Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների “Վերադարձ” ժողովածուի սույն առաջաբանում փորձ
ենք արել ցույց տալ 2007թ. աշնանից սկսված եւ շարունակվող Համաժողովրդական շարժման
յուրահատկությունները, գնահատել իրողությունները, ամփոփել կարեւոր արդյունքները։
2007թ. սեպտեմբերի 21-ին,
Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձի առիթով “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցի
“Տիգրան մեծ” սրահում ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի Հանրապետության
Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 800 տեղանոց դահլիճը ոտքի վրա
ֆիզիկապես կարողացավ տեղավորել հավաքվածների միայն մի մասին՝ շուրջ
3000 հոգու։ Եղան օրվան նվիրված մի քանի ելույթներ, բարձրախոսերը հավաքվեցին։
Կարծես ամեն ինչ ընթանալու էր հենց այնպես, ինչպես 1998-ից ի վեր նմանօրինակ
միջոցառումների ժամանակ. Նախագահը դրան մասնակցելու էր առանց հրապարակային
ելույթի, լոկ իր ներկայությամբ ու անհատական զրույցներով։ Սակայն հինգ րոպե
անց տեխնիկան կրկին տեղադրվեց։ 1998-ից հետո առաջին անգամ, ելույթի համար
խոսափողին մոտեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Անակնկալը քարացրեց դահլիճը։
Քարացած դահլիճը անբնական պայթեց, երբ Նախագահն օրվան պատշաճող մի քանի
խոսքից հետո ըստ էության բացահայտեց տասնամյա իր “լռության ուխտը” խախտելու
շարժառիթը՝ երկրում տիրող իրավիճակին տված գնահատականի հետեւյալ ձեւակերպմամբ.
“...իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի
հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի
կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով։
Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ
այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը։ Այս իշխանության
գոյատեւումը չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից։
Ուրեմն՝ խնդիրն այս համակարգը կազմաքանդելն է, այս համակարգից ազատվելը”։
Բոլորը հասկացան, որ դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանն ազդարարում է իր
ՎԵՐԱԴԱՐՁԸ. վերադարձը՝ գործնական, հրապարակային քաղաքականություն։
Հաջորդ պահին, արդեն ոչ միայն դահլիճում, այլեւ ամբողջ երկրում բոլորը հասկացան,
որ այս ելույթով, հերթական նախագահական ընտրության նախաշեմին, Հայաստանում
որակապես նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվում։ Սակայն, ինչպես այդ, այնպես
էլ հաջորդ բոլոր պահերին ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի իրադարձությունների
սկիզբ է դրվելու այդ ելույթով։
Դավադիր հեղաշրջումները, որ կարելի է իրականացնել
տասնյակ մարդկանցով, զինված կամ թավշյա հեղափոխությունները, որ կարելի
է իրականացնել հարյուրավորներով, ազգային-ազատագրական պատերազմները,
որ կարելի է իրականացնել հազարավորներով, կարող են ժամանակավորապես
այս կամ այն կերպ փոխել ժողովրդի պատմության ընթացքը։ Սակայն գործնականում
ողջ ժողովրդի ընդգրկմամբ ծավալված համաժողովրդական շարժումներն են,
որ ոչ միայն պատմության ընթացք են փոխում, այլեւ կենսունակության մեծ լիցք
են հաղորդում, երիտասարդացնող ավիշ ներարկում ազգին, ժողովրդին, եւ, ձեւավորելով
որակապես նոր հասարակություն՝ կանխարգելում
