Tuesday, June 24, 2014

Սերժ Սարգսյանի վերջին հնարավոր խելամիտ քայլն այս պայմաններում


Քառյակի նախաձեռնած ամեն քայլ, որպես կատալիզատոր, ցուցադրում է իշխանության ներսում տիրող իրավիճակը։ Դրա առաջին ցայտուն դրսեւորումն այս տարվա ապրիլի 28-ին Քառյակի նշանակած հանրահավաքն էր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջով։ Արդյունքն, առանց չափազանցելու, անակնկալ էր բոլորի համար. հանրահավաքի նշանակումից ընդամենը 2-3 օր անց Սերժ Սարգսյանը հապշտապ բավարարեց այդ պահանջը։ Ու դա՝ այն դեպքում, երբ մինչ այդ հրապարակավ հնչող նույն այդ պահանջի առիթով վարչախմբի ներկայացուցիչները միայն կոշտ հակադարձումներ էին անում։ Երբ հրապարակային պահանջներին փոխարինեց կոնկրետ գործողության (շուրջօրյա հանրահավաքների) սպառնալիք, ամեն ինչ տրամագծորեն շուռ եկավ։
Եւ այսպես, 2013թ. աշնանից արձանագրված էր, որ վարչախումբը խիստ անհանգստացած է ընդդիմադիր չորս ուժերի համագործակցության փաստից՝ խորհրդարանական մակարդակով, ու ամեն ինչ անում էր այդ համագործակցությունը պառակտելու համար։ Դա արդեն նրա անվստահության, էական մակարդակով թուլության վկայությունն էր։ Ապրիլին արձանագրվեց նաեւ, որ ռեժիմը աներեւակայելի խուճապի մատնվեց Քառյակի հայտարարած հանրահավաքից՝ բացահայտելով, որ  իր թուլությունը շատ ավելին է, քան պատկերացվում էր մինչ այդ։ Այս արձանագրումները խիստ կարեւոր էին ընդդիմության հետագա մարտավարության որոշման համար։
Հենվելով այս իրողությունների ճանաչման վրա՝ Քառյակը կատարեց իր հաջորդ քաղաքական քայլը, այն է՝ պահանջների մի փունջ (12 պահանջ) ներկայացնել իշխանությանը՝ սահմանելով մոտ քառամսյա մի ժամկետ, որից հետո դարձյալ նախատեսելով համատեղ հանրահավաք։
Ներկայացված պահանջները բավարարում են երկու կարեւոր պայման։ Առաջին՝ դրանք հասարակության, ըստ էության՝ բոլոր շերտերին հուզող ամենահրատապ խնդիրներն են, դրանց կատարումը կնշանակի վերացնել թալանի ու կողոպուտի, ինչպես նաեւ կոռուպցիոն մի քանի կարեւոր մեխանիզմներ։ Երկրորդ՝ դրանք նշված ժամկետում կատարելի են, քանզի պահանջում են ոչ թե ֆինանսական հսկայական ներդրումներ կամ տեւական նախապատրաստական աշխատանք, այլ ընդամենը՝ քաղաքական կամք։
Եթե իշխանությունը կատարում է այս պահանջները՝ տնտեսական եւ իրավական իմաստով շահում է հասարակության յուրաքանչյուր անդամ։ Քաղաքական իմաստով՝ կրկնապատկվում, եռապատկվում է Քառյակի քաղաքական կշիռը, ինչը շատ կարեւոր հիմք է հիմնական քաղաքական խնդրի լուծման ճանապարհին նրա հաջորդ քայլերն ու մարտավարությունը որոշելու համար։ Եթե իշխանությունը չի կատարում այս պահանջները, ապա  հասարակության բացառապես բոլոր շերտերը, այդ թվում՝ նաեւ քաղաքական առումով ամենապասիվ մասը, գալիս է իշխանափոխության կենսական անհրաժեշտության գաղափարին։ Եւ կրկին, ինչպես առաջին դեպքում, կրկնակի, եռապատիկ աճում է է Քառյակի քաղաքական կշիռը։ Պարզապես, այս դեպքում իր նույն՝ հիմնական քաղաքական նպատակին հասնելու համար նա պիտի կատարի այլ քայլեր, ընտրի տվյալ իրավիճակին համարժեք այլ մարտավարություն։
Քառյակի՝ երկու դեպքում էլ շահած դուրս գալու այս փաստն է, ահա, որ երկրորդ անգամ խուճապի մատնեց իշխանությանը։ Պարզապես, եթե ապրիլին վիճակից դուրս գալու համար ինչ-որ բան կար զոհաբերելու (վարչապետի հրաժարական), այս դեպքում նման զոհաբերման առարկա չկա։ Ներկայացված պահանջները միայն արտաքուստ են «համեստ» ու «ոչ արմատական», դրանք ակնհայտորեն խոցում են ռեժիմի Աքիլլեսյան գարշապարը։ Ահա թե ինչու այս անգամ շատ ավելի ցցուն արտահայտվեց ռեժիմի խուճապն ու պատեպատ խփվելը։ Իսկ արտահայտվեց հետեւյալ կերպ։ Նախ՝ իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե ողջունում են Քառյակի պահանջները, որ դրանք համարյա բոլորը կան նաեւ իրենց ծրագրերում եւ իրականանալի են։ Միաժամանակ՝ իշխանության հրահանգի տակ աշխատող «ազատ» լրատվամիջոցները հրահանգ ստացան ձեռ առնել, թե տեսեք՝ Քառյակի պահանջներում չկա Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ ընդհանրապես՝ քաղաքական ոչինչ չկա։ Երկու օր անց իշխանությունը կտրուկ փոխվեց իր դիրքորոշումը. «մենք չենք պատրաստվում որեւէ պահանջ կատարել եւ առաջնորդվելու ենք բացառապես մեր ծրագրերով»։ Մի քիչ հետո էլ Սերժ Սարգսյանը սկսեց «բազար անել», թե՝ եթե դուք համաձայնեք քննարկել իմ սահմանադրական փոփոխությունները, ես էլ դրա դիմաց կմտածեմ քննարկել ձեր պահանջները։ Ու միաժամանակ, արդեն՝ երրորդ անգամ, վախենալով տապալումից, հետաձգեց սահմանադրափոխության գործընթացի ժամկետները։
Իմիջիայլոց, սրանով Ս. Սարգսյանը եւս մի անգամ ցույց տվեց, թե իր համար որքան կենսական է սահմանադրափոխության հարցը, որին ինքն «այնքան էլ կողմ չէ»։
Իշխանության խուճապի վերջին ակնառու մի օրինակ էր ԱԺ հրավիրած արտահերթ նիստի հետ կապված մի քանի դրվագ։ Իշխանության գալուց հետո ՀՀԿ-ն առաջին անգամ չկարողացավ անցկացնել օրենքներ, որոնց ընդունումը հրատապ համարելով՝ կառարությունը ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել։ Արտահերթ նստաշրջանի կեսից կառավարությունը, մեկ օրվա ընթացքում, ժամերի տարբերությամբ, երկու պաշտոնական նամակով հապշտապ ետ կանչեց մեկ տասնյակ «հրատապ» օրենքների նախագծեր՝ ակնհայտորեն վախենալով կա՛մ դրանց տապալման, կա՛մ դրանց շուրջ բարձրանալիք աղմուկի հեռանկարից։
Այսինքն, եթե թվարկենք Ս. Սարգսյանի վարչախմբի համար հնարավոր հին եւ նոր բնորոշումները, ապա դրանց մեջ առաջին տեղում այսօր խուճապահար վիճակ բնորոշումն է։
Եւ այս ամենը եթե քաղաքական լեզվից թարգմանենք սովորական, հասկանալի լեզվի, կստացվի հետեւյալը.
1.      Քառյակի 12 պահանջների փաթեթը, սեպտեմբերի վերջին համատեղ հանրահավաքի ծրագրով՝  լրջագույն քաղաքական փաստաթուղթ է, այն ռեժիմին խուճապի է մատնել եւ դրել քաղաքական անելանելի վիճակում։
2.      Այս անգամ պահանջներն ուղղված են իշխանությանն ընդհանրապես՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ, ուստի անհնար է մասի զոհաբերմամբ փրկել ամբողջը, ինչպես դա արվեց ապրիլին։
3.      Քառյակի պահանջների ինչպես կատարումը, այնպես էլ չկատարումը հասարակական ակտիվության բարձրացման, իշխանափոխության հիմք կարող են դառնալ։
4.      Ռեժիմը, զրկված արտաքին հովանավորությունից՝ չափազանց թուլացել, ներսից խարխլվում է, եւ Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում այդ ամենը։
5.      Սահմանադրափոխության գործընթացին ընդդիմության մասնակցությունը (կարեւոր չէ, թե ինչ դիրքերից) այն միակ բանն է, որի միջոցով Ս. Սարգսյանը հույս ունի փոխել Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական հարցը, դրանով ազատվել այսօրվա վտանգներից եւ, որպես «մինիմում ծրագիր», լուծել  մինչեւ 2018թ. իշխանության պահպանման հարցը։
6.      Ս. Սարգսյանի «մաքսիմում ծրագիրը» սահմանադրական հանրաքվեի անցկացումն է, ինչից հետո նա կհավերժացնի իր իշխանությունը նաեւ 2018-ից հետո։
7.      Բոլոր հիմքերը կան մտածելու, որ այս դեպքում էլ, ինչպես ապրիլին, շաբաթն ավելի շուտ կգա, քան ուրբաթը։ Այսինքն՝ Ս. Սարգսյանը հրաժարական կտա մինչեւ Քառյակի՝ սեպտեմբերի վերջին նախատեսված հանրահավաքը, ինչպես դա տեղի ունեցավ կառավարության հետ ապրիլի 28-ի հանրահավաքին «ընդառաջ»։ Եւ դա կլինի նրա վերջին հնարավոր խելամիտ քայլն այս պայմաններում։
***
Հ. Գ. Այնպես որ՝ նրանց, ովքեր ռեժիմի երեսից արտագաղթելու նախապատրաստությունների կամ գործընթացի մեջ են, կոչ ենք անում մի քիչ «ոտները կախ գցել»։ Առաջիկա ամիսներին հնարավոր են զարգացումներ եւ իրադարձություններ, որոնք կարող են տրամագծորեն փոխել այդ ծրագրերը։

