Wednesday, October 5, 2016

Անկախության տոնից հետո, անկախության մասին


Անցան Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարությունները։
Տոնի առիթով զինվորական շքերթից, արտասանված պաշտոնական ճառերից, հայտարարություններից, վերլուծական եւ այլ հոդվածներից մինչեւ բակերի «բեսեդկաներում» ու գյուղամեջերում այդ թեմայով ծավալված զրույցներում ընդհանուր արձանագրումն այսպիսին էր. «Անկախությունն, անշուշտ, ամենամեծ ձեռքբերումն է, մեծագույն արժեք է, մեծագույն տոն...»։ Կախման կետերը նշանակում են, թե այստեղ արձանագրումը չէր ավարտվում, վերապահական մի տոնայնություն կար՝ արտասանված կամ չարտասանված «բայց»-ի տեսքով։
Ինչպես կենացը, շնորհավորանքը, տոնական հոդվածն էլ ունի իր չգրված կանոնը, շրջանակները, որ զգացի անկախության օրվա առիթով հոդվածը http://www.ilur.am/news/view/55751.html գրելիս։ Զգացի, որ այդ դեպքում չի կարելի դուրս գալ ինչ-որ շրջանակներից, եւ որ երբեմն պետք է արգելակներ աշխատեցնել՝ չընդարձակվելու, չմանրամասնելու, ասելիք ինչ-որ բան չասելու համար։ Այլապես դա տոնական հոդված չէր լինի։ Սակայն դրանք կարեւոր բաներ էին, ուստիեւ բացթողածն ուզում եմ լրացնել, չմանրամասնածը մանրամասնել՝ ելնելով նույն այդ՝ անկախության արժեւորումից, նպատակ ունենալով հնարավորինս հստակեցնել մեր անկախությանը վերջին շրջանում տիզի նման կպած վերոնշյալ «բայց»-ի հիմքերն ու պատճառները։
Այն, որ ժողովուրդների պատմության առանցքը անկախ պետականություն ունենալու համար պայքարն է, այն փայփայելը, պահպանելը եւ հզորացնելը, որեւէ կասկածի ենթակա չէ։
Եւ, այնուամենայնիվ, անկախությունը չէ, որ բացարձակ արժեք է։ Բացարձակ արժեքը ժողովուրդն է, ազգը՝ իր բոլոր խավերով եւ անհատներով հանդերձ։ Պարզապես, վերջինիս ազատությունը, արժանապատիվ կյանքը, անվտանգությունը, ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը առավելագույնս հնարավոր է իրականություն դարձնել անկախության պայմաններում։ Եւ դա այդպես է բոլոր ժամանակների, բոլոր ժողովուրդների համար։ Անկախությունը ոչ թե ինքնաբերաբար բերում է թվարկված բարիքները՝ որպես երկնային մանանա, այլ պայմաններ է ստեղծում, լավագույն միջոցն է դառնում դրանց իրականացմանը հասնելու համար (մի բան, որ անհնար է օտարի իշխանության պայմաններում)։ Ընկալումն այդպիսին է եղել շատ վաղուց։
Այստեղ պիտի մանրամասնեմ վերոհիշյալ «տոնական» հոդվածիս այն թեզը, որ երկրի, ժողովրդի անկախության համար բոլոր ժամանակներում եւ այսօր վտանգ է եղել ավելի շուտ ներքին գործոնը, քան արտաքին։ Իսկ այդ գործոնն այլ բան չէ, քան պետական իշխանության օրինակարգության աստիճանը։
Ստորեւ՝ այս պնդումը ցուցադրող երկու պատկերավոր օրինակ՝ պատմահայր Մովսես Խորենացուց։
Առաջին. իրավիճակ, երբ անկախ պետականությունը հասարակության բոլոր խավերի համար իդեալական վիճակ է։ Այդպես է պատմահոր ամենափառապանծ հերոսներից մեկի՝ Տիգրան Երվանդյանի (պատմական Տիգրան Մեծ) կառավարման շրջանում.
«....Բոլորին՝ տղամարդկանց ու կանանց, նա լիացրեց ոսկով, արծաթով ու պատվական քարերով, զգեստներով ու գույնզգույն գործվածքներով, ինչով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երեւում, իսկ գեղեցիկներն այն ժամանակվա համեմատ դյուցազունների էին նմանում։ Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները՝ հաջող աղեղնավորներ, կոպալներով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատսպարվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով... Նա խաղաղություն ու շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով» (Ա, ԻԴ)։
Նկատենք, խոսքն այն մասին չէ, թե արտաքին քաղաքական հաջողություններից հետո ինչ ձեռք բերեց թագավորն անձամբ, այլ՝ ժողովուրդը, հասարակությունն իր բոլոր խավերով։ Պարզ է, որ այս պարագայում երկրի անկախությունն ու անվտանգությունը երաշխավորված են ոչ միայն տնտեսական ու ռազմական հզորությամբ, այլեւ, դրանց վտանգ սպառնալու դեպքում, նույն այդ անկախությամբ երջանկացած ողջ հասարակության միահամուռ պաշտպանությամբ։
Երկրորդ. իրավիճակ, երբ նույն այդ անկախությունը ընկալվում է որպես մի տեսակ «խանգարիչ հանգամանք», այնքան, որ դրանից ուզում է հրաժարվել ու հրաժարվում է երկրի անկախությամբ ավանդաբար ամենաշահագրգիռ խավն անգամ։ Այդպես էր վերջին Արշակունու՝ Արտաշիրի (Արտաշես) օրոք։
 «Բայց Հայոց Արտաշիր թագավորը սկսեց թաղվել անչափ անառակ ցանկությունների եւ մեղքերի մեջ, այն աստիճան, որ բոլոր նախարարները նրանից զզվեցին։ Նրանք եկան մեծն Սահակի մոտ, բողոք բարձրացրին եւ նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն Պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն եւ պարսիկ բերեն աշխարհին կառավարող» (Գ. ԿԳ)։
Եւ, Սահակ կաթողիկոսի՝ քաղաքական առումով ճշգրիտ ու երկաթյա տրամաբանությամբ հակադարձումն անգամ, թե՝ «ինչպե՞ս կարելի է իմ ախտավոր ոչխարը փոխեմ առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»՝ ոչ մեկին չհամոզեց։ Նախարարները, իրենք իրականում շատ հեռու լինելով դավաճանությունից, կատարեցին ըստ էության դավաճանական այդ քայլը։
Առաջին՝ Տիգրանի դեպքում, անկախությունը բացարձակ արժեք է դառնում այնքանով, որքանով բարձրագույն պետական իշխանությունը հենվում է առողջ քաղաքական մտքի վրա, առաջնորդվում պետական մտածողությամբ՝ որպես հոգածության առարկա ունենալով ողջ ժողովրդին՝ նրա բոլոր խավերով։ Այդ դեպքում ապահովվում են անկախությա բնական գործառույթների իրականացումը եւ առավելագույն արդյունքների ստացումը։ Երկրորդ դեպքում՝ բարձրագույն իշխանության՝ քաղաքական իմաստով աղճատվածությունը, այլասերվածությունը ու պետական մտածողության բացակայությունը անհնար են դարձնում անկախության գործառույթների իրականացումը։ Անկախությունը նույնացվում է չարորակ իշխանության հետ, եւ հենց անկախությամբ ամենաշահագրգիռ՝ ազնվականական-իշխանական խավը որոշում է ազատվել դրանից։
Երկու դեպքում էլ ինքը՝ անկախությունը, պասիվ գործոն է, պասիվ իրավիճակ։ Ակտիվ գործոնը տվյալ պահի պետական իշխանությունն է, նրա էությունը, որակը, գործունեությունը, որ, մի դեպքում՝ հանգեցնում է ողջ հասարակության ազատության ու բարգավաճման, մյուս դեպքում՝ բոլորի, ընդհուպ ազգի քաղաքական ընտրանու՝ նախարարների կողմից օտարի  իշխանության գերադասման։
Իսկ ո՞ր դեպքում է, երբ անկախության պայմաններում ապահովվում է առաջին արդյունքը, եւ ո՞ր դեպքում է, որ հանգում է երկրորդ արդյունքին կամ հետեւանքին։
Հիմնական ու վճռորոշ պայմանը իշխանության օրինակարգության (լեգիտիմության) հանգամանքն է։
Ամեն մի իշխանության օրինակարգություն, մեծ հաշվով, ունի երկու բաղադրիչ. օրինակարգ՝ ծագմամբ, եւ օրինակարգ՝ գործունեության արդյունքով։ Մեկի կամ մյուսի բացակայությունը խանգարիչ հանգամանք է։ Բերված օրինակներում՝ Տիգրան Երվանդյանի իշխանությունը օրինակարգ էր թե՛ ծագմամբ (իշխող թագավորական տոհմի հերթական օրինական գահակալն էր), թե՛ պետական մտածողության վրա հենված գործունեությամբ։ Այստեղ կարելի է ընդարձակ քաղվածքներ անել Խորենացուց, բավարարվենք այս մի քանի տողով. «Նա ամեն բանի մեջ արդարադատ ու հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը»։ Այսինքն՝ թագավորի գործունեությունը հենված է եղել բարձրակարգ քաղաքական եւ պետական մտածողության վրա։ Արտաշիրի իշխանությունը եւս ծագմամբ օրինակարգ էր (նա Արշակունի թագավորական տոհմից էր), բայց նրա մոտ իսպառ բացակայում էր ձեռքբերովի օրինակարգությունը։ Այստեղ պատմահայրը շատ չի ծավալվում, բայց ասված կարճ խոսքն էլ բավարար է դա պատկերացնելու համար. «Հայոց Արտաշիր թագավորը սկսեց թաղվել անչափ անառակ ցանկությունների եւ մեղքերի մեջ»։ Հասկանալի է, որ դրա հետ չի կարող համատեղվել ո՛չ քաղաքական միտքը, ո՛չ պետական մտածողությունը։
Այսինքն, իսկապես, անկախությունը, պետականությունը կարող է վտանգվել եւ կորսվել ոչ միայն եւ ոչ այնքան արտաքին գործոնների՝ օտար նվաճողների, որքան ներքին գործոնների՝ քաղաքական մտքի աղճատման, պետական մտածողության բացակայության, պետական իշխանության չարաշահման ու այլասերման պատճառով։
Եւ դա՝ ինչպես հազար, երկու հազար տարի առաջ, այնպես էլ այսօր։
Հիմա պրոյեկտենք այս ամենն այսօրվա վրա։
Ի տարբերություն հին-հին դարերի՝ այսօր ՄԱԿ-ի անդամ որեւէ անկախ պետություն միջազգային օրենքներով գործնականում լիակատար երաշխավորված է արտաքին վտանգից, այսինքն՝ Հայաստանի անկախությանն սպառնացող արտաքին վտանգը, որպես այդպիսին՝ ձգտում է զրոյի։
Ինչպես եւ հին-հին դարերում, նաեւ այսօր երկրի անկախությանն ու գոյությանը սպառնացող վտանգ է շարունակում մնալ պետական իշխանության որակը՝ ծագմամբ եւ արդյունքով օրինակարգությունը, այդ իշխանության դավանած քաղաքական սկզբունքները, պետական մտածելակերպի առկայությունն ու մակարդակը։ Հայաստանի իշխանությունն իսպառ զուրկ է ծագմամբ օրինակարգ լինելու հանգամանքից։ Հայաստանի իշխանությունը զուրկ է նաեւ ձեռքբերովի օրինակարգությունից՝ իր գործունեությամբ ժողովրդին ոչինչ չտալու, ընդհակառակը՝ նրան անխղճաբար թալանելու ու ճնշելու իրողությամբ։ Այսինքն՝ հայ ժողովրդի ազգային գոյության, զարգացման եւ ազատության ապահովման միջոց հայկական անկախ պետականությանն սպառնացող վտանգը ներքին է՝ ի դեմս իր՝ ամբողջությամբ ոչ օրինակարգ պետական իշխանության։
Այնպես որ, անկախության սիրելի ջատագովնե՛ր.
Մեր երկրի անկախությանը վտանգ չի սպառնում ո՛չ Հյուսիսից, ո՛չ Հարավից, ո՛չ Արեւմուտքից, ո՛չ Արեւելքից։
Անկախությունը պաշտպանելու ու երաշխավորելու միակ ձեւը ներքին գործոնի ապահովումն է՝ ծագմամբ եւ արդյունքով օրինակարգ իշխանության հաստատումը։
Ուրեմն եւ՝ հանուն անկախության պայքարի ճակատային առաջին գիծն անցնում է, նախեւառաջ, ընտրական տեղամասերով եւ այլ բան չէ, քան քվեարկության վերահսկում, օրենքի պահպանում, օրինականության ապահովում։
Ճակատային այդ գիծն անցնում է ձեր եւ ընտրակաշառք բաժանողների, ձեր եւ ընտրակաշառք վերցնողների միջև. եթե դուք չեք բռնում երկուսի ձեռքն էլ, դուք պարտվում եք, դուք նպաստում եք անկախության կորստին։
Եթե այս ամենը չեք անում, մնացած բոլոր դեպքերում՝ անկախության անունից ճառելը, կուրծք ծեծելը, հուզվելն ու հուզելը, միջազգային դավադրություններ փնտրելն այլ բան չեն, քան հասարակության ապակողմնորոշում, ամենախայտառակ բիզնես՝ անկախության վրա եւ անկախության հաշվին։

