Monday, October 4, 2010

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ


Երկու տարի առաջ՝ 2008թ. օգոստոսի 1-ին 18 կուսակցությունների ղեկավարներ ստորագրեցին Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման Հռչակագիրը։ Հռչակագիրն ստորագրեց նաեւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Դա քաղաքական պատասխանն էր վարչախմբի այն հույսի, թե հետընտրական որոշ զարգացումներից հետո այդ առիթով ծայր առած բողոքի համաժողովրդական ընդվզումը կմարի։ Սխալվեցին։ 2007թ. աշնանը ստեղծված նախընտրական դաշինքը դեռ մինչեւ ընտրությունները արդեն իսկ նոր որակ էր ստացել՝ վերածվել համաժողովրդական շարժման, ժողովրդական ճակատի։ Այսինքն՝ բացի կուսակցություններից,  դրանում ակտիվորեն ընդգրկվել էին հարյուր հազարավոր անհատ քաղաքացիներ։ Իսկ 2008-ի օգոստոսի 1-ին համաժողովրդական այդ շարժումը, ժողովրդական այդ ճակատը պարզապես մկրտվեց Հայ Ազգային Կոնգրես անվամբ։ Եւ կրկին ձեւակերպեց իր առջեւ դրած հիմնական խնդիրը՝ արտահերթ ընտրությունների միջոցով հասնել սահմանադրական կարգի վերականգնմանը։

Յուրահատկություն ունի Կոնգրեսի պայքարը, քանզի յուրահատուկ է նրա հակառակորդը։ Բռնապետություն որակումը, որ հաճախ օգտագործվում է վարչախմբի համար, մեղմասացություն է, նրա համար՝ փաղաքշական։ Դասական բռնապետությունների հիմքը օրենքն է։ Այդ օրենքները լինում են դաժան, ոչ մարդկային, անարդար, բայց գործում են՝ ապահովելով բռնապետների իշխանությունը։ Այս իշխանության հիմքը օրենքների բացակայությունը՝ անարխիա էլ չէ. այս դեպքում էլ արագ ձեւավորվում ու գործում են ինչ-որ չգրված օրենքներ։ Բայց նաեւ գիտութանը անհայտ ինչ որ բան էլ չի այն, ինչ կա Հայաստանում. այս տիպի պետության համապատասխան միջազգային տերմինի ճշգրիտ հայերեն թարգմանությունը հենց ավազակապետությունն է, ինչն իր առաջին իսկ ելույթում մանրակրկիտ հիմնավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ այդմ էլ՝ հայտնի է նրա ֆունկցոնալ էությունը՝ կողոպուտ եւ թալան։ Դրան է ծառայում պետական ողջ մեքենան, իշխանական լծակները։ Ապացույցը՝ դրա պարագլուխների տասնյակ միլիարդավոր դոլարների կուտակած հարստւթյունը։ Ո՛չ օտարի լուծը, ո՛չ ամենադաժան բռնապետությունը, ո՛չ անարխիան չեն կարող այնքան վտանգավոր լինել երկրի ու նրա ժողովրդի համար, որքան ավազակապետական համակարգը։