http://www.ilur.am/news/view/31488.html

Tuesday, June 17, 2014

«Իդիոտիզմը»՝ որպես «ուղիղ ճանապարհ» կամ վարչախմբի բնութագիր


«Դեմ եմ»-ի հերթական բողոքի ցույցն ապացուցեց, որ Հովիկ Աբրահամյանի՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված» անհեթեթությանը տրված «իդիոտիզմ» գնահատականը հենց որպես այդպիսին էլ առարկայանում է բոլորի ընկալումներում։ Այդ պատճառով է, որ կառավարության շենքի մոտ ցույցի մասնակիցները մերժեցին վարչապետական իր բարձունքից համեստաբար ներքեւ իջած Հովիկ Աբրահամյանի հետ անգամ խոսել, բառ փոխանակել։
«Իդիոտիզմի» հեղինակի հետ ի՞նչ խոսես։
Լավ, ենթադրենք՝ մարդը բանավոր խոսքում հուզմունքից մի պահ կարող է ունենալ լեզվի սայթաքում կամ գերլարումից՝ մտքի ճողվածք։ Դրա համար կամ պետք է ներողություն խնդրել, կամ, ասենք, փորձել ինչ-որ կեպ «կոծկել» ու անցնել։ Էս իշխանությունը՝ չէ, ո՞նց թե... Նորաթուխ վարչապետի ասած անհեթեթությունը ոչ միայն սկսեցին մեկնաբանել որպես մտքի թռիչք ու հանճարեղաբանություն, այլեւ բերեցին, նույն կուտակային կենսաթոշակների մասին օրենքում դարձրին օրենքի նորմ։ Հիմա, ըստ օրենքի փոփոխված ու գործող տարբերակի՝ կուտակային կենսաթոշակների համար մուծումները պարտադիր են (պարտադիր բաղադրիչը պահպանվում է), բայց մարդը ազատ է դիմում գրել ու հրաժարվել դրանից (բայց ոչ պարտադրված)։
Օրենքը կա՛մ արտոնում, իրավունք է տալիս ինչ-որ բան անել, կա՛մ պարտադրում է ինչ-որ բան անել։ Երբ օրենքն արտոնում է՝ քաղաքացին իր հայեցողությամբ կարող է օգտվել կամ չօգտվել այդ իրավունքից։ Օրինակ՝ օգտվել կամ չօգտվել աշխատելու իրավունքից, օգտվել կամ չօգտվել կրթության իրավունքից, օգտվել կամ չօգտվել ընտրելու եւ ընտրվելու իրավունքից եւ այլն։ Երբ օրենքը պարտավորեցնում, պարտադրում է, քաղաքացին դա չի կարող չկատարել (չկատարելը կլինի օրինախախտություն՝ ենթակա վարչական կամ քրեական պատժի)։ Օրինակ՝ զինապարտության մասին օրենքով՝ ՀՀ 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր պետք է ծառայի բանակում (բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի), կամ, օրինակ՝ նորածին երեխայի ծնողները պարտադիր պետք է գրանցեն ծնունդը համապատասխան պետական մարմնում։ Եւ ընդհանրապես՝ յուրաքանչյուր ոք պարտադիր պետք է կատարի օրենքի՝ իրեն վերաբերող իմպերատիվ պահանջները։
Հիմա՝ Հ. Աբրահամյանի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» հանճարեղաբանությունը, օրենսդրական նորմի վերածված, ասում է՝ «կուտակային կենսաթոշակային ֆոնդերին մուծումները պարտադիր են, բայց ով ուզում է, կարող է դիմում գրել եւ հրաժարվել»։  Տեղափոխենք նույն այս տրամաբանությունը մեր մատնանշած մի քանի օրինակների վրա (երբ օրենքը պարտադրում է) եւ կհամոզվենք, որ սա արդեն օրենսդրական իդիոտիզմ է, ախմախաբանություն։ Կստացվի, օրինակ, որ՝ ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել բանակում (բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի), սակայն իրավունք ունի դիմում գրել եւ չծառայել։ Ծնողները պարտավոր են համապատասխան պետական մարմնում գրանցել նորածին երեխայի ծնունդը, սակայն իրավունք ունեն դիմում գրել եւ չգրանցել։ Չուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել երկրի օրենքները, սակայն կարող է դիմում գրել եւ չենթարկվել որեւէ օրենքի պահանջի։ Նույն կերպ՝ չի կարելի կարմիր լույսի տակով անցնել, բայց կարելի է դիմում գրել եւ անցնել, չի կարելի գողանալ, բայց կարելի է դիմում գրել ու գողանալ, չի կարելի մարդ սպանել, բայց կարելի է դիմում գրել եւ... Ավելի զավեշտալի օրինակներ կարող է գտնել ընթերցողներից յուրաքանչյուրը։
  Մեղմ ասած՝ տարօրինակ է, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդը կարող է «փուստ տալ», ու խոսքում կարող է «իդիոտիզմ» հնչել։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա պատահական, թեկուզ՝ նրա համար հաճախադեպ «փուստերից» չէ։ Այն գնացել, օրենսդրական նախաձեռնության տեսքով մտնել է կառավարության հեղինակությամբ ներկայացված օրենքի նախագիծ։ Ավելին՝ այս նախագիծն էլ գնացել է Ազգային ժողով, հաստատվել օրենսդիր մարմնում գործող ՀՀԿ-ական մեծամասնության կողմից։ Դրանով, ողջ կառավարության հետ միասին, նույն «իդիոտիզմի» հեղինակ է դարձել նաեւ օրենսդիր մարմինը։ Հետո էլ դրան է միացել Ս. Սարգսյանը՝ ստորագրելով այդ օրենքը։ Եւ պատկերն ամբողջացել է՝ «իդիոտիզմը» որպես «ուղիղ ճանապարհ» կամ վարչախմբի բնութագիր։
Եթե Գինեսի գիրքն ունի օրենսդրական իդիոտիզմի նոմինացիա, անհեթեթության այս  գլուխգործոցը պետք է ուղարկել դրանում գրանցելու։ Ասում են՝ ահագին էլ փող են տալիս։ Դրանով կփակվի պարտադիրից հրաժարվածների՝ «դիմում գրածների» պատճառած վնասը։

