Tuesday, May 12, 2009

“ԱԶԳԻ” հարցերի պատասխանները


Հայ Ազգային Կոնգրեսից ընտրված քաղաքապետը ինչպիսին պետք է  փորձի դարձնել Երեւանը՝ համայն հայության մայրաքաղաքը։

Գեղեցիկ է Երեւանը համայն հայության մայրաքաղաք կոչելը, բայց նաեւ պարտավորեցնող։ Իսկ պարտավորությունը ամենից առաջ Երեւանի բնակչության, նրանցից յուրաքանչյուրի, մարդու նկատմամբ է։ Ուրեմնեւ, ամենից առաջ, համայն հայության մայրաքաղաքի բնակիչը պետք է դառնա ՀՀ ազատ քաղաքացի՝ բառիս ամենաընդգրկուն քաղաքական նշանակությամբ։ Նա չպետք է վախենա իշխանավորից, ընդհակառակը՝ նրա մեջ պետք է տեսնի իր խնդիրները լուծելու կոչված ծառայողի։ Նա չպետք է վախենա ոստիկանից, ընդհակառակը՝ նրա մեջ պետք է տեսնի իր անվտանգությունն ապահովողի։ Նա չպետք է խուսափի դատարանից, ընդհակառակը՝ նրա մեջ պետք է տեսնի իրական արդարադատություն իրականացնողի եւ իր ոտնահարված իրավունքները վերականգնող միջոցի։ Նա պետք է անարգել եւ լիակատար տեղեկատվություն ստանալու, ազատ հավաքների իրավունք ունենա։ Նա պետք է համայն հայության մայրաքաղաքում որպես հայ մարդ իրեն շատ ավելի ապահով ու արժանապատիվ զգա, քան աշխարհի որեւէ երկրում ու որեւէ քաղաքում։ Այսինքն՝ քաղաքապետի ուշադրության կենտրոնում նախ եւ առաջ լինելու է մարդ անհատը, ապա միայն այն ասֆալտը, որի վրայով նա քայլում է։ Առանց ազատության, արժանապատվության ու ապահովության զգացումի, ինչպիսի հրաշագեղ քաղաքում էլ ապրի մարդը, նրա կյանքը կդառնա խեղված ու անիմաստ։ Սա Հայ Ազգային Կոնգրեսի՝ քաղաքապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնահերթ խնդիրն է, ինչի մասին նա հայտարարել է նաեւ հրապարակավ։ Այնպես որ՝ համայն հայությունը ոչ թե պետք է հիանա ու պարծենա իր մայրաքաղաքի տեսարժան վայրերի, բարձրահարկ շենքերի ու Մասիսի վրա բացվող տեսարանների պատկերազարդ բացիկներով, այլ նախ եւ առաջ բարի նախանձով համակվի իր մայրաքաղաքում բնակվողների ազատ ու արժանապատիվ կյանքի նկատմամբ ու պարծենա դրանով։

Առաջին հերթին ի՞նչը պետք է փոխել եւ ինչքա՞ն ժամանակում։

Հասկանալի է, որ վերը նշված նպատակին անհնար է հասնել առանձին վերցրած մեկ քաղաքում, եթե անգամ այդ քաղաքը համայն հայության մայրաքաղաքն է։ Ուստիեւ Հայ Ազգային Կոնգրեսը այս ընտրություններում հետապնդում է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համապետական քաղաքական նպատակ՝ սկսելով Երեւանից։ Մասնավորապես՝ առաջին հերթին պետք է մայրաքաղաքային իշխանության ողջ կառույցը դուրս բերել երկրում որպես միասնական օրգանիզմ հաստատված ավազակապետական կոռուպցիոն համակարգից։ Դրանով կկոտրվի 10 տարի շարունակ խնամքով կառուցված կոռուպցիոն այդ համակարգի մեջքը։ Դրա համար 1-2 ամիսը բավարար ժամանակ է։ Կոռուպցիոն ավազակապետական համակարգի խարխլմանն ու կազմաքանդմանը զուգահեռ, կարճ ժամանակում, կհասունանա արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, երկիրը լեգիտիմ իշխանությամբ օժտելու հրամայականը։ Այսպիսի խնդիր Երեւանի ընտրությունների բոլոր հավակնորդների մեջ դրել է միայն Հայ Ազգային Կոնգրեսը։ Այնպես որ, նրա հաղթանակի դեպքում Երեւանը, որպես համայն հայության մայրաքաղաք, լոկոմոտիվի նման առաջ կտանի Հայաստանը նորմալ, իրավական, ժողովրդավարական երկիր դարձնելու գործը ու այն կհասցնի Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդին արժանի վերջնագծի։ Միայն առաջին հայացքից է, որ այս ծրագիրը կարող է դժվար իրականանալի թվալ։ Այս պայմաններում, երբ դա մի կողմից՝ երկրի, ժողովրդի ու յուրաքանչյուր մարդու ճակատագրի առումով պատմական անհրաժեշտություն է, մյուս կողմից՝ քաղաքական ուժերի այսօրինակ համախմբման ու համաժողովրդական այսօրինակ պաշտպանության պայմաններում դա միանգամայն լուծելի խնդիր է։ 

Ինչպե՞ս պետք է վերացնել քաղաքի դիմագիծը գցող, ապօրինի շինարարությունները։

Այդ հարցն իր բնույթով, ընդգրկմամբ, կարեւորությամբ եւ այլ չափորոշիչներով գոյություն ունեցող առնվազն մեկ-երկու տասնյակ խնդիրներից մեկն է։ Էլ չասենք, որ կան դրանից շատ ավելի կարեւոր ու հրատապ այլ խնդիրներ։ Նմանատիպ տասնյակ այլ խնդիրները լուծելիս պետք է անպայման անհատական մոտեցում ցուցաբերել՝ հնարավորինս առաջնորդվելով քաղաքացու շահերով, բայց նաեւ վերականգնելով ու պահպանելով քաղաքի բարետեսությունը։ Միասնական մի մեխանիզմ՝ ամեն ինչ միանգամից քանդել, կամ այն, ինչ կառուցված է՝ ամբողջությամբ մի հարվածով օրինականացնել, անհեթեթություն է։ Լուծման տարբերակները կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր, որ տվյալ դեպքում անիմաստ է թվարկել։ Բոլոր դեպքերում՝ քաղաքացին չպետք է տուժի։ Մինչդեռ Ազատության հրապարակն, օրինակ, պետք է անհապաղ վերականգնել ու տրամադրել երեւանցիներին՝ ազատորեն ամեն տեսակ հավաքներ անցկացնելու համար։
Ողջունում ենք, որ “Ազգը” որոշել է իր ընթերցողին ավելի լավ տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրերին։ Դա չափազանց կարեւոր խնդիր է, քանզի ՀԱԿ-ը իր բնույթով, ընդգրկմամբ եւ հասարակական օժանդակության աստիճանով հայ քաղաքական կյանքում իր նախադեպը չունի։

Հարցերին պատասխանեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ
12.05.09

No comments:

Post a Comment