Tuesday, May 19, 2009

ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱԴԻՐ ԵՐԿՈՒ ՄՈՏԵՑՈՒՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ-թուրքական հարաբերությունները», Եր. 2009, գրքի խմբագրի նախաբան

(Հայ-թուրքական հարաբերությունների հարցում)

Սույն ժողովածուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, հարցազրույց­ներից ու հոդվածներից քաղվածքներ են, որոնք վերաբերում են Հայաս­տա­նի եւ Թուրքիայի հարաբերություններին, դրանց կարգավորման սկզբունք­ներին եւ ուղիներին։ Ժամանակագրական առումով այն ընդգրկում է ուղիղ 20 տարի՝ սկսած 1989 թվականի հունիսից եւ մինչեւ մի քանի օր առաջ՝  մա­յիսի 1-ի հանրահավաքում հնչած նրա ելույթը։ Այսպիսի մի ժողովածուի հրա­տարակության այժմեականությունը բացատրվում է մի կողմից՝ Հայ-թուր­քական հարաբերությունների ներկա փուլում տեղի ունեցող սրընթաց զար­գա­ցում­ներով, մյուս կողմից՝ Թուրքիայի նկատմամբ ներկա իշխա­նու­թյուն­ների վարած քաղաքականությունը Լեւո
ն Տեր-Պետրոսյանի քաղա­քա­կա­նու­թյան հետ նույնացնելու կամ դրանց մեջ հավասարության նշան դնե­լու ողոր­մելի փորձերը մերկացնելու նպատակով։ Այդ փորձերը հատկապես ակտի­վա­ցան վերջին օրերին՝ հայ-թուրքական հայտնի համաձայնության, կամ “Ճանապարհային քարտեզ” կոչված փաստաթղթի բացահայտման առիթով։
Իրականում, վերջին 11 տարում իշխող վարչախումբը պետականության հիմնադրույթների իր ընկալումներում ու պատկերացումներում, նեքաղա­քա­կան ու արտաքին քաղաքական բոլոր հարցերում նախկին իշխանու­թյունների հակոտնյան է ու հակադրությունը։ Եւ, այս առումով, հայ-թուրքական հարաբերությունները, այդ հարաբերությունների մաս կազմող Հայոց ցեղասպանության խնդիրը, ինչպես նաեւ գործնական քաղա­քա­կա­նությունը ոչ միայն բացառություն չեն, այլեւ տվյալ հակադրությունը հաս­տա­տող ու ցուցադրող օրինակներից ամենաբնորոշն են։

Ի՞նչ էր ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը

Ինչպես այլ կարեւոր հարցերի, այնպես էլ Հայ-թուրքական հարաբերու­թյուն­ների հետ կապված սկզբունքային մոտեցումները ՀՀ Հիմնադիր-նա­խագահի 20 տարվա գործունեության ընթացքում փոփոխություն չեն կրել։ Դրանք հենվել են իրատես քաղաքականության նրա անխաթար սկզբունքի վրա եւ արտահայտվել հետեւյալ դրույթներում.
ա) Պետության ապահովության ու տնտեսական զարգացման ամենա­կարեւոր երաշխիքներից մեկը հարաբերություններն են անմիջական հարե­ւան­ների, այդ թվում Թուրքիայի հետ։
բ) Ըստ այդմ, առանց որեւէ քաղաքական զիջման, պետք է հարա­բե­րու­թյուն­ներ հաստատել նաեւ Թուրքիայի հետ։
գ) Այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց երկուս­տեք նախապայմանների։
դ) Թուրքիան չպետք է հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը պայմանավորի երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հանգա­մանք­ներով, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով։
 ե) Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականության օրակարգում դնի Ցեղասպանության հարցը, քանզի տվյալ պայմաններում միանգամից անհե­ռա­նկա­րայնության կմատնի այդ հարաբերությունների կարգավորման հնարավո­րու­թյունը։
զ) Որպեսզի Ցեղասպանության եւ այլ խնդիրների մասին երկու երկրնե­րի տրամագծորեն հակադիր համոզմունքները դրան չխանգարեն, պետք է գոր­ծադրել “համաձայնություն տարաձայնության” մասին բանաձեւը եւ կարգավորել դրանից դուրս մնացող մյուս խնդիրները։