ԸՆԴԱՐՁԱԿ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը պահելու համար վարչախումբը պատրաստ է ամեն ինչի. Դրսում՝ պատրաստ է ստորանալ ու ծաղրի առարկա դառնալ, քծնել ու սողալ, ներսում՝ պատրաստ է ուրիշներին ստորացնել, պատրաստ է սուտ խոսել, պատրաստ է կաշառք տալ ու կաշառք վերցնել, պատրաստ է Ցեղասպանությունն ուրանալ ու տարածքներ ծախել, պատրաստ է մարդ սպանել... Այս ամենի կողքին իդիոտիզմ հեղինակելը կամ «իդիոտիզմին» ապավինելը, կարծես թե, ամենամեծ հանցանքն ու խայտառակությունը չէ։ Էդքան դրսում են ծաղրում, ձեռ առնում, թող մի քիչ էլ ներսում ծաղրեն։ Նպատակն արդարացնում է միջոցը։
Իսկ նպատակը ամենասովորական մանր ժուլիկությամբ «պարտադիրով» նախատեսված փողի քանակն անպայման կթելն է։ Իշխանությունը երկու քարի արանքում է։ Մի կողմից՝ նա չի կարողանում չորով ընդդիմանալ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ քաղաքացիական նախաձեռնությունների եւ քաղաքական ուժերի համատեղ ճնշմանը։ Մյուս կողմից՝ Քառյակի պահանջների ճնշման տակ ու սեպտեմբերի վերջի հեռանկարով գտնվում է շատ խախուտ վիճակում։ Եւ, ահա, այս կերպ՝ «շուստրիաբար», փորձ է անում խաբս տալ եւ շրջանցիկ ճանապարհով պարտադիր կուտակայինը դարձնել իրականություն, նվազագույն կորուստներով դուրս գալ ստեղծված վիճակից։
Ինչպե՞ս։
 Օրենքը վերաբերում է ավելի քան 260.000 մարդու։ Ակտիվ պայքարի մեջ ներգրավվածների թիվն այս ընթացքում չի անցել 3-4 հազարը։ Հոգ չէ՝ թող նրանք դիմում գրեն եւ ազատվեն «պարտադիրից»։ Սրանց ազդեցության ու պաշտպանության տակ էլ թող լինեն մի 10-15 անգամ ավելի մարդիկ՝ 50-60 հազար, որ կարող են «շուխուր» անել, թե դիմումները չեն ընդունում ։ Ոչինչ, նրանց դիմումներն էլ կընդունեն։ Հիմա Հ. Աբրահամյանը հրահանգել է՝ «ով շուխուր է անում, նրանց դիմումներն ընդունեք»։ Մնացած 200 հազարը դիմում չեն գրի։ Կվախենան։ Եթե չվախենային՝ միացած կլինեին ակտիվ պայքարին։ Գոնե ընդգրկված կլինեին համապատասխան ֆեսբուքյան խմբում (ընդգրկված է 50 հազարը)։ Դրանով շարժումն ու դժգոհությունը կմարի։ Սա կլինի խնդրի լուծման առաջին փուլը։
Հետո, երբ ռեժիմի տեղը մի քիչ լայնանա, իշխանությունը կորցնելու վտանգը մեղմանա (օրինակ՝ աշնանը Քառյակը չկարողանա էական հաջողության հասնել), իշխանությունը կանցնի հարցի լուծման երկրորդ փուլին. Հ. Աբրահամյանը նոր հրահանգ կտա՝ անհատապես «աշխատել» դիմում գրածներից յուրաքանչյուրի հետ։ Մեթոդները հայտնի են։ Մի օր էլ խրոխտ կզեկուցի, թե՝ «փորձով համոզվելով, որ պարտադիր կուտակայինը ճիշտ է, 60 հազար դիմում գրած եւ կուտակայինից հրաժարվածներից 40 հազարն արդեն ետ են վերցրել իրենց դիմումները»։ Մնացած 20 հազարի մասին չի խոսի։ Նրանք այլեւս չեն լինի... նրանք արտագաղթած կլինեն... Եւ օրենքը կգործի ամբողջ թափով՝ 100%-ով։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ-2
Ինչպես գիտենք՝ սա ժամանակավոր լուծում է ու դեռ չի վերացնում օրենքի հակասահմանադրականությունը։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ կառավարությունը ժամանակ ուներ մինչեւ սեպտեմբերի 30-ը ներկայացնել այնպիսի նախագիծ, որը սահմանադրության հետ խնդիրներ չունենա։ Կառավարությունը շտապեց, եւ ահա, երեկ իմացանք, որ նման նախագիծ արդեն դրվել է շրջանառության մեջ։ Կարդացողներն արդեն արձանագրել են, որ նրա մեջ դրված է նույն մեխանիզմը, այն է՝ ա) հավաքագրել փողի այն քանակը, որ նախատեսված է եղել ի սկզբանե, բ) այս պահին բավարարել «ակտիվ բողոքողների» պահանջը, դրանով մարել քաղաքացիական ընդդիմացումը, գ) քիչ ավելի ուշ բոլորին ներքաշել պարտադիր վճարների նույն համակարգի մեջ։
Այսինքն՝ իդիոտիզմը կա եւ մնալու է վարչախմբի համար որպես ուղիղ ճանապարհ եւ բնութագիր։ Մնալու է, քանի դեռ մենք չենք սկսել երթը մեր ուղիղ ճանապարհով, այն է՝ Սեպտեմբերի 30-ին լինել Ազատության հրապարակում եւ ազատվել վերջապես խայտառակ այս մղձավանջից։ Քանզի ավելի անպատվաբեր է իդիոտիզմի թիրախ, քան հեղինակ լինելը։

