Friday, May 15, 2009

19 հարց ու պատասխան


Երեւանի քաղաքային իշխանության ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուների ցուցակը որոշեց գլխավորել Լեւոն Տեր-Պետրոսյանը ու, դրանով իսկ, հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։ Այս փաստը եւ մայրաքաղաքի ընտրություններն ընդհանրապես, բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ է առաջացրել, որոնց պարզաբանումները կարեւոր են ընտրողին կողմնորոշելու համար։ Ստորեւ ներկայացնում ենք հասարկության մեջ շրջող այդօրինակ հարցերը ու դրանց պատասխանները։

1. Հայ Ազգային Կոնգրեսը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցելով Երեւանի քաղաքապետական ընտրություններին դրանով իսկ չի՞ ճանաչում Սերժ Սարգսյանին, նրա իշխանության օրինականությունը՝ լեգիտիմությունը։

Ամեն մի ապօրինի իշխանություն շատ կուզենար, որ ընդդիմությունը “խռովեր”, չմասնակցեր որեւէ ընտրության։ Այդպես նա կարող էր իշխել հավերժ։ Լավ կլիներ, եթե քաղաքական պայքարը Հայաստանում էլ մղվեր օրինական իշխանության դեմ, ինչպես քաղաքակիրթ երկրներում է։ Այսօր Հայաստանում ապօրինի իշխանություն է։ Իսկ իշխանությունը վերցնելու, օրինական իշխանություն հաստատելու միակ ձեւը ընտրություններն են։ Այնպես որ, դա ոչ մի կապ չունի տվյալ իշխանության օրինականությունը ճանաչել-չճանաչելու խնդրի հետ։ Այդ խոսակցություններ տարածողերը հույս ունեն, թե ոմանք միամտաբար կհավատան նման պարզունակ մեկնաբանության ու դրանով կհիասթեփեցնեն կթուլացնեն ընդդիմության ընտրազանգվածը։  Քաղաքական պայքարը մղվում է փաստացի գոյություն ունեցող, իրողություն հանդիսացող իշխանության դեմ՝ լինի դա օրինական թե ոչ օրինական։ Իսկ Հայաստանում տիրող վարչախումբը, ուզենք թե չուզենք,  փաստացի իրողություն է։ Ընդ որում, նա ամենաշատը վախենում է հենց օրինական պայքարից։ Իսկ ոչ լեգիտիմությունը նրա ամենախոցելի, ամենաթույլ տեղն է, “Աքիլլեսյան գարշապարը”, ինչից նա, ահա նման խոսակցություններ տարածելով, փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել։

2. Ոմանք ասում են՝ “որքանո՞վ էր սազական”, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ Հիմնադիր-նախագահի բարձր պատվանունով, միջազգայնորեն ճանաչված քաղաքական ու պետական գործիչ, որոշեց գլխավորել Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը եւ հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։

Այս հարցադրումը նույնպես իշխանության խոհանոցում է հորինվել՝ մարդկանց նրանից հիասթափեցնելու համար։ 2007թ. աշնանը, երբ խոսվում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է մասնակցել 2008թ. նախագահական ընտրությանը, ճիշտ այդպիսի մի հարցադրում արեց Ռ. Քոչարյանը. “Առաջին նախագահը պետք է իր դիրքում մնա, եթե նա առաջադրի իր թեկնածությունը կիջնի այդ դիրքից ու կդառնա շարքային ընդդիմադիր”։ Ճիշտ է՝ աշխարհում շատ չեն լինում դեպքեր, երբ երկրի պաշտոնաթող նախագահը երկրորդ անգամ է հավակնում նույն պաշտոնին։ Հսկայական վաստակի ու նախանձելի համարումի տեր լինելով, Լեւոն Տեր-Պետրոսյանն, իրոք, կարող էր չանել այդ քայլը եւ, որպես միջազգային ճանաչում ունեցող գիտնական, շարունակեր զբաղվել իր սիրած գործով՝ գիտությամբ։ Ինքն էլ է մի քանի անգամ այդ մասին ասել։ Նա երեւի հենց այդպես էլ կվարվեր, եթե Հայաստանում լիներ թեկուզ թույլ ու վատ, բայց նորմալ քաղաքական իշխանություն։ Իր որոշման իմաստն ու անհրաժեշտությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ մեկուկես ժամանոց ելույթով մանրամասն ներկայացրեց 2007թ. հոկտեմբերի 26-ի հանրահավաքում։ Եւ դա հետեւյալն էր. Հայաստանում հաստատվել է ավազակապետական համակարգ, որը թալանում, կեղեքում է սեփական ժողովրդին, պետությունը տանում կործանման, ուստի ինքը չի կարող հանգիստ նայել այդ ամենին։ Նույն բացատրություններն, ըստ էության, ուժի մեջ են նաեւ այս դեպքում, քանի որ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունը կարող է այս վարչախմբից ազատվելու միջոց հանդիսանալ։ Նա բազմիցս է ապացուցել, որ այդ պարագայում ինքն անձնական ամբիցիաներ չունի։ Նա իր համար “ոչ սազական” չի համարում երթի առջեւից քայլել փողոցներով 6-7 կիլոմետր։ Նա իր համար “ոչ սազական” չհամարեց 2008-ի փետրվարին 9 օր շարունակ, 12-16 աստիճան սառնամանիքի պայմաններում բոլորի հետ գիշեր-ցերեկ անցկացրեց Ազատության հրապարակում, խարույկների կողքին։ Ճիշտ այդպես էլ, եթե նա համարում է, որ մայրաքաղաքի ընտրություններում հաղթելու միջոցով հնարավոր է լուծել Հայաստանում ավազակապետությունը վերացնելու ու երկիրը զարգացման նորմալ ճանապարհի բերելու խնդիրը, ապա, բնականաբար, չպետք է խուսափեր այդ քայլից։
Այսինքն՝ ինչպես 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդրին նայում է ոչ թե իր անձնական բարձր կարգավիճակից, ամբիցիաներից ու սեփական անձի հարմարությունից ելնելով, այլ որպես իրական պետական-քաղաքական գործիչ՝ երկրի ու ժողովրդի շահերից, խնդիրներից, նրանց դեմ ծառացած մարտահրավերներից ելնելով, պետական գործիչ, որը ոչ մի կերպ չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է իր երկիրը գլորվում դեպի կործանում։

3. Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարեց, թե հաղթանակի դեպքում ընդդիմությունը պարզապես կդառնա իշխանության մի մաս ու դրանից ոչինչ չի փոխվի։ Հնարավոր չէ՞, որ Հայ Ազգային Կոնգրեսը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակի դեպքում բավարարվեն Երեւանով ու իրոք դառնան այս իշխանության մի մասը։

Սերժ Սարգսյանն իրավացի կլիներ, եթե խոսքը վերաբերեր այսօր Հայաստանում գործող այն ուժերին, որոնք իշխանության մաս լինելով՝ նման դեպքերում փորձում են “ժամանակավորապես” ընդդիմություն խաղալ, բայց հենց որ ամեն ինչ ավարտվում է, իսկույն հավի ճտերի նման հավաքվում են թխսկանի՝ իշխանության թեւերի տակ։ Արդեն քանի անգամ այդպես են վարվել ու հիմա էլ այդպես կվարվեն “Բարգավաճը”, Դաշնակցությունը, “Օրինաց երկիրը”։ Ս. Սարգսյանը իրավացի կլիներ նաեւ, եթե խոսքը վերաբերեր այն “հաստիքային” կամ կեղծ ընդդիմադիր ուժերին, որոնք, ընտրությունների ժամանակ իբր “կատաղի պայքարում են” իշխանության դեմ, մոլորեցնում ընտրազանգվածի մի մասին, ձայներ փախցնում։ Դրանով նրանք նպաստում վարչախմբի “հաղթանակին”, ապա ստանում իրենց վճարը ու մի կողմ քաշվում։ Օրինակ՝ Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, ուրիշ ավելի մանրերը։ Բայց, երբ խոսքը վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած Շարժմանը՝ “Հայ Ազգային Կոնգրեսին”, Սերժ Սարգսյանի ասածը մանկամտություն է։ Անցած մեկուկես տարին՝ հարյուրավոր մարդկանց բանտարկություններով, հազարավոր մարդկանց հալածանքներով, վերջապես՝ թափված արյունով ցույց տվեց, որ հենց սա է իրական ընդդիմությունը։ Ցավալի է, որ իրեն երկրի նախագահ համարող այս մարդը այնքան անճարակ է, որ հույսը դրել է անտեղյակ մարդկանց վրա, որոք կհավատան իր պատմած անհեթեթ այս հեքիաթին։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է այս իշխանության մաս կազմել եւ իր համար հանգիստ քաղաքապետ աշխատել՝ դրանով իսկ ջնջելով, ջուրը լցնելով իր ավելի քան 20 տարվա վիթխարի քաղաքական կապիտալը, ներսում ու դրսում ունեցած բարձր հեղինակությունն ու համարումը, հիասթափեցնել Հայաստանի բնակչության շուրջ 80% կազմող իր կողմնակիցներին, իր դաշնակից ուժերին եւ այլն։ Եթե դա այդպես լիներ, Սերժ Սարգսյանը ոչ թե ընտրապայքարով, այլ ամենամեծ հաճույքով կապույտ սկուտեղի վրա նրան կտար Երեւանի իշխանությունը։

4. Հաղթանակի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես դուրս չի՞ կգա՝ քաղաքապետ դարձնելով Կոնգրեսի մի այլ ներկայացուցչի։

Հայ Ազգային Կոնգրեսը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ու քաղաքապետի ընտրությունը դիտում են որպես, ըստ էության, նախագահական ընտրության յուրատեսակ երկրորդ փուլ, այս վարչախմբից Հայաստանը ազատելու միջոց, եւ այդ մասին հայտարարում են հրապարակավ։ Եթե խնդիրը Երերեւանի քաղաքապետի պաշտոնը լիներ, ապա նման հայտարարություն չէր արվի։ Չէ՞ որ այդ հայտարարությամբ մարտահրավեր է նետվում վարչախմբին եւ դրդում նրան մոբիլիզացնել ու լարել իր բոլոր ուժերը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը կաշխատի քաղաքապետ ու շատ խնդիրներ կլուծի. բայց նրա աշխատանքի շատ կարճ ընթացքում տեղի կունա ամբողջական իշխանափոխություն՝ խաղաղ, օրինական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների տեսքով։ Երեւանի քաղաքապետ ուրիշ մեկը կդառնա միայն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կդառնա Հանրապետության Նախագահ։