http://www.ilur.am/news/view/55909.html

Tuesday, September 20, 2016

Անշրջանցելի ու անխոցելի մեր անկախությունը


Այն, որ բոլոր ժողովուրդներն են իրենց պատմության ընթացքում ձգտել անկախ պետականության, նշանակում է, թե դա է ազգի գոյատեւման, զարգացման ու բարգավաճման, ազատության ապահովման ամենակարեւոր երաշխիքը։ Որպես այդպիսին՝ անկախ պետականությունը ցանկալի է ազգի, հասարակության բոլոր խավերին։ Ուստիեւ հասկանալի է, թե ինչու անկախության համար պայքարները, որպես կանոն, համազգային բնույթ եւ ընդգրկում են ձեռք բերում։
Առավել հայտնի պատմության ընթացքում ութ անգամ է եղել, որ Հայաստանն անկախություն է ձեռք բերել, պետականություն ստեղծել (առաջինի շուրջ գիտության մեջ բանավեճեր կան)։
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով հիշենք Հայոց պատմության, Հայաստանի ու հայ ժողովրդի գոյության այդ ութ սյուները.
Մ.թ.ա. 860 թ. Բիայնիլի- Նաիրի- Ուրարտու-Արարատյան պետություն։ Հիմնադիր արքա՝ Արամե։ Պետականության տեւողությունը՝ մոտ 270 տարի։
Մ.թ.ա. 570 թ. Երվանդունիների Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Երվանդունիներ, հիմնադիր արքա՝ Երվանդ Սակավակյաց։ Տեւողությունը՝ մոտ 400 տարի։
Մ.թ.ա. 189 թ. Արտաշիսյան Հայկական պետություն, հիմնադիր՝ Արտաշիսյան արքայատոհմ, հիմնադիր արքա՝ Արտաշես Առաջին։ Տեւողությունը՝ մոտ 190 տարի։
Մ.թ. 66 թ. Արշակունյաց Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Պարթեւներ, հիմնադիր արքա՝ Տրդատ Առաջին։ Տեւողությունը՝ 362 տարի։
885 թ. Բագրատունյաց Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Բագրատունիներ, հիմնադիր արքա՝ Աշոտ Առաջին։ Տեւողությունը՝ 160 տարի։
1198 թ. Կիլիկյան Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Ռուբինյաններ, հիմնադիր արքա՝ Լեւոն Երկրորդ։ Տեւողությունը՝ մոտ 180 տարի։
1918 թ. Հայաստանի Հանրապետություն, հիմնադիր քաղաքական ուժ՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, առաջին վարչապետ ՝ Հովհաննես Քաջազնունի։ Տեւողությունը՝ 2,5  տարի։
1991 թ. Հայաստանի Հանրապետություն, հիմնադիր քաղաքական ուժ՝ Հայոց համազգային շարժում, հիմնադիր նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Տեւողությունը՝ արդեն 25 տարի։
Հայոց երեքհազարամյա պատմության ընթացքում՝ ընդամենը ութ սերունդ, որոնք բախտ են ունեցել անկախություն կերտելու, եւ ութ պետական-քաղաքական գործիչ, որ անկախ պետականության հիմնադիրներ են։
Ընդհանուր հաշվով՝ մոտ 1600 տարվա անկախ հայկական պետականություն՝ մոտ երեք հազարամյակի ընթացքում։ Չհաշված` տարբեր ժամանակներում տասնամյակներով, երբեմն՝ դարերով ձգվող փաստական անկախության շրջանները, ինչպես, օրինակ՝ Մարզպանական շրջանը (5-7-րդ դարեր), Իշխանական շրջանը (7-9-րդ դարեր) Զաքարյանների շրջանը (12-13-րդ դարեր), Խորհրդային Հայաստանը եւ այլն։ Կասկածից վեր է, որ պետականության այս ահռելի պաշարն ու ավանդույթն է, որ ապահովել է հայ ժողովրդի գոյատեւումը՝ եզակիներից մեկը իր հասակակից ժողովուրդների մեջ։
Պետականությունն այնքան ավելի ամուր ու հարատեւ է, որքան հիմնված է առողջ քաղաքական մտքի, պետականության կենսունակ հիմնադրույթների վրա։ Ներքին այս գործոնն է առաջնայինը։ Արտաքին գործոնները կարող են բարենպաստ դեր խաղալ անկախության ձեռքբերման ու պահպանման գործում, եթե ապահովված է ներքին գործոնը։ Այլապես՝ պատմության ընձեռած բարեպատեհ առիթները կարող են չիրացվել։ Արտաքին գործոնները կարող են պետականության կորստյան պատճառ դառնալ, եթե վտանգված է ներքին գործոնը՝ տկարացած է քաղաքական միտքը, եւ խեղաթյուրված են պետականության հիմնադրույթները։ Այսինքն՝ երբ անկախությունը չի կատարում ազգի (նրա բոլոր խավերը ներառյալ) գոյատեւման, զարգացման, բարգավաճման, ազատության ապահովման իր բուն գործառույթը։ Իսկ դա տեղի է ունենում, երբ պետական իշխանությունը օրինակարգության կորստի կամ այլ պատճառով այլասերվում, աղճատվում է։
Ասել է թե՝ անկախության, որպես ազգի, նրա յուրաքանչյուր անդամի լավագույն կյանքի ապահովման պայմանի եւ ազատության երաշխիքի ձեռքբերումն ու կայացումը ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին խոչընդոտների հաղթահարման խնդիր է։ Հաճախ՝ ավելի շատ ներքին։ Եւ այս վերջինն ավելի կարեւոր է, քան առաջինը։ Օտար տիրապետությունը համախմբում է ազգը, պահում նրա կենսունակությունը՝ անկախության եւ ազատության հասնելու հեռանկարով։ Անկախության պայմաններում սեփական իշխանության ոչ օրինակարգությունը, այլասերվածությունը, օտարաբնույթ էությունը բարոյալքում են ազգը, մատնում հուսահատության ու կազմալուծման։ Մարդկանց ընկալումներում անկախությունը նույնանում է չարորակ իշխանության հետ, աղավաղվում են անկախության մասին հասարակական պատկերացումները՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով պետականության կորստի համար։
Անկախությունը ծանրագույն մարտահրավեր, պատասխանատու քննություն է բոլոր դեպքերում։ «Անկախության պատրաստ լինել» չարչրկված արտահայտության տակ ոչ մի այլ բան չպետք է փնտրել, բացի հասարակությանն առաջնորդող ուժի քաղաքական մտքի որակից, պետականության, իշխանության մասին նրանց պատկերացումներից։ 1991 թ. անկախության մարտահրավերը մեզ համար ծանրագույններից էր բոլոր պարամետրերով։ Ծանրագույնն էր՝ համեմատած նաեւ մեկուկես տասնյակ նորանկախ երկրների մարտահրավերների համեմատ։ Դրան նախորդած՝ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման շնորհիվ Հայաստանը քաղաքական իմաստով ամենապատրաստն էր անկախությանը։ Հայ քաղաքական միտքը, ի դեմս Հայոց համազգային շարժման ծրագրի, որդեգրած պետականության հիմնադրույթների եւ իրատեսական քաղաքական գործելակերպի՝ կարողացավ պատվով հանձնել այդ քննությունը, դիմագրավել բոլոր մարտահրավերները՝ հաղթահարելով անկախության ճանապարհի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բոլոր խոչընդոտները։ 1991 թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական կամքով վավերացված անկախությունն ապացուցեց, որ երկրի հզորության հիմքում, տարածքային, մարդկային, տնտեսական ռեսուրսներից զատ՝ նույնքան, գուցե ավելի կարեւոր է հենց քաղաքական ռեսուրսը՝ ի դեմս առողջ քաղաքական մտքի, պետականության կենսունակ հիմնադրույթների, իրատես քաղաքական գործելակերպի։ Հենց այդ հիմքի վրա է, որ հնարավոր եղավ նվազագույն ռեսուրսներով ապահովել առավելագույն քաղաքական արդյունք՝ աներեւակայելի անգամ 1991-ին։
Հայոց համազգային շարժման քաղաքական մտածելակերպի, հեռատեսության առարկայացման բարձրակետերից էր անկախության հռչակումը համաժողովրդական հանրաքվեով՝ հաղթահարելով, մի կողմից՝ հակաանկախական ուժերի դիմադրությունը, մյուս կողմից՝ մանկամիտ արմատականությունը։ Նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը միակն է, որ ժամանակին գործող ԽՍՀՄ օրենքի տառի պահպանմամբ, համաժողովրդական հանրաքվեով հռչակեց իր անկախությունը՝ այն անշրջանցելի ու անխոցելի դարձնելով արտաքին ցանկացած վտանգի դեմ, բոլոր ժամանակներում։