նրա ծերացումը կամ այլասերումը։ 1988-1990 թվականների Ղարաբաղյան
կամ Հայկական համազգային ժողովրդավարական շարժումից հետո բոլորովին
այլ որակի հասարակություն էր Հայաստանում՝ արմատապես տարբերվող 70-80-ական
թվականների հասարակությունից։ Հասարակության այդ որակն էր, կամ՝ որակապես
նոր այդ հասարակությունն էր, որ հաջորդ տարիներին ոչ միայն կարողացավ իր
ուսերին աննախադեպ ծանր բեռ կրել, անհաղթահարելի թվացող խոչընդոտներ
հաղթահարել, այլեւ ոչ մեկի մտքով չանցնող հաղթանակների հասնել։ Անգամ
ժամանակին՝ 1965-1966 թվականների ազգային-քաղաքական խնդիրների մասնակի
մի պոռթկումը որակական կարեւոր տեղաշարժեր առաջացրեց հասարակության
մեջ՝ նպաստելով խորհրդային բռնապետության պայմաններում քայքայված ու
կազմալուծված ազգային ինքնագիտակցության վերականգնմանը։
2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հայտը, որ պաշտոնապես հնչեց մոտ մեկ ամիս
անց՝ հոկտեմբերի 26-ին, այն ակնհայտորեն
շարքային ընտրարշավից վերածելու էր համաժողովրդական շարժման։
Դրա համար հասունացած էր օբյեկտիվ պայմանը՝ համընդհանուր ատելության վերածված
համաժողովրդական դժգոհությունը վարչախմբի նկատմամբ, ինչին գումարվում
էր սուբյեկտիվ գործոնը՝ Առաջին նախագահի անձով ներկայացող փորձառու առաջնորդը։
Դույզն ինչ չնսեմացնելով 1965-1966, 1988-1990թթ. համաժողովրդական շարժումները,
առանց երկմտելու պետք է խոստովանել, որ համաժողովրդական այն շարժումը,
որ ծայր առավ 2007թ. աշնանից ու շարունակվում է առ այսօր, իր բոլոր չափորոշիչներով,
մասնավորապես, հասունությամբ, հետապնդած բարձր քաղաքական խնդիրներով
եւ որակական այլ հատկանիշներով գերազանցում է նախորդներին։ Դույզն ինչ
չնսեմացնելով, ընդհակառակը՝ շատ բարձր գնահատելով այս Շարժման քաղաքական
ընտրանին կազմող անհատների, հայտնի քաղաքական գործիչների կարեւորագույն
վաստակն ու դերակատարությունը, այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ
Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որ իր ելույթներով ու գործունեությամբ փոթորկեց
հասարակությունը, դարձավ համաժողովրդական այդ շարժման խմորիչն ու լոկոմոտիվը։
Հասարակության եւ քաղաքականության մասին գիտությունները
նույնպես ունեն իրենց օրենքները, որոնք չի կարելի անպատիժ խախտել։ Օրինակ.
խորհուրդ չի տրվում բազմամարդ հանրահավաքներում, ունկնդրի կողմից ընկալելու
համար ուղեղի մեծ լարում պահանջող բարդ խնդիրների մանրազնին վերլուծություններ
- դրանք ավելի հարմար են եւ ընկալելի տպագիր տեսքով։ Բազմամարդ հանրահավաքներում
խորհուրդ չի տրվում երկարաշունչ ելույթներ՝ մարդիկ ֆիզիկապես հոգնում են
ոտքի վրա ու ձանձրանում նույն հռետորին երկար լսելով - այդպիսի ելույթներն
ավելի հարմար են դահլիճային պայմաններում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարձակորեն
խախտեց այդ օրենքները. նրա հանրահավաքային բոլոր ելույթները ամենաբարդ
խնդիրների մանրազնին վերլուծություններ են, յուրաքանչյուրը՝ 1-1,5 ժամ
տեւողությամբ։ Ու, դրանով հանդերձ, հարյուր հազարավոր մարդիկ դրանք լսում
են համակ ուշադրությամբ եւ հաջորդ հանրահավաքին շտապում՝ հատկապես նրա
հաջորդը ելույթը լսելու համար։ Նույն՝ հասարակության ու քաղաքականության
մասին գիտությունները խորհուրդ են տալիս երբեմն դիմել նաեւ ժողովրդահաճ