5. Իսկ ինչպե՞ս պետք է Երեւանում տարած հաղթանակը տարածվի ամբողջ երկրի վրա, տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն։

Թվարկենք ընդամենը երեք հանգամանք.
Առաջին. Երեւանը Հայաստանի կեսն է, իսկ քաղաքական կշռի առումով՝ կեսից շատ ավելին։ Հայ Ազգային Կոնգրեսի հաղթանակով Երեւանում կգոյանա Հայաստանի միակ օրինական, լեգիտիմ իշխանությունը։ Երեւանի լեգիտիմ իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմքով հզոր հակակշիռ կլինի գործող վարչախմբին, ինչն արմատապես կփոխի քաղաքական իրավիճակն ամբողջ երկրում։ Ավազակապետության կոռուպցիոն համակարգը մի ամբողջական մեխանիզմ է, որի մեջ Երեւանի քաղաքային իշխանությունները կարեւոր օղակ են։ Այդ օղակը միանգամից կվերանա, եւ կոռուպցիոն համակարգի աշատանքը կխաթարվի, դրանով ներկայիս ավազակապետության հիմքը կսկսի արագ քայքայվել է։
Երկրորդ. Իշխանական պաշտոնեությունը միատարր չէ։ Ոչ միայն միջին ու ստորին, այլ նաեւ բարձր օղակներում կան շատ մարդիկ, որոնք, վիրավորված մարդկային արժանապատվությամբ, միայն արտաքուստ է որ համակերպվում են այս իրավիճակին, ոմանք՝ աշխատանքը կորցնելու վախից, ոմանք՝ հետապնդումների ենթարկվելու, ոմանք այլ նկատառումներով։ Քաղաքական իրավիճակի նման փոփոխությունից եւ ամենափոքր երաշխիքներ տեսնելուց հետո, նրանք բացահայտ կանգնելու են Շարժման կողքին։ Դրան զուգահեռ, կամ դրանից անմիջապես հետո արագ կողմնորոշվելու է նաեւ պաշտոնեության մի այլ մեծ զանգված, որը նման դեպքերում շատ արագ որսում է “քամու ուղղությունը”։ Նույնը վերաբերում է բիզնեսի բնագավառին։
Երրորդ. Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած միասնական ընդդիմությունը ամենածանրակշիռ քաղաքական ուժն է Հայաստանում։ Իշխանական ոչ մի լծակ չունենալով հանդերձ՝ նա է թելադրում Հայաստանի հիմնական քաղաքական օրակարգը։ Հենց դա է պատճառը, որ Հայաստան այցելած բոլոր օտարերկրյա պետությունների կամ միջազգային կառույցների ներկայացուցիչները պարտադիր հանդիպում են ոչ միայն իշխանությունների, այլ նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նրանք լավ են հասկանում, որ Հայաստանում, ըստ էության, գոյություն ունի երկու իշխանություն. իրավական՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը հենված է կրիմինալի եւ օլիգարխիայի վրա եւ ոչ մի վստահություն չունի հասարկության մեջ, եւ, դրա կողքին՝ փաստական ու բարոյական իշխանություն, որին, ի դեմս Լեւոն ՏերՊետրոսյանի, վստահում է գործնականում ողջ բնակչությունը։
Այսինքն՝ մայրաքաղաքում հաղթանակը երկրի քաղաքական օրակարգի առաջին ու հրատապ խնդիր է դարձնելու արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հարցը։ Դրա հետ համակերպվելու է միջազգային հանրությունը։ Դրա հետ համակերպվելու է նաեւ վարչախումբը՝ այլ ելք չունենալով ու իր համար ավելի վատթար վերջաբանից խուսափելու համար։


6. Հնարավոր չէ՞, որ Երեւանում էլ, ինչպես անցած նախագահական ընտրությունների ժամանակ, արձանագրվի միայն “բարոյական հաղթանակ”։

“Բարոյական հաղթանակներն” առարկայական, տեսանելի արդյունքներ չեն ունենում։ 2008թ նախագահական ընտրությունների արդյունքները ավելի քան առարկայական են հենց առաջին օրից սկսած։ Հիշենք 2008թ. փետրվարի 21-29-ի շուրջօրյա հանրահավաքները։ Երբ հայտարարվեց, թե հաղթել է Սերժ Սարգսյանը, սպասելի էր, որ դրանից հետո մարդկանց հոսք կլիներ դեպի “հաղթողի”՝ Սերժ Սարգսյանի ճամբար, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները աստիճանաբար կնվազեն։ Հանրահավաքներում մարդկանց քանակը ոչ թե նվազեց, այլ աճեց։ Իշխանական եւ կեղծ ընդդիմադիր կուսակցությունների տասնյակ ու հարյուրավոր անդամներ հարթակում պատռում, դեն էին նետում իրենց անդամատոմսերը։ Տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին՝ քաջ գիտակցելով, որ այդ պատճառով ոչ միայն աշխատանքից ու պաշտոնից են զրկվելու, այլ գուցե նաեւ ազատությունից։ Մի քանի տասնյակ պաշտոնյաներ էլ պատրաստվում էին նույնը անել մարտի 1-ին եւ հաջորդ օրերին։ Փետրվարի 26-ին “հաղթող” Սերժ Սարգսյանը փորձեց իր կողմնակիցների կոնտրհանրահավաք անել Հանրապետության հրապարակում եւ ուժով ողջ Հայաստանից այստեղ հավաքեց երկու հարյուր հազար մարդ։ Կես ժամ անց, ճեղքելով իրենց շրջապատած ոստիկանական շարքերի ցանկապատը, նրանք բոլորը գետի նման հոսեցին դեպի Ազատության հրապարակ եւ միացան Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այդպես իրական հաղթողի մոտ են գնում։ Եթե չլիներ մարտի 1-ի ջարդն ու սպանդը, մի քանի օրվա ընթացքում վարչախումբը հալվելու, սպառվելու էր, իսկ Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարելու ընտրությունների կեղծված արդյունքները։
Նախագահական ընտրություններում տարած փաստական հաղթանակի առարկայական արդյունքներից է, որ Հայաստանում ջարդվեց վախի մթնոլորտը, ձեւավորվեց մի հասարակություն, որը չի հանդուրժում բռնապետությունը, իրավազրկությունը, ապօրինությունները, մարդկային արժանապատվության ոտնահարումները։ Կարելի է խոսել ավելի շոշափվող արդյունքների մասին, ընդհուպ մինչեւ ապրանքների գները։ Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների, կոմունալ եւ այլ վճարների գների բարձրացումը էականորեն զսպվում են հենց Շարժման այդ հաղթանակի ու դրանից հետո առ այսօր Շարժման գոյատեւելու ու հզորանալու շնորհիվ։