Հայաստանի անկախությունը նրա յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն է, իր կյանքն ապահով, արժանապատիվ ու երջանիկ դարձնելու միջոցը։ Բայց այն նաեւ մնում է որպես պատասխանատու քննություն յուրաքանչյուրի համար։ Հանձնել այդ քննությունը՝ նշանակում է չծախել ձայնը, կարողանալ զանազանել քաղաքական գործունեությունը քաղաքական խեղկատակությունից ու քաղաքականության վրա արվող բիզնեսից։
Հայաստանի այս անկախությունը պետք է լինի վերջինը։
 Արտաքին որեւէ գործոն, որեւէ հարեւան կամ գերտերություն չի կարող վտանգ ներկայացնել դրան։ Միակ վտանգը կարող է լինել ներքին գործոնը՝ քաղաքական մտքի տկարացումը, հասարակության կողմից ոչ օրինակարգ եւ այլասերված իշխանության հանդուրժումը։
Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ՝
Շնորհավորանքներ անկախության սերնդին՝ բոլոր նրանց, ովքեր 1991 թ. սեպտեմբերի 21-ին մասնակցել են անկախության հանրաքվեին, նաեւ նրանց, ովքեր տարիքի ու այլ հանգամանքների բերումով դա չեն կարողացել անել։
Շնորհավորանքներ Հայաստանի անկախությունը ձեռք բերած ու պետականությունը կայացրած քաղաքական ուժին, նրա ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Շնորհավորանքներ նրանց, ովքեր պայքարել ու պայքարում են ընդդեմ անկախ պետականությանն սպառնացող միակ՝ ներքին վտանգի՝ իշխանության այլասերման, եւ հանուն անկախությանը վայել օրինակարգ եւ օրինավոր իշխանության վերականգնման։

http://www.ilur.am/news/view/55751.html

Friday, September 16, 2016

Գիրք՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ


Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Հայ ազգային կոնգրեսի եւ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության ջանքերով լույս է ընծայվել փաստաթղթերի մի ժողովածու։ Գրքում ամփոփված փաստաթղթերը Հայաստանի անկախության ձեռքբերման պատմության ողնաշարը կազմող հիմնական վավերագրերն են (1988-1991 թթ.)։ Ստորեւ ներկայացնում ենք գիրքը պատրաստողների՝ Բաբկեն Արարքցյանի եւ Աշոտ Սարգսյանի ներածական «ԵՐԿՈՒ ԽՈՍՔԸ»
Անկախության օրը բոլոր ազգերի տոնացույցերում առաջինն է, ամենակարեւորը։
Հայաստանի անկախության օրը սեպտեմբերի 21-ն է. 25 տարի առաջ, 1991 թվականին այդ օրն է տեղի ունեցել Հայաստանի անկախության հանրաքվեն՝ արձանագրելով, փաստորեն, միաձայն դրական արդյունք։
Անկախության ձեռքբերումը ակտ չէր՝ արձանագրված սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ։ Այն շատ լուրջ ու պատասխանատու քաղաքական մի գործընթացի արդյունք էր՝ 1988 թվականից ծայր առած համաժողովրդական պայքարի՝ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման օրակարգի գլխավոր հարցի լուծում։ Սեպտեմբերի 21-ը հանուն անկախության պայքարի այդ ընթացքի քաղաքական բարձրակետն էր։
Սույն ժողովածուի ամփոփած փաստաթղթերը Հայաստանի անկախության ձեռքբերման պատմության ողնաշարը կազմող հիմնական վավերագրերն են։
Անկախության հարցը Ղարաբաղյան շարժման առանցքագաղափար դարձավ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի համար պայքարի առաջին 3-4 ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ ԽՍՀՄ պայմաններում խնդիրը դատապարտված է փակուղի մտնելու։ Շարժման՝ մայիսի վերջին ձեւավորված նոր ղեկավար մարմինը՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն («Ղարաբաղ» կոմիտե), հարցի հետապնդման շարունակականության ապահովման ելքը տեսավ Ղարաբաղի խնդիրը ընդհանուր ժողովրդավարական խնդիրների վրա խարսխելու մեջ՝ ըստ էության, անկախության ձեռքբերման մեջ տեսնելով այդ ու ցանկացած այլ ազգային հարցի լուծման բանալին։
Հենց քաղաքական եզրահանգման այս հիմքի վրա է կառուցված Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հեղինակած եւ 1988 թվականի օգոստոսի 19-ին հրապարակած «Հայոց համազգային շարժման ծրագիր» փաստաթուղթը, ինչը, որպես քաղաքական ծրագիր, աննախադեպ էր ոչ միայն խորհրդային տոտալիտար համակարգի պայմաններում, այլեւ հայ քաղաքական մտքի պատմության մեջ։ Դրանով միաժամանակ հռչակվեց Ղարաբաղյան համաժողովրդական շարժման քաղաքական կառույցի՝ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) կազմավորումը։
Շարժման ու նրա ղեկավարության համար անկախության գաղափարը զանգվածների վրա ազդելու դեկլարատիվ գործիք չէր, այլ լրջագույն ու պատասխանատու խնդիր, որը չէր կարելի վտանգել ո՛չ շտապողականությամբ, ո՛չ էլ դանդաղելով։ ՀՀՇ վերոհիշյալ ծրագրում չի օգտագործվում «անկախություն» բառը։ Մյուս կողմից, սակայն, Ծրագիրը «գաղափարական սկզբունքների» տեսքով պարունակում էր անկախ պետականության բոլոր հիմնադրույթները։
Դեռ կոմունիստական իշխանության պայմաններում Շարժման ճնշման տակ Հայաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ ընդունել տասնյակ որոշումներ, որոնք բխում էին ՀՀՇ ծրագրում արձանագրված խնդիրներից եւ անկախության տանող քայլեր էին ըստ էության։ Սույն ժողովածուում ընդգրկված են դրանցից մի քանիսը։
Խորհրդային Միությունում ծավալված ժողովրդավարական շարժումների մեջ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն առաջինն էր ժամանակագրորեն, այլեւ առաջամարտիկը, եւ այդպիսին մնաց (վերջին մեկուկես տարում արդեն որպես իշխանություն) ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ վախճանը 1991 թվականի դեկտեմբերին։
Քառամյա այս պայքարում Հայաստանի անկախության խնդիրը հետապնդող եւ անկախությունը կայացրած քաղաքական ուժը՝ Հայոց համազգային շարժումը, մերժեց հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումները, երբեք չտրվեց ժողովրդահաճության գայթակղությանը, առաջնորդվելով իրատես քաղաքականությամբ։ Դրա շնորհիվ անկախության ճանապարհին կատարված քայլերն ու ընդունված որոշումները մի կողմից՝ ճշգրիտ հաշվարկի ու քաղաքական հետեւողականության, մյուս կողմից՝ երկրի ու ժողովրդի անվտանգության ու ապահովության մտահոգության հստակ դրսեւորումներ են։
Հրապարակվող փաստաթղթերը նաեւ այս պնդման ապացույցներն են։
Շուրջ երկու տարի Հայոց համազգային շարժումը հետեւողականորեն ու անմնացորդ ժողովրդավարական պայքարի շնորհիվ ոչ միայն միջազգային բարձր հեղինակություն էր վաստակել, այլեւ ամբողջությամբ փոխել էր հանրապետության հասարակական մթնոլորտը։ Դրա շնորհիվ է, որ 1990 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում այս քաղաքական ուժն անվիճելի հաղթանակի հասավ՝ վերջ դնելով կոմունիստական 70-ամյա իշխանությանը։
Հայոց համազգային շարժման իշխանության գալուց անմիջապես հետո, հաղթահարելով կենտրոնական իշխանության ճնշումներն ու սադրանքները, Հայաստանը գործում էր որպես փաստական անկախ պետություն՝ նաեւ օրենսդրորեն ամրապնդելով իր այդ կարգավիճակը։ 1990  թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որով հայտարարվում էր «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։ Դրան հաջորդեցին օրենքներն ու սահմանադրությունը Հռչակագրին համապատասխանեցնելու օրենքներ եւ որոշումներ։
Մինչեւ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի իրականացումը Հայաստանի նոր՝ ժողովրդավար իշխանությունը սառնասրտորեն ու ճշգրիտ հաշվարկներով կարողացավ հաջողությամբ հաղթահարել կամ շրջանցել արտաքին՝ խորհրդային կենտրոնի հարուցած մանր ու մեծ խոչընդոտները։ Նույն կերպ հնարավոր եղավ չեզոքացնել նաեւ ոչ պակաս վտանգավոր ներքին՝ կեղծ ազգայնականության, քաղաքական պոպուլիզմի վրա հենված ընդդիմացումներն ու խարդավանքները։
Հայաստանը ԽՍՀՄ հանրապետություններից միակն է, որ իր անկախությանը հասավ ԽՍՀՄ գործող օրենքներին եւ միջազգային չափանիշներին լրիվ համապատասխան, դրանով իսկ իրավական առումով անխոցելի դարձնելով այն։
Ժամանակագրական կարգով հրապարակվող փաստաթղթերը ցույց են տալիս այդ ճանապարհը, ինչպես նաեւ ցուցադրում են անկախության այդ գործընթացի բարձր քաղաքական որակն ու հարգը։
 «Հայաստանի անկախության մասին հռչակագրի» ընդունումը, դրանով պաշտոնապես «անկախության գործընթացի սկիզբը» հայտարարելուց 558 օր հետո, 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը, որպես անկախ պետություն, դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, եւ նրա Եռագույն դրոշը ծածանվեց միջազգային այդ կազմակերպության շենքի վրա։