Իր վերոնշյալ հիմնական նպատակին հասնելու ճանապարհին Կոնգրեսը լուծել է կարեւոր խնդիրներ։ Առաջին. հասել է քաղբանտարկյլաների մեծ մասի ազատ արձակմանը։ Երկրորդ. Բացահայտել է Մարտի 1-ը. իշխանական վարկածը, թե նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունն էր պետական հեղաշրջման փորձ անում, ամբողջությամբ տապալվել է։ ԵԽԽՎ-ի բանաձեւերում, միջազգային այլ փաստաթղթերում աստիճանաբար հիմնական դարձավ Կոնգրեսի տեսակետը։ Ավելին՝ նույն ԵԽԽՎ-ում արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրված բանաձեւի մի նախագիծ, որտեղ իշխանությունն է մեղադրվում Մարտի 1-ին բանակի օգտագործմամբ պետական հեղաշրջում իրականացնելու ծանր հանցագործության մեջ։ Երրորդ. Հաագայի դատարանը ընդունել է հարյուրհազարավոր քաղաքացիների ստորագրությամբ հայցը Ռ. Քոչարյանի դեմ, որում հիմնական մեղադրանքը կապված է հենց Մարտի 1-ի հետ։ Չորրորդ. Հասել է քաղաքացիական հասարակության առողջ մի կորիզի ձեւավորման, որը պատրաստ է մինչեւ վերջ պայքարելու սահմանադրական կարգի վերականգնման, իր ազատության, արժանապատիվ կյանքի համար։ Հինգերորդ. Ստեղծել է ստվերային կառավարություն, որի ջանքերով արդեն իսկ հրապարակվել է «100 քայլ» տնտեսական վերափոխումների ծրագիրը, շուտով կհրապարակվեն առողջապահության, կենսաթոշակային եւ այլ ճյուղային ծրագրեը։ Վեցերորդ. Ձեռք է բերել հսկայական միջազգային հեղինակություն, եւ նրա հետ, որպես քաղաքական գործոնի ու գործընկերոջ, հարաբերվում են ըստ էության նույն կերպ ու նույն մակարդակո, ինչպես գործող իշխանության։

Աշոտ Սարգսյան
«Հայ Ազգային Կոնգրես», Տպագրվել է փոքր համառոտմամբ
Հուլիս, 2010, հ. 4



Tuesday, September 14, 2010

ԵՒ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՍՆԱՆԿ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ

14.09.2010

Հայ Ազգային Կոնգրեսի կարեւորագույն ձեռքբերումները առարկայացել են այն բան շնորհվ, որ նա, ի սկզբանե եւ հետեւողականորեն իշխանությանը պարտադրել է քաղաքական պայքար։ Իշխանությունը դիմադրել է, շարունակել կառչած մնալ իրեն ընտանի ու հասու ոչ քաղաքական, ոչ օրինական մեթոդների։ Ընդհանուր հաշվով դա նրան չի հաջողվել, եւ այդ ընթացքում կորցրել է այնպիսի կարեւոր գործիք, ինչպես կեղծ ընդդիմության ինստիտուտը։ Նա կորցրել է նաեւ բռնության միջոցով ընդդիմության հաշիվները հիմնովին մաքրելու լծակը։ 2008թ. մարտի 1-ի արյունոտ սպանդը բռնությունների գագաթնակետն էր։ Չի մարսել. ԵԽԽՎ-ում պաշտոնական շրջանառության մեջ դրված, պետական հեղաշրջման ծանրագույն մեղադրանք պարունակող բանաձեւի նախագիծը, Հաագայի դատարանում Ռ. Քոչարյանի՝ «մարդկության դեմ հանցագործության» մեղադրանքով բազմահազար ստորագրություններով հայցը դա են վկայում։ Մյուս կողմից, սակայն, հիմքում եւ էությամբ կրիմինալ այս վարչախումբը շատ լավ է հասկանում, որ հաջորդ իսկ օրը կնքած կլինի իր մահկանացուն, եթե հրաժարվի իր գործելակերպից եւ փորձի ընդդիմությանը հակադարձել քաղաքական դաշտում եւ քաղաքական եւ միայն օրինական մեթոդներով։ Ուստիեւ, ստիպված, կառչած է մնում նույն զինանոցին, փորձելով գործի դնել այլ, ավելի «նուրբ» միջոցներ, որքան էլ դրանք, արդյունավետ լինելու համար, մեծ ծախսեր են պահանջում։
Վերջերս թերթերից մեկը «Ընդդիմությունը քանդելու ծրագրեր» վերնագրով իշխանական խոհանոցից ստացած որոշ տեղեկատվություն էր հրապարակել։ Մեր հայթայթած լրացուցիչ տեղեկությունների հետ համադրելով, ստանում ենք այդ ծրագրերի հետեւյալ պատկերը։
Կուսակցությունների հետ աշխատանք
Հիմնականը Հայ Ազգային Կոնգրեսից քաղաքական միավորներ՝ կուսակցություններ պոկելու ծրագիրն է։ Այժմ հստակ գիտենք, որ այն վաղուց է գործադրվել՝ դեռ 2008 թ. նախընտրական ամիսներից։ Ավելի ուշ շրջանի համար հայտնի է Հնչակյան կուսակցության հետ ապարդյուն քաշքշուկը։ Հնչակյան վերջին համագումարը հստակ իրեն տեսավ Կոնգրեսի կազմում։ Ճարահատյալ կազմակերպվեց կեղծ մի համագումար, հետո դատարան դիմեցին կնիքը ձեռք բերելու համար։ Չստացվեց. հայաստանյան, եթե պետք է՝ «մածոնին սեւ ասող» դատարանն անգամ ի վիճակի չեղավ հայցը բավարարել։ Ստիպված, Կոնգրեսի հետ «չհամագործակցելու» մի հայտարարություն արեցին «դրսի» կամ «համաշխարհային» հնչակները, որոնց ղեկավարը դրա դիմաց Հայաստանում լուրջ բիզնես-հնարավորություն էր ստացել։
Ամեն ինչ այլ կերպ ստացվեց Հայոց Համազգային Շարժման նկատմամբ նույն ծրագրի իրականացման փորձի դեպքում։ Այն ոչ միայն գլխովին տապալվեց, այլեւ ունեցավ ճիշտ հակառակ արդյունքը. վտանգը կուսակցության շարքերում առաջացրեց այնպիսի մի մոբիլիզացիա, համախմբում, քաղաքական ու բարոյական ինքնասիրության ու պատվախնդպրության այնպիսի մի պայթյուն, որ չէր եղել, թերեւս նրա որջ պատմության ընթացքում։ Իսկ դավադրության ջախջախման վերջին ակկորդը խփած համագումարից հետո կուսակցությանը նոր անդամագրվողների հոսքը շեշտակի ավելացավ։ Նույնպիսի ապարդյուն փորձեր, տարբեր ժամանակներում արվել են Կոնգրեսի մաս կազմող մյուս կուսակցությունների նկատմամբ եւս։