Այստեղ արձանագրենք երկու փաստ-իրողություն։
Առաջին. այս սկզբունքների հիման վրա առաջին տարիներին Թուր­քիա­յի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը հաջողությամբ իրա­կա­նանում էր. եւ ամենածանր տարիներին Թուրքիայի ճանապարհների օգ­տա­գործմամբ Հայաստան հաց էր ներկրվում։ Կարգավորման այդ ընթացքը խզվեց Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների պատճառով՝ թուր­քական կառավարության վրա Թուրքիայի ազգայնական ուժերի եւ Ադրբե­ջա­նի ճնշման հետեւանքով։ Արձանագրենք նաեւ, որ անկախ այն բանից, որ Ցեղասպանության հարցը չէր դրված Հայաստանի արտաքին քաղաքա­կա­նու­թյան հիմքում, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին մի շարք կարեւոր երկրների կողմից ճանաչվեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը։
Երկրորդ. Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման ողջ ընթացքում հայ-թուր­քական հարաբերություններում նրա քաղաքականությունը ամենասուր ու կա­տաղի քննադատություն էր ենթարկվում այսպես կոչված “ազգայ­նա­կան” ամե­նատարբեր ուժերի եւ առաջին հերթին Դաշնակցության կողմից, նրան հա­մարում էին “թուրքամետ”։ Նույն քննադատությունը տանում էին նաեւ “հայ­րե­նա­սեր” ու “հայտնի” մտավորականների մի ամբողջ ջոկատ։ Նրանից պահան­ջում էին Ցեղասպանության ճանաչման հարցը դնել արտա­քին քաղաքա­կա­նու­թյան հիմքում եւ որեւէ հարաբերություն Թուրքիայի հետ հաստատելու համար վեր­ջինիս առաջ որպես նախապայման դնել Ցեղա­սպա­նության ճանաչման հար­ցը։ Նույն մեղադրանքը եւ պահանջը շրջանառ­վում էր նաեւ Սփյուռքի որոշ շրջանակներում։