http://www.ilur.am/news/view/55714.html

Monday, September 5, 2016

Ինչպես տապալել Ղարաբաղի հարցը կամ օգնել Ադրբեջանին


Մի քանի օր առաջ «Մոդուս վիվենդի» կետրոնի ղեկավար եւ քաղաքագետ ներկայացող Արա Պապյանը Ղարաբաղի հիմնախնդրի առիթով հետեւյալ նորագույն մտքերն է հայտնել.
  1. Լեռնային Ղարաբաղի հարցում «արմատապես անհրաժեշտ է փոխել բանակցային գործընթացի և՛ հիմքը, և՛ սկզբունքները»։ Նա համարում է, որ բանակացություններում պետք է դադարել հենվել ինքնորոշման սկզբունքի վրա։
  2. «... պետք է վերադառնանք այնպիսի միջազգային իրավունքի սկզբունքի, որը մեզ հնարավորություն է տալիս ամբողջ վերահսկվող տարածքը դիտարկել որպես Հայաստանի տարածք: Այդպիսի իրավական սկզբունքներից է Վիլսոնի «Իրավարար վճիռներ»-ը, որի մեջ ներառված է Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի առաջարկ-զեկույցը, որտեղ հստակորեն նշված է, որ ԼՂՀ-ն հանդիսանում է Հայաստանի մաս»:
Հեղափոխական այս մտքերի առիթով անենք մի քանի արձանագրումներ։
Ընթերցողին կողմնորոշեու համար հենց սկզբից ասենք, որ «Վիլսոնի իրավարար վճիռները» միջազգային իրավունքի սկզբունք կոչելը մոլորեցնող հնարք է, թե, իբր, միջազգային մի սկզբունքը ընդամենը փոխարինվում է միջազգային հավասարազոր մի այլ սկզբունքով։ Վիլսոնի վճիռները վաղուց, ցավոք, ոչ մի կապ չունեն ժամանակակից, գործող միջազգային իրավունքի ու նրա սկզբունքների հետ։ Դրանք կարող են վերաբերել պատմական իրավունքի բնագավառին, եւ խոսքն էլ հենց դրա մասին է, ուստիեւ այդ հասկացությունն էլ կօգտագործենք մեր դիտարկումներում։
Լեռնային Ղարաբաղի՝ միջազգային հարաբերություններում այսօր գոյություն ունեցող խնդիրն սկիզբ է առել 1988 թվականի փետրվարի 20-ի՝ ԼՂԻՄ մարզխորհրդի հայտնի որոշմամբ։ Քանի դեռ կար ԽՍՀՄ-ը, այն իր լուծման մեխանիզմներով ներխորհրդային հարց էր, ԽՍՀՄ-ից հետո դարձավ միջազգային հարց։
Արդ, սկսած փետրվարի 20-ի հիշյալ որոշումից առ այսօր,Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ ԼՂԻՄ-ի, Հայաստանում Ղարաբաղյան շարժման, Հայաստանի բոլոր պաշտոնական փաստաթղթերը, որպես խնդրի լուծման ելակետ ու հիմք՝ անվերապահորեն ունեցել են եւ ունեն ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ (այն ամրագրված էր նաեւ ԽՍՀՄ սահմանադրությամբ)։
Ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում չի եղել որեւէ իշխանություն, իրավասու որեւէ պաշտոնյա, որը փորձի շեղվել այս գծից։ Եւ դա՝ ի հեճուկս հայ հասարակության, թերեւս, առավել մեծ, բայց միջազգային իրավունքին ու քաղաքական նրբություններին քիչ ծանոթ մասի, որի համար, բնականաբար, պատմական իրավունքի վկայակոչումը շատ ավելի հաճելի, դյուրամարս ու ականջ շոյող կլիներ, քան՝ արդի աշխարհում միջազգային իրավունքի նրբությունները։ Ո՛չ Ղարաբաղյան շարժումը, ո՛չ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի որեւէ իշխանություն չի տրվել այս հարցում ժողովրդահաճ երեւալու՝ որպես լուծման հիմք՝ պատմական իրավունքը վկայակոչելու գայթակղությանը։
Մյուս կողմից, այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմն ամեն կերպ եւ հետեւողականորեն աշխատել է Ղարաբաղի հարցը ներկայացնել որպես Հայաստանի կողմից պատմական իրավունքի հիման վրա հողային պահանջատիրության դրսեւորում ու փորձել դրանում համոզել միջազգային հանրությանը։
Ինչո՞ւ են այդչափ հետեւողական եղել երկու կողմերը՝ յուրաքանչյուրն իր գծում։
Շատ պարզ պատճառով։ Միջազգային հարաբերությունների հարց դարձած Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բնականաբար, պետք է լուծվի այսօր գործող միջազգային իրավունքի շրջանակներում։ Վերջինս ընդունում է ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ որպես նմանօրինակ հարցերի լուծման պլատֆորմ։ Նույն միջազգային իրավունքը կտրականապես մերժում է պատմական իրավունքը, դրա վրա հենված հողային որեւէ պահանջատիրություն։ Եթե 1988 թվականից առ այսօր Ղարաբաղի կամ Հայաստանի որեւէ իշխանություն տեղափոխեր խնդիրը պատմական իրավունքի հարթություն, հաջորդ պահից Ղարաբաղի խնդիրը կարելի էր համարել փակված՝ հօգուտ Ադրբեջանի։
Հիմա՝ տեսական երկու հարցադրում:
Ենթադրենք՝ Հայաստանի հատուկ ծառայությունները խնդիր են դնում ադրբեջանական հասարակության մեջ տարածել այնպիսի պատկերացումներ, որոնք կնպաստեին Ղարաբաղի խնդրի՝ մեր ուզած ձեւով լուծմանը, եւ Ադրբեջանում գտնում են նման հանձնարարություն ստանձնող մարդիկ։ Ի՞նչ պետք է հանձնարարվեր նման մարդկանց։ Բնականաբար՝ ո՛չ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը հիմնավորելն ու քարոզելը։ Դա անհնար ու անհեթեթ կլիներ։ Ընդհակառակը՝ նրանց պետք է հանձնարարվեր հանդես գալ կոշտ ազգայնական դիրքերից՝ որ Լեռնային Ղարաբաղի խնդիր ընդհանրապես գոյություն չունի, որ հայերին այսքան ժամանակ հանդուրժել են «Ադրբեջանի բնիկ տարածք» Ղարաբաղում, հիմա նրանց պետք է ոչնչացնել կամ պարզապես վռնդել այնտեղից։ Դա, անշուշտ, կշոյեր ադրբեջանական հասարակության ականջը։ Բայց դա նաեւ միջազգային ասպարեզում կաշխատեր հօգուտ Ղարաբաղի՝ ակնհայտ դարձնելով, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող մնալ ու գոյատեւել Ադրբեջանի կազմում։ Եւ այսօր էլ հայկական կողմի՝ հօգուտ Ղարաբաղի անկախության հիմնավորումների մեջ անշրջանցելի են այսպիսի փաստարկերը, որ Ադրբեջանը առատորեն տվել է Սումգայիթից սկսած։
Հիմա ենթադրենք, թե Ադրբեջանի հատուկ ծառայություններն են  խնդիր դնում հայկական հասարակության մեջ տարածել այնպիսի պատկերացումներ, որոնք կնպաստեին Ղարաբաղի խնդրի՝ իրենց ուզած ձեւով լուծմանը, եւ Հայաստանում գտնում են նման հանձնարարություն կատարելու պատրաստ մարդիկ։ Ի՞նչ պետք է հանձնարարվեր նման մարդկանց։ Բնականաբար՝ ո՛չ Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին քարոզելը։ Դա եւս անհնար ու անհեթեթ կլիներ։ Նրանց պետք է հանձնարարվեր տարածել այնպիսի համոզմունքներ, որոնք, հայ հասարակության համար ականջահաճո լինելով, կտրականապես մերժվում են միջազգային հանրության կողմից։ Եւ դա այլ բան չէ, քան՝ հարցի լուծումը պատմական իրավունքի հարթություն տեղափոխելը, ինչը եւ անում է Արա Պապյանը։
Հիմա՝ երկու առարկայական արձանագրում։
1. Նախ ասենք, որ, անկախ այն բանից, թե Ղարաբաղի մասին ի՞նչ գրված կլիներ Վիլսոնի իրավարար վճռում, այսօր դա անօգտագործելի է։
Բայց կարծես թե հիշյալ փաստաթղթում ոչինչ չի գրված Ղարաբաղի մասին։ Համացանցում մեր գտած երկու փաստաթղթերում՝ Վիլսոնի «Իրավարար վճռի» եւ Դաշնակից պետությունների Գերագույն խորհրդին  ուղղված՝ նրա պաշտոնական նամակում չհաջողվեց գտնել Ղարաբաղ բառը։ Վիլսոնի Պաշտոնական նամակն սկսվում է հետեւյալ տողով. «Գերագույն խորհրդի սույն թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ինձ փոխանցվեց պաշտոնական առաջարկ` որոշելու Թուրքիայիև Հայաստանի նորաստեղծ պետության միջև սահմանների խնդիրը»: Այսինքն՝ Վիլսոնը պետք է լուծեր միայն Հայաստան-Թուրքիա սահմանի խնդիրը։ Ու նրա վճիռն արտացոլող համապատասխան քարտեզն էլ հենց այդ սահմանն է ցուցադրում։ Վիլսոնի խնդիրը չէր որոշել Հայաստանի սահմանները նաեւ հարեւան մյուս երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի հետ։ Այդ փաստաթղթերում չգտանք նաեւ որեւէ հիշատակություն «Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի առաջարկ-զեկույցի» մասին, որում պիտի արձանագրված լիներ Ղարաբաղի՝ Հայաստանի մաս լինելը, եւ որը նույնությամբ պետք է զետեղված լիներ Վիլսոնի Վճռում (որտեղ երկու փաստաթղթերն էլ ներկայացված են որպես ամբողջական)։

