդպես էլ վարվեց։ Իսկ եթե որեւէ մեկը նման հավակնություն չունի, այլ (որպես անհատ, իր քաղաքացիական դիրքորոշման թելադրանքով) մտահոգված է գոյություն ունեցող քննադատող գործիքի (ընդդիմության) աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, պետք է պարզապես իր հնարավորությունների չափով նպաստի այդ արդյունավետության բարձրացմանը։ Հրապարակավ քննադատել քննադատող սուբյետին, գործիքին (ընդդիմությանը) նշանակում է օգնել քննադատվող օբյեկտին (իշխանությանը)։ Մի քիչ ավելի պարզեցրի՝ ավելի հեշտ ընկալելի լինալու համար։ Բայց սա պարզ թվաբանություն է։ Համենայնդեպս՝ այդպիսին է դրա հասարակական հետեւանքը։ Հասկանալի է՝ խոսքս խոհանոցային քննարկումների, բանավեճերի, հարյուրավոր առաջարկների մասին չէ, որ շնորհակալությամբ ստանում, քնարկում ենք։ Երբ հրապարակավ խոսվում է «Կոնգրեսի բացթողումների, կամ թերացումների կամ սխալ հաշվարկների մասին», անշուշտ, դա չի նշանակում, թե հեղինակն արդարացնում է իշխանությանը (ես նման բան չեմ էլ գրել), բայց որ 1000 կարդացողից 20, 10 կամ 1 հոգի դրանից կարող է ոգեւորության կորուստ ունենալ, կամ հիասթափվել, կամ հուսահատվել, դա արդեն նշանակում է օբյեկտիվորեն օգնել իշխանությանը։ Ակամա, թե մտածված՝ երկուսն էլ հնարավոր է։