Ի՞նչը փոխվեց 1998-ից

1998թ. Ռ. Քոչարյանի գլխավորությամբ իրականացված պետական հե­ղաշրջումից հետո, այլ հարցերի թվում, արմատապես փոխվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրի դիրքորոշումները եւ ողջ փիլիսո­փա­յությունը։ Արվեց ճիշտ այն, ինչը չէր անում Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ինչի համար արժանանում էր բուռն քննադատության։ Քոչարյանի “հաշ­վարկ­ներն” այսպիսին էին.
ա) Ցեղասպանության հարցը պետք է դնել Հայաստանի արտաքին քա­ղա­քականության հիմքում, դարձնել քաղաքական օրակարգի խնդիր։
բ) Դրանով կսիրաշահենք Սփյուռքին եւ նա ավելի առատաձեռն կգտնվի Հայաստանի հանդեպ։
գ) Այդ դեպքում Թուրքիան տեղի կտա եւ անմիջապես կբացի հայ-թուր­քական սահմանը։
դ) Ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի, Կարսի պայմա­նա­գիրը չեղյալ հայտարարելու պահանջների ճնշման տակ Թուրքիան նաեւ անկողմնակալ դիրք կգրավի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ ջերմեռանդ չի պաշտպանի Ադրբեջանին։
Կրկնենք, որ նույն խնդրի նկատմամբ սա տրամագծորեն հակադիր մո­տե­ցում եւ գործելակերպ է։ Եւ տրամագծորեն հակադիր այս մոտեցումն էլ հենց դրվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում։ Իսկ դրա սկիզ­բը կարելի համարել 1998թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից Ռ. Քո­չար­յանի ելույթը Ցեղասպանության մասին։ Ժամանակին դա թմբկահարվեց վերո­հիշյալ նույն, այսպես կոչված, ազգայնական ուժերի եւ առաջին հերթին Դաշնակցության կողմից։ Ներբողներ երգեցին նույն “հայ­րենա­սիրությամբ զբաղվող” հայրենի մտավորականները։ Այն ծափողջույններով ընդունեցին Սփյուռքում։
Այստեղ էլ արձանագրենք երեք փաստ-իրողություն։
Առաջին. Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քննադատությունները մինչեւ վերջ էլ չդադարեցին։ Մասնավորապես՝ դրանք լայնորեն օգտա­գործ­վեցին Սերժ Սարգսյանի ու նրան սատարող ուժերի կողմից վերջին նա­խա­գահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ նրան մեղադրելով “թուրքամետության” մեջ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հարազատ էր մնում իր օրգանական նախորդի՝ Քոչարյանի գծին։
Երկրորդ. Հայ-թուրքական հարաբերությունների խնդրում քոչարյանա-դաշնակցական այս մոտեցումները չփոխվեցին նաեւ Սերժ Սարգսյանի պաշ­տոնավարումից հետո. ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, թե Ցե­ղասպա­նության հարցը հանվում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրա­կարգից, մի բան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգա­վոր­ման խնդրի բանալին է, կամ փիլիսոփայության հիմքը։
Երրորդ. Այս ընթացքում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կող­մից նամակով պաշտոնական առաջարկ արվեց Հայկական կողմին՝ ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների համատեղ մի հանձնաժողով՝ ուսումնա­սիրե­լու համար 1915թ. իրադարձությունները, այն է՝ պարզել այդ ժամանակ հայ ժողովրդի ցեղասպանություն եղել է թե՞ ոչ։
Նկատենք, որ նման պաշտոնական առաջարկ հնարավոր էր միայն մի դեպ­քում, եթե Ցեղասպանության խնդիրը դրված է Հայաստանի արտաքին քաղա­քա­կանության հիմքում որպես օրակարգային հարց։ Նման մի առա­ջարկ ան­հնար ու անհեթեթ կլիներ հակառակ դեպքում, եթե պետական քա­ղա­քա­կա­նու­թյան հիմքում դրված լինեին նախկին իշխանության սկզբունքները։ Ակնհայտ էր նաեւ, որ սա հեռահար մի որոգայթ էր, եւ, հա­մա­ձայնել դրան, կնշանակեր պաշտոնապես կասկածի տակ դնել Հայոց ցե­ղասպանությունը, ըստ էության ուրանալ այն։ Դա Թուրքիայի ձեռքին լավագույն կռվանը կլիներ՝ կասեցնելու տարբեր երկրների կողմից Ցե­ղասպա­նության միջազգային ճանաչման 1970-ական թվականներից ի վեր ծավալված գործընթացը։ Այդ ժամանակ Հայաս­տանը դրան չարձագանքեց, եւ, թվում էր, թե այդ առաջարկը մոռացվել է։
2008թ. օգոստոսին, Մոսկվա կատարած այցի ընթացքում, Սերժ Սարգս­յանը երկու անակնկալ մատուցեց. Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Երեւան՝ միա­սին ֆուտբոլային հանդիպում դիտելու, նաեւ հայտարարեց, թե սկզբուն­քորեն դեմ չէ 1915թ. իրադարձությունների ուսումնասիրության եւ գնահատման համար հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղ­ծե­լու գաղափարին։
Վերջին մեկուկես տարում
2007 թվականի աշնանից, առաջիկա նախագահական ընտրություն­նե­րին մասնակցելու մասին հրապարակային հայտարարությունից ի վեր, Լե­ւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներում բազմիցս եւ հիմնավորապես անդրա­դարձել է նաեւ Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ցեղասպանության խնդրին։ Քաջ գիտակցելով Թուրքիայի, թվում էր, թե մոռացված առա­ջար­կի որոգայթը, նա դեռ 2007 թվականի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում հայտարարեց. “Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առա­ջար­կը, քանի որ դա նախ կասկածի տակ է դնում մեր համազգային հա­մոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցե­ղասպանության ճանաչման կայացված փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը”։ Ինչպես այդ, այնպես էլ հետագա ելույթներում նա ամբողջությամբ վերահաստատեց իր նախկին դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների ողջ հա­մա­լիրում, դա հակադրելով ներկա վարչախմբի վարած քաղաքակա­նությա­նը՝ միաժամանակ զգուշացնելով վերջինիս վտանգավոր հետեւանքներից։ Այս տեսակետները պաշտպանել եւ հիմնավորել են նրա գլխավորած Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի մեջ մտնող քաղա­քա­կան ուժերը եւ դրանց ղեկավարները։