7. Ոմանք մի տեսակ հեգնանքով են խոսում պայքարի “օրինական ճանապարհի” մասին, համարում են, օրինակ, որ 2008թ. փետրվարի 26-ին, երբ մոտ 400.000 մարդ էր հավաքվել, կարելի էր վճռական գործողություններով միանգամից լուծել իշխանության հարցը։

Լեւոն Տեր-Պետրոսյանին որեւէ մեկը չի կարող մեղադրել վճռականության պակասի մեջ (խոսքը չի վերաբերում նրանց, ովքեր խեղաթյուրում են պատմությունը)։ Սակայն, որպես հմուտ ու փորձված պետական-քաղաքական գործիչ, վճռականությունը նրա համար հաջողության հասնելու ու դրված խնդիրը լուծելու անհրաժեշտ 10 պայմաններից մեկն է միայն։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով է, որ նա դժվարին տարիներին կարողացավ լուծել անլուծելի թվացող ներքին եւ արտաքին բազմաթիվ խնդիրներ, ընդհուպ՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրումը։ Այդ նույն շրջանում, օրինակ, Էլչիբեյը Ադրբեջանում եւ Գամսախուրդիան՝ Վրաստանում առաջնորդվեցին մերկ վճռականությամբ, առանց այլ հանգամանքներ հաշվի առնելու եւ անդառնալի կորուստներ բերեցին իրենց երկրներին։ Եթե այլ հանգամանքներ հաշվի չառնես եւ առաջնորդվես միայն “վճռականությամբ”, ապա այն կարող է արկածախնդրություն դառնել եւ փչացնել ամեն ինչ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առջեւ ոչ թե պարզ իշխանության հասնելու հարց է դրել, այլ շատ ավելի մեծ ու լայն խնդիր։ Իսկ դրա համար բացի “վճռականությունից”, նաեւ այլ նախապայմանների ստեղծում եւ առկայություն է պետք։ Նրա դրած խնդիրը ավազակապետության կազմաքանդումը, սահմանադրական կարգի եւ ժողովրդի իշխանության վերականգնումն է, ընտրությունների միջոցով իշխանափոխության օրինական ու անցնցում ավանդույթի ստեղծումը։ Հակառակ դեպքում՝ ամեն 3-4 տարին մեկ ընտրությունները կվերածվեն իշխանական շենքերի գրոհի, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի։ Դա կործանման տանող ճանապարհ է։
Վճռականության պակասից սովորաբար խոսում են, ովքեր պատկերացվող այդ գործողություններում իրենց տեսնում են միայն կողքից նայողի, հեռուստացույցի առջեւ դիտողի դերում։ Երեւանի ընտրությունները վճռականության դրսեւորման ամենալավ ասպարեզն է. յուրաքանչյուր ընտրող վճռականորեն գնա ընտրության, յուրաքանչյուր տեղամասում կանգնած լինի 2-3 վճռական մարդ, տեղամասի մոտակայքում մինչեւ վերջ կանգնած լինեն 30-40 վճռական մարդիկ, հաղթանակը կլինի 100 տոկոսանոց։

8. Կա՞ն արդյոք հակասություններ իշխանական կոալիցաիայի մեջ։ “Բարգավաճ Հայաստանը” եւ Հանրապետականը իրար խփում են, Դաշնակցությունն էլ, ահա հայտարերեց կոալիցիայից դուրս գալու մասին։ Նույնիսկ “Օրինաց երկիրն” է ակտիվացել։