2. Թիվ10 ընտրատարածքում կայացած ընտրությունների մասին։ Այստեղ Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ստացավ 5020 ձայն։ Հանդիսատես-վերլուծաբանը հռետորական հարց է հնչեցնում. «Մի՞թե 55.000 ընտրող ունեցող թիվ 10 ընտրատարածքում այդ 5 հազա՞րն էին մնացել Հայ Ազգային Կոնգրեսի համակիր»՝ դա համարելով Կոնգրեսի սխալների, բացթողումների, հեղինակության անկման դրույթը հիմնավորող փաստարկ։ Թվերը, կարծես թե, տպավորիչ են (55.000-ից 5000)՝ պարզ ընթերցողին համոզելու համար, որ Կոնգրեսի հեղինակությունը ընկել է, կամ նա վատ է աշխատել։ Գործնական հետեւանքն էլ նույնը՝ 1000-ից 20 թե 10 թե 1 մարդու հիսթափություն, հուսահատություն՝ հօգուտ իշխանության։ Բայց նույն այդ թվերով կարելի է հասնել հակառակ արդյունքի, եթե չանտեսես ինչպես այլ, նույնքան իրական թվեր, այնպես էլ՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրողություններ, եւ վերլուծությունդ անես դրանց համալիր եւ անաչառ հաշվառմամբ։
Այսպես.
ա) Թիվ 10 ընտրատարածքում 55.000 ընտրողից բացակա են ավելի քան 1/3-ը. մեկ առ մեկ 15.000 ընտանիքի դուռ են ծեծել Կոնգրեսի քարոզիչները (ինքս էլ եմ մասնակեցել ու համոզվել), այդ ընթացքում պարզելով, որ 5000-ում կա՛մ մարդ չի ապրում, կա՛մ վարձով ապրում են այդ ընտրատարածքում քվեարկության իրավունք չունեցող քաղաքացիներ։ Ուրեմն՝ անենք առաջին թվաբանական պարտադիր գործողությունը եւ կստացվի ոչ թե 55.000-ից 5000, այլ 1/3-ով պակաս՝ 38.000-ից 5000։
բ) Բացված դռներից 1/3-ից շատ ավելի բնակիչներն էլ վճռականորեն հայտարարել են, որ ինրենք երբեւէ որեւէ ընտրության չեն մասնակցել ու չեն մասնակցելու։ Ուրեմն, պետք է անել երկրորդ պարտադիր թվաբանական գործողությունը եւ կստացվի 25.000-ից 5000 հարաբերակցություն։
Ստացված 25.000 թիվը իրական է, քանզի անգամ ամնաբուռն ընտրությունների ժամանակ մասնակցության թիվը հազիվ է հասնում ընտրողների ընդհանուր թվի 50%-ին։ Եւ համաձայնենք, որ թվերի այս վերջին հարաբերակցությունն արդեն իսկ փոքր ինչ այլ տպավորություն է թողնում։ Բայց շարունակենք. 
գ) Ընդիմադիր զանգվածն իր քաղաքացիական ակտիվության առումով, բնական է, որ միատարր չէ։ Պայմանականորեն ու կոպիտ այն բաժանենք երեք մասի՝ ակտիվ, միջին ակտիվության եւ պասիվ համակիրներ։
դ) Հասարակության ընդդիմադիր մասի ընտրական ակտիվության պիկը (արմատական փոփոխությունների եւ իր սպասելիքների իրականացման հույսով) առաջանում է նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ դա է համարվում ռեալ իշխանափոխություն։ Այդ ժամանակ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի մասնակցությունը ձգտում է 100%-ի։ Խորհրդարանական ընտրության ժամանակ այդ ակտիվությունը նվազում է 25-30%-ով։ Խորհրդարանական ընտրությունների համեմատ էլ, նույն չափով, ընդդիմադիր ընտրազանգվածի ակտիվությունը նվազում է տեղական ինքնակառավարման (Երեւանում՝ քաղաքապետական) ընտրություններում։ Հասկանալի է, որ առանձին մեկ ընտրատարածքում պատգամավորի ընտրությունը (ընտրողին հետաքրքրող հիմնական հարցի՝ երկրում ինչ-որ բան փոխվելու հույսի իմաստով) այս վերջինից է՛լ շատ ավելի քիչ վստահություն է ներշնչում, ուստիեւ՝ նույն չափով պակասում է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնակցությունը ընտրությանը։ Այսինքն՝ այն 5000 թիվը, որի մասին խոսվում է որպես Կոնգրեսի համակիրների, պետք է բազմապատկել, եթե ոչ 4-ով, ապա առնվազն 3-ով՝ ստանալու համար Կոնգրեսի համակիրների ամբողջ սպեկտրի թիվը՝ 15.000։ Ստացվեց՝ 25.000-ից 15.000 հարաբերակցություն։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Մեր այս թվաբանությունն արված է, այսպես ասենք, խաղաղ պայմանների, նորմալ իրավիճակի համար, երբ ազատ, նաեւ հեռուստատեսությամբ, քարոզարշավի հնարավորություն կա, երբ ընտրողը նախապես սպառնալիքներ ու զգուշացումներ չի ստանում, ահաբեկման չի ենթարկվում, մտավախություն չունի գործից հեռացվելուց, ընտրատարածքում կրիմինալի հանդիպելուց, «պատմությունների» մեջ ընկնելուց, ընդհուպ՝ համատիրությունից տեղեկանք չստանալուց եւ այլն, ինչի օրինակներ տասնյակներով ծանոթ է բոլորին։ Այս հանգամանքները միասին կարո՞ղ էին պայմանավորել, որ եւս մի քանի հազար մարդ ընտրատեղամաս չգնա։ Ուրեմն 25.000-ից 15.000 հարաբերակցությունը կարող է դառնալ 25.000 «ռեալ» ընտրողից 20.000 համակիր։ ասել է թե՝ տեղամաս եկած 5000-ը այն մարդկանց թիվն է, որոնք թքած են ունեցել ամեն տեսակ սպառնալիքների, մեծ ու փոքր վտանգների ու անհարմարությունների վրա։ Այսինքն՝ Կոնգրեսը մեկ ընտրատարածքում ոչ թե 5000 ձայն, այլ 5000 աննահանջ պայքարող ու անձնազոհ մարտիկ ունի (հանրապետությունում՝ բազմապատկած 41-ով, 200.000-ից ավելի)։ Պայքարող մարտիկ՝ որ համակիրների ընդհանուր սպեկտրի 1/3 կամ 1/4-ն է, եւ 200.000-ը պետք է բազմապատկել 3-ով կամ 4-ով՝ ստանլու համար Կոնգրեսի համակիրների ընդհանուր թիվը հանրապետությունում։ Եւ դա՝ մարտիմեկյան սպանդից, հարյուրավորների ապօրինի բանտարկությունից, հազարավորների հալածանքներից հետո։
Սա արդեն տրամագծորեն այլ պատկեր է։ Եւ իրական։ Ցույց է տալիս Կոնգրեսի ուժը եւ աշխատանքի իրական արդյունքը, ու, ոչ թե ընթերցողի մեջ հիասթափություն ու հուսալքություն, այլ պայքարի խանդավառություն է առաջացնում եւ հաղթանակի հավատ։
Բերված փաստարկների ու հանգամանքների գոյութունն ու ազդեցությունը որեւէ մեկը կարո՞ղ է ժխտել։ Դրանք բոլորն իրողություններ են։ Թվե՞րն են անիրական։ Խնդրեմ, դրեք ձեր թվերը, բայց մի՛ անտեսեք այն իրողությունները եւ հանդամանքները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն (չնայած, դժվար է ասել՝ իրականության հետ համեմատած հօգուտ ո՞ր կողմի կարող են շեղվել բերածս պայմանական թվերը)։ Այս ամենը վերլուծաբանը չպե՞տք է նկատի ունենենա եւ լսարանին հայտարարի, թե 55.000 ընտրողից 5000 համակիր ունի Կոնգրեսը ու դա է նրա վարկանիշը, նրա վատ աշխատանքի արդյունքը։
Բայց այս ամենն էլ մի կողմի դնենք եւ դիտարկենք հենց 10-րդ ընտրատարածքում գրանցված պաշտոնական արդյունքները։ Կոնգրեսի թեկնածուն 40% ձայն հավաքեց, այն դեպքում, երբ քաղաքապետական ընտրություններում 17% էր։ 40-ը 17-ի նկատմամբ անկո՞ւմ է, թե՞ բարձրացում։ Այս փաստարկի դեմ սովորաբար ասում են, թե իշխանությանն այդքան ձայն բավարարում էր՝ այդքան բերեց (կամ լցրեց), եթե ավելին պետք լիներ՝ կբերեր (կլցներ) ավելին։ Ճիշտ չէ։ Ու ճիշտ չլինելով՝ նաեւ հուսահատեցնող ու վնասակար։ Նախագահական ընտրության ժամանակ վարչախումբը խնդիր էր դրել ամեն ինչ անել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվի 4-րդ, ամենաշատը՝ 3-րդ տեղում։ Չստացվեց։ Քաղաքապետական ընտրության ժամանակ խնդիր էր դրված Կոնգրեսի ձայները սահմանափակել 10%-ից ոչ ավելի։ Չստացվեց։ 10-րդ ընտրատարածքում խնդիր էր դրված իշխանական թեկնածուի համար ապահովել 25.000 ձայն։ Չստացվեց։ Սրանք էլ իրողություններ են, հավաստի տեղեկութեուններ։ Իսկ չստացվեց՝ Կոնգրեսի աշխատանքի շնորհիվ։
Այսպիսով, հարգելով հանդերձ յուրաքանչյուրի կարծիք, համոզմունք ունենալու, վերլուծելու իրավունքը, ես ընդամենն ուզում եմ, որ դրանք լինեն համակողմանի, օբյեկտիվ, ոչ հանդիսատեսի դիրքերից, ակամա չխանգարեն, չվնասեն այն ընդհանուր գործին, նպատակին, ինչի ջատագովներ են ներկայանում (կամ ընկալվում) նաեւ դրանց հեղինակները։ Հակառակ դեպքում՝ այդ ջատագովությունը կեղծ է, մոլորեցնող, վնասակար, եւ անհասկանալի ու խոցելի է մնում շարժառիթը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
 «Ժամանակ» 10.02.2010

Friday, January 29, 2010

ՄԵՆՔ ՑԼԱՄԱՐՏԻԿ ՉԵՆՔ, ՈՉ ԷԼ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ՝ ՑՈՒԼ