Այսինքն՝ թե՛ իր իշխանության օրոք, թե՛ ընդդիմություն եղած ժամա­նակ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն հետեւել է  Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին։ Պար­զա­բանենք. առանց նախապայմանների հարաբերություններ նշանա­կում է. Թուրքիան առաջ չի քաշում Ղարաբաղի խնդրի առաջնահերթ կարգա­վոր­ման, հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման, Կարսի պայ­մանագրի վերահաստատման պահանջները։ Իսկ Հայաստանը հարաբե­րու­թյունների հաստատման պարտադիր պայման չի համարում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս խնդրի հետ կապված՝ մեջ­բերենք մի հատված Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2009թ. մայիսի 1-ի հան­րա­հավաքային ելույթից, որում նա ներկայացնում է հայ-թուրքական հարա­բերությունների բնագավառում քոչարյանա-սերժական վարչակազմի միան­գա­մայն սնանկ եւ վնասակար քաղաքականության էվոլյուցիան.
   “Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազգային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։
   Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքար հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ-թուր­քական հարաբերությունների կարգավորման բանական հիմք՝ հոխորտան­քով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։
   Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվեցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերադարձան իրենց կողմից ժամանակին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբուն­քին, ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուրքիային հնա­րավորություն տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։
   Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց անխո­հեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղ­ծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից տարի­ներ առաջ արված ու համարյա մոռացված առաջարկին”։
Այսպիսով, վերջին մեկուկես տարում  միայն Հայ Ազգային Կոնգրեսն է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հստակ ահազանգել է երեք վտանգավոր զարգացումների մասին.
ա) Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծում.
բ) Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ բանակցություններ Ղա­րա­բա­ղի հարցի շուրջ.
գ) Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակա­մարտության կարգավորում փաթեթով։
Ո՛չ իշխող կոալիցիայից, ո՛չ իրեն “հայրենասեր մտավորական” համա­րող­ներից որեւէ մեկը այդ ահազանգերին լուրջ չվերաբերվեց։ Ընդհա­կա­ռա­կը՝ փորձում էին մոլորեցնել, հանգստացնել եւ խաբել ժողովրդին, թե այդ­պիսի վտանգներ չկան։ Իսկ հիմա, բանը-բանից անցնելուց հետո, նրանք վայ­նասուն ու ոռնոց են բարձրացրել՝ հերոսանալու կամ ժողովրդի հա­մակրանքը շահելու համար։
***
Միակ ուժը, որը հետեւողականորեն բարձրացրել է այդ հարցերը եւ արել ամեն ինչ՝ վտանգավոր այդ զարգացումները կանխելու համար, եղել է Հայ Ազգային Կոնգրեսը եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նույն ահազանգերը Լեւոն Տեր-Պետրոսյանը հնչեցրել է նաեւ Լեռնային Ղարա­բա­ղի հարցի վերաբերյալ, բայց դրանք էլ նշված ուժերի կողմից արժանացել են նույն արձագանքին։ Հիմա սպասում են, որ այդ փորձանքն էլ մեր գլխին գա, որից հետո էլի վայնասուն ու ոռնոց բարձրացնեն ու հերոսա­կա­նու­թյուն խաղան։
Այսպիսով՝ “Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների” սկզբունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխա­նու­թյան տարիներին, բոլորովին այլ բան էր նշանակում ու այլ կերպ լուծվում, քան հռչակված նույն սկզբունքն այսօր Սերժ Սարգսյանի համար։ Այն ժա­մա­նակ դա նշանակում եւ իրագործվում էր առանց Ցեղասպանության եւ Լեռ­նային Ղարաբաղի խնդրի հետ որեւէ աղերսի։ Այժմ այդ հարա­բե­րու­թյուն­նե­րի կարգավորման համար Սերժ Սարգսյանի կողմից արդեն իսկ ծախվել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ակնհայտ ու թավալգլոր գործընթացները վկայում են, որ հերթի է դրված նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Իսկ բա­ցատրու­թյունը մեկն է. առաջին դեպքում գործ ունենք լեգիտիմ Նախագահի եւ պե­տա­կան գործչի գործելակերպի հետ, որի նպատակը պետության ու ժո­ղովրդի շահն է, երկրորդ դեպքում գործ ունենք իշխանությունը բռնա­զավ­թած ոչ լեգիտիմ իշխողի հետ, որի նպատակը ամեն գնով, ընդհուպ՝ բա­ցա­հայտ ազգային դավաճանությամբ, սեփական իշխանությունը պահպանելն է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
“Հայկական ժամանակ” 19՞.05. 2009

No comments:

Post a Comment