Այնքանով, որքանով նրանք միմյանցից փախցնելու, վերաբաժանելու բան ունեն, այդքանով նրանք կարող են հակասություններ դրսեւորվել։ Բայց եթե գործը հասնում է իրենց ունեցած իշխանությունը վտանգելուն, նրանք, իհարկե, միասնական են դառնում ընդդիմության դեմ։ “Բարգավաճը”, որի իրական տերը Ռ. Քոչարյանն է, ընդամենը մի խնդիր ունի. ապացուցել իր ուժը եւ դրանով ապահովել Քոչարյանի վերադարձի հնարավորությունը։ Այնպես որ, ով ձայն տա “Բարգավաճին”, նա իրականում ձայն է տալու հօգուտ Ռ. Քոչարյանի։ Հանրապետականը, որի տերը Սերժ Սարգսյանն է, պայքարում է ցույց տալու համար, որ ինքը իշխանության մեջ առաջինն է։ Ինչ վերաբերում է Դաշնակցությունը, ապա նա, ինչպես միշտ “կողմ ըլլալով դեմ է” կամ “դեմ ըլլալով կողմ”, եւ այդպես ընտրողների ինչ-որ մաս մոլորեցնելով, կարողանում է իշխանության եւ բիզնեսի մեջ պահպանել իր չաղլիկ “փայը”։ Ինչ վերաբերում է “Օրինաց երկրին”, ապա նա Արթուր Բաղդասարյանի կատարած դավաճանական ու արգահատելի քայլից հետո ոչ թե դարձավ կլոր զրո, այլ շատ ավելի ցածր։ Դժվար է պատկերացնել իրեն հարգող որեւէ մեկին, որ, հիշելով այդ ամենը, կարող է ձայն տալ այս կուսակցությանը։

9. Եթե Երեւանի ընտրություններում պարտվելով այդքան իրական է ամբողջ իշխանությունը կորցնելու վտանգ, ինչո՞ւ վարչախումբը չգնաց միասնական ցուցակով ու միասնական թեկնածուով, ավելի հզոր ճակատով։

Դրա համար էլ ասում ենք, որ այս վարչախումբը թե՛ էությամբ, թե՛ գործելակերպով քաղաքական չէ, այլ ավազակապետական։ Խնդիրը հետեւյալն է։ Բացի զանազան ընտրախախտումներից, ընտրակաշառքից եւ այլն,  վարչախումբը մի շատ կարեւոր գործիք ունի, խաբեության միջոց՝ իրեն չընդունող մարդկանց զգալի մի մասին մոլորեցնելու, նրանց ձայները փոշիացնելու, ցրելու համար։ Դա հայտնի կեղծ ընդդիմությունն է։ Այդ գործիքը, սակայն, վերջին նախագահական ընտրություններում խայտառակ ձեւով ջարդուփշուր եղավ ու աղբանոց նետվեց. Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան, Արթուր Բաղդասարյան, դաշնակներ։ Ավելի աննշանների մասին չխոսենք։ Բայց վարչախումբը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել խաբեության իր այդ գործիքի կորստի հետ։ Դրա համար էլ իշխանական կոալիցիա կազմող ուժերը որոշեցին առանձին-առանձին հանդես գալ, այնպիսի տպավորություն ստեղծել, թե “ինչ որ չափով” իրենք էլ ընդդիմություն են Հանրապետական կուսակցությանը ու նրա թեկնածուին։ Թող ոչ մեկը չկասկածի, որ ինչքան էլ ձայներ հավաքեն “Բարգավաճը”, Դաշնակցությունը, “Օրինաց երկիրը” եւ մյուսները, միեւնույն է՝ ինչպես միշտ, վերջում միավորվելու են եւ քաղաքապետ են դարձնելու այն մարդուն, որին հանձնարարել եւ արդեն իսկ քաղաքապետ է նշանակել Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսից, ում էլ որ ձայն տա ընտրողը, վերջում ստացվելու է, որ նա իր ձայնը տվել է իշխանական թեկնածու Գագիկ Բեգլարյանի, ապօրինի այս վարչախմբի օգտին։

10. Հայ Ազգային Կոնգրեսը բաղկացած է շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերից, որոնց մի մասը միմյանց հակադիր գաղափարախոսություններ ունեն։ Դա չի՞ նշանակում, որ այն ցանկացած պահի կարող է քանդվել ներքին հակասություններից։

Մինչ այսօր դրա ամենափոքր նշույլն անգամ չի նկատվել։ Եւ դա երկու հիմնական պատճառով.
Առաջին. Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական ուժերը համախմբվել են մեկ խնդրի՝ ավազակապետական ռեժիմի կազմաքանդման եւ երկրում սահմանադրական կարգի վերականգնման հստակ ձեւակերպված առաջնահերթ խնդրի շուրջ։ Առանց այս խնդրի լուծման, անիմաստ է մտածել երկրի զարգացման ուղիների նրբերանգների մասին, որտեղ կարող են տարակարծություններ առաջանալ։ Դա նույնն է, ինչ վիճես եղբայրներիդ հետ, թե ինչ գույնով պետք է ներկել տան պատերը կամ ինչպես կահավորես տունը, երբ այդ տանը տնօրինություն են անում օտարները, ավազակները։ Տունն օտարներից ազատելու խնդիրը առաջնահերթ է եւ կարող է միավորել բոլոր եղբայրներին, որից հետո կգա այդ տունը նորոգելու, կահավորելու հարցերի ժամանկը։ Այստեղ “օտար” բառը ամենեւին չափազանցություն չէ. Հանցավոր այս վարչախումբը երկրի ու նրա ժողովրդի նկատմամբ իրեն պահում է ճիշտ եւ ճիշտ օտար նվաճողի նման, եւ նրա ազգային պատկանելությունը չի կարող մեղմացուցիչ հանգամանք լինել։
Երկրորդ. Հայ Ազգային Կոնգրեսը նույն համաժողովրդական շարժումն է, իսկ դա շատ ավելին է, քան երկու տասնյակ կուսակցությունների դաշինք։ Նրան անհատապես անդամագրվել են տասնյակ հազարավոր անկուսակցական մարդիկ, ովքեր նույն խնդիրը համարում են առաջնահերթ նպատակ։ Այդ ուժը մի տեսակ ցեմենտում է Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական ուժերին եւ բազմապատկում նրանցից յուրաքանչյուրի ուժը։ Այս մասշտաբի համաժողովրդական շարժումները չեն քայքայվում եւ ասպարեզից չեն հեռանում, քանի դեռ չեն լուծել իրենց առջեւ դրած հիմնական խնդիրը։