Անհատական աշխատանք
Ծրագրերից մեկը վերաբերում անհատապես աշխատանքին։ Ընդ որում՝ «անհատապեսը» վերաբերում է ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլեւ նրանց հետ աշխատանք տանողներին։ Այսինքն՝ վարչախմբի ներկայացուցիչ պաշտոնյաներ անհատապես պետք է կցվեն ընդդիմադիր գործիչների՝ նրանց շահագրգռելու, առնելու, գնելու համար։ Վերջիններիցս կեցվածքի արմատական փոփոխություն չի պահանջվում։ Նրանք ընդամենը պետք է ձեւականորեն մնան Կոնգրեսի կամ իրենց կուսակցության կազմում ու «սրտացավության» եւ «սկզբունքայնության» դիրքերից ժամանակ առ ժամանակ հանդես գան վերջիններիս գործելակերպի քննադատությամբ։ Կոնգրեսին քննադատել՝ պայքարի «արմատական մեթոդների» չդիմելու, պասիվության, գործողությունների մշակված ծրագիր չունենալու համար (կարծես՝ նման ծրագիրը պետք է հրապարակվի ի գիտություն իշխանության)։ Եթե հանրահավաքում հիմնական թեման արտաքին քաղաքական խնդիրները լինեն՝պետք է քննադատեն ներքին, սոցիալական խնդիրներին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելու եւ իշխանափոխության հարցը մոռանալու համր։ Եթե հիմնական շեշտադրումները ներքաղաքական խնդիրների վրա լինեն՝ պետք է մեղադրեն «մեր հիմնական ազգային խնդիրները» անտեսելու մեջ եւ այլն։ Այս դեպքում քննադատող գործիչը, որպես «ավելի արմատական» գործելակերպի եւ հաղթանակի համար «ավելի նախանձախնդիր», չի տուժում, մինչդեռ Կոնգրեսի ոչ արդյունավետ պայքարի պատկերացում ու հիասթափություն է սերմանվում հասարակության մեջ։
Նույն քննադատությունը պետք է իրականացնեն նաեւ սեփական կուսակցությունների նկատմամբ։ Հայտնի է, որ Հայ Ազգային Կոնգրեսի մեջ մտնող ուժերը ներկայացնում են քաղաքական ողջ ներկապնակը՝ սոցիալիստական, ազատական, ազգայնական, պահպանողական՝ դրանց նրբերանգներով։ Հայտնի է նաեւ, որ նման միավորում հնարավոր է դարձել մեկ հիմնական խնդրի՝ ոչ լեգիտիմ, ավազակապետական ռեժիմից ազատվելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու շուրջ։ Սակայն Կոնգրեսը հանդես է գալիս նաեւ ինչպես ընդհանուր, այնպես էլ տարբեր ոլորտների վերափոխումների ծրագրերով, եւ դա բարձրացնում է նրա հեղինակությունը։ Հասկանալի է, որ դրանք կազմվում են որպես հիմնական՝ կոռուպցիոն, ավազակապետական համակարգը կազմաքանդելու ու դրա հետեւանքները վերացնելու ծրագրեր, եւ դրանց ոչ մի դեպքում չի կարելի նայել ո՛չ մաքուր սոցիալիստականի, ո՛չ մաքուր ազատականի, ո՛չ մաքուր ազգայնականի եւ ցանկացած այլ դիտանկյունից։ Այստեղ, ահա, պետք է բռնի ոմանց գաղափարախոսական մաքրամոլությունը, եւ սեփական կուսակցությանը քննադատել հենց «գաղափարախոսական դիրքերից» նահանջելու, սկզբունքներին դավաճանելու, Կոնգրեսում իր դեմքը կորցնելու համար։ Քննադատողի վարկանիշը չի տուժում, նա մնում է շետված «հավատավոր» իր գաղափարախոսությանը, մինչդեռ «թասիբի ընկած» իր կուսակիցներին դրդում է Կոնգրեսը վերածել գաղափարախոսական «ռազբիրատների» արենայի։