10-րդ ընտրատարածքում կայացած ընտրության արդյունքները թարմ նյութ տվեց լրագրողներին ու վերլուծաբաններին։ Թե այս առիթով ինչ պետք է ասեր իշխանական քարոզչամեքենան, ինչ պետք է գրեին իշխանական լրատվամիջոցները, հայտնի էր ի սկզբանե։ Խոսքս վերաբերելու է իրենց ընդդիմադիր համարող որոշ լրագրողների ու վերլուծաբանների, որոնք, իբր, հանդես են գալիս քաղաքական ընդդիմության նկատմամբ սրտացավության, Շարժման հաղթանակի նկատմամբ նախանձախնդրի, կամ գեթ տեղի ունեցածը գնահետլու օբյեկտիվության դիրքերից։ Վերջին շրջանում նրանց մի մասի մեղադրանքների ու քննադատությունների սլաքը իշխանությունից ընդդիմության՝ Հայ Ազգային Կոնգրեսի վրա տեղափոխվելու միտում է նկատվում։ Համատարած ապօրիննությունների համար իշխանությանը մեղադրելն ու քննադատելը այլեւս, կարծես թե, դառնում է սպառված թեմա ու անիմաստ։ Այլեւս որպես բնական երեւույթ են դիտվում նրա վարքագիծն ու գործողությունները. Կոնգրեսի հանրահավաք է՝ պետք է երթուղիներից հանեն հասարակական տրանսպորտն ու փակեն ճանապարհները, բանդաներ կազմեն զգեստափոխված ոստիկաններից՝ թռուցիկների տարածումը թույլ չտալու համար, երթ է՝ պետք է մարդկանց քշեն մայթերը, ընտրություն է՝ պետք է կեղծեն, ջարդեն, ընտրակաշառք բաժանեն, լցոնումներ կատարեն։ Այս ամենն աստիճանաբար բնական երեւույթ է համարվում այնպես, ինչպես՝ անձրեւն ու ձյունը, արեւի ծագելն ու մայր մտնելը, դե, արի նման բաները քննադատիր կամ դրանցից դժգոհիր։ Անհամ նյութ կստացվի։ Դրանով ո՛չ ընթերցող կպահես, ո՛չ էլ կարդացվող լրագրող ու խորաթափանց վերլուծաբան կհամարվես։ Էլ չենք ասում, որ իշխանությանը քննադատելը ոչ միայն եկամտաբեր չէ, այլեւ կարող է վտանգավոր լինել։ Եւ, ահա, վարչախմբի գործողությունների՝ որպես բնական երեւույթի ընկալումը փորձ է արվում աննկատ փաթաթել նաեւ հասարակության վզին։ Սա վտանգավոր է։
Այլ բան է՝ ընդդիմությունը. թարմ թիրախ է, անվտանգ, հետաքրքիր, ինտրիգային։ Եւ որեւէ առիթով կամ անառիթ, «սրտացավ» ու «օբյեկտիվ» լրագրողների ու «վերլուծաբանների» կողմից կրկին սկսեցին հնչել այսպիսի մտքեր. «Ընդդիմությունը եւս մեկ անգամ բավարարվեց բարոյական հաղթանակով», «Ընդդիմության ձայները պակասեցին, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն այլեւս նրա հետ հույսեր չի կապում», «Կոնգրեսի վարկանիշն ընկնում է», «Նոր ընդդիմություն է պետք», «Հասարակությունն անտարբեր է դարձել Կոնգրեսի անվճռականության պատճառով» եւ այլն։ Նույնիսկ կատարվեց բացահայտ կեղծիք-վերագրում, իբր, վերջերս ընդդիմությունն ավելի շատ է խոսում Չորրորդ հանրապետության մասին, որպեսզի երբ իշխանության գա, կարողանա խուսափել իր իշխանության շրջանում կատարած սխալների պատասխանատվությունից։ Եւ դա այն դեպքում, երբ Կոնգրեսի ոչ մի ներկայացուցիչ այդ բառն անգամ չի արտասանել։
Ընհանրապես այս ամենին կարելի էր պատասխանել նաեւ ըստ էության, փաստերով։ Բայց դա այն դեպքում, եթե համարեինք, որ այսօրինակ դատողությունների ու թեզերի հեղինակների ելակետն, իրոք, ներկա վարչախմբից օր առաջ ազատվելու քաղաքացիական մտահոգությունն է, ինչպես ներկայացնում են, ու դրա համար, հաջող թե անհաջող, բայց անկեղծորեն, ուղիներ են փնտրում։ Չենք ուզում նրանց մեջ վարչախմբի գործկալներ տեսնել, բայց համոզված ենք, որ առնվազն գործ ունենք քաղաքական մտածողության դեֆիցիտի, քաղաքացիական կեցվածքի չգոյության, ունեցած փեշակի եկամտաբեր գործադրման քաղքենիական հիմքի ու գծուծ հաշվարկի  հետ։ Իսկ դա անհանգստացնող է այնքանով, որ շարքային ընթերցողը նման դեպքերում միշտ չէ, որ ընկալում է նրանց իրական շարժառիթն ու նպատակը։ Վերջերս նման մի մտքի հանդիպեցի. Կոնգրեսը պետք է ազատի ընդդիմության հարկաբաժինը, որպեսզի նոր ուժեր կարողանան գալ եւ լուծեն վարչախմբի հեռացման խնդիրը։ Հրաշք է։ Մանկապերտեզ։ Իշխանությունն է, որ երկրում մեկը կարող է լինել։ Ընդդիմության դաշտն անսահմանափակ է։ Կոնգրեսը պետական ռեգիստրում չէ, որ գրանցված է որպես ընդդիմություն, եւ այդ պատճառով չէ, որ ուրիշներին չեն գրանցում։ Թող գա որեւէ մեկը, իր նոր ծրագրեով խանդավառի ու իր հետեւից տանի ժողովրդին՝ ոչ մեկը չի խանգարում։ 2007-ի աշնանն էլ ընդդիմության հարկաբաժինը լավ զբաղված էր։ Հիմա որտե՞ղ են նրանք։ Ինքնակամ իրե՞նք հեռացան, Կոնգրե՞սը նրանց արտաքսեց, թե՞ իրողությունները ճանաչած ժողովուրդը։ Հիմա եթե նոր իրողություններ են, մատուցեք դա ժողովրդին, նրան տվեք այլ ծրագրեր, տարեք ձեր ետեւից, ձեզ միայն կծափահարենք։