http://www.ilur.am/news/view/31099.html

Tuesday, June 10, 2014

«Ճոխ զավտրիկն» ու «պլոտնի ուտելը»՝ Հ. Աբրահամյանի քաղաքական տեսլականներ


Քչերն են, թերևս, որ իրենց կյանքով ապացուցել են սեփական ամենահայտնի ասույթ-աֆորիզմի իսկությունը։
Հովիկ Աբրահամյանն այդ քչերից մեկն է, որի անձն ու գործունեությունը փայլուն ապացուցում են նրա մտքի այն գոհարը, թե՝ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։ Եթե անգամ ընդունենք, որ այդ բանը սեփական օրինակներով հաստատում են նաև նրա բազմաթիվ կուսակիցներ, միևնույն է, այդ շարքում նա մնում է առաջինը։Մի այլ առիթով էլ դրան հավելել է, թե խելք պետք է գործարարությամբ զբաղվելու համար։ Ու քանի որ ինքը շատ խելք ունի, իսկ քաղաքականության մեջ դրա կարիքը չկա, ահա նա էլ քաղաքական ինչ պաշտոնում էլ աշխատել է, այդ խելքն օգտագործել է գործարարությամբ զբաղվելու համար։
Հ. Աբրահամյանն իր կուսակիցներից շատերի (գուցե՝ բոլորի՞) նման բացարձակ չի հասկանում, թե ինչ բան է քաղաքականությունը՝ որպես այդպիսին։ Կամ՝ հասկանում է բոլորովին յուրովի, և նրա հասկացած «քաղաքականությունը» ամենաչնչին աղերս իսկ չունի աշխարհում ընդունված «քաղաքականություն» հասկացության հետ։ Նրա պատկերացմամբ ու վկայությամբ, օրինակ, քաղաքական առօրյայի բարձրակետերից է «ճոխ զավտրիկը» կամ «պլոտնի ուտելը»։ Սա էլ, իր հերթին, վկայում է, որ ինչ-որ տարիքում ուրիշների «ճոխ զավտրիկը» նրա համար տևական ժամանակ եղել է նախանձի առարկա, և «պլոտնի ուտելը»՝ որպես երանելի վիճակ։ Այդ ամենը նրա ներաշխարհում և էության մեջ կարծրացել, դարձել է անօտարելի մի բարդույթ, որից չի կարող ազատվել, թեկուզ (հիմա արդեն) վաղեմի այդ երազանքն ու երանելի վիճակը կրկնվեն օրական չորս անգամ։
Այն, որ Հ. Աբրահամյանն, իրոք, բացարձակ չի հասկանում, թե ինչ բան է քաղաքականություն, իսկ նրա էությունն էլ այլ բան չէ, քան «մթռուբության» մակարդակի ընչաքաղցությունն ու ագահությունը, մենք չէ՝ որ ասում ենք։ Այդ մասին, միմյանցից բացարձակապես անկախ, սեփական ապացուցողական բազայի վրա հենվելով՝ ասում են «գործը քննող» երեք շատ տեղյակ դատավորներ։ Արդ, ընթերցողի վզին չփաթաթելով մեր սուբյեկտիվ կարծիքը՝ ստորև ներկայացնենք այդ դատավորների՝ հավաստիության իմաստով անկասկածելի պնդումները։
ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ հետախուզության տվյալները այդ երկրի կառավարությանն են փոխանցվել Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Ջոն Էվանսի, Մարի Յովանովիչի և ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի գաղտնի զեկուցագրերում։ Այդ փաստաթղթերը ժամանակին հրապարակել է «հայտնի «Վիկիլիքս» կայքը։ Այստեղ միջանկյալ ասենք, որ անհնար է կասկածել այդ փաստաթղթերի հավաստիությանը։ Դեսպանները պարտավոր են իրենց կառավարությանը տալ հարյուր անգամ ստուգված, ճշգրիտ տեղեկատվություն։ Հակառակ դեպքում՝ նրանք պիտի համարվեին ձախողված և պաշտոնանկ արվեին։ Այսինքն՝ դրանցում Հ. Աբրահամյանին վերաբերող տեղեկությունները ևս հարյուր անգամ ստուգված ու հավաստի են։
Եւ այսպես, ԱՄՆ հետախուզության տվյալները հիմնականում համընկնում են նաև մեր հասարակության մեջ տարածված պատկերացումներին։ Գաղտնի այդ փաստաթղթերում Հովիկ Աբրահամյանը բնութագրվում է որպես «անկիրթ, կիսագրագետ ու գավառամիտ ֆիգուր, հանկարծակի հարստացած մի գռեհիկ անձնավորություն՝ հակված կեղտոտ փողերի քաղաքականության, պետության վարչական ռեսուրսների շահագործման և նենգ պատեհապաշտության»։  «Մեր կոնտակտները նրան պարզամիտ ավազակ են համարում»։ (Ջոզեֆ Փենինգտոն)։
Բոլորին է հայտնի, որ Հ. Աբրահամյանն է ավազակապետության պահպանման համար ստեղծված ընտրակեղծարարության մեքենայի կոնստրուկտորը։ Որպես 1998թ. ի վեր «Ռոբերտ Քոչարյանի և Հանրապետական կուսակցության օգտին կատարած լայնածավալ ընտրակեղծարարության»  ճարտարապետ է նրան ներկայացնում ԱՄՆ դեսպան  Ջոն Էվանսը։
Մարի Յովանովիչը նրան բնութագրում է որպես «տիպական ներկայացուցիչը Հանրապետական քաղաքական գործիչների.... քաղաքական օլիգարխների, ովքեր քաղաքական իշխանությունն օգտագործում են իրենց գործարարական շահերն սպասարկելու նպատակով, կամ հակառակը»։
Դեսպանները տեղեկություններ են հաղորդում նաև Հ. Աբրահամյանի ապօրինի ձեռք բերած ահռելի ունեցվածքի՝ գործարանների, լայնածավալ հողերի մասին։ ԱՄՆ հետախուզության տվյալներով ակնարկվում է, որ նա իր թալանած ունեցվածքով երրորդ տեղն է զբաղեցնում։
Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն ու բնութագրականն այն է, ինչի մասին ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի տասնյակ էջերում բառ անգամ չկա։ Դա Հ. Աբրահամյանի որևէ կապը, աղերսն է քաղաքականության, քաղաքական հայացքների, սկզբունքների, որակների հետ և այլն։ Չեղած բանի մասին ի՞նչ գրեն ։
Ռուսական հետախուզություն
Ամերիկյան փաստաթղթերը շատ են, քանի որ մի քանի տարի առաջ Պետդեպից  ինֆորմացիայի մեծ արտահոսք եղավ։ Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունից նման հսկայածավալ արտահոսք չի եղել։ Բայց այն, ինչը Ռուսաստանում ինչ-ինչ պատճառով հարմար են համարել հրապարակել, կազմակերպվել է որպես այդպիսի «արտահոսք» ։ Հենց այդպիսի մի նյութ «Հայաստանը թալանողները» վերնագրով հոդվածաշարում ռուսական մամուլում հրապարակվեց դեռ 2010 թվականին։
Հետաքրքիր է, որ ռուսական հետախուզության տվյալները հիմնականում համընկնում են ամերիկյանին։ Այստեղ ևս Հովիկ Աբրահամյանը համարվում է ընտրակեղծարարության կենտրոնական ֆիգուրը. «Աբրահամյանը եղել է 2003 թվականի նախագահական ընտրությունների հիմնական կեղծարարներից մեկը»։ Ըստ ռուսական տվյալների՝ նա է մտահղացել խաղաղ ցուցարարների դեմ խոշոր գործարարների թիկնապահների օգտագործման կեղտոտ գաղափարը. այս կերպ (փաստորեն՝ քրեական հանցավորությամբ) իշխանության հետ կապված գործարարների համար արդեն դժվար կլիներ «ազատ թփրտալ»։ Սակայն այստեղ ավելի շատ ուշադրություն են դարձրել ոչ այնքան նրա անձնական որակներին, այլ ունեցվածքի համեմատաբար լրիվ ցանկը կազմելուն։ Դա տպավորիչ ցանկ է 2010թ. դրությամբ (տես http://www.ilur.am/news/view/28975.html ), որից հետո այն, անշուշտ, ավելացել է։
Իր՝  Հովիկ Աբրահամյանի վկայությունները
 Անշուշտ, նա ոչ մի տեղ չի ասել, թե ինքն է Հայաստանում գործող դժոխային ընտրակեղծարար մեքենայի կոնստրուկտորը կամ ճարտարապետը։ Բայց նա և իր ընտանիքի անդամները («փոխկապակցված անձինք») արդեն քանի տարի, օրենքի պահանջով գրում են հայտարարագրեր ունեցվածքի և տարեկան ստացած եկամուտների մասին։ Դրանք գրավոր փաստաթղթեր են, որոնք ստորագրված են Հ. Աբրահամյանի ու նրա կնոջ կողմից։
Իրական ունեցվածքի համեմատ՝ այդ փաստաթղթերում, անշուշտ, չնչին բան է հայտարարագրված՝ հարյուրավոր անգամ պակաս իրականից։ Բայց անգամ հարյուրավոր անգամ պակաս հայտարարագրված նրանց ունեցվածքն ու եկամուտները, որ արտահայտված են միլիոնավոր դոլարներով, բավական են մի շարք պնդումների համար։
Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Հ. Աբրահամյանը, Սահմանադրության պահանջով, բիզնեսով զբաղվելու իրավունք չի ունեցել։ Մինչդեռ այդ նույն տարիների համար նա իր իսկ ձեռքով հայտարարագրել է միլիոնավոր դոլարների ունեցվածք և եկամուտ։ Եթե չկա դրա օրինական աղբյուրը, ուրեմն՝ այն կարող էր ծագել կա՛մ կաշառքից, կա՛մ գողությունից, կա՛մ կողոպուտից, կա՛մ ստվերային գործարարությունից։ Ըստ այդմ՝ Հ. Աբրահամյանը գրավոր խոստովանել է, որ ինքը կա՛մ կաշառակեր է, կա՛մ գող, կա՛մ ավազակ, կա՛մ էլ օրինախախտ հանցագործ։
Իր ողջ կյանքում «ճոխ զավտրիկի» և «պլոտնի ուտելու» պատանեկան երազանքներից մնացած  բարդույթով տառապող Հ. Աբրահամյանը չտեսաբար, «մկան նման» (այստեղ ժողովրդական խոսքը նկատի ունենք) հավաքել է ու չի կշտացել: Ու չի կշտանալու։ 


http://www.ilur.am/news/view/30725.html

Tuesday, June 3, 2014

Մեր ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ և Ս. Սարգսյանի «սահմանադրական բարեփոխումները»