 «Երրորդ ուժ»
Սրա նպատակը վարչախմբի ամենաթանկարժեք, բայց այլեւս բացահայտված ու անօգտագործելի կեղծ ընդդիմության ինստիտուտի (Գեղամյան, ԱԽՔ, Վ. Մանուկյան, դաշնակներ եւ այլք) փոխարինող ինչ-որ բան ստեղծելն է նոր դեմքերով։ Վստահություն ձեռք բերելու համար, սրանք պետք է նաեւ խստորեն քննադատեն իշխանությանը։Այս ծրագրի կատարողները ֆորմալ չպետք է լինեն Կոնգրեսի, նրա մեջ մտնող կուսակցություններից որեւէ մեկի անդամ։ Նրանք պետք է լինեն «անկախ վերլուծաբաններ», «անկախ քաղաքագետներ», «հրապարակախոսներ» եւ պարբերաբար հանդես գան «Կոնգրեսն իրեն սպառել է», «Կոնգրեսը որպես ընդդիմություն այլեւս չկա», «Կոնգրեսը գաղափարախոսական հիմք չունի» ու նմանատիպ գաղափարներով, ծրագրեր գրեն, գաղափարախոսություն մշակվեն վիրտուալ «երրորդ ուժի համար» եւ այլն։
«Չորրորդ ուժ»
Այս ծրագիրը նախատեսում է «Հայրենասիրական ճակատի» ստեղծում մասնավորապես ավանդական կուսակցություններից։ Հենց դրա համար է, որ իշխանությունն այդքան ջանքեր է գործադրում Հնչակյան կուսակցությանը Կոնգրեսից դուրս կորզելու համար, որպեսզի լրացնի ավանդական «եռյակը»։ Սրանք պետք է սահմանափակվեն իշխանության «խիստ կառուցողական» թեթեւ քննադատությամբ եւ անխնա լինեն Կոնգրեսի ու նրա առաջնորդի դեմ։ Դրանով կտարփողվի, թե տեսեք՝ Սփյուռքը ներկայացնող բոլոր ուժերը, ուստի եւ ողջ Սփյուռքը իշխանության հետ է եւ Կոնգրեսի դեմ։
Հասարակության հոգեբանական մշակում
Սա, կարելի ասել, ընդհանրական ծրագիր է։ Բացի այն, որ դրան պետք է նպաստեն արդեն թվարկված ծրագրերը, այն իր մե ներառում գրավոր ու բանավոր ճանապարհով զանազան կեղծ լուրերի, ասեկոսեների, հեյուրանքների տարածում, ոնոք հասարկության, եւ առաջին հերթին ընդդիմության ակտիվիստների շրջանում, հիասթափություն ու հուսահատություն պետք է առաջացնեն։ Մասնավորապես՝ ա) ավելի ու ավելի շատ խոսել հերթական ընտրությունների մասին՝ որպես արդեն կանխորոշված իրողություն, բ) ասել՝ թե 2008-ի փետրվարի 26-ին ընդդիմությունը կորցրեց իշխանությունը վերցնելու իրական շանսը՝ դրանով կասկածի տակ դնելով Կոնգրեսի ու նրա առաջնորդի վճռականությունը եւ հաշվարկի կարողությունը, գ) տարածել, թե, իբր, Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնի համագործակցում ու պայմանավորվում է Ս. Սարգսյանի հետ (սա շատ հին տրյուկ է), դ) խոսել «սրանք այնքան փող ունեն եւ այնքան խոր արմատներ, որ անհնար է սրանցից ազատվել» թեմայով, ե) գանգատվել «էսքան պայքարեցինք ի՞նչ ստացանք», «եթե այս հանրահավաքում էլ ոչինչ չլինի» ու նման հիմքերոգ եւ այլն։
«Անկախ» թերթեր եւ լրագրողներ