11. Հնարավոր չէ՞, որ վարչախումբը երկրորդ անգամ դիմի նույնպիսի բռնությունների։

Կան պարզ հաշվարկներ, որ նրանք էլ կարող են անել։ Ընտրախտումները եւ մարտի 1-ի ոճրագործությունը այս իշխանությունը դեռ չի կարողացել մարսել։ Ռ. Քոչարյանի գործը տասնյակ հազարավոր ստորագրություններով Հաագայի միջազգային քրեական դատարանի ճանապարհին է։ Ընդդիմության դեմ հարուցված՝ պետական հեղաշրջման, իշխանության յուրացման մեղադրանքը անցած մեկ տարվա ընթացքում փլուզվեց ամբողջությամբ, եւ դա տեսնում է ամբողջ աշխարհը։ Միջազգային հանրությունը տասնյակ փաստաթղթերով հետեւողականորեն շարունակում է պահանջել, որ բոլոր ձերբակալվածներին ազատ արձակվեն։ Այսինքն՝ նախագահական ընտրությունների ապօրինությունները եւ մարտիմեկյան ոճրագործությունը սուր ոսկորի նման դեռ վարչախմբի կոկորդում է։ Նման երկրորդ ոսկորը մահացու կլինի նրա համար։


12. Եթե բավականաչափ ճկուն լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ քաղաքական ուժերի նկատմաբ ավելի հանդուրժող, ավելի հեշտ չէ՞ր լինի պայքարը եւ հաղթանակը։

Դեռ 2007թ. աշնանը, առաջին հրապարակային ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է օգնել ցանկացած ընդդիմադիր գործչի, որի շուրջ հասարակական համախմբում տեղի կունենա։ Հիշենք նաեւ, որ նա իր նախաձեռնությամբ կարող էր համագործակցության եզրեր փնտրեց Դաշնակցության ղեկավարների հետ, մի կուսակցության, որի հիմնական թիրախը 1988 թվականից ի վեր ինքն է եղել, Վազգեն Մանուկյանի հետ, որը 1990թ. օգոստոսի 4-ից անզիջում պայքար էր մղում իր դեմ՝ առանց միջոցների մեջ խտրություն դնելու, Արտաշես Գեղամյանի հետ։ Հանուն երկրի առջեւ ծառացած մարտահրավերի հաղթահարման, նա իսպառ մի կողմ դրեց իրեն հասցված ամբողջ վիրավորանքն ու ամբիցիաները։ Այնպես որ, ամեն մի իրական ընդդնմադիր ուժ ու քաղաքական գործիչ, որն իրոք նույն խնդիրներով էր մտահովգած, կարող էր պատվավոր տեղ զբաղեցնել այս պայքարում։ Իսկ թե ով ինչ ճանապարհ գերադասեց, այսօր պարզ է բոլորին։

13. Գուցե նույն կերպ չվարվեց իշխանության հետ։ Այնպիսի տպավորություն է, թե Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, մի տեսակ, հայտարարվեցին օրենքից դուրս, ուստիեւ սկսեցին գործել դատապարտվածի կատաղությամբ։

Այդ մեղադրանքը եւս իրականությանը չի համապատասխանում։ Դեռ առաջին հանրահավաքային ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ շատ բարձր գնահատեց նրանց վաստակը մինչեւ 1999թ. եւ ավելացրեց “Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվությունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ ու ներողամիտ հայ ժողովրդի կողմից”։ Դրանից հետո էլ նա մի քանի անգամ հրապարակայնորեն երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանին նաեւ նախագահական ընտրություններից հետո։ Այդ կոչերը միշտ մնացել են անպատասխան։

14. Նախագահական ընտրություններից հետո մինչեւ այսօր արդյոք ավելի չե՞ն ամրապնդվել եւ ուժեղացել իշխանության դիրքերը։