Թե չէ, այնպիսի տպավորություն է, որ մեր «սրտացավ» եւ «օբյեկտիվ» քննադատները, ճանապարհ ցույց տվող կամ դատավճիռ կարդացող «վերլուծաբանները» տրիբունեներում նստած հանդիսատես են զգում իրենց եւ գրում են իրենց դիտած հերթական ցլամարտի մասին։ Իշխանությունը ցուլ է, ընդդիմությունը՝ ցլամարտիկ, իրենք՝ տրիբունեներում նստած, տոմսի համար վճարած եւ այդ վճարին արժանի տեսարան պահանջելու իրավունք ունեցող հանդիսատես։ Դե, ցուլը՝ ցուլ է, անբան կենդանի, առավելագույնս գործադրում է իր ուժը՝ առաջնորդվելով կենդանական բնազդներով։ Նա չի կարող ենթարկվել ինչ-որ օրենքների, կանոնների։ Նրան քննադատելը, նրա սխալների, ապօրինությունների, հանցավոր վարքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլեւ կարող է ծիծաղելի լինել։ Այլ բան է ցլամարտիկը։ Նրա պատճառով ու մեղքով է միայն, որ տեսարանը կարող է չստացվել, ուստի հենց նրան էլ պետք է քննադատել, նրան փոխելու պահանջ դնել։ Նա է, որ կարող է սխալներ անել, չարդարացնել հանդիսատեսի հույսերը, չապահովել սպասված տեսարանը։ Վարչախումբը շատ գոհ է. թող թեկուզ անբան կենդանու տեղ դնեն իրեն, բայց վազն անցնեն իրենից ու հանգիստ թողնեն։
Հիշեցնենք ուրեմն մեր «սրտացավ» քննադատներին, որ իշխանությունն անբան կենդանի չէ, եւ օրենքներն ու սահմանափակումներն առաջին հերթին հենց իշխանության համար են, առաջին հերթին նա պետք է օրենքներով ու կանոններով առաջնորդվի, առաջին հերթին նա է պատասխանատու ամեն ինչի համար։ Օրինակ՝ ընդդիմությանը չէ, որ պետք է մեղադրել ձայները ընտրակեղծարարներից պահել չկարողանալու համար, այլ իշխանությանը՝ կեղծելու ու գողանալու։ Ըադդիմությանը չէ, որ պետք է քննադատել ոստիկանության ու սափրագլուխների կիրառած բռնություններին դիմակայել չկարողնալու ու համարժեք պատասխան տալ չկարողանալու համար, այլ իշխանությանը՝ քրեական գործելակերպի համար։ Ամոթ է չէ՞ նման բաներ հիշեցնելը։ Հենց այդպիսի «տրամաբանությունն» է չէ՞ տանում այն եզրահանգման, թե Մարտի 1-ին սպանվածների համար մեղավորն իրենք՝ փողոց դուրս եկածները կամ նրանց փողոց հանողներն էին, ոչ թե կրակող իշխանությունը։ Բայց սա ցինիզմ է, հայերեն ավելի տարողունակ ու ճշգրիտ բառով՝ շնականություն։ Նույն տրամաբանությամբ վաղն էլ ասելու են, թե՝ եթե Կոնգրեսը չլիներ, Ս. Սարգսյանը հանգիստ լեգիտիմ նախագահ դառնար, չէր տա Ղարաբաղը։
Հիշեցնենք նաեւ, որ ցլամարտիկ չէ Հայ Ազգային Կոնգրեսը, ոչ էլ ոմանք՝ տրիբունաներում նստած հանդիսատես են։ Եւ որ ամեն մի լրագրողական նյութի, ռեպորտաժի կամ վերլուծության «սրտացավ» հեղինակ, եթե իրեն նեղություն չի տվել գեթ մի քանի ժամ ապօրինի դատավճիռներ կայացնող դատարանների առջեւ կանգնել, գեթ մի քանի պիկետների մասնակցել, նախընտրական շրջանում գոնե մեկ անգամ ընդդիմադիր թեկնածուի որեւէ շտաբ մտնել, քարոզչական նյութ բաժանել, վստահված անձ լինել, մարդկանց քարոզել, որպես լրագրող կամ դիտորդ ներկա լինել որեւէ տեղամասում, ոստիկանության ու խուժանի հետ շփում ունենալ կամ նրանց մոտիկից տեսնել, այլ խոսքով՝ Քաղաքացի լինել, ապա, ընդդիմադիրի կեցվածք որդեգրելով՝ ուրիշներին խելք սովորեցնելը, ճանապարհ ցույց տալը, քննադատելը, բութ մատը վերեւ կամ ներքեւ տնկելով դատավճիռ կայացնելն անբարոյականություն է։ Ասենք նաեւ, որ նրանց ֆոնին ավելի ընդունելի են էդիկշարմազանովները, գալուստսահակյանները, «հայոցաշխարները», որոնք այդ նույն բանն անում են, նույն բանն ասում են՝ չթաքցնելով, որ իրենք հակառակ ճամբարում են, որ վարչախմբին ծառայելն է իրենց կոչումն ու նպատակը։ Ու հենց դրա համար էլ սրանց արածն անվտանգ է։
Վերջերս, հիմնականում նույն «սրտացավ» լրագրողական շրջանակներից, բողոքներ հնչեցին, թե Կոնգրեսը քննադատություն, խոսքի ազատություն չի ընդունում, երբ պատասխանում է իրենց։ Հետաքրքիր է. իրենց համար խոսքի ազատությունը կարող է գործել, իսկ իրեց պատասխանանելը խոսքի ազատության հետ կապ չունի, դա արդեն խոսքի ազատության վրա ճնշում է համարվում։ Չխոսեմ իմ ընկերների անունից, ինձ համար անընդունելի են մնալու այնպիսի «քննադատությունները», որոնք իրականում միտված են (կամ ակամա նպաստում են) հասարակության մեջ քաղաքական ապատիայի տարածմանը ու քաղաքացիական ակտիվության նվազմանը, իշխանության անպարտելիության լեգենդի զարգացմանը, ապօրինության դեմ օրինական ճանապարհով պայքարի անհեռանկարայնության պատկերացում ստեղծելուն ու տարածելուն։ Անընդունելի են այն «քննադատությունները», որոնք հենվում են կեղծիքի, խեղաթյուրումների վրա, այն վերլուծությունները, որ ոչ թե փաստերից են արտածված, այլ մատից ծծած։ Համոզված եմ, որ պետք է միշտ ի ցույց դնել այն «սրտացավ վերլուծությունների» սնանկությունը, որոնց հեղինակները, «բաբչկան» վզին, երբեք գրասեղանից այն կողմ մի քայլ չեն անում, բայց ուրիշներին քաղաքականության ու գործողությունների դասեր են տալիս, ուրիշների վրա նայում են որպես գլադիատորների։ Անընդունելի են այնպիսի քննադատությունները, որոնք բացահայտ կամ ենթատեքստում պահանջում են քաղաքական պայքարի փոխարեն դիմել ահաբեկչական մեթոդների եւ այլն։ Անկախ այն բանից՝ շարժառիթը «կարդացվող նյութ» գրելն է, թե այլ բան, այս ամենը պարզ վնասարարություն է համաժողովրդական պայքարին, մեծագույն աջակցություն իշխող բռնապետական վարչախմբին։ Իսկ եթե այդ ամենը միտումնավոր չեն անում, ապա ինչ-որ գաղափար, հարց, հարցադրում, կասկած, տարակուսանք առաջանալիս, յուրաքանչյուրի համար Կոնգրեսի դռները միշտ բանց են՝ ցանկացած խնդիր ըստ էության քննարկելու համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ», 29.01.2010