2. Արա Պապյանի կենսագրականում  «Դիվանագիտական կարիերա» վերնագրի տակ

 կարդում ենք. «Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում եղել է ԱԳՆ բազմաթիվ վարչությունների քարտուղար և պետ։ Աշխատել է որպես քարտուղար Թեհրանում և Բուխարեստում: Հետագայում նշանակվել է որպես Հասարակության հետ կապերի վարչության պետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիզոր դեսպան»։
Հետաքրքիր է՝ իր դիվանագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում Պապյանը երբեւէ պաշտոնապես Հայաստանի իշխանությանն առաջարկե՞լ է կամ հրապարակավ արտահայտվե՞լ է այն մասին, որ Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի հարթության վրա հետապնդելը սխալ է, եւ պետք է այն տեղափոխել պատմական իրավունքի հարթություն՝ ապավինելով Վիլսոնի իրավարար վճռին։ Թե՞ նրա «դիվանագիտական կարիերան» ավարտվել է հենց այն պահին, երբ այդպիսի մի զեկույց է ներկայացրել վերադասին։

http://www.ilur.am/news/view/55572.html

Thursday, August 4, 2016

Պատմությունը կեղծում են ոչ միայն պատմաբանները, այլ նաեւ Վազգեն Մանուկյանը


Վերջերս մի հարցազրույցում Վազգեն Մանուկյանն ասել է հետեւյալը.

«Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար» (Lragir.am, 16 հունիսի, 2013):
Նրա խոսքից նույն այս հատվածը մեջբերելով՝ 1990 թ. օգոստոսի 29-ին ՀԱԲ-ի չեզոքացման թեմային է անդրադարձել Թ. Հակոբյանը՝ այն ներկայացնելով այդ օրերի պատմական անցուդարձի համառոտ կոնտեքստում, մեջբերելով նաեւ նույն օրը ՀՀ Գերագույն խորհրդի՝ ՀԱԲ-ի վնասազերծման մասին ընդունած հատուկ որոշումից մի հատված։ Սակայն ոչ մի կերպ չի հասկացվում, եւ ոչ էլ ակնարկում է, թե այդ բանն արված է՝ ցուցադրելու համար Վ. Մանուկյանի կատարած կեղծիքը։
Մինչդեռ Վ. Մանուկյանը կեղծում է հանրահայտ փաստերը, ինչն ստորեւ ցույց կտանք փաստաթղթերի լեզվով։
Ղարաբաղյան շարժման տարիներին, նախ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, ապա նաեւ՝ հենց Հայաստանի սահմանները պաշտպանելու համար, ստեղծվել էին կամավորական զինված ջոկատներ։ Դրանց մեծագույն մասը համակարգվում էր մի կենտրոնից, նախ՝ Շարժման ղեկավարության, ապա, 1990 թվականի ամռանից՝ Հայաստանի Գերագույն խորհրդի։ ՀԱԲ-ը այն մի քանի զինված ջոկատներից էր, որ գործում էր ինքնուրույն եւ չէր ենթարկվում իշխանությանը։
Ընտրությունների միջոցով կոմունիստներին հաղթած եւ ակնհայտորեն դեպի անկախություն գնացող Հայոց համազգային շարժման իշխանության դեմ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը, բնականաբար, պետք է փորձեր ամեն կարգի խոչընդոտներ հարուցել՝ չխորշելով նաեւ ռազմական մեթոդներից։
Նկատի ունենալով այդօրինակ փորձերը՝ դեռ հուլիսի 20-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց հետեւյալ հայտարարությունը.
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(20 հուլիսի, 1990թ.)
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հայտարարում է.
Խորհրդային բանակի եւ ներքին զորքերի ստորաբաժանումները Հայաստանի տարածքում իրավունք չունեն իրականացնելու պատժիչ որեւէ գործողություն՝ առանց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի թույլտվության»։
Հայկական ԽՍՀ  Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան
 ՀԽՍՀ ԳԽ-ի Տեղեկագիր, 1990, 14, հոդվ. 188:

Քիչ անց, հուլիսի 25-ին, ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը ստորագրեց «ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրինականորեն զենք պահելու դեպքում այն առգրավելու մասին» հրամանագիրը։
Դրան ի պատասխան՝ Հայաստանի Գերագույն խորհուրդն, իր հերթին, ընդունեց հետեւյալ որոշումը.
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրինականորեն զենք պահելու դեպքում այն առգրավելու մասին» ԽՍՀՄ պրեզիդենտի 1990 թվականի հուլիսի 25-ի հրամանագրի վերաբերյալ
(30 հուլիսի, 1990թ.)
Ղեկավարվելով Հայկական ԽՍՀ սահմանադրության 75 հոդվածով, ըստ որի՝ հանրապետության շահերին վերաբերող ԽՍՀՄ օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը Հայկական ԽՍՀ տարածքում գործում են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից վավերացվելուց հետո, եւ վկայակոչելով 1990 թվականի հուլիսի 20-ի՝  Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հայտարարությունը, որի համաձայն՝ խորհրդային բանակի եւ ներքին զորքերի ստորաբաժանումները Հայաստանի տարածքում իրավունք չունեն իրականացնելու որեւէ պատժիչ գործողություն՝ առանց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի թուլտվության, հաշվի առնելով, որ «ԽՍՀՄ  օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների  ստեղծումն արգելելու եւ անօրինականորեն զենք պահելու դեպքում այն առգրավելու մասին» ԽՍՀՄ պրեզիդենտի հրամանագիրը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ինքնապաշտպանության բնական իրավունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածում, նպատակ ունենալով կանխել ԽՍՀՄ զինված ուժերի եւ հայ ազգաբնակչության միջեւ հնարավոր ընդհարումներն ու երկուստեք արյունահեղությունը՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության  Գերագույն խորհրդը որոշում  է.
  1. Կասեցնել հիշյալ հրամանագրի կիրարկումը Հայկական ԽՍՀ -ում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում:
  2. Հարցի կարգավորումը վերցնել հանրապետության  Գերագույն խորհրդի տնօրինության տակ՝ բացառելով որեւէ արտաքին միջամտություն:
  3. Հայտնել սույն հարցի շուրջ ԽՍՀՄ պրեզիդենտի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն:
  4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին՝ ապահովել սույն որոշման կատարումը:
  5. Սույն որոշման մասին տեղյակ պահել ԽՍՀՄ պրեզիդենտին եւ միութենական հանրապետությունների գերագույն խորհուրդներին:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան
ՀԽՍՀ ԳԽ-ի Տեղեկագիր, 1990, 14, հոդվ. 202

Ապարդյուն անցան ՀԱԲ-ին պետական կառույցների մեջ ներգրավելու բոլոր ջանքերը։ Զինված այդ խմբի անվերահսկելիությունը ոչ միայն կարող էր պատրվակ հանդիսանել կենտրոնական իշխանությունների ռազմական միջամտության համար,
այլեւ չափազանց վտանգավոր էր ընդհանրապես։ Այդ վտանգավորությունը մի քանի փաստերով համառոտ ներկայացված է Հայաստանի Գերագույն խորհրդի հաջորդ որոշման սկբնամասում, որ արդեն վերաբերում է զինված այս կազմավորման չեզոքացմանը.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀԴԻ
 ՈՐՈՇՈՒՄԸ 

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին
(29 օգոստոսի, 1990թ.)