Հասարակական պատկերացումներում հստակ իշխանական թերթերն ու լրագրողները վաղուց անզոր են իրենց լսարանը մեծացնել։ Հստակ ընդդիմադիր թերթերի հետ դժվար է աշխատել։ Այս երկուսի մեջտեղում կան սակայն, նույն հասարակական պատկերացումներով, «անկախ» թերթեր՝ որոշակի լսարանով։ Իսկ ծրագիրը հետեւյալն է. թույլ տալ վարչախմբի ու նրա ներկայացուցիչների ցանկացած քննադատություն, խրախուսել դրանցում ընդդիմադիր գործիչների հարցազրույցներ եւ այլ նյութերի հրապարակում, ինչը նրանց համար վարկանիշ ու լսարան կապահովի։ Ապա, ժամանակ առ ժամանակ, հարմար կամ անհրաժեշտ պահի ընթերցողին մատուցել այն, ինչը կարող է էապես վնասել Կոնգրեսին, նպաստել նույն՝ հիասթափություն ու հուսահատություն առաջացնող ընդհանրական խնդրի լուծմանը։
Վարչախմբի տրամաբանությունը պարզ է, իր հաշվարկներով՝ անգամ հիմնավոր։ Իրոք, եթե սովորական քաղաքացուն կարելի է գնել գնել 5000 դրամով, ինչո՞ւ չի կարելի նույն կերպ գնել առանձին քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի՝ 5, 10, անգամ 70-75, թող լինի՝ թեկուզ 700 միլիոն դոլարով կամ պաշտոնի խոստմամբ։ Չէ՞ որ շահագրգիռ մարկանց կյանքն ու ունեցվածքը դրա հարյուրապատիկն արժեն։ Չէ՞ որ մինչեւ հիմա, ամբողջ 10 տարի, ճիշտ է՝ շատ ավելի էժան գնով, բայց դա հաջողվել է՝ ի դեմս նախկին «հաճախորդների»։
Անշուշտ, այս ամենից չպետք է վախենալ։ Չէ՞ որ այսօրինակ ծրագրեով այն քանի «ռումբերը», որ Հայ Ազգային Կոնգրեսի դեմ պայթեցրել է վարչախումբը, ավելի մեծ տպավորություն չթողեցին, քան մի քանի մանր պզուկների պայթյունը։ Չէ՞ որ դրույքաչափերի նմանօրինակ շեշտակի բարձրացումը ուղիղ համեմատական է նրա սարսափի ու հոգեվարքի խորացման աստիճանին։ Այս ամենից պետք է ոգեւորվել, քանզի դա վարչախմբի անճարությունն ու խեղճությունն է մատնում առաջին հերթին։ Ավելացնենք նաեւ, որ ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, իշխանության մեջ լուրջ մի թեւ է առաջացել, որը համարում է թե այսպես չարունակելու արդյունքը կարող է լինել ոչ միայն իշխանության կորուստ, այլեւ երկրի կործանում։
* * *
    Որպես հեղինակ, հիմնականում խուսափեցի անուններ տալ՝ ոչ թե տուրք տալով անմեղության կանխավարկածին. ընթերցողը յուրաքանչյուր դեպքում ինքնուրույն կանի իդենտիֆիկացիան։ Սա ոչ դատարան է, նույնիսկ նույնիսկ ոչ այնքան քաղաքական, որքան ազգային-ազատագրական պայքար է՝ մեր երկիրը քանդող ու ավերող վարչախմբի դեմ։ Ոստիեւ ընթերցողը կաշկանդված չպետք է լինի ոչ միայն անմեղության, այլեւ «չի կարող պատահել»-ի ավելի վտանգավոր կանխավարկածներով։ Հակառակ դեպքում՝ ակամա նպաստելու ենք վարչախմբի հանցավոր ծրագրերի իրականացմանը։ Իսկ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի մարդաշատությունը վարչախմբի վերջին հույս՝ նմանօրինակ կրիմինալ ծրագրերը կարող է պարզապես դարձնել սնանկ ու անիմաստ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայկական ժամանակ», 14.09.2010