Wednesday, December 23, 2009

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

  
“Հայկական ժամանակում” (18.12.09) տպագրված հոդվածիս մի միտքը՝ “Թերեւս առաջին անգամ հայ իրականության մեջ ընդդիմությունը դրսեւորեց քաղաքական պատասխանատվության որակներ, որոնք, ըստ մեզանում տարածված պատկերացումների, կարող է ունենալ իշխանությունը, բայց ոչ ընդդիմությունը՝ իշխանության համար պայքարը ստորադասելով երկրի շահերին” ՀԺԿ վարչության աշխատակազմին տեղիք է տվել ինձ անաչառության կոչ անել՝ մասնավորապես հիշեցնելով, որ նույնպիսի մտահոգությամբ է առաջնորդվել նաեւ Կ. Դեմիրճյանը 1998-ին եւ ՀԺԿ-ն, երբ սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս եկավ իշխանությունից։
Վերոբերյալ միտքս, որ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին, բնականաբար, ամբողջությամբ վերաբերում է նաեւ Կոնգրեսին մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց ողջ գործունեության ընթացքում՝ ներառելով ընդդիմադիր համաժողովրդական շարժումները 1988-90-ին, 1998-2004-ին եւ 2007-ից առ այսօր։ Հենց դա է եղել քաղաքական այն որակը, որ նրանց համախմբել է Կոնգրեսում։ Պարզապես, ոչ մեկ անգամ գրած լինելով այս մասին, չեմ կասկածել, թե նույն այս միտքն եմ արտահայտում կարճառոտ ձեւակերպմամբ, իմ համոզմամբ՝ ոչինչ զանց չառնելով։ Հակառակ դեպքում կստացվեր, թե այդ հատկանիշից զուրկ եմ համարել Կոնգրեսի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց ողջ գործունեության ընթացքում՝ ավելի քան 20 տարի ինքս անդամակցած լինելով դրանցից մեկին։ Սակայն, եթե իմ շարադրանքը տարընկալման տեղիք է տվել, նշանակում է, թե ինձ համար մարսված ու անկասկած միտքն ընթերցողին չեմ ներկայացրել բավարար հստակությամբ՝ այնպես, որ բացառվի այլ կերպ ընկալման որեւէ հնարավորություն։ Ուստիեւ՝ արված բարեկամական դիտողությունն այս իմաստով համարում եմ օգտակար, իսկ որոշ լրատվամիջոցների՝ այս առիթով հապշտապ մեկնաբանություններն՝ անտեղի։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

“Հայկական ժամանակ” 23.12.09

Saturday, December 12, 2009

“ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ”


Հանրապետական կուսակցության վերջերս տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին տված բնորոշումների մեջ ամենից հաճախ օգտագործվողը “բրեժնեւյան”, “կոմունիստական” որակումն էր։ Նրանց համար, ովքեր ապրել են այդ շրջանը, դրանով ամեն ինչ ասված է եւ հասկանալի։ Համակարգը, որ ստեղծել են Ռ. Քոչարյանը, եւ Ս. Սարգսյանը, իրոք, վերականգնում է բռնապետական այն մեխանիզմները, որոնք հատուկ են ե՛ւ խորհրդային, ե՛ւ այլ բռնապետությունների համար։ Մի քանի շտրիխներով դիտարկենք Ս. Սարգսյանի ելույթը՝ մեզ ավելի ծանոթ խորհրդային իրականությանը նմանվելու տեսանկյունից՝ մի կողմ թողնելով այս ելույթում հեղինակի՝ նույն “բրեժնեւյան” ճառերը հիշեցնող տասնյակ տափակ ու անհեթեթ “աֆորիզմները”։