մեթոդների, երբեմն տուրք տալ զանգվածների տրամադրությանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը
բազմիցս հիմնավորապես խախտել է նաեւ այս օրենքները։ Ընդհանրապես մերժելով
ժողովրդահաճությունը, նա հաճախ հանդես է եկել “հիասթափեցնող” ելույթներով՝
առաջարկելով կտրուկ ու անսպասելի շրջադարձեր։ Եւ, այդուամենայնիվ, նրա
նկատմամբ ամենափոքր չափով չի նվազել վստահությունը, չի լսվել որեւէ տրտունջ։
Ո՞րն է նրա նկատմամբ ժողովրդի՝ ոչ թե անվերապահ, այլ աննահանջ լայնացող
ու խորացող քաղաքական վստահության գաղտնիքը։ “Անբնական” այս երեւույթը
վարչախմբի ներկայացուցիչները ինչ-որ պահի փորձեցին բացատրել՝ Լեւոն
Տեր-Պետրոսյանի դեմ հարուցելով զանգվածային հիպնոսի, կախարդանքի, մարդկանց
“հոգեխանգարման” հասցնելու միջնադարյան ինկվիզիցիայի մեղադրանք։ Կախարդանքը,
իրոք, կա, բայց ոչ որպես մեղք, այլ որպես բացառիկ մի շնորհ՝ հիմնված Նախագահի՝
քաղաքական ու պետական գործչի հարստագույն փորձի, նախանձելի բազմիմացության,
լայն մտահորիզոնի, բարձր ինտելեկտի, խորաթափանց վերլուծական մտքի,
իրավիճակի զարկերակը ճշգրիտ զգալու, ամենաբարդ խնդիրները պարզ ու դյուրընկալ
ներկայացնելու ու հստակ բանաձեւելու կարողության
եւ, այս ամենի հետ, ամենակարեւորը՝ ժողովրդի
հետ մինչեւ վերջ անկեղծ լինելու իր անսասան
սկզբունքի համատեղման վրա։
Հենց սկզբից չէ, որ համընդհանուր ու անվերապահ էր հասարակության
ոգեւորությունն ու կողմնորոշումը։ Ամբողջ 10 տարի լռել էր Հայաստանի Հանրապետության
Հիմնադիր-նախագահը։ Ճիշտ է՝ դրանով իսկ մեծ ինտրիգ էր ստեղծվել։ Սակայն
նաեւ ամբողջ 10 տարի ավազակապետական ռեժիմի ճարտարապետների ու կամակատարների,
մեղմ ասած, քննադատության թիվ մեկ թիրախն էր եղել նա։ Ոչ միայն եթերով ու մամուլով,
այլեւ ընդհուպ ուսումնական ձեռնարկների մակարդակով աղավաղվել, գլխիվայր
էր շրջվել Առաջին նախագահի իշխանության տարիների ողջ պատմությունը։
Յուրացվել էին “անտեր” մնացած հաղթանակներն ու հաջողությունները, որ,
ըստ պատմության նոր խմբագիրների, տեղի էին ունեցել նրա կամքին հակառակ,
մինչդեռ նույն տարիների բոլոր դժվարությունները բարդվել էին նրա վրա՝
որպես դրանց միակ պատասխանատու։ Հազար անգամ կրկնված սուտը, կեղծիքը, ընդհուպ
զավեշտի մակարդակի վերագրումները որպես իրողություն նստել էր շատերի
ուղեղում։ Մեկ-երկու հրապարակային ելույթով, գործի դնելով ժողովրդի հետ
անկեղծ խոսելու իր հիմնական զենքը, Լեւոն
Տեր-Պետրոսյանը հալեցրեց այդ սառցե պատնեշը։
Այս գրքում ամփոփված հանրահավաքային ելույթները նախապատրաստվել
են գրավոր. դրանցից յուրաքանչյուրի պատրաստման վրա հեղինակն իրեն հատուկ
բծախնդրությամբ աշխատել է 2-3 շաբաթ։ Ելույթներից յուրաքանչյուրը բավարարում է մի քանի պարտադիր
պայման միաժամանակ։ Առաջինը՝ հավաստիությունն ու ստուգված փաստերի վրա
խարսխված լինելն է, ինչն ապահովում
է դրանց գիտականությունը։ Ելույթների բազմաթիվ էջեր պարզապես կարող
են զարդարել նույն թեմայով ցանկացած ակադեմիական գիտական աշխատություն։
Տասնյակ այդ ելույթներից եւ ոչ մեկի որեւէ թեզ կամ փաստ նրա ընդդիմախոսներն
այդպես էլ չփորձեցին ըստ էության վիճարկել։ Երկրորդը՝ խնդիրների ու հարցադրումների
արդիականությունը ու գնահատականների համոզիչ լինելն է, ինչն ապահովում