Սահմանադրական բարեփոխումների մասին Ս. Սարգսյանն առաջին անգամ բարձրաձայն հայտարարեց 2013 թ. սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո։ Իսկ սեպտեմբերի 3-ը շա՜տ հիշարժան թիվ է Ս. Սարգսյանի համար։ Կարծես թե նրա քաղաքական ողջ կենսագրության ընթացքում դա է եղել նրա կրած ստորացումների ու ապրած խայտառակությունների այն բարձրակետերից մեկը, որն իր ունեցած հասարակական ռեզոնանսով իրական է դարձրել նաև իշխանությունը կորցնելու վտանգը։ Տվյալ դեպքում՝ ոչ թե այն պատճառով, որ Մաքսային միության մեջ մտնելը խայտառակություն էր, ոչ էլ այդ փաստն ինքնին նման հասարակական ռեզոնանս առաջացրեց։ Նույն այդ վիճակում նա կհայտնվեր, եթե, ընդհակառակը՝ ամբողջ երեքուկես տարի բանակցություններ վարած լիներ Մաքսային միություն մտնելու համար ու հանկարծ, մեկ օրում հայտարարեր, թե ստորագրում է եվրաասոցացման պայմանագիրը։ Այսինքն՝ խոսքը տարիներով հռչակված ու հետապնդված քաղաքական կուրսի ու դրա 180 աստիճանով անակնկալ փոփոխման մասին է, անակնկալ՝ բոլորի համար՝ իր իշխանության երկրորդ դեմքից սկսած մինչև վերջին քաղաքացին և ողջ միջազգային հանրությունը։
Ս. Սարգսյանը շատ լավ էր հասկանում, որ  նման, մեղմ ասած՝ «անակնկալը» պիտի խորը ցնցում առաջացներ հասարակության մեջ։ Նա շատ լավ էր հասկանում նաև, որ դա կասկածներ պիտի առաջացներ իշխանական համակարգում՝ իր ունակությունների, միշտ «ջրից չոր դուրս գալու» կարողությունների ու իշխանության հուսալիության նկատմամբ։ Նա չէր կարող չհասկանալ, որ դրա հետևանքով պիտի շեշտակի ընկներ իր վստահելիությունը միջազգային ասպարեզում։ Իսկ այս ամենը իշխանությունը կորցնելու իրական վտանգի էին վերածվում մի հանգամանքի՝ խորհրդարանական ընդդիմադիր չորս ուժերի կայացող համագործակցության պայմաններում։ Վերջինս ձեռք էր բերել հասարակական մթնոլորտի վրա ազդելու և հասարակության համախմբման այնպիսի ներուժ, որ նրա համատեղ գործողությունները իշխանափոխության ուղղությամբ արդեն կարող էին հաջողությամբ պսակվել։ Թերևս, դա շատ ավելի լավ գիտեր հենց Ս. Սարգսյանը՝ ձեռքի տակ, բնականաբար, ունենալով հասարակական տրամադրությունների և ներիշխանական խլրտումների մասին առավել որակյալ ու ճշգրիտ տեղեկատվություն։
Այդ պահին սահմանադրական «բարեփոխումների» մասին հայտարարելով՝ Ս. Սարգսյանը երկու նպատակ էր հետապնդում։ Առաջին՝ կանխել իշխանական համակարգում իր «անակնկալի» հետևանքով անխուսափելի վտանգավոր խլրտումները. այդ հայտարարությունն իր թիմակիցներին հասկանալի լեզվով նշանակում էր, թե՝ հանգիստ մնացեք, ես կամ և սահմանադրական փոփոխությունների միջոցով ձև եմ գտնելու մնալ իշխանության ղեկին նաև 2018 թվականից հետո։ Երկրորդ՝ նկատի ունենալով, որ համագործակցող ոչ իշխանական ուժերից ժամանակին կողմ են արտահայտվել խորհրդարանական համակարգի հաստատմանը, հույս ուներ այդ խայծով խաթարել նրանց հետագա համաձայնեցված աշխատանքը։
Դժվար է ասել, թե սեպտեմբերի 3-ից հետո Ս. Սարգսյանի արած այս հայտարարությունն ինչ չափով օգնեց կասեցնելու խլրտումներն իր թիմի ներսում։ Սակայն դա չազդեց չորս ընդդիմադիր ուժերի հետագա համագործակցության վրա։ Բոլոր դեպքերում՝ աշնան ամիսներին արդեն առակա էր այն բարենպաստ քաղաքական իրավիճակը, որ պատկերավոր խոսքով կոչում են ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀ, քաղաքական խոսքով՝ «հեղափոխական իրավիճակ», երբ ընդդիմության համատեղ գործողությունները իշխանափոխության օրակարգով կարող էինհաջողություն գրանցել։
Ապրիլյան իրադարձությունները ոչ միայն հաստատեցին Ս. Սարգսյանի ահաբեկվածության և դիրքերի խարխուլ լինելու թեզը, այլև ակնառու ցուցադրեցին, որ այդ թուլությունը շատ ավելին է, քան կարելի էր պատկերացնել։ Բավական էր, որ ընդդիմադիր քառյակը ապրիլի 28-ին երեք օրով շուրջօրյա հանրահավաք նշանակեր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, և հաջորդ օրը Տ. Սարգսյանն այլևս վարչապետ չէր։ Ի՞նչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ Ս. Սարգսյանը, ձեռքի տակ ունենալով իրավիճակի, այդ թվում՝ սեփական թիմի և հասարակության տրամադրությունների մասին հավաստի տվյալներ (ի պաշտոնե՝ նա դրանք ունի), միանշանակ հասկացել էր հետևյալը. ա) Քառյակի կոչով ծովածավալ բազմություն է հավաքվելու, բ) այն չի բավարարվելու միայն կառավարության հրաժարականի «օրակարգային հարցով» և պահանջելու է նաև իր հրաժարականը, գ) ինքը դրան հակադրելու ոչինչ չի ունենալու։ Կանխելու համար այս հեռանկարը՝ նա անմիջապես կատարեց կառավարության հրաժարականի միակ, պարտադրված քայլը։ Այսինքն՝ դեռ 2013թ. աշնանը իշխանափոխության համար գոյացած բարենպաստ իրավիճակը՝ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ , շարունակում էր պահպանվել, ինչն աներկբայորեն հաստատվեց Քառյակի կատարած այս «էքսպերիմենտով»։
***
Տ. Սարգսյանի կառավարության խուճապահար զոհաբերմամբ Ս. Սարգսյանը կրկին հայտնվեց նույնպիսի երերուն իրավիճակում, ինչպես սեպտեմբերի 3-ից հետո։ Եւ հիմա նա կրկին ձեռքը գցել է «Սահմանադրական բարեփոխումների»՝ իր համար վերջին փրկօղակին։ Հիմա էլ նրա այս նախաձեռնությունը իր համար կենսական նպատակներ է հետապնդում.
Առաջին՝ բուն իշխանության և թիմի ներսում կանխել իր հեղինակության խաթարումն ու ազդեցության թուլացումը։ Նախաձեռնել սահմանադրափոխության մի գործընթաց՝ դրա համար որպես ավարտ նշելով «2015 թ. վերջը կամ 2016-ի սկիզբը», նշանակում է հասկացնել, թե՝ ես այնքան ամուր ու վստահ եմ զգում այսօր, այս պահին, որ, ահա, մեկուկես-երկու տարվա տևողությամբ գործ եմ նախաձեռնում։ Այսինքն, թե՝ ես խնդիր չունեմ մինչև 2018 թվականը, իսկ այս «բարեփոխումների» ընձեռած նոր մեխանիզմներով հնարավորություն կստանամ մնալ դե-ֆակտո իշխանության տերը նաև 2018 թվականից հետո։ Կեղծ ու ցուցադրական ինքնավստահությունը, որպես վերջին միջոց, հաճախ հաջողությամբ աշխատում է մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար, և սա նման դեպքերից է։
Երկրորդ. սա միայն բլեֆ չէ՝ ծանր վիճակից դուրս գալու այսրոպեական խնդիրը լուծելու համար։ Ընդդիմության, տարբեր վերլուծաբանների, լրագրողների տված գնահատականը, թե սահմանադրական «բարեփոխումները» Ս. Սարգսյանի համար իր իշխանության հավերժացման մի մեխանիզմ է, համապատասխանում է իրականությանը։ Եւ հետաքրքիր է, որ այդպիսի մեկնաբանությանն առանձնապես չի ընդդիմանում իշխանական քարոզչամեքենան։ Ավելին՝ իշխանական պատվերների դաշտում աշխատող «ազատ» լրատվամիջոցները նույնիսկ կրկնում են դա։ Սա էլ հասկանալի է։ Անկախ նրանից, թե դա ինչ նպատակով է արվում, նման պատկերացման տարածումը, ինչպես ասացինք, մի կողմից՝ իշխանության ներսում կանխում է Ս. Սարգսյանի նկատմամբ հավատի խարխլումը, մյուս կողմից՝ հասարակության մի մասի վրա կարող է հոգեբանական ճնշման գործիք դառնալ։
Երրորդ. Սահմանադրական «բարեփոխումների» հիմնական նպատակը վերոնշյալ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԻ՝ «հեղափոխական իրավիճակի»  չեզոքացումը, սպառումն է։ Ինչպես ասացինք՝ 2013թ. սեպտեմբերից հետո սկսվել և առ այսօր շարունակվում է բարենպաստ մի շրջան, երբ Քառյակի կողմից վճռական մի նախաձեռնություն, օրինակ՝ համատեղ շուրջօրյա հանրահավաքի հրավիրումը, կարող է Հայաստանում լուծել իշխանափոխության խնդիրը։ Երբեք Ս. Սարգսյանի իշխանությունն այսքան թույլ ու անպաշտպան չի եղել։ Դրա հետ միասին՝ ընդդիմության միավորումը Քառյակի տեսքով  հսկայական հասարակական արձագանք, վստահություն ու սպասում է առաջացրել։ Այս երկուսի արդյունքում էլ հասարակական մթնոլորտը էլեկտրականացված է առավելագույն չափով։ Սահմանադրական «բարեփոխումները» Ս. Սարգսյանի համար (իր իշխանությունը 2018 թվականից հետո երկարաձգման խնդրից առաջ) այսօրեական շատ ավելի կարևոր խնդիր է լուծում։ Սա մի ծուղակ է։ Այս «բարեփոխումներին», թեկուզ ամենախիստ քննադատական դիրքերից, ընդդիմադիր որևէ ուժի մասնակցություն մեծապես կնպաստի Ս. Սարգսյանի հետապնդած  նպատակի իրականացմանը։ Պահպանելու համար դեռևս շարունակվող այն վիճակը, հասարակական այն մթնոլորտը, որում Քառյակը պահպանում է իշխանափոխության պոտենցիալը, անհրաժեշտ է սահմանադրական «բարեփոխումների» այս ծուղակը մերժել հիմնովին։ Ըստ էության՝ այն այլ բան չէ, քան դավադրություն Հայաստանի ժողովրդի դեմ։
Վճռական քաղաքական գործի համար ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ ժամանակային իմաստով սովորաբար կարճ է լինում՝ օրեր, շաբաթներ, երբեմն կարող է երկարել՝ ամիսներ։ Բայց այն չի կարող շատ երկար ձգվել, քանի որ, այնուամենայնիվ, ՊԱՀ է։ Տվյալ դեպքում այն երեք բաղադրիչ ունի. թույլ իշխանություն, միավորված ընդդիմություն, այդ միավորմամբ ոգևորված և սպասումներով լցված հասարակություն։ Ժամանակի ձգմամբ սպասումները կարող են մարել։ Սա շատ լավ  հասկանալով՝ Ս. Սարգսյանը  դիմում է ոչ միայն խարդավանքների, այլև պատրաստ է ցանկացած զիջման՝ գերխնդիր ունենալով ժամանակի մեջ մաշել, սպառել այն բարենպաստ իրավիճակը, երբ Քառյակի որևէ լուրջ գործողություն կարող է սպառնալիք դառնալ իր իշխանության համար։