Ցինիզմը

“Ինքնաքննադատությունը” խորհրդային ղեկավարների ելույթների պարտադիր բաղադրիչներից էր։ Ս. Սարգսյանն էլ “ինքնաքննադատաբար” խոստովանում է, որ իրենք ժամանակին չեն կարողացել կանխատեսել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանի համար, եւ արձանագրում. “Մեր երկրում տնտեսական անկման ցուցանիշն անցավ 18 տոկոսի սահմանագիծը, մի բան, որ մեր ծրագրերից որեւէ մեկում չէր տեղավորվում”։ Իրոք, այն ժամանակ, երբ աշխարհի բոլոր երկրներում էին խոսում այս թեմայից ու նախապատրաստվում դրան, երբ այդ մասին զգուշացնում էր ընդդիմությունը՝ հուշելով նաեւ, թե ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկել դրա ազդեցությունը մեղմելու համար, Հայաստանի վարիչները անմեղսունակի ժպիտով հայտարարում, կամ լուրջ դեմքով “գիտականորեն” հիմնավորում էին, թե Հայաստանն իր տնտեսական եւ այլ յուրահատկությունների շնորհիվ ենթակա չէ որեւէ տնտեսական ճգնաժամի։ Այսինքն՝ Ս. Սարգսյանը փառավորապես խոստովանում է, որ պարզագույն ու ակնհայտ մի խնդրում կառավարությունը, իր ղեկավարած իշխանությունը չի ունեցել տնտեսական ու քաղաքական կանխատեսման նվազագույն կարողություն։ Դժվար է պատկերացնել, թե որեւէ իշխանության ղեկավար նման հայտարարություն աներ ինքն իր մասին։ Այս խոստովանությունից հետո ոչ միայն կառավարությունը, այլեւ ողջ իշխանությունը պետք է անվերադարձ ու խայտառակ կերպով հեռանար։ Բայց այդպես կարող է լինել քաղաքական տրամաբանության դեպքում եւ քաղաքական իշխանության պայմաններում։ Այլ է ավազակապետության պարագայում։ Ս. Սարգսյանը, թեկուզ ձեւի համար, ոչ միայն որեւէ մեկի հասցեին որեւէ թթու խոսք չի ասում, այլեւ իր իսկ արձանագրած խայտառակ փաստը պարզունակ աճպարարությամբ փորձում է դարձնել իրեն, նույն այդ կառավարությանը եւ իշխանությանը սերտաճած օլիգարխներին գովերգելու հիմք։ Ինչպե՞ս։ Շատ հասարակ. “Փառք ու պատիվ մեր բոլոր այն գործարարներին, խոշոր ու համակարգաստեղծ ընկերություններին, որոնք ճիշտ ընկալեցին մեր հորդորը. համագործակցելով կառավարության հատ՝ երբեմն գործեցին դասական բիզնես նպատակադրումներին հակառակ եւ համատեղ մենք կարողացանք շրջանցել հնարավոր շատ ավելի անցանկալի զարգացումնրեը”։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ “ճգնաժամի ազդեցությունն իրենց կյանքի վրա մեր քաղաքացիներն զգացին շատ ավելի նվազ չափով, քան կարելի էր ենթադրել”։ Ուզում է ասել, թե իր հորդորով օլիգարխները հրաժարվեցին իրենց շահույթների մի մասից, կամ ամբողջից, գուցե նաեւ վնասներ կրեցին, որպեսզի ճգնաժամը քիչ ազդի ժողովրդի կենսամակարդակի վրա, ուստի եւ նրանց փառք ու պատիվ է տալիս։ Հուզվել կարելի է, մանավանդ, որ հանուն ժողովրդի կատարած իրենց այս բարեգործություն մասին մեր “համեստ” ու “բարեպաշտ” օլիգարխները, հետեւելով աստվածաշնչային հայտնի պատգամին, ոչ մի բառ չեն ասել։
Իսկ իրողությունները բոլորովին այլ են.
ա) Տնտեսական ճգնաժամի պայմաններում ամբողջ աշխարհում տեղի ունեցավ ապրանքների գների աննախադեպ անկում, Հայաստանում՝ նույնպիսի բարձրացում։
բ) Հայաստանն ստացավ մեկ շնչի հաշվով, թերեւս, ամենաշատ արտաքին վարկեր, սակայն արձանագրեց ամենամեծ տնտեսական անկումը։
գ) Աշխարհում ամենուր խոշոր գործարարները, տասնյակ միլիարդ կարողության տեր մարդիկ կորցրեցին իրենց կապիտալի ընդհուպ 80 տոկոսը, Հայաստանում խոշոր գործարարների կարողությունները միայն աճեցին։
“Բրեժնեւյան” ճառերում ցինիզմը բավարարում էր խոսել հիմնականում “պայծառ ապագայի” մասին, այստեղ ցինիզմը շատ ավելի բարձր աստիճանի վրա է՝ խոսվում է “պայծառ ներկայի” մասին՝ կույրի, թե անբան կենդանու տեղ դնելով նույն այդ ներկայում ապրողներին։

Ցինիզմը խաբեության հետ

Խորհրդային ղեկավարների “բրեժնեւյան” ելույթների մյուս բաղադրիչն էլ մեղքը ուրիշների կամ օբյեկտիվ իրողությունների վրա գցելն էր։ Ս. Սարգսյանը հենց այս կերպ է մեկնաբանվում անցած նախագահական ընտրություններն ու դրա հետ կապված զարգացումները։ Այստեղ արդեն վտանգավոր է “ինքնաքննադատությամբ” զբաղվել. “Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի”։ Կարծես խոսքը նորատունկ բույսերի մասին է, որ ուզես-չուզես պետք է սպասես, մինչեւ մեծանան (կայանան) ու բերք տան։ Մինչդեռ՝
-        ո՞ւմ ձեռքին է ընտրական համակարգի “կատարելագործումը”,
-        ո՞վ վճռականապես հրաժարվեց, օրինակ, քվեաթերթիկները արտասահմանում տպագրելու, ընտրությանը մասնակցողի մատը թանաքոտելու եւ “չկայացած ընտրական համակարգի” պայմաններում օրինախախտումներն ինչ-որ չափով կանխելու համար աշխարհում կիրառվող մեթոդներից,
-        ո՞վ էր ընտրատարածքներում ծեծ ու ջարդ կազմակերպում,
-        ո՞վ էր ընտրակաշառք բաժանում,
-        ո՞վ կազմակերպեց խաղաղ ցուցարարների ջարդը եւ Մարտի 1-ի սպանդը,
-        ո՞վ է մեկ տարվա ընթացքում ընդդիմության հավաքների 100-ից ավելի հայտ մերժել,
-        ո՞վ է կուսակցություններ գնում ու քաղաքական կյանքն այլասերում,
-        ո՞վ է ընդդիմության որեւէ միջոցառման ժամանակ փակում հանրապետության ճանապարհները, կանգնեցնում երթուղիները, խախտում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը,
-        ո՞վ է հազարավոր մարդկանց քաղաքական հայացքների համար հետապնդում, հալածում, բանտարկում,
-        ո՞վ է, որ անգամ Եւրոպական դատարանի վճռից հետո թույլ չի տալիս Ա-1+-ի հեռարձակումը....
Չէ, այս ամենի հետ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հանրապետականը, ո՛չ վարչախումբը կապ չունեն։ Դրանք վերեւից անձրեւի հետ թափվել են Հայաստանի վրա, իսկ Ս. Սարգսյանը գիտակցում է այս ամենի վերացման եւ “հասարակական ինստիտուտների հետագա զարգացմանը եւ վերջնական կայացմանն ուղղված արդյունավետ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը” եւ դա համարում Հանրապետականի առաքելությունը։ Չէ՞ք հավատում, կարդացեք իր ելույթը։ Խորհրդային, ինչպես նաեւ մյուս բռնապետությունները հաստատվել եւ գոյատեւել են հենց ամենաժողովրդավար կարգախոսներով, ազատության կոչերով, սին խոստումներով։