է ելույթների անխառն քաղաքական բնույթը՝ անկախ թեմատիկայից։ Երրորդը՝
ինչպես յուրաքանչյուր ելույթ առանձին իր ներսում, այնպես էլ բոլորը միասին
որպես ամբողջություն, ունեն ասելիքի հստակ համակարգվածություն ու ներքին
անթերի տրամաբանական կապ։ Չորրորդը՝ բազմահասցեականությունն է. հիմնական
հասցեատերերը երեքն են՝ Հայաստանի ժողովուրդն իր բոլոր խավերով, գործող
իշխանությունը, ապա՝ միջազգային հանրությունը կամ արտաքին աշխարհը։ Եւ
վերջապես հինգերորդը՝ խոսքի որակն է. ոմանք խոստովանում են, որ գալիս են
հանրահավաքի՝ պարզապես գեղեցիկ ու գրագետ հայերեն խոսք լսելու հաճույքն
ստանալու համար նաեւ։ Նրա ելույթների նկատմամբ հասարակական իրական պահանջարկը
չբավարարված մնաց անգամ այն բանից հետո, երբ դրանք հանրահավաքից անմիջապես
հետո ամբողջությամբ հրապարակում էին միաժամանակ մի քանի թերթեր, տեղադրվում
էին ինտերնետում, մի քանի տասնյակ հազար տիրաժով տարածվում տեսասկավառակներով
ու նույնքան՝ առանձին գրքույկներով։ Արտաքին աշխարհի նույնպիսի պահանջարկը
բավարարելու համար դրանք անմիջապես թարգմանվում եւ տարածվում էին նաեւ
ռուսերեն եւ անգլերեն։ Դժվար է հայ իրականության մեջ ցույց տալ ոչ միայն քաղաքական,
այլեւ ցանկացած այլ ասպարեզում ու ժանրում մտավոր արտադրանքի որեւէ նմուշ,
որն իր ժամանակին եւ կամ հետո նման պահանջարկ է ունեցել։
Որո՞նք են այն արդյունքները, որ ունեցավ Հայաստանի Հիմնադիր-նախագահի
գլխավորած համաժողովրդական շարժումը։ Թող տարօրինակ չհնչի, սակայն
այդ արդյունքներն այսօր իրենց նշանակությամբ պատմականորեն նույնարժեք,
գուցե նույնիսկ ինչ-որ իմաստով ավելին են, քան, եթե 2008թ. տեղի ունեցած լիներ
սովորական մի նախընտրական պայքար եւ փետրվարի 19-ին ավարտվեր Լեւոն Տեր-Պետրոսյանի
բնականոն հաղթանակով։ Կարեւոր այն խնդիրները, որ պետք է լուծվեին այդ
հաղթանակից հետո, լուծվեցին ու շարունակում են լուծվել համաժողովրդական
շարժման այս ընթացքում։
Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ. հոկտեմբերի 26-ի հենց առաջին
ելույթով բացահայտեց Հայաստանում ձեւավորված ռեժիմի “ավազակապետական”
բնույթը, դրա “անատոմիան եւ մեխանիկան”։ Ո՛չ այս որակումը, ո՛չ էլ քիչ ավելի
ուշ վարչախմբին տրված “թաթար-մոնղոլական խանություն” բնորոշումը պարզապես
նսեմացուցիչ գնահատականներ ու այպանանք չէին (ինչպես դա ընկալեցին նրա հակառակորդները),
այլ հարուստ փաստական նյութի վրա գիտական բծախնդրությամբ ցուցադրված քաղաքական
իրողություններ։ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ հասարակությանը ներկայացրեց
Հայաստանում 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ու դրա հետեւանքով արմատավորված
ռեժիմի իրական ու համակողմանի պատկերը՝ կառուցվածքային մանրամասներով
ու գործառնական ամբողջականությամբ։ Միաժամանակ
նա, ըստ էության, նաեւ ազդարարեց իր հետապնդած քաղաքական խնդիրը,
այն է՝ ավազակապետության կազմաքանդում ու “Ավգյան ախոռների մաքրում”։
Այլ խոսքով՝ սահմանադրական կարգի վերականգնում, օրենքի եւ իրավունքի
գերիշխանության հաստատում, մարդու իրավունքների ու ազատությունների ապահովում,
մինչ այդ կատարված ապօրինությունների հետեւանքների վերացում եւ այլն։
Հարցադրումն անմիջապես հիմք դրեց այն ջրբաժանին, որի մի կողմում հավաքվեցին