http://www.ilur.am/news/view/30344.html

Friday, May 23, 2014

Դո´ւրս մեր գրպանից


«Դո´ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 25-ին հրավիրում է բողոքի ավտոերթի` հետեւյալ պահանջներով.
1. վերացնել կարմիր գծերը,
2. փոքրացնել տուգանքները 5 անգամ,
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները՝ մինչև նոր կանոնակարգը հաստատվելը։
Վարչախմբի կողմից սեփական ժողովրդի դեմ չդադարող, ավելին՝ օր օրի սաստկացող ապօրինությունները, թալանն ու կողոպուտը հասարակության կողմից բնական հակազդեցությունների պիտի արժանանային։ Բռնապետության ու նրա կամայականությունների դեմ համառ ու տեւական քաղաքական պայքարի ստեղծած բարենպաստ մթնոլորտում այդ հակազդեցությունները առանձին հարցերի շուրջ հրապարակային դրսեւորումներ են ստանում քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով։ Դրանք չափազանց կարեւոր են քաղաքացիական գիտակցության արմատավորման, քաղաքացիական հասարակության տեսակարար կշիռը բարձրացնելու տեսակետից։ Միայն վերջին մի քանի տարիների համար արդեն կարելի է թվարկել ռեժիմի դեմ դուրս եկած այդօրինակ մեկ տասնյակ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք մեծապես նպաստել են երկրում հասարակական ակտիվությունը պահպանելուն։ Սա էլ, իր հերթին, կարեւոր է օրինականության եւ իրավունքի հաստատման այն հիմնական քաղաքական խնդիրը  լուծելու համար, որ կոչվում է սահմանադրական կարգի վերականգնում։ Սահմանադրական կարգի անխաթարությունը, օրինականությունն ու իրավունքը պահպանելու դեպքում չէին կարող լինել այն խնդիրները, որոնց առիթով քաղաքացիական ընդվզումներ են առաջացել եւ առաջանում։
«Դո´ւրս մեր գրպանից» քաղաքացիական բողոքի առարկան ռեժիմի ամենացինիկ մի քանի ձեռնարկումներն են, որոնք այլ բան չեն, քան բնակչության կողոպուտի մեխանիզմներ։ Դրանք ամենուր բազմացող արագաչափերն են, տեսախցիկները, կարմիր գծանշումներով վճարովի կանգառները։ Ընդ որում՝ ցինիզմն այնտեղ է հասել, որ ստացված ահռելի եկամուտները գոնե բյուջե չեն մտցնում՝ հետո այնտեղից յուրացվելու համար։ Ստացված եկամուտը ուղիղ ճանապարհով գնում է մասնավորի գրպանը, որ, ըստ տարածված տեղեկությունների (նաեւ՝ ըստ ավազակապետության տրամաբանության)՝ երկրի առաջին դեմքի մերձավորներն են։
Ի տարբերություն նախորդների՝ «Դո´ւրս մեր գրպանից»  նախաձեռնության ինքնանվանումն արդեն բավականին խիստ է։ Դրանում հստակ հասցեատեր- թիրախ կա՝ ի դեմս իշխանության, եւ ճշգրիտ բնութագրում է այդ հասցեատեր-թիրախի էությունը՝ գող ու գրպանահատ։
Ի հեճուկս իշխանական պատվեր կատարող որոշ լրագրողների ու վերլուծագանգերի՝ յուրաքանչյուր հաջորդ քաղաքացիական նախաձեռնություն ավելի ու ավելի է քաղաքական երանգ ստանում։ Այսինքն՝ դրանք, իրենց բնույթով՝ իշխանությանն ուղղված կոչից, խնդրանքից, առաջարկից, անգամ պահանջից բարձրանում, վերածվում են իշխանության նկատմամբ ակնհայտ անվստահության։ Տվյալ դեպքում՝ ռեժիմին ուղղված «Դո´ւրս մեր գրպանից» պահանջը այլ կերպ չես բնութագրի։ Եւ որ ամենակարեւորն է, քաղաքացիական նախաձեռնությունների պահանջներն ու քաղաքական ուժերի ծրագրային դրույթներն ավելի ու ավելի հաճախ են սկսում հատվել-համընկնել ու դառնալ համատեղ պայքարի հիմք։ Վերջին այդպիսի խոսուն օրինակը «Դեմ եմ» նախաձեռնության եւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի արգասավոր համագործակցությունն էր։
Քաղաքական ուժերի ծրագրային դրույթների ու քաղաքացիական նախաձեռնությունների հետապնդած հարցերի «հատման» մի օրինակ է նաեւ այս դեպքում։ Դեռ 2013թ. նոյեմբերի 18-ին Հայ ազգային կոնգրեսը, պատշաճ հիմնավորմամբ, պաշտոնապես հայտարարեց, որ իր առաջնահերթ ծրագրերի մեջ է ներառում արագաչափերի, տեսախցիկների ու վճարովի կայանատեղիների ոլորտի կարգավորման խնդիրները` մասնավորապես առանձնացնելով հետեւյալ կետերը.
1.Վերացնել Երեւանում վճարովի ավտոկանգառները, որոնք կարմիր գծանշումներով առանձնացվել են մայթեզրերին, փողոցների երթեւեկելի այն հատվածներում, որտեղ, ըստ ճանապարհային երթեւեկության կանոնների՝ արդեն իսկ թույլատրելի է անվճար կայանելը։
2. Երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքները կրճատել հինգ անգամ, քանի դեռ հասարակության միջին կենսամակարդակը եւ աղքատության տոկոսը համեմեմատելի չեն դարձել եվրոպական միջին չափանիշներին։
3. Երթեւեկության կանոնների խախտումների տուգանքներից գոյացած գումարի 70 տոկոսը մուտքագրել պետական բյուջեի հատուկ հաշվեհամար եւ այն որպես սուբսիդիա տրամադրել՝ ներքաղաքային ուղեւորափոխադրումները՝ 100 դրամ, եւ միջքաղաքային փոխադրումների սակագները՝ հնարավորինս ցածր մակարդակի վրա պահելու համար»։
Կոնգրեսի այս հայտարարությունն անմիջապես ողջունեցին այլ քաղաքական ուժեր, մամուլում եղան հոդվածներ, խորհրդարանում այս թեմաներով եղան ելույթներ ու հարցապնդումներ։
Հիմա դրան միանում է նաեւ խոսուն անվանմամբ քաղաքացիական մի նախաձեռնություն՝ իր կողմից կարեւոր համալրումներ անելով դրված պահանջներին։
Երբ երեւույթը բացահայտ է, նույնն է նաեւ դրա ընկալումը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական դաշտում։ Իսկ արագաչափերը, տեսախցիկներն ու հատկապես՝ կարմիր գծերը, իրենց անտրամաբանական պատժաչափերով, ակնհայտորեն մտահղացված են ու գործում են որպես անամոթ կողոպուտի մեխանիզմներ, որպես իրական գրպանահատություն։