Ընդհակառակը, թուլացել են։ Դա կարելի է տեսնել նրա ներքին ու արտաքին քաղաքականության հետեւյալ արդյունքներում ։
1. 2008թ. մարտի 1-ին վարչախումբը կրակեց խաղաղ ցուցարարների վրա՝ սպանելով առնվազն 10 մարդու եւ վիրավորելով շատերին։ Հազարավոր մարդկանց նկատմամբ հալածանքներ ծավալեց, շատերին ապօրինաբար զրկելով աշխատանքից ու նվազագույն կենսամիջոցներից՝ վաստակեց լրացուցիչ ատելություն։ Քաղաքական բանտարկյալների նկատմամբ հարյուրավոր զավեշտական դատավարություններով վարչախումբը խայտառակել է պետության իրավապահ ու դատական համակարգը։ Երբ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի պայմաններում ապրանքների աննախադեպ էժանացում է, Հայաստանում շարունակում են բարձրանալ գները։ Խորանում է մարդկանց աղքատացումը, մյուս կողմից՝ շարունակում են ավելի հարստանալ վարչախմբի տնտեսական հիմք հանդիսացող օլիգարխները եւ պաշտոնյաները։ Այսպիսով՝ վարչախումբը ձախողվել է ներքին քաղաքականության բնագավառում եւ խորացրել հասարակության սոցիալական բեւեռացումը, իր դեմ է տրամադրել նորանոր սոցիալական խմբերի։
2. Եթե Ռ.Քոչարյանը ժամանակին հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի, ապա նրա հաջորդ Ս. Սարգսյանը համաձայնելով 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու՝ Թուրքիայի առաջարկին՝ դարձավ առաջին հայ պաշտոնյան ու առաջին հայ մարդը, որ փաստորեն կասկածի տակ դրեց, ուրացավ Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես ժամանակին Ռ. Քոչարյանը, այնպես էլ հիմա Ս. Սարգսյանը այդ բանն արեցին ամրացնելու համար իրենց ոչ լեգիտիմ իշխանությունը։ Բացի այդ. Լեռնային Ղարաբաղի՝ միանգամայն անկախ եւ ինքնուրույն 20-ամյա միջազգային խնդիրը նա կապեց նույն այդ “պատմաբանների հանձնաժողովի” եւ պետական սահմանի բացման հետ։ Այժմ այդ երեք հարցերը կարող են լուծվել միայն միաժամանակ՝ փաթեթով։ Դրանով իսկ Թուրքիան դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ կարեւոր դերակատար։ 15 տարուց ավելի Ադրբեջանը եւ Թուրքիան անհաջող պայքարում էին այդ նպատակին հասնելու համար, այսօր նրանց ուզածը որպես նվեր մատուցեց Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ վարչախումբը տանուլ է տվել, ծանր կորուստներ ունեցել արտաքին քաղաքական ասպարեզում, կորուստներ, որոնք ոչ միայն Հայաստանին են վերաբերում, այլ ամբողջ հայությանը։
3. Դրան հակառակ՝ մեծացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական կշիռը։ Չնայած գործադրած ահռելի ջանքերին, վարչախմբին չհաջողվեց ճնշել կամ նվազեցնել իր դեմ ծառացած համաժողովրդական շարժումը։ Շարժմանը միացան կեղծ ընդիմադիր ուժերի կողմից մոլորված ու նրանցից ծանր հիասթափություն ապրած հսկայական զանգվածներ։ Չնայած աննախադեպ բռնաճնշումներին, միասնական ընդդիմությունը ոչ միայն չքայքայվեց, այլեւ համախմբվեց “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքում, որին բացի շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերից, անհատապես անդամագրվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ։ Այսօր Հայաստանում, առավել եւս նրա մայրաքաղաք Երեւանում ընդդիմությունը՝ ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, ունի  ձայների գերակշիռ մեծամասնությունը, ընդհուպ 75-80%-ը։ Հայաստանի անկախության շրջանում առաջին անգամ ընդդիմությունը հանդես է գալիս որպես մեկ միասնական ուժ, իսկ իշխանությունը բաժանված է մի քանի մասերի։

15. Այս 10-11 տարվա ընթացքում ծավալված ապօրինությունների պայմաններում մանր ու միջին բնզնեսի ներկայացուցիչներ, տասնյակ հազարավոր սովորական քաղաքացիներ՝ երբեմն ստիպված, օրվա ապրուստը հայթայթելու համար, ինչ-որ գործարքների են գնացել իշխանության մարմիների կամ պաշտոնյաների հետ։ Այսօր իշխանությունները նրանց ներշնչում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն։

Կոնգրեսը իշխանության չի գալիս Հայաստանը համատարած դատավարությունների ու պատիժների թատերաբեմ դարձնելու համար։ Կան բազմաթիվ իրավական ճանապարհներ այդօրինակ խնդիրները հօգուտ քաղաքցու լուծելու համար, եթե, իհարկե, դրանից անմիջապես չի տուժել մեկ այլ քաղաքացի։ Իսկ, դրանից դուրս, դատավարությունների եւ արդարություն վերականգնելու համար այնքան շատ են պարտակված  ու չբացահայտված ծանր հանցագործությունները, այդ թվում նաեւ խոշոր օլիգարխների ու պաշտոնյաների ահռելի չափերի հասնող կողոպուտը, որ իրավապահ մարմինների համար անսպառ գործ կա։ Բայց նաեւ այս վերջին դեպքերում պատասխանատվությունը պետք լինի օրինական եւ իրավական, դատական կարգով ապացուցված։

16. Նկատի ունալով Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրում ձախողումները, կարելի՞ է ասել, որ ինչպես իր ժամանակ Ռ. Քոչարյանը, այնպես էլ նրա հետեւորդ Ս. Սարգսյանը հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծել են այնպիսի կարեւոր հարցեր, որ դժվար կարողանային անել անգամ այդ երկրների հանճարեղ գործակալները։