վարչախմբի պահպանմամբ շահագրգիռ ուժերը՝ անկախ իրենց հրապարակային քաղաքական
հռետորաբանությունից, մյուս կողմում՝ իր ազգային, մարդկային ու քաղաքացիական
պատվախնդրությանը նախանձախնդիր մարդիկ՝ հասարակության մեծագույն մասը։
Ընդամենը երեք-չորս ամսում, ներառյալ 2008-ի նախագահական
ընտրությունները, դրան հաջորդած շուրջօրյա հանրահավաքները, որ ընդհատվեցին
վարչախմբի կազմակերպած մարտիմեկյան հանցագործ ջարդով ու արյունոտ սպանդով,
վերջնականապես հստակեցրեցին այդ ջրբաժանը։ Ի սկզբանե շատ լավ հասկանալով,
որ իրենց հիմնած ռեժիմը հանդիպելու է հասարակության լայն շերտերի դիմադրությանը,
ավազակապետության “հիմնադիր հայրերը” մշակել ու հաջողությամբ գործադրում
էին այդ դիմադրությունը հաղթահարելու կամ շրջանցելու մի շարք մեթոդներ։
Դրանցից մեկն ուղղակի կամ միջնորդավորված
ընտրակաշառքն էր, որը, սակայն, մի կողմից՝ ծախսատար էր, մյուս կողմից՝
սկզբունքային ընտրազանգվածի էական մի մաս պարզապես չէր տրվում դրան։ Ահա
հենց այս մասի հարցերը լուծելու համար է, որ մտահղացվել էր կեղծ ընդդիմության
դավադիր համակարգը։ Այն արդեն մի քանի անգամ հաջողությամբ գործադրվել
էր, եւ պետք է խոստովանել, փայլուն քննություն բռնել, սակայն, ըստ էության
եւ ամբողջությամբ չէր բացահայտվել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի դրած հստակ ջրբաժանը,
Համաժողովրդական շարժման արմատականությունն ու թափը մինչեւ վերջ բացահայտեցին
սեփական ժողովրդի դեմ կրկնվող այս դավադրությունը։ Մի վերջին անգամ ծառայելով
վարչախմբին՝ ոչնչացավ ավազակապետական ռեժիմի պահպանման շատ կարեւոր
“ինստիտուտներից” մեկը՝ կեղծ, ծախված կամ գրպանային ընդդիմության համակարգը։
Ձեռնասուն ու հաստիքային “ընդդիմադիր գործիչների” մի ամբողջ շքախումբ խայտառակ
ձեւով նետվեց քաղաքական աղբանոց՝ արժանանալով համաժողովրդական արգահատանքի,
իսկ նրանց անունները փոքրատառով՝ ստորացնող բնութագրիչի, հայհոյական
խոսքի վերածվեցին։ Այնքան կատարյալ էր այդ համակարգի փլուզումը, որ առ
այսօր, վարչախմբի բոլոր փորձերը՝ ինչ-որ կերպ վերականգնել իր զինանոցի
ջախջախված թանկարժեք այս միջոցը՝ մնում են ապարդյուն։
Վարչախումբն ի սկզբանե իշխանության եկավ ժողովրդի մեծագույն
մասի ընդդիմացման պայմաններում։ Ռ. Քոչարյանը իր իշխանությունը հաստատել
ու պահպանել էր ոչ միայն ոտնահարելով Սահմանադրությունը, այլեւ երկիցս
խլելով նախագահական աթոռը այդ պաշտոնում ակնհայտ ընտրված Կարեն Դեմիրճյանից,
ապա՝ Ստեփան Դեմիրճյանից։ Նույն կերպ էին իրականացել նաեւ խորհրդարանական
ու մյուս ընտրությունները, հանրաքվեները։ Ոչ լեգիտիմ իշխանությունը դարձել
էր քաղաքական կյանքի նորմ, իսկ տասը տարի դրա դեմ պայքարած հասարակությունը,
կարծես, արդեն հուսահատվել ու համակերպվել էր։ Վարչախմբի հետեւողական
ու նպատակադիր ջանքերի շնորհիվ ոչնչացվել էր երկրի քաղաքական դաշտը, այլասերվել
քաղաքական պայքարի էությունը, քաղաքական
գործիչ, քաղաքական խնդիր հասկացությունները։ Հսկայական, բառիս բուն
նշանակությամբ տգետ մի զանգված էր հավաքվել Ազգային ժողովում, այնքան տգետ,
որ հաճախ բողոքում էին այստեղ քննարկվող հարցերի, ընդհուպ՝ Սահմանադրության,
“քաղաքականացումից”։ Նույնպիսի մի զանգված նշանակվել էր պետական կարեւորագույն