“Առա՛ջ, Հայաստան”

Բռապետական համակարգերը չեն հանդուրժում երկրում իրական քաղաքական կյանք եւ ձգտում են միակուսակցականության, տվյալ կուսակցության բացարձակացման, նրա իշխանության անսակարկելիության։ Խորհրդային Միությունում կոմունիստական կուսակցության համար դա արձանագրված էր անգամ Սահմանադրության 6-րդ հոդվածով՝ “Կոմկուսը որպես հասարկությանն առաջնորդող եւ ուղղություն տվող ուժ”։ Սերժ Սարգսյանն իր ելույթում նույնը նախանշում է Հանրապետական կուսակցության համար. “Հանրապետական կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի”։ Հասկանալի է, չէ՞, որ խոսքը ժամանակահատվածի մասին չէ, այլ՝ տեւականության։ Թե չէ՝ ժողովրդավարություն, “իշխանությունը պատկանում է ժողովրդին”, ընտրություններ, հեքիաթներ...
Կուսակցապետության բնորոշ մի հանգամանքն էլ այն է, որ խնդիրները քննարկվում, որոշումները կայացնում եւ իրական իշխանությունն իրականացնում էին ոչ թե սահմանադրական մարմինները, այլ կուսակցական ռայկոմներն ու կենտկոմները։ Այժմ Սերժ Սարգսյանի հավաստմամբ այս խնդիրն արդեն իսկ լուծված է մեզ մոտ. “Դուք գիտեք, որ բոլոր կարեւորագույն որոշումները ես նախ եւ առաջ կուսակցությանն եմ ներկայացրել”։ Դժվար է ասել, թե այս միտքը լսելուց հետո իրենց ինչպես պետք է զգան “կոալիցիոն գործընկերները”։ Բայց դա քաղաքական կյանքով ապրող երկրում, մեզ մոտ “կոալիցիոն գործընկերները” դա, հաստատ չեն էլ նկատել։ Ուրիշ են նրանց հոգսերը...
“Հանրապետական կուսակցությունը ըստ էության հայկական վերականգնված պետականության հիմնասյունն է”,- ասում է Ս. Սարգսյանը։ Երբվանի՞ց։ Վերականգնման սկզբի՞ց. մինչեւ 1998թ. այս կուսակցության փոքր ի շատե հայտնի անդամներին կարելի էր հաշվել մեկ ձեռքի մատների վրա, որոնց միակ “քաղաքական միջոցառումը” շաբաթը մեկ չորս շիշ քյաբաբի ու մի շիշ օղու սեղանի շուրջ հավաքվելն էր։ Հիմա՞. կազմեք այս կուսակցության՝ հասարակությանը հայտնի առաջին 10-ի ցուցակը եւ տվեք մարդկանց կարծիք հայտնելու։ Կստանաք էկզոտիկ հայհոյանքների (տղամարդկանց) ու անեծքների (կանանց)՝ ազգագրագետների համար արժեքավոր մի ժողովածու։
Սերժ Սարգսյանն իր ելույթում վերջապես բացահայտում է “Առաջ Հայաստան” կարգախոսի իրական բովանդակությունը.
-        Առա՛ջ՝ դեպի ցինիզմ ու խաբեություն։
-        Առա՛ջ՝ դեպի միակուսականություն։
-        Առա՛ջ՝ դեպի քաղաքական կյանքի լիակատար վերացում։
-        Առա՛ջ՝ դեպի բռնապետության ամրապնդում, դեպի ֆաշիզմ։
Ակա՛նջդ կանչի, Նժդեհ...

Հ.Գ. Այս ելույթը կարդալով ակամա մտածում ես. կա՛մ երիտասարդական տարիներից չափազանց խորն է նստել կոմերիտական գործչի մեջ խորհրդային մտածելակերպը, կա՛մ նրան օգնել է ավելի փորձառու մի “մասնագետ”։

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
“Չորրորդ իշխանություն” 12.12.2009


Tuesday, December 1, 2009

Անդրանիկ Հովակիմյանի գրքի շնորհանդեսին

անտիպ

Այսօր ուրախ օր է։ Գրքի ծնունդը երեխայի ծնունդի նման մի բան է։ Մեր ընկեր Անդրանիկ Հովակիմյանն այսօր գիրք-երեխա է ունեցել, եւ մենք հավաքվել ենք շնորհավորանքի։ Եւ այդ շնորհավարանքն ի դեմս տիկին Սեդայի եւ գիրքը կազմող մեր սիրելի Լիանայի, ուղղում ենք մեր ընկերոջը։

Անդրանիկ Հովակիմյանը կարճ, բայց նախանձելի իմաստալից կյանք ապրեց։ Եւ եկեք ընդունենք, որ կյանքի տեւողությունը օրացուցային տարիներով չեն չափում, այլ ապրած օրերի բովանդակության հարստությամբ, ու մխիթարվենք դրանով։ Այդ իմաստավոր կյանքի վկայությունը կդառնա այս գիրքը։