Saturday, September 11, 2010

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԵՐԸ

11.09.210


Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների օրերին ամբողջ երկրում, ըստ էության, արտակարգ դրությանը հավասար մի ռեժիմ է գործում։ Դադարեցվում է մարզերից Երեւան մտնող հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Հանրահավաքին նախորդող ժամերին չափազանց սակավանում է ներքաղաքային տրանսպորտը։ Շրջաններում ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոշ տեղերում՝ նաեւ գյուղապետեր եւ այլ պաշտոնյաներ, զգուշացնում, սպառնում են բոլոր հնարավոր փոխադրողներին (այդ թվում՝ նաեւ տաքսիներին), որ Երեւան ուղեւոր չտեղափոխեն։ Որոշ տեղերում փակում են բնակավայրերից դուրս եկող ճանապարհը, համոզում, սպառնում են հանրահավաքի պոտենցյալ մասնակիցներին՝ չգնալ հանրահավաքի։ Ողջ պետական ապարատն այդ օրը ամենամեծ ոգեւորությամբ ու էնտուզիազմով զբաղված է «սրբազան» մի գործով՝ որքան հնարավոր է խոչընդոտել, կանխել հանրահավաքի մարդաշատությունը։
Ինչի՞ց է վախենում, սարսափում, այդքան զգուշանում վարչախումբը։
- Վախենում է, որ հանրահավաքի մեծ լինելու դեպքում կարող է «գունավոր» կամ այլ տիպի հեղափոխությո՞ւն սկսվել։ Հաստատ՝ ոչ. նրանք շատ լավ գիտեն, որ Կոնգրեսի ծրագրում նման բան չկա։ Այդ մասին բազմիցս հայտարարվել է, եղել են մի քանի հարյուրհազարանոց հանրահավաքներ՝ առանց նման շարունակության ակնարկի անգամ։
- Որ հանրահավաքը կարող է դո՞ւրս գալ կազմակերպիչների վերահսկողությունց եւ ինքնուրույն շարժվել «պետական շենքերի» վրա։ Դարձյալ ոչ. նրանք շատ լավ գիտեն, որ Կոնգրեսի առաջնորդն ու ղեկավարությունն իրենց հեղինակությամբ ամբողջապես վերահսկում են իրավիճակը։
- Որ մեծ հանրահավաքը կարող է հասարակական կարգի խախտման պատճա՞ռ դառնալ։ Ո՛չ, որովհետեւ մինչեւ հիմա Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր հանրահավաքներն անցել են բացառիկ կազմակերպված ու կարգապահ։
Ընդհակառակը՝ վարչախումբը կերազեր այս ամենը, քանզի այդ դեպքում իր միակ առավելության՝ ուժի ու բռնությունների կիրառման միջոցն օգտագործելու հիանալի առիթ կստանար։
Ուրեմն, ինչո՞ւ է անհանգստանում վարչախումբը՝ դիմելով իշխանության համար ոչ սազական, ստորացուցիչ, մեղկ ու ամոթալի մեթոդների։
Որովհետեւ, ի տարբերության մեր հասարակության զգալի մի մասի, շատ լավ է հասկանում, որ իր համար ամենավտանգավորը, մահացուն հենց Կոնգրեսի ընտրած քաղաքական պայքարի ճանապարհն է, որի ամենակարեւոր դրսեւորումներից մեկն էլ խաղաղ հանրահավաքներն են։
Իսկ ի՞նչ է տալիս հանրահավաքների մարդաշատութունը։
ա) Ցուցադրում է Հայ Ազգային Կոնգրեսի ուժը եւ այն փաստը, որ հասարակությունը հաստատակամորեն շարունակում է չհանդուրժել ապօրինի վարչախմբի իշխանությունը։
բ) Միանգամից, կենդանի խոսքով լայն զանգվածներին տրվում է կարեւոր տեղեկատվություն, ինչը հեռուստաալիքների փակ լինելու պայմաններում շատերին անմատչելի է։
գ) Հանրահավաքների մարդաշատությունը բարձրացնում է հնչած ելույթների քաղաքական կշիռը։
դ) Մեծացնում է Կոնգրեսի՝ որպես քաղաքական գործոնի ազդեցությունը որպես ներքաղաքական գործոն՝ ցնցումներ ու ճաքեր է առաջացնում իշխանական ճամբարում։
ե) Բարձրացնում է Կոնգրեսի կշիռն ու վարկանիշը միջազգային ասպարեզում։
զ) Նպաստում է Կոնգրեսի կառույցների ամրապնդմանը։
է) Բազմապատկում է այն կարեւորագույն աշխատանքի արդյունավետությունը, որ հանրահավաքների միջեւ ընկած շրջանում կատարում են Կոնգրեսի առաջնորդը, Կենտրոնական գրասենյակը եւ Քաղաքական խորհուրդը։
Սրանք են, ահա այն բաղադրիչները, որոնց համատեղումն անխուսափելիորեն հասցնելու է ավազակապետական վարչախմբի տապալմանը։ Ուստիեւ՝ հաճախ հնչող «Ե՞ՐԲ» հարցի այսօր հնարավոր միակ բանական պատասխանը հետեւյալն է. որքան մեծ լինեն հանրահավաքները, այնքան շուտ եւ այնքան հաստատ։ Այսինքն՝ դա կախված է մեզնից յուրաքանչյուրի ոչ թե ամնաբուռն ցանկությունից, այլ դրա համար ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ։ Եւ այդ քայլը Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներին ակտիվ մասնակցությունն է։ Այդ բանը շատ լավ է հասկանում իշխանությունը ու ամեն ինչ անում է՝ դա թույլ չտալու համար։ Կհաղթենք, երբ դա նույնքան լավ հասկանա յուրաքանչյուր քաղաքացի ու մասնակցի հանրահավաքներին։
(Աշոտ Սարգսյան)

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԹԵՐԹՈՆ, Հ. 5, ՍԵՊՏԵՄԲԵՐ 11


ԲԱՆԱԿԸ ԲԻԶՆԵՍ-ՕԲՅԵԿՏ


11.09.2010


Վերջերս բանակում կատարված մի քանի ողբերգական իրադարձություններ տասներեք մարդկային կյանքեր խլեցին. մի դեպքում դա հակառակորդի դիվերսիայի արդյունք էր, մի դեպքում այն հայտարարվեց որպես զինծառայողի ինքնասպանություն, մի դեպքում, իբր, զինվորը սպանել էր իր ընկերներին, ապա ինքնասպանություն գործել եւ այլն։ Հասարակական արձագանքն ու անհանգստությունը բնական էին, եւ այն «տաբուն» (արգելանքը), որ բանակի թեմայի վրա դրված էր կամ դրել էր ամեն մեկն իր համար, մի կողմ նետեց։
Իսկ ի՞նչ բան է այդ «տաբուն». իբր, եթե մենք հրապարակավ խոսենք մեր բանակում կատարվող, շատ