քաղաքական պաշտոնների, որոնք օրումեջ հայտարարում էին, թե իրենք քաղաքականությամբ
չեն զբաղվում։ Իսկ իրենց քաղաքական ու պետական գործիչներ հորջորջողները
պարզապես անպատվում, հասարակության աչքում անվանարկում, ծաղրուծանակի առարկա էին դարձնում այդ հասկացությունները։
Տեր-Պետրոսյանին հաջողվեց վերջ տալ այս խեղկատակությանը, քայլ առ քայլ
ու հետեւողականորեն մաքրել քաղաքական դաշտի “Ավգյան ախոռները”, վերականգնել
իրական քաղաքական արժեհամակարգը։ Նրա անձով եւս մեկ անգամ մարմնացած
իրական քաղաքական ու պետական գործչի կերպարը վերականգնեց, վերածնեց
այլասերված քաղաքական հասկացություններն ու դրանց հասարակական ընկալումը։
Նա դարձավ քաղաքական ու պետական գործչի այն չափօրինակը, որն անհույս փոքրության
ու աննշանության մատնեց այդպիսին համարվելու հավակնող իշխանական ու նրա
սպասարկու տասնյակ գործամոլների։ Նա հետեւողականորեն կարողացավ ստիպել
վարչախմբին մտնել պայքարի քաղաքական դաշտ, որտեղ եւ ի ցույց հանեց նրա
սնանկությունը։ Հենց այս՝ քաղաքական դաշտում վերահաս ու խայտառակ պարտությունից
խուսափելու համար էր, որ վարչախումբը դիմեց դեռեւս իր կոկորդում մնացած
ամենաբիրտ ընտրախախտումներին, ապա նաեւ մարտիմեկյան ոճրագործությանը։
Համաժողովրդական շարժումը մի իսկական բաց համալսարան
էր, քաղաքական ու քաղաքացիական բարձրագույն կրթության մի իրական կաճառ։
Ամեն մի հանրահավաքից հետո մարդիկ հեռանում էին իմացությունների հսկայական
ու թանկարժեք մի բեռով, հույսի, հավատի ու ինքնահաստատվածության զգացումով։
Հանրահավաքներում վերջնականապես վերականգնվեց,
մեջքը շտկեց Հայաստանի Հանրապետության՝ նախորդ տասնամյակում նվաստացած,
կքած, հուսախաբված ու հուսալքված ազատ ու արժանապատիվ քաղաքացին։ Փետրվարի
21-29-ին Ազատության հրապարակում անցկացրած
ազատության տոնահանդեսի նմանվող շուրջօրյա հանրահավաքների ամեն
մի մասնակից հազիվ-թե համաձայնի իրենց բովանդակային հագեցվածությամբ
ու արժեքով բացառիկ այդ օրերից մեկը փոխանակել
իր ապրած նախորդ տարիներից որեւէ մեկի հետ։ Այդ օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանը օրը մի քանի ելույթ էր ունենում եւ բոլորի
հետ գիշերում հրապարակում։ Հենց այդ օրերին՝ փետրվարի 26-ին, գրանցվեց
Շարժման բարձրակետը. Հանրապետության հրապարակից Ս. Սարգսյանի՝ այդտեղ
ստիպողաբար հավաքած “հակահանրահավաքը”, ճեղքելով ոստիկանական պատնեշը,
Հյուսիսային պողոտայով գետի նման հոսեց դեպի Ազատության հրապարակ։ Տեսարանը
խորհրդանշական էր՝ բռնությունից փախուստ դեպի ազատություն։ Տեսարանը
նաեւ առարկայական էր՝ Ազատության հրապարակը վերածվել էր մի հսկայական քվեատուփի,
որտեղ շուրջ կես միլիոն քաղաքացիներ ցրտաշունչ այդ օրը իրենց քվեն էին բերել
Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ այս անգամ արդեն անձնական ներկայությամբ։ Այստեղ՝
Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքներում թրծվեց այն նոր, որակապես
նոր քաղաքացիական հասարակության կես միլիոնանոց միջուկը, որը եւ անդառնալիորեն
կանխորոշեց Շարժման շարունակականությունն ու ռեժիմի դատապարտվածությունը։
Ասել է թե՝ “Ավգյան ախոռները” մաքրելու եւ Հայաստանում արժանապատիվ կյանքով
ապրող, բռնատիրություն չհանդուրժող քաղաքացիական հասարակության ձեւավորման