Վերջին շրջանում Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպության արկածախնդիր, հակաօրինական գործողությունների պատճառով խիստ սրվել է իրադրությունը հանրապետությունում, ինչը բնականաբար հանգեցրել է ադրբեջանական կողմի ակտիվացմանը: Նոյեմբերյանում, Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանում, իսկ այսօր արդեն Գետաշենում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ղազախ-Երևան գազամուղի և Ղազախ-Իջևան երկաթգծի փակումը ուղղակի հետևանք են այդ ազգադավ գործողությունների: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Հայոց Ազգային Բանակը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել իր վտանգավոր գործունեությունը, այլև գնալով դիմում է ավելի հանդուգն քայլերի:
1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են:
Ելնելով շարադրված փաստերից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու քաղաքացիների անվտանգության շահերից՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը: /փոփ. 05.09.90 ՀԳԽ որոշում/
2. Լուծարքի ենթարկել Հայոց Ազգային Բանակ ռազմական կազմակերպությունը:
3. Կոչ անել ՀԱԲ-ի մարտիկներին մինչև 1990 թվականի օգոստոսի 29-ի ժամը 22-ը հանձնել իրենց ունեցած զենքն ու ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակված ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:
4. Սույն որոշման պահանջները կատարող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ չենթարկվողները կձերբակալվեն և կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
5. Սույն որոշման իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և նրան ենթակա ներքին զորքերի ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև միլիցիայի կառուցվածքներում ընդգրկված հասարակական կարգի պահպանության ջոկատների վրա:
6. Սույն որոշման իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի վրա:
7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան:

Հիմա նորից կարդանք Վ. Մանուկյանին. «Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան»: Ու վերջ. այսպես է լուծարվել ՀԱԲ-ը։
Ինչո՞ւ է Վ. Մանուկյանը կեղծում պատմությունը, հանրահայտ իրողությունները։ Մի բան է՝ երբ դա մի քանի կոպեկի դիմաց անում է պատվեր կատարող պատմաբանը, մի այլ բան՝ երբ դա անում է մի մարդ, որն իրադարձությունների խոհանոցում է եղել պաշտոնի բերմամբ։ Սովորական ստախոսությամբ կեղծում է պատմության մի դրվագ՝ դրանում իրեն կենտրոնական դեմք դարձնելով։
Վերեւում բերված մի քանի փաստաթղթերը ակնհայտ ցույց են տալիս, որ այդ ժամանակ Գերագույն խորհուրդն էր ետ մղում ԽՍՀՄ կենտրոնական իշխանության՝ երկրի ներքին կյանքին ռազմական միջամտության փորձերը։ Գերագույն խորհուրդն էր իր համապատասխան մշտական հանձնաժողովով վերահսկում ու համակարգում զինված ջոկատների գործունեությունը, նրանց ուժերով՝ Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանությունը։ Գերագույն խորհուրդն է իր 260 պատգամավորներով ընդունել հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու և ՀԱԲ-ը լուծարելու որոշումը։
Պարզ է, չէ՞, որ այդ բանը հիանալի հիշում են բոլոր պատգամավորները, հիշում են դրան որեւէ կերպ առնչված հազարավոր մարդիկ, եւ հիշում են հարյուր հազարավոր այլ մարդիկ, քանի որ այդ ժամանակ Գերագույն խորհրդի նիստերն ուղիղ հեռարձակվում էին։
Դժվար է պատկերացնել չբավարարվածության հիվանդագին այն զգացումը, չխամրող այն հավակնոտությունը, որը մարդուն կարող է դրդել, արհամարհելով այս ամենը, դիմել այսօրինակ ցինիկ կեղծիքի։

http://www.ilur.am/news/view/55175.html

Friday, July 29, 2016

Ըստ էության՝ դա խարդավանք է պետության ու ժողովրդի դեմ


Հուլիսի 17-ից, ոստիկանական գունդը զինված խմբի կողմից գրավելուց հետո, երկրում ստեղծվել է որքան նուրբ, նույնքան վտանգավոր իրավիճակ։ Դրանից հնարավորինս անկորուստ ու խաղաղ դուրս գալու անհրաժեշտության մասին կարծես թե խոսում են շատերը։ Բայց բոլորի գործողություններն ու խոսքերը չէ, որ օբյեկտիվորեն նպաստում են դրան։ Ավելին՝ շատ դեպքերում դրանք լարում են իրավիճակը՝ նպաստելով հենց բոլորի համար անցանկալի, ընդհուպ խիստ վտանգավոր զարգացումների։
Դրանցից վերջինը Ն. Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրման նախաձեռնությունն է՝ այդ հարցը խորհրդարանի մակարդակով քննարկելու օրակարգով։ Դրա իրական նպատակը ու նաեւ վտանգավորությունը համոզիչ ցուցադրելու համար, սակայն, անհրաժեշտ է նախապես կատարել մի քանի արձանագրումներ։
Ամեն մի երկրի, պետության կյանքում յուրաքանչյուր պահ ունի իր առաջնային, գերակա խնդիրը։ Օրինակ՝ 1988-ից թիվ մեկ քաղաքական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հարցն էր, 1990-91-ին առաջնային հարց դարձավ անկախության ձեռքբերումը, 1991-94-ին՝ օրակարգի առաջնային հարցը Ղարաբաղն արտաքին վտանգից պաշտպանելն էր։ Օրակարգային թիվ մեկ հարցը այն է, որը պատմական տվյալ պահին առավել ճակատագրական նշանակություն ունի։ Մնացած բոլոր հարցերը պիտի ածանցվեն դրանից, իսկ մարդկանց, քաղաքական ուժերի ու գործիչների քայլերը, գործունեությունն ու վարքագիծը պիտի գնահատվի օրակարգային հիմնական այդ հարցի լուծմանը նպաստելու ելակետից։ Եթե հասարակության մեջ բավարար չափով կա օրակարգային առաջին հարցի ընկալումը, ապա վտանգը հնարավոր է լինում դիմագրավել կամ շրջանցել, հարցը հնարավոր է լինում լուծել։ Այդպես է եղել վերոհիշյալ բոլոր դեպքերում։ Հասարակության՝ քաղաքականապես շատ թե քիչ ակտիվ ու ընկալունակ մասը, որպես կանոն, դա հասկանում է։ Գործնական քաղաականությամբ զբաղվողները՝ քաղաքական ուժերը առավել եւս պարտավոր են դա հասկանալ։
Այս տարվա ապրիլյան չորսօրյա պատերազմով ու դրան հաջորդած ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային աննախադեպ ակտիվ գործընթացով Հայաստանի համար ձեւավորվեց քաղաքական օրակարգի նոր առաջնային հարց։ Երկրի, ժողովրդի ու պետության համար ճակատագրականության իր պոտենցիալով այն չվերացրեց, բայց առայժմ երկրորդ պլան մղեց ներքաղաքական օրակարգի բոլոր հարցերը։ Ուստիեւ, այս անգամ էլ, յուրաքանչյուրի, առավել եւս՝ քաղաքականությամբ զբաղվողների գործունեությունը, վարքագիծը, քայլերը եւ այլն պիտի ելնեն այս ելակետից եւ գնահատվեն միմիայն այս ելակետով։ Եթե որեւէ մեկը վիճարկում է այս իրողությունը, ուրեմն կա՛մ զգացումներով է առաջնորդվում, կամ չափազանց հեռու է քաղաքականությունից, կամ դեմագոգ է՝ անձնական ամբիցիաների գերի։
Ապրիլյան պատերազմն իրականում չի ավարտվել։ Այն կասեցվել է որպես ռազմական գործողությունների դրսեւորում եւ տեղափոխվել դիվանագիտության, բանակցային հարթություն։ Եւ վտանգից խուսափելու կամ հաջողության հասնելու համար որքան որ կարեւոր էր համազգային համախմբումը պատերազմի ռազմական գործողությունների փուլում (ինչ այդ օրերին հրաշալի կարողացանք իրականություն դարձնել), այդ միասնությունն ու համախմբումը նույնքան կարեւոր է բանակցային ճակատում եւս տանուլ չտալու համար։ Եթե որեւէ մեկը վիճարկում է այս իրողությունը, կա՛մ քաղաքական տեսողություն չունի, կա՛մ առաջնորդվում է բոլորովին այլ ելակետով, հետապնդում այլ նպատակներ։
Նուրբ բայց նաեւ վտանգավոր իրավիճակը հանգուցալուծելու համար, ի սկզբանե, առաջին հերթին անհրաժեշտ էր զերծ մնալ կատարվածին գնահատականներ տալու գայթակղությունից։ Կարեւոր չէ՝ ինչպիսի գնահատական։ Դրանք միայն նպաստում են իրավիճակի լրացուցիչ բարդացմանը։ Ու եթե խնդիրն այսքան ձգվել է ու բարդացել, դրա հիմնական պատճառներց մեկը դա է։ Մինչեւ հիմա այդ գնահատականները տվել են որոշ ուժեր, կազմակերպություններ, անհատներ։ Առաջիններից մեկը՝ Ն. Փաշինյանը։ Նրա օրինակը, այս իմաստով, շատ խոսուն է։ Անմիջապես գնալով դեպքի վայր՝ նա փորձեց «առաջնորդել» շարժումը։ Դեպի ո՞ւր։ Մեկ թե երկու օր անհրաժեշտ եղավ, որպեսզի հենց զինված խմբի անդամները հասկանան, որ նրա ելակետը սեփական անձն է, եւ որ նա այլ բան չի անում, քան իրենց կյանքի վտանգվածության հաշվին փորձում է «աչոկներ» հավաքել եւ իրավիճակի վրա ձեռքերը տաքացնել։ Ավելի չմանրացնենք։ Ընդ որում՝ ինքն էլ խրոխտ հայտարարում էր, որ միշտ գնում է այնտեղ, որտեղ ժողովուրդ կա՝ իրականացնելու համար իր կուսակցության ծրագրերը։ Զինյալներից Պավլիկ Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը հրապարակայնորեն նրան պարզապես դուրս քշեցին։
Կարեւոր ամբիոնից զրկվելուց հետո, ահա, նա պատգամավորի իր մանդատն օգտագործում է այլ կերպ իրավիճակից օգտվելու համար։ ԱԺ արտահերթ նիստի հրավիրման նախաձեռնությունը նրա համար այլ բան չէ, քան լուսանցքից նորից իրադարձությունների կենտրոն մտնելու փորձ։ Ն. Փաշինյանի այս նախաձեռնության փարիսեցիությունն ապացուցելը բարդ բան չէ։ Եթե նրան մտահոգում է ճգնաժամային վիճակը հանգուցալուծելու ելք գտնելու, արյունահեղությունը կանխելու խնդիրը, ինչո՞ւ նա նման նախաձեռնությամբ հանդես չեկավ առաջին իսկ օրերին՝ հուլիսի 17-ին, 18-ին... Այլ անմիջապես վազեց Խորենացու փողոց՝ զինված խմբի արյան վրա ձեռքերը տաքացնելու։ Եւ միայն այնտեղից երկիցս խայտառակ ձեւով նույն զինյալների կողմից դուրս շպրտվելուց հետո դիմեց Աժ արտահերթ նիստ հրավիրելու խորամանկությանը։ Նպատակը նույնն է՝ ստեղծել ապակայունության մի երկրորդ կենտրոն՝ հիմա էլ դրանում «աչոկներ» հավաքելու եւ դրա վրա ձեռքերը տաքացնելու համար։
Զինված ակցիային արդեն իսկ տրված բազմազան գնահատականներն ու քննարկումները բարդացրել են խնդիրը, այն անարյուն ու երկրի համար անհետեւանք լուծելու հնարավորությունը։ Հարցը ԱԺ մակարդակ տեղափոխելը կարող է բազմապատիկ բարդացնել վիճակը։ Ուստիեւ՝ անձնական ամբիցիաներից բխող ու դրանք բավարարելուն ուղղված այս նախաձեռնությունը, ըստ էության, այլ բան չէ, քան մի խարդավանք պետության ու ժողովրդի դեմ։ Անկախ այն բանից՝ գիտակցվում է դա թե ոչ։