Ճիշտ է։ Բայց հազիվ թե նրանք գործակալներ են։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ իրենց մտավոր ունակություններով շատ հեռու են հանճարեղ լինելուց։ Դրա բացատրությունը շատ պարզ է. այն, ինչ կարող է իր երկրի (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի, Թուրքիայի) համար անել նրանց հանճարեղ գործակալը, նույնը կարող է անել հակառակորդ երկրի (տվյալ դեպքում՝ Հայաստանի) որեւէ սրբություն չճանաչող դավաճանը։

17. Արդյո՞ք պատասխանատվությունը պետք է դնել միայն այս երկու անձի կամ միայն Հանրապետական կուսակցության վրա։

Բացարձակապես ոչ։ Դրա համար հավասարապես պատասխանատու են վերջին 10 տարում կոալիցիոն կառավարությունների մաս կազմած բոլոր քաղաքական ուժերը. “Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը, “Օրինաց երկիրը”։ Դրա համար պատասխանատու են այն կուսակցությունները եւ գործիչները, որոնք, իբր, պայքարել են վարչախմբի դեմ, սակայն իրականում վարչախմբի կողմից վարձված են եղել ընտրություններում ժողովրդին մոլորեցնելու, իրական ընդդիմության ձայները խլելու համար։ Դրա համար պատասխանատու են իրենց “հայրենասեր” կեմ “ազգային” համարող այն մտավորականները, որոնք ժամանակին վայնասուն էին բարձրացնում նույն Ղարաբաղի, Թուրքիայի հետ հարաբերությունների ու Ցեղասպանության թեմայով, իսկ այսօր երբ դրանցից մեկն ակնհայտ ծախվել, ուրացվել է, իսկ մյուսը նույն ճանապարհին է, լլկվել, ձենները կտրել են՝ կա՛մ իրենց ստացած շքանշանների խաթեր, կա՛մ իրենց նետված ուտելիքն ու ձեռքբերած բիզնեսը չկորցնելու մտահոգությամբ։

18. Այս ընթացքում շատ խոսվեց Հանրապետական կուսակցության կողմից դպրոցներում եւ այլ հիմնարկներում հավաքած “100%-անոց ցուցակների, անձնագրերի պատճենների հավաքելու, “Բարգավաճի” կողմից ընտրակաշառք բաժանելու, լրացուցիչ անձնագրերի եւ բազմաթիվ այլ ընտրախախտումների մասին։ Նրանց այդ ծավալի աշխատանքը չի նշանակում, որ ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ իշխանության։

Դրա մեծագույն մասը պարզ բլեֆ է։ Այս կուսակցությունները չեն կարող իրենց ակտիվին լծել նորմալ քարոզչական աշխատանքի։ Նախ՝ որովհետեւ ասելու բան չունեն, երկրորդ՝ որովհետեւ քարզչության համար ունակ մարդիկ չունեն։ Մարդկանց ցուցակներ կազմելով, ստորագրություններ ու անձնագրեր հավաքելով, աժիոտաժ ստեղծելով, նրանք նախ ուզում են իրենց թիմին “գործ” տալ եւ մոբիլիզացիոն վիճակ ստեղծել, որ այդ թիմը չհուսալքվի, անգործության չմատնվի ու չքայքայվի։ Երկրոդ՝ հույս ունեն, որ այդ ամենը հոգեբանական նշանակություն կունենա “ցուցակագրված” ընտրողների վրա եւ նրանց մի մասը, “շառից հեռու”, կքվեարկեն իրենց օգտին։ Իրականում ինչպիսի ցուցակներում էլ ընդգրկված լինի ընտրողը, որտեղ էլ ստորագրած լինի, անձնագրի քանի պատճեն էլ տված լինի, որքան ընտրակաշառք էլ ստացած լինի, միեւնույն է՝ քվեարկության պահին նրա ձայնը անհնար է վերահսկել, ու նա, առանց որեւէ մտավախության կարող է քվեարկել իր խղճի թելադրանքով։

19. Ինչպե՞ս պետք է պահեք ձայները։

Վերջին նախագահական ընտրություններում իշխանությունը հստակ խնդիր էր դրել այնպես կեղծել ընտրությունները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվի 4-րդ, ամենաշատը 3-րդ տեղում։ Նա արեց գործնականում ամեն ինչ, բայց չկարողացավ հասնել իր նպատակին. Երեւանում ստիպված եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար պաշտոնապես արձանագրել 30% ձայն։ Այսինքն կեղծիքներն ու ապօրինություններն էլ ինչ-որ ֆիզիկական սահմանից այն կողմ չեն կարող անցնել։ Իսւ հիմա Լեւն Տեր-Պետրոսյանը եւ նրա ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսը շատ ավելի ձայն ունի, եւ, բացի այդ, կրկնակի հզոր է այն թիմը՝ շուրջ 3000 հոգի, որոնք որպես հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ ներկա են լինելու տեղամասերում։ Եթե դրան, որպես կարեւոր գործոն, գումարվի ընտրողների ակտիվությունը, ապա հաղթանակի արձանագրման խնդիրը կարելի է լուծված համարել նույնիսկ նույն ծավալի ընտրակեղծիքների դեպքում։ Հասարակության մեջ սերմանվող ամեն մի կասկած, հուսալքություն եւ անտարբերություն աշխատում է վարչախմբի օգտին։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
“Հայկական ժամանակ” մայիս եւ առանձին գրքույկով՝ 15000 օր.

No comments:

Post a Comment