այն խնդիրը, որ խոստանում էր լուծել ՀՀ Հիմնադիր-նախագահը, իր երկրորդ մասով
այլեւս փառավորապես լուծված է, ինչից հետո առաջին մասի լուծումը կանխորոշված
է, ընդամենը ժամանակի ու քաղաքական տեխնոլոգիայի հարց։
Սկզբում թվում էր, թե վարչախմբի
դեմ քաղաքական պայքարի ողջ ծանրությունը ընկնելու է “հին գվարդիայի”՝
1988-ի սերնդի վրա։ Երիտասարդության նկատմամբ վերապահ վերաբերմունքն
իր հիմքերն ուներ. վարչախմբի կողմից հետեւողականորեն ստեղծված քաղքենիական,
գլխիվայր շրջված արժեքային համակարգի, հոռի օրինակների մթնոլորտը, թվում
էր, թե ամենից շատ պետք է ազդած լինի անհամեմատ անպաշտպան, ավելի հեշտությամբ
գայթակղության տրվող երիտասարդության վրա։ Շարժման ընթացքում, այս առումով,
տեղի ունեցավ մի իրական հրաշք։ Երիտասարդությունը, ու, մասնավորապես,
ուսանողությունը, շատ արագ ընդգրկվեց Համաժողովրդական շարժման մեջ՝
իր տեսակարար կշռով դառնալով նրա ամենակարեւոր բաղադրիչը։ Եւ դա ոչ միայն
հանրահավաքներին ու երթերին մասնակցությամբ, այլեւ շատ ավելի լուրջ, կազմակերպական
գործերով ու սեփական նախաձեռնություններով։ “Վետերանները” կարող են
հավաստել, որ համաժողովրդական այս շարժումն իր միջին տարիքով շատ ավելի
երիտասարդ է 1988-ի Շարժումից։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ անցան
քաղաքացիական ու քաղաքական դաստիարակության Շարժման դպրոցը, Հանրապետության
Հիմնադիր-նախագահի դպրոցը, ստացան գիտելիքներ, ձեռք բերեցին ունակություններ
եւ որակներ, որ նրանց էության անբաժանելի մասն են մնալու ամբողջ կյանքում։
Դրանով հայաստանյան հասարակության մեջ ստեղծվեց վստահելի մի ռեսուրս՝
ոչ միայն այսօրվա խնդիրները լուծելու, այլեւ ապագայում երկրի զարգացումն
ու ընթացքը խոտորումներից զերծ պահելու համար։
***
Սույն ժողովածուն ընդգրկում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին մեկուկես
տարվա ոչ բոլոր հանրահավաքային ելույթները, հարցազրույցները, մամուլի
ասուլիսները եւ այլ նյութեր։ Մասնավորապես այստեղ չեն ընդգրկվել նրա հարյուրավոր
բանավոր ելույթները նախընտրական քարոզարշավի՝ հանրապետությունով մեկ
նրա այցելությունների ընթացքում, 2008թ. փետրվարի
21-29-ին Ազատության հրապարակում նրա տասնյակ բանավոր ելույթները
եւ այլն։ Եւ այդուամենայնիվ, ժողովածուն ամբողջական պատկերացում է տալիս նրա ՎԵՐԱԴԱՐՁԻ ու, դրա հետ
կապված, համաժողովրդական այն Շարժման մասին, որ շարունակվում է
եւ անպայման հասնելու է Հայաստանում սահմանադրական կարգի մեկընդմիշտ
վերականգնման, երկիրը զարգացման բնականոն ճանապարհի բերելու նպատակի
իրականացմանը։ Ժողովածուում ընդգրկված նյութերը այժմեական են եւ կարեւորագույն
քաղաքական նշանակություն ունեն։ Բայց ոչ միայն. դրանք ունեն նաեւ պատմական
առաջնակարգ փաստաթղթերի արժեք եւ անփոխարինելի սկզբնաղբյուր են ինչպես
այս, այնպես էլ նախորդ տասնամյակի պատմությունն ուսումնասիրողների համար։
Այն անփոխարինելի սկզբնաղբյուր ու հիմք է լինելու նաեւ Հայաստանի Հանրապետության
Հիմնադիր-նախագահի՝ միջազգայնորեն ճանաչված ու միջազգային մասշտաբի,
ամենաարդյունավետ ու ամենաինտելեկտուալ քաղաքական-պետական գործիչներից
մեկի գիտական կերպարը կերտող նրա կենսագիրների համար։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”
29.05.09
No comments:
Post a Comment