http://www.ilur.am/news/view/55138.html

Thursday, May 5, 2016

Ընդդեմ պետական դավաճանության


Սույն թվականի ապրիլ ամսվա ամենաքննարկված թեման Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն էր եւ այդ հանդիպումից հետո նրա հարցազրույցը «Իլուր» կայքին` այդ հանդիպման եւ Ղարաբաղյան խնդրում ստեղծաված նոր իրողությունների մասին։ Դա պատերազմական իրավիճակում ընդդիմադիր ուժի կողմից ներքաղաքական պայքարը դադարեցնելու եւ արտաքին վտանգի դեմ համազգային համախմբման ուղղությամբ քայլ էր եւ կոչ։ Քանի դեռ իրավիճակը նույնն է, այդ վտանգի չեզոքացման գործում քաղաքական ուժերի կեցվածքի ու վարքագծի խնդիրը շարունակում է մնալ ամենակարեւորն ու ամենահրատապը՝ միաժամանակ ցուցադրելով այդ ուժերից յուրաքանչյուրի իրական քաղաքական նկարագրի ու հարգի ցուցիչը։
***
Պատերազմական պայմաններն, անշուշտ, ամենանպաստավորն են ու գայթակղիչը իշխանափոխության համար։ Դա է պատճառը, որ անգամ ամենաժողովրդավար երկրների սահմանադրությունները, միջազգային իրավունքը պատերազմական իրավիճակում  նախատեսում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների էական սահմանափակումներ, ընդհուպ՝ ընտրությունների հետաձգում։ Պատերազմական պայմաններում իշխանության ձեռքբերման համար իրականացված հեղափոխություններն ու հեղաշրջումները, որպես կանոն, ունենում են ծանրագույն հետեւանքներ՝ հավասարվելով պետական դավաճանության։
Բոլշեւիկյան փորձը
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանում գործող քաղաքական ուժերից մեկը՝ Բոլշեւիկների կուսակցությունը, որոշեց օգտվել իշխանության գալու համար այդ նույն բարենպաստ իրավիճակից։ Նրանք հռչակեցին «իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու» կարգախոս, որպես հիմնական գործ՝ սկսեցին կազմալուծել ռազմաճակատը եւ այլն։ Եւ ի վերջո, պատերազմի սկզբից երեքուկես տարի անց, հաջողության հասան։ Առաջին համաշխարհային պատերազմում Անտանտի (որի մեջ մտնում էր Ռուսաստանը) լիակատար հաղթանակից մեկ տարի առաջ՝ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջմամբ Ռուսաստանում իշխանության եկան բոլշեւիկները։
Ի՞նչ եղան դրա հետեւանքները։
Թե ինչ ձեռք կբերեր Ռուսաստանը մեկ տարի հետո որպես հաղթող երկիր (եթե չլիներ բոլշեւիկյան հեղափոխությունը), կարելի է պատկերացնել՝ համեմատելով, ասենք, 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմում տարած, իր նշանակությամբ տասն անգամ ավելի համեստ հաղթանակի արդյունքների հետ։ Մի կողմ թողնենք, թե նա այդ պատերազմում հաղթելուց հետո ինչ ստացավ եվրոպական մասում, անդրադառնանք միայն Կովկասյան՝ մեզ ավելի հուզող մասին։ Ահա, հիշյալ 1877-78  թվականների պատերազմից հետո Ռուսաստանը Այսրկովկասում Թուրքիայից ստացավ Կարսի, Արդահանի եւ Բաթումի մարզերը։ Ըստ այդմ՝ համաշխարհային պատերազմում հաղթանակած Ռուսաստանը կստանար ողջ Արեւմտյան Հայաստանը, եւ կստանար ռեալ, ոչ թե թղթի վրա (ինչպես եղավ Սեւրի պայմանագրի հետ)։ Իսկ դա կդառնար հայության անսակարկելի ապրելավայր-հայրենիքը՝ ինչպես որ է այսօր մնացած այս 30 հազար քառակուսի կիլոմետրը։
Բոլշեւիկյան «հեղափոխությունից» հետո Ռուսաստանը, արդեն որպես պարտված կողմ, Գերմանիայի հետ կնքեց Բրեստի նվաստացուցիչ պայմանագիրը՝ նրան հսկայական զիջումներ անելով`ոչ միայն միլիոնավոր զոհերի գնով պատերազմում գրաված տարածքներից, այլ նաեւ այն տարածքներից, որ ունեցել էր մինչեւ պատերազմը, ընդհանուր հաշվով՝ ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր։  Հենց որպես պարտված կողմ՝ Ռուսաստանը հսկայական զիջումներ արեց նաեւ Գերմանիայի դաշնակից Թուրքիային՝ ճակատագրական Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Այս ամենը պատերազմական պայմաններում իրականացված իշխանափոխության այն գինն է, որ բոլշեւիկները վճարում էին Ռուսաստանի պետական շահերի, ռուս եւ այլ ժողովուրդների հաշվին։ Այսինքն՝ պատերազմի պայմաններում կատարված հեղափոխությունը, իր ահռելի կորստաբեր հետեւանքներով, Ռուսաստանի պետության եւ ժողովրդի շահերի տեսակետից ծանրագույն հանցագործություն, պետական դավաճանություն էր։
Ընդամենը մոտ երկու տասնամյակ անց Ռուսաստանը (Խորհրդային Միության տեսքով) հաջորդ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին էր։ Եւ այդ պահին իշխանության էր նույն՝ երկու տասնամյակ առաջ պետական դավաճանության ճանապարհով իշխանության եկած ուժը, որ  հանցավորության իր «ակտիվը» լրացրել էր նաեւ հայտնի 37 թվականով, միլիոնավոր մարդկանց ոչնչացնելով ու համակենտրոնացման ճամբարներ քշելով։ Բոլշեւիկյան իշխանությունը հասցրել էր նաեւ լրիվ մաքրել քաղաքական դաշտը՝ վերացնելով իշխանության հնարավոր հավակնորդ բոլոր ուժերին։ Բայց եթե անգամ երկրում պահպնված լիներ քաղաքական որեւէ այլընտրանք, ասենք՝ Մենշեւիկների, Էսեռների կամ այլ մի ուժի տեսքով, ապա պատերազմն սկսելուց ի վեր, ներառյալ՝ վերջնական պայմանագրի բանակցությունների շրջանում, այդ նույն փաստական իշխանության դեմ որեւէ ոտնձգություն կբերեր նույնպիսի կորուստների, երկրի շահերի տեսակետից կրկին այլ բան չէր լինի, քան պետական դավաճանության ակտ։
Ադրբեջանական փորձը
 Պատերազմում հաղթանակների համար որպես հիմք սովորաբար նշվում է երկու հիմնական  հանգամանք.  բանակի մարտունակությունը եւ ճիշտ ղեկավարումը։ Այստեղ վիճելու բան չկա, բայց կա նաեւ մի երրորդ հանգամանք, որը նույնքան, երբեմն շատ ավելի կարեւոր դեր է խաղում. դա հենց հակառակորդի մոտ ի հայտ եկած ներքին անկայունությունն է՝ հեղաշրջումների միջոցով իշխանափոխությունների, քաղաքացիական պատերազմի երեւույթների տեսքով։ Արժանին հատուցելով կռվողների հերոսությանը, հրամանատարության ճշգրտությանը, դիվանագիտության ճկունությանը եւ այլն, այնուամենայնիվ, փաստ է, որ Ղարաբաղյան պատերազմում մեր հիմնական հաղթանակները ժամանակագրորեն համընկնում են Ադրբեջանում տեղի ունեցած ներքին անկայունության այդօրինակ երեւույթներին, ինչը բազմիցս արձանագրվել է եւ անհնար է ժխտել։ Եւ շատ դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կունենար պատերազմը, եւ ինչպիսին կլիներ մեր հաջողությունների չափը, եթե իր բոլոր ռեսուրսներով մեզ մի քանի անգամ գերազանցող Ադրբեջանում լիներ նույնպիսի քաղաքական որակներով օժտված, նույնքան օրինակարգ, նույնքան կայուն եւ ամուր իշխանություն, որքան էր Հայաստանում։