Հրապարակված գիրքն էլ ոչ թե մի հուշարձան է հեղինակի համար, ինչպես հաճախ ընդունված է ասել, այլ, ըստ էության, հեղինակի կյանքի յուրատեսակ մի կենդանի շարունակություն է։ Այսինքն, եկեք ընդունենք, որ այս գրքով մեր սիրելի Անդրանիկը մեզ հետ շարունակելու է ապրել եւ, իհարկե, պայքարել։

Անդրանիկին ճանաչողներից ամեն մեկը կարող է շատ երկար բնութագրել նրան։ Այդ բնութագրերը անպայման կլինեն օբյեկտիվ ու անկեղծ, ու դրա պատճառը ինքը բնութագրվողը կլինի, քանզի նա իր հարաբերություններում, ում հետ էլ որ լիներ, անկեղծ էր եւ օբեկտիվ։

Ինչպես բոլորս, Անդրանիկը եւս իր նկատմամբ կարող էր ունենալ տարբեր վերաբերմունք, նրան կարող էին սիրել կամ չսիրել, բայց նրան հարգում էին բոլորը, եւ այդ հարգանքն ինքն էր հարուցում իր վարվելակերպով, կենսակերպով ու պահվածքով։ Նույն այդ հարգանքը նրա նկատմամբ առաջանալու է նաեւ այս գրքի՝ նրան չճանաչող ընթերցողների մոտ, քանզի, ինչպես ասացի, դրանով շարունակվելու է նրա կենդանի գոյություն ու շփումը մարդկանց հետ։

Գրքի հրատարակության առիթով ես շնորհավորում եմ Անդրանիկի մայրիկին՝ տիկին Սեդային։ Ընդունված է, որ ինչ-որ բանի համար պայքարող ծնողի գործը խոստանում ու շարունակում է որդին։ Հասկանալի պատճառով հազվադեպ է պատահում հակառակը։ Տիկին Սեդան այդ հազվադեպներից է։ Արժանապատվորեն ու զուսպ կրելով իր մեծ վիշտը, նա առանց չափազանցնելու, բառիս ամբողջական իմաստով, փոխարինեց իր որդուն՝ նրա պայքարն ու գործ մինչեւ վերջ հասցնելու պատկառազդու հաստատակամությամբ։ Այսօրվանից այդ պայքարին միանում է նաեւ Անդրանիկի հրապարակված գիրքը։

Շնորհավորում եմ նաեւ Լիանա Երվանդյանին, որը, չունենալով հանդերձ այդ գործի համար անհրաժեշտ փորձը, միայն անմնացորդ սիրով ու տեւական աշխատանքով կարողացավ հասնել իր առջեւ դրած գեղեցիկ նպատակի իրականացմանը։

Շնորհավորում եմ բոլորիս։
Աշոտ Սարգսյան


Saturday, November 21, 2009

ՌԵՊԼԻԿ


“Ժամանակի” ուրբաթ օրվա համարում ներկայացվել են “Համագործակցություն հանուն ժողովրդավարության” Հ/Կ-ի նախագահ Ս. Դանիելյանի տեսակետները Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթների մասին։ Ցավալի է, որ թերթի զրուցակիցը, ապավինելով միայն հիշողությանը, աղավաղված է ներկայացրել Առաջին նախագահի խոսքը ու դրա վրա էլ կառուցել է իր “մեղադրանքները”։ Նրա խոսքով՝ “Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ինքը նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը միայն մի դեպքում, եթե Քոչարյանը եւս առաջադրվի, դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը խնդիրներ ունի ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ միայն Քոչարյանի հետ”։ Հղված՝ սեպտեմբերի 18-ի ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը իրականում ասել է հետեւյալը. Հայաստանը տանուլ է տալիս հայ-թուրքական եւ հատկնպաս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության պատճառով։ Դա կանխելու միակ տարբերակը այս փուլում արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ լեգիտիմ իշխանության հաստատումը։ Դրան միայն Կոնգրեսի ուժերով հնարավոր չէ հասնել, անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի եւ խավերի համախմբում այս պահանջի շուրջ։ Եւ որպեսզի ցրի ոմանց այն հնարավոր մտավախությունը (ինչը, այդուամենայնիվ արտահայտվեց այդ ելույթից հետ), թե այդ կերպ նա ճանապարհ է հարթում իր՝ Նախագահ դառնալու համար, ասաց, որ այդ դեպքում (այսինքն՝ եթե բոլորը միավորվեն եւ հասնեն հրաժարականի) ինքը չի առաջադրվի, բացառությամբ այն դեպքի, եթե առաջադրվի նաեւ Ռ. Քոչարյանը։ Իսկ սա բոլորովին այլ բան է, եւ դրա վրա անհնար է գալ այն եզրահանգման, ինչին եկել է Ս. Դանիելյանը։ Լավ չէ, երբ մամուլով հասարկության հետ խոսել հավակնող մարդիկ չեն կարողանում հիշել կամ ընկալել ուրիշի խոսքն անհրաժեշտ կոնտեքստով եւ աղավաղում են այն։ Նման դեպքում գեթ լրագրողը պարտավոր էր նրան հիշեցնել։
Վերջին ելույթի կոնտեքստից դուրս է հասկացվել նաեւ արդեն հայտնի Այնթապցու օրինակը, որ, բնականաբար, բերել է նույնպիսի սխալ եզրահանգման, ինչը բացառապես կապ չունի Տեր-Պետրոսյանի ո՛չ ասելիքի, ո՛չ, առավել եւս, մտադրությունների հետ։ Բայց դա անհատական ընկալման խնդիր է, այս մասին արդեն շատ է գրվել։
Ես դեմ չեմ հրապարակավ կարծիք արտահայտելու ազատությանն ու բազմակարծությանը։ Խնդիրը (կարեւոր չէ՝ դիտավորյալ, թե չիմացությամբ) ուրիշի խոսքի ակնհայտ խեղաթյուրումների, խիստ մակերեսային “վերլուծությունների” մասին է, ինչը “Ժամանակի” ընթերցողը սովոր չէ տեսնել իր նախընտրած թերթի էջերում։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
 “ժամանակ” Երեւան 21-23՞.11.09