http://www.ilur.am/news/view/29803.html

Tuesday, May 20, 2014

Դա առնչվում է բոլորիս ճակատագրին եւ բոլորիս գործն է


Շաբաթներ առաջ լրատվամիջոցներում ու սոցցանցերով, որպես զավեշտ, տարածվեց Սերժ Սարգսյանի՝ արարողակարգային «ծառ տնկելու» մի լուսանկար։ Իսկ զավեշտն այն էր, որ մարդը բահը ձեռքին ծառ է տնկում՝ կանգնած... ստվարաթղթի վրա: Որ կոշիկների ներբանները հողին չդիպչեն ու չփոշոտվեն։ Մի քանի նման ստվարաթղթեր էլ շարված են մինչեւ մոտիկ շենքի բակը, որոնց վրայով քայլել-հասել է այդտեղ։ Շենքի բակում մի քանի տասնյակ մարդիկ են, ենթադրաբար՝ զանազան պաշտոնյաներ եւ ուղեկցողներ։
Այս կադրը, սակայն, շատ ավելի լուրջ վերաբերմունքի է արժանի, քան սովորական զավեշտը, ինչպես որ հիմնականում այն գնահատվեց կամ մեկնաբանվեց մամուլում եւ սոցցանցերում։
***
Հիշում եմ, հավանաբար՝ 1985 կամ 86թթ. ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» լրատվականով ցուցադրված մի դրվագ։ Գորբաչովի «լավ» ժամանակն էր. «աշխատավորության հետ հանդիպումներ» փիառ-ակցիաների շրջանակներում նա հանդիպումների էր գնում էր երկրի տարբեր շրջաններ, գործարաններ, գյուղեր։ Այդ օրվա ռեպորտաժը կոլտնտեսային դաշտից էր, որտեղ պետք է երկրի ղեկավարը հանդիպեր այստեղ աշխատող մարդկանց հետ։ Դաշտը խճուղուց, որտեղ կանգ առավ նրա ավտոշարասյունը, ցածր էր, եւ իջնելու համար պետք էր հաղթահարել 5-6 մետր կտրուկ թեքությամբ մի լանջ։ Թեքությունն այնպիսին էր, որ իջնելիս դժվար էր հավասարակշռությունը պահել, սահելու, ընկնելու հավանականությունը շատ մեծ էր։ Ու որպեսզի երկրի առաջին դեմքի համար դա բացառվի, կա՛մ պետք է մի քանի հոգի, Գորբաչովի թեւերը մտած՝ իջացնեին այդ մի քանի մետր թեքությունը, կա՛մ պետք է այդ թեքության վրա աստիճաններ դրվեին։ Համապատասխան ծառայություններն ընտրել էին երկրորդ տարբերակը՝ համարելով, որ տեսախցիկների առջեւ երկրի առաջին դեմքին թեւերը մտած իջեցնելը «փիառ» տեսակետից տգեղ կլիներ։ Ճանապարհի եզրից մինչեւ դաշտ իջնելու համար բետոնից աստիճաններ էին տեղադրել։
Մեքենայից իջնելով ու տեսնելով իր համար արված այդ «հոգատարությունը»՝ ամայի վայրում բետոնե աստիճաններ, Գորբաչովը միանգամից զայրացավ, վիրավորվածի կեցվածքով, ձեռքերը թափահարելով ինչ-որ բան ասաց (մոտավորապես՝ «ինձ ձե՞ռ եք առել», «ինձ ինչի՞ տեղ եք դրել» բնույթի), եւ ցուցադրաբար  դաշտ իջավ աստիճանների կողքով՝ մի կերպ պահելով հավասարակշռությունը։ Նա համարեց, որ իր նկատմամբ ցուցաբերված «հոգատարության» թե քծնանքի մեջ չափն անցել են, որ դա վիրավորական է իր համար։
***
Չգիտեմ՝ աշխարհում երբվանի՞ց է ծառ տնկելը, որպես հարգանքի մի ժեստ, դարձել հյուրի, բարձրաստիճան անձանց այցելությունների արարողակարգի մի մաս։ Սակայն դժվար չէ ենթադրել, որ, գուցե ի թիվս այլոց, դրա մեջ դրված է հողի, բնության հետ հաղորդվելու, հաղորդակցվելու խորհուրդ։ Եւ ահա, բնության ու հողի հետ հաղորդակցվելու այդ արարողության ժամանակ նույն հողի վրա ստվարաթուղթ է փռվել, որ մարդու կոշկատակերն անգամ հողին չշփվեն, չհողոտվեն։
Ս. Սարգսյանի ծառատունկի կադրը՝ «շեֆի» նկատմամբ «հոգատարության», քծնանքի աստիճանով եւ արտառոցությամբ, մի քանի հարյուր անգամ գերազանցում է Գորբաչովի հետ կապված դրվագին։ Մինչ վերջինս, դրանից վիրավորված՝ հրաժարվեց, Ս. Սարգսյանը սիրով ընդունեց դա։
Աշխարհում, հաստատ, տասնյակ հազարավոր արարողակարգային նման ծառատունկեր են եղել, ու դրանք անպայման տեսագրվել կամ լուսանկարվել են։ Հնարավո՞ր է գտնել մի այլ դեպք, երբ ծառ տնկողի ոտքերի տակ ինչ-որ բան է փռված՝ կոշիկները հողին չդիպչելու համար։ Չեմ պատկերացնում, որ աշխարհի որեւէ երկրի ղեկավար իրեն նման բան թույլ տված լինի։ Ժամանակին, ոչ առանց հիմքի, ընդունված էր համարել, որ հրապարակային «հոգատարության» ու քծնանքի նման դրսեւորումներն իրենց գագաթնակետին էին հասել Ադրբեջանում՝ Բրեժնեւի նկատմամբ, երբ վերջինս, տարիքի անժամանակ բերումով, ամբողջությամբ կորցրել էր իրականության զգացողությունը։ Բայց նույնիսկ ա՛յն ժամանակ, նույնիսկ նրա՛ նկատմամբ, նույնիսկ Ադրբեջանո՛ւմ չեմ պատկերացնում, թե որեւէ մեկի երևակայությունը կբավարարեր «հոգատարության» ու քծնանքի այս մակարդակի մի բան մտածել։ Դժվար է պատկերացնել, թե նման բան կարող են մտածել անգամ մոլեռանդ կրոնական կազմակերպություններում ու հասարակություններում՝ կենդանության օրոք իսկ արդեն սրբացված իրենց հոգեւոր առաջնորդների նկատմամբ։
Որովհետեւ ամեն երեւույթ իր որակը փոխում է, երբ խախտվում են դրա համար օբյեկտիվորեն դրված չափի սահմանները՝ երբեմն վերածվելով հակառակ որակի մի երեւույթի։ Չափից դուրս հոգատարությունն, օրինակ, վերածվում է քծնանքի։ Չափից դուրս քծնանքը դառնում է դիմացինի նկատմամբ ձեռառնոցի, ծաղրուծանակ, սարկազմ։ Այս ամենն, անշուշտ, ինչպես ասում են՝ «ադեկվատ» ընկալումների եւ մտածողության, տարրական բանականության դաշտում։
Հիմա հիշյալ վավերական լուսանկարի (ոչ մեկը չի հերքել դրա վավերականությունը) առիթով մի քանի խիստ հռետորական հարցեր.
-Էդ ո՞ւմ մտքով է նման բան անցել. դրա արածը Գինեսի գրքում պետք է գրել կա՛մ որպես քծնանքի չգերազանցված մտահղացում, կա՛մ նույն Գինեսի գրքում՝ որպես վերադասին հրապարակավ դաժանորեն ծաղրելու համարձակության չգերազանցված օրինակ։
-Ս. Սարգսյանն այդ աստիճան կորցրե՞լ է դատողական ու գնահատման չափորոշիչները, թե՞ այդ աստիճան սովորել է քծնանքի ցանկացած տարատեսակի, եթե անգամ դա, իր չափազանցության մեջ, վիրավորանքի է վերածվում օբյեկտիվորեն։
-Ինչպե՞ս նրան ուղեկցող առնվազն երկու տասնյակ «պաշտոնատար անձանցից» ոչ մեկի մտքով չի անցել, որ դա, որ կողմից էլ նայես, մեղմ ասած՝ խայտառակություն է։
***
ՀՀ ամեն մի քաղաքացի Սերժ Սարգսյանին անսահմանորեն քննադատելու իրավունք ունի։ Բայց ոչ մեկն իրավունք չունի վիրավորել նրա անձը։ Մեր նպատակն էլ, բնականաբար, դա չէ։ Պարզապես, անձ լինելուց զատ, Ս. Սարգսյանը նաեւ այն երկրի դե-ֆակտո ղեկավարն է, որտեղ ապրում ենք մենք բոլորս։ Գրվածի նպատակն ընդամենը վավերական մի փաստի՝ հիշյալ լուսանկարի անհերքելի հիմքով հերթական անգամ հասարակության անհանգստության հարուցումն ու ուշադրության սեւեռումն է առ այն, որ Ս. Սարգսյանը, իր «սվիտայով» հանդերձ, խնդիրներ ունի ոչ միայն քաղաքական բանականության, այլև բանականության պարզ նորմերի հետ՝ ընդհանրապես։ Իսկ դա արդեն առնչվում է բոլորիս ճակատագրին եւ բոլորիս գործն է։