Ահա թե ինչու իրական պատերազմական վտանգի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հանդես է եկել ներքին ցնցումները բացառելու եւ գործող իշխանության հետ միասին երկրի պաշպանության գործին լծվելու կոչով ու նախաձեռնությամբ։ Այո, այն նո՛ւյն իշխանության, որին նա տարիներ շարունակ փաստարկված եւ սպանիչ քննադատության է ենթարկել հարյուր հազարանոց լսարանի առջեւ, իր հարյուրից ավելի ելույթներում։ Այն նո՛ւյն իշխանության, որի դեմ նրա պայքարը 2007 թվականից ի վեր, իր հետեւողականությամբ, մասշտաբայնությամբ, տեւականությամբ ու վճռականությամբ հարյուրապատիկ գերազանցում է մնացած բոլոր ընդդիմությունների արածին՝ միասին վերցրած։ Որովհետեւ պատերազմական պայմաններում իշխանափոխության կոչերը, համազգային համախմբմանը խոչընդոտելը, իրոք, հավասար է պետական դավաճանության։  Նրանք, ովքեր սա չեն հասկանում՝ անհույս տգետ են քաղաքական ասպարեզում։ Նրանք, ովքեր իրենց չհասկացողի տեղ են դնում եւ Առաջին նախագահի քայլերը հերյուրանքների առիթ դարձնում, գիտակցված նպաստում են պետական դավաճանության մթնոլորտի ստեղծմանը։ Նրանք, ովքեր քարոզում են, թե հենց այս՝ պատերազմական պայմաններում պետք է իշխանափոխություն անել, նրանք գործում են նույն կերպ, ինչպես բոլշեւիկները Ռուսաստանում Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում, ինչպես 1990-ականների սկզբում կատարված հեղաշրջումների ու քաղաքացիական կռիվների հեղինակներն Ադրբեջանում։ Եւ, շատ լավ հասկանալով հանդերձ, որ այդ ճանապարհը կարող է հարյուրավոր եւ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, կործանել Ղարաբաղը, Հայաստանին անդառնալի կորուստներ բերել, այդպիսիք, հանուն իշխանության, թքած ունեն այդ ամենի վրա։
 Մեր փորձը
Իսկ ներքին անկայունության ու կորուստների պատճառ հանդիսացած որեւէ երեւույթ, որ պատերազմի տարիներին եղել է Ադրբեջանում, չի՞  եղել Հայաստանում։
Եղել է։ Եղել է, այսպես կոչված, ՀԱԲ-ի տեսքով՝ 1990-ին։ Եւ եթե Հայոց համազգային շարժման իշխանությունը քաղաքական վճռականություն չցուցաբերեր՝ առաջին իսկ ամսում արմատախիլ անելու անհասկանալի կենտրոնից ստեղծված ու զինված, ինքնագլուխ գործող եւ հսկայական քաղաքական ամբիցիաներ դրսեւորող ռազմական այս կառույցը, դժվար է ասել, թե հետագա ամիսներին ու տարիներին ինչ տեղի կունենար Ղարաբաղում եւ Հայաստանում։
Եղել է։ Ժամանակի ընդդիմությունը լիուլի օգտվել է այն բանից, որ փաստական լայնամասշտաբ պատերազմի մեջ գտնվող երկիրը, հայտնի հանգամանքների բերմամբ, չէր կարող հասարակական կյանքում պատերազմական օրենքներ մտցնել։ Ոչ միայն մամուլը, այլ նաեւ հեռուստատեսությունն ու ռադիոն լիակատար օգտագործվել են պատերազմ վարող իշխանության դեմ ամեն կարգի քարոզչության ու հերյուրանքների տարածման համար։ Ամբողջ պատերազմի ընթացքում ամեն օր, առնավազն ամեն շաբաթ, հանրահավաքներ են եղել Ազատության հրապարակում՝ դեպի Բաղրամյան 26 անարգել երթով, ըստ էության, միաձայն ընտրված նախագահի, պատերազմող երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի մշտական պահանջով։
Եղել է։ Այդ տարիներին բացահայտվել եւ վնասազերծվել է պետական հեղաշրջման ճանապարհով իշխանություն զավթելու մի քանի լուրջ փորձ եւ երկրի ղեկավարների դեմ ահաբեկչությունների ծրագրեր։
Եղել է։ Ողջ պատերազմի ընթացքում, լինեին նահանջներ թե հաղթանակներ, ընդդիմադիրները իշխանափոխության համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու  նպատակով չեն խորշել բանակը եւ մանավանդ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին վարկաբեկելուց, ընդհուպ՝ խուճապ հրահրելուց, ռազմաճակատի քայքայումից։
Եղել է։ Իշխանությանը հեղինակազրկելու կամ դժվարին կացության մեջ դնելու նպատակով պատերազմի ընթացքում Գերագույն խորհրդում խորհրդարանական ընդդիմության կողմից եղել են առնվազն մեկ տասնյակ «հույժ հայրենասիրական» օրենսդրական նախաձեռնություններ, իրականում՝ վտանգավոր քաղաքական սադրանքներ՝ խլելով հսկայական նյարդեր ու ժամանակ։
Այս ամենը, որպես իշխանության համար փորձություն եւ մարտահրավեր, գուցեեւ շատ ավելին են, քան նույն շրջանում Ադրբեջանում եղածը։ Պարզապես Հայաստանում հաստատված առաջին ետկոմունիստական՝ Հայոց համազգային շարժման իշխանությունն իր քաղաքական հասունությամբ, օրինակարգությամբ եւ սառնասրտությամբ կարողացավ դիմակայել այդ փորձություններին ու մարտահրավերներին եւ պատերազմում արձանագրել արդյունքներ, որ, ասենք, 1990-ին ոչ մեկը չէր կարող տեսնել անգամ իր ամենավարդագույն երազում։
( Միջանկյալ՝ ի պատասխան հնարավոր մի հարցի. «Իսկ չի՞ եղել գեթ մի դրվագ, երբ արտաքին վտանգի հանդիման ընդդիմադիրներն իրենց ճիշտ են պահել»։ Դա էլ է եղել։ Երեք օր՝ 1991 թվականի օգոստոսի 19-21-ին՝ ԳԿՉՊ-ի օրերին։ Ընդամենը)։
Այնպես որ, շատ դժվար է նաեւ ասել, թե որքան ավելի ծանրակշիռ կլինեին մեր հաջողություններն ու հաղթանակները Ղարաբաղում, եթե չլիներ այս ամենը, եթե Ղարաբաղյան պատերազմի շրջանում իշխանության նկատմամբ բոլորն իրենց պահեին այնպես, ինչպես դա միշտ արել եւ այսօր էլ անում է Առաջին նախագահը։
Կրկնենք,  որ իր նշանակությամբ պատերազմական պայմաններին հավասարազոր է նաեւ հակամարտության կարգավորման ինտենսիվ բանակցությունների շրջանը, երբ տվյալ խնդրի համար միակ պատասխանատու նույն իշխանությունը նույնքան ամուր թիկունքի կարիք ունի, որքան ռազմական դիմակայության շրջանում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա էլ է տեսել՝ 1997 թվականին։
Այնպես որ, նաեւ սեփական փորձից ելնելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ ռազմական դիմակայության եւ վճռական բանակցությունների պատասխանատու շրջանում, հանուն ազգային շահերի՝ պետք է դադարեցնել ներքաղաքական պայքարը եւ համազգային համախմբմամբ կանգնել երկրի անվտանգության ու ազգային շահերի պաշտպանության դիրքերում։ Լռելը, ոչինչ չանելը կնշանակի հայտնվել քաղաքական լուսանցքում, իսկ իշխանափոխության կոչերն ու քայլերը հավասարազոր են պետական դավաճանության։ Եւ սա քաղաքական կեցվածքի ու պետական մտածողության ոչ բարդ այբուբենն ու նվազագույն պահանջն է ընդամենը։

http://www.ilur.am/news/view/53853.html