 http://www.ilur.am/news/view/29604.html

Tuesday, May 13, 2014

Մենք իրավունք չունենք


Ոչ օրինակարգ իշխանության պատճառած չարիքների ու անդառնալի կորուստների ցայտուն այս օրինակը 2000 տարվա պատմություն ունի։ Այն, որպես շատ կարեւոր «պատմական դաս», ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է պատմահայր Մովսես Խորենացին։ Եւ քանի որ մենք շատ ենք սիրում խոսել «պատմության դասերից», հաճախ փնտրում ու այդպես էլ չենք գտնում դրանք կամ գտնում ենք՝ ամեն մեկս՝ ըստ մեր ճաշակի, այս դեպքում վստահենք մեր պատմահորը։ Մանավանդ՝ նրա արձանագրած այդ դասը ոչ միայն խիստ արդիական է, այլև այսօր կարող է լուծել, առանց չափազանցության, Հայաստանի ու հայ ժողովրդի լինել-չլինելու խնդիրը։
Հայ Արշակունի թագավոր Սանատրուկի մահվանց հետո, խառնաշփոթ իրավիճակից եւ օրինական թագաժառանգների անչափահաս լինելու հանգամանքից օգտվելով, թագավորական գահին տիրում է ոմն Երվանդ։ Նա մոր կողմից Արշակունի էր, մինչ այդ վարել էր շատ կարեւոր պետական պաշտոններ, հսկայական վաստակ ուներ ու ամենամեծ հեղինակությունը երկրի տնտեսական ու քաղաքական ընտրանու՝ նախարարների շրջանում։ Այս ամենին նա գումարեց կաշառքը և հենց նույն նախարարների միահամուռ համաձայնությամբ (բացի թագադիր Բագրատունի իշխանից) թագավոր հռչակվեց։ Ոչ օրինակարգ թագավոր։ Իշխանավարության ողջ շրջանում իր ոչ օրինակարգությունը քողարկելու, մեղմելու համար սա, մի կողմից՝զբաղվեց ամենաբուռն ու արդյունավետ շինարարական գործունեությամբ, մյուս կողմից՝ կաշառեց թե՛ ժամանակի «քաղաքական էլիտային», թե՛ միջազգային կենտրոններին։ Թանկ նստեց երկրի ու ժողովրդի վրա նրա ոչ օրինակարգ իշխանությունը. այն պահելու համար ոչ օրինակարգ թագավորը ստիպված եղավ Հռոմին զիջել Հայկական Միջագետքը (տարածքային կորուստ) եւ լիակատար հարկատու դառնալ նրան (ինքնիշխանության կորուստ)։
Անդառնալի կորուստները սթափության են բերում ժողովրդին ու նրա քաղաքական ընտրանուն։ Երվանդը շարունակում է նրանց ավելի շատ սիրաշահել, ավելի առատաձեռն կաշառել, այնուամենայնիվ, դաժան փորձի վրա, ազգային ընտրանու քաղաքական գիտակցությունը հաղթանակում է։ Սրանք թագադիր Բագրատունի իշխանի եւ գահի օրինական ժառանգորդի հետ ապստամբում ու տապալում են ոչ օրինակարգ ու դրանով իսկ՝ չարիքներ ու անդառնալի կորուստներ բերած թագավորին։
Խորենացու «Հայոց Պատմությունը», որ, պատկերավոր ասած՝ անկախության, ազատության համար պայքարի դասագիրք է, չունի որեւէ օտար նվաճողի դեմ համաժողովրդական ընդվզման այսչափ ցայտուն այլ մի դրվագ։ Այսինքն՝ դեռ 1500 տարի առաջ Պատմահայրը, որպես հայ քաղաքական մտքի աքսիոմ՝ արձանագրել է հետեւյալ «պատմության դասը». սեփական ոչ օրինակարգ իշխանությունը շատ ավելի վտանգավոր է, կորստաբեր ու մերժելի, քան նույնիսկ օտար նվաճողի տիրապետությունը։
Ոչ օրինակարգության՝ Պատմահոր բերած օրինակը սխեմայի վերածելով՝ հիմնական գծերը անմիջապես կարող ենք գտնել այսօրվա Հայաստանում՝ ի դեմս Ս. Սարգսյանի իշխանության. կաշառքը՝ որպես իշխանության հաստատման եւ պահպանման գործիք, երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության վաճառք օտարներին՝ իշխանության պահպանման համար, տարածքային կորուստներ ու դրանց վտանգի մեծացում, համատարած հասարակական ատելության հարուցում եւ այլն։ Սակայն ավելի շատ են տարբերությունները՝ ի վնաս Ս. Սարգսյանի.
- Նա իշխանության եկավ ոչ թե համընդհանուր համաձայնությամբ, այլ ռազմական հեղաշրջման ճանապարհով եւ 10 անմեղ մարդկանց կյանքի գնով:
- Նա ոչ թե քաղաքներ է կառուցում, անտառներ հիմնում, բարելավում մարդկանց կյանքը՝ իր ոչ լեգիտիմությունը քողարկելու, մեղմելու համար, այլ դաժանությամբ քանդում է երկիրն ու բացառիկ մի ցինիզմով կողոպտում բնակչությանը՝ մտնելով յուրաքանչյուրի գրպանը:
- Բնակչության մեծագույն մասին մատնել է աղքատության, անապահովության, իրավազրկության, նվաստացնող վերաբերմունքի։ Հարյուր հազարավորներ արտագաղթել, հայրենազրկվել են, հարյուր հազարավորներ պատրաստվում են արտագաղթել, հարյուր հազարավորներ խեղված ճակատագրով քարշ են տալիս իրենց գոյությունը։ Եւ արդեն մի քանի անգամ արձանագրվել է, որ այս ամենն իր մասշտաբներով համեմատելի է 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հետեւանքներին։
2000 տարի առաջ հայ հասարակությունը, նրա մտավոր եւ քաղաքական ընտրանին շատ արագ հասկացավ ոչ օրինակարգ իշխանության կործանարարությունը։
2000 տարի հետո՝ 21-րդ դարի սկզբին, շատ ավելի այլանդակ դրսեւորումներով ու կործանարար հետեւանքներով նույն խնդրի առջեւ ենք կանգնած եւ ոչ մի կերպ չենք կարողանում ի մի գալ։
Եւ դա մեզ զրկում է բազմաթիվ իրավունքներից.
- Վերջին տարիներին տարբեր առիթներով խոսք է եղել Հայաստանի անկախության, ինքնիշխանության սահմանափակումների մասին։ Հայաստանում ավազակապետության տեսքով հաստատված ոչ օրինակարգ իշխանության վնասը հարյուրապատիկ մեծ է առ այսօր ինքնիշխանության ատրիբուտների կորստյան պատճառած որեւէ վնասից։ Այսինքն՝ քանի դեռ հանդուրժում ենք 100 անգամ ավելի կորստաբեր ոչ օրինակարգ իշխանությունը, մենք իրավունք չունենք անհանգստանալ, ինքնին, անշուշտ, կարեւոր՝ Հայաստանի ինքնիշխանության ատրիբուտների կորստի համար։ Դա նույնն է, ինչ մինչեւ կոկորդը ջրի մեջ ընկղմված մարդու համար անհանգստանալ, թե թրջվում է անձրեւից։
- Մեկ տարի հետո լրանում է Հայոց ցեղասպանության 100 տարին։ Մեր ազգային կյանքի ողբերգականորեն ամենանշանավոր այդ տարելիցը նշելու միջոցառումների պետական հանձնաժողովը, Ճակատագրի հեգնանքով, ստեղծվել է մի մարդու հրամանագրով, որը ողջ աշխարհի առջեւ ուրացավ Ցեղասպանությունը։ Ճակատագրի հեգնանքով՝ Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովը ստեղծել ու ղեկավարում է  մի մարդ, որի իշխանության օրոք Հայաստանից հայ ժողովրդի ծրագրված տարագրություն է իրականացվում՝ հայրենազրկման տեսքով ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ։ Դժվար է պատկերացնել ավելի մեծ անպատվություն 1915-ի նահատակների հիշատակին։ Ուստիեւ՝ մենք իրավունք չունենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարում խոսել այդ թեմայով, ուրիշներից ճանաչում կամ պարզ հարգանք ակնկալել, քանի դեռ չենք լուծել ոչ օրինակարգ Ս. Սարգսյանի իշխանազրկման հարցը։
- Մենք իրավունք չունենք խոսել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից։ Այդ իրավունքից եւս մենք զրկվել ենք՝ առ այսօր հանդուրժելով մի իշխանություն, որն իր ոչ օրինակարգության դիմաց վճարեց Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության ու բանակցային կողմի՝ միջազգայնորեն ճանաչված մանդատով։ Չնայած միջազգային պայմանավորվածություններն աստիճանաբար հստականում են, եւ՝ ոչ հօգուտ Ղարաբաղի իրական ինքնորոշման իրավունքի, Ս. Սարգսյանը համառորեն չի վերադարձնում Լեռնային Ղարաբաղի միջազգային մանդատը։
- Մենք իրավունք չունենք խոսել ու բողոքել հարեւանների կողմից մեր պատմության բարբարոսական կեղծումից, քանզի մեր նույն այդ պատմությունը Ս. Սարգսյանի հրահանգով շատ ավելի բարբարոսաբար կեղծում է Երեւանի պետական համալսարանը, որի խորհրդի նախագահն է նա։
- Մենք իրավունք չունենք խոսել անգամ աստվածաշնչային պատվիրաններից, օրինակ՝ չգողանալուց, քանի դեռ հանդուրժում ենք մի իշխանություն, որը քաղաքական գիտության մեջ հենց այդ բառով էլ բնորոշվում է՝ «գողիշխանություն»՝ ավազակապետություն։ Այդ իշխանության այսօրվա ղեկավարը (մի կողմ թողնելով նրա թալանած իրական՝ միլիարդավոր դոլարների հարստությունը) իր իսկ ստորագրած հայտարարագրերով հաստատում է, որ գողացել է։
Մենք իրավունք չունենք Ս. Սարգսյանի հետ այլ լեզվով խոսել. նա վաղուց ունեցել, նրան վաղուց տրվել է այդ հնարավորությունը։ Նրա հետ պետք է խոսել միա՛յն հրաժարականի լեզվով։
Մենք իրավունք չունե՛նք...
Մենք իրավունք չունենք ժամանակ կորցնել, անգամ՝ 1օր, անգամ՝ 10 օր, էլ ուր մնաց՝ 100։ Որովհետեւ, առանց ամենափոքր չափազանցման, ամեն օր տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր են խեղվում։ Որովհետեւ, առանց ամենափոքր չափազանցման՝ հայ ժողովուրդն ու Հայաստանն ազգային իմաստով ապրում են իրենց հոգեվարքի շրջանը. պարտադիր չէ անպայման, որպես կատարված փաստի՝100-200 տարվա հեռավորությունից նայել՝ դա տեսնելու համար։ Ու այս ամենի պատասխանատվությունն արդեն ընկնում է նաեւ նրանց վրա, ովքեր պատմականորեն կոչված են լուծելու խնդիրը եւ, անհասկանալիորեն, հապաղում են։
Մենք՝ 21-րդ դարում, իրավունք չունենք չհասկանալ այն, ինչ մեր նախնիները հասկացել ու, ըստ այդմ՝ գործել են 2000 տարի առաջ։

http://www.ilur.am/news/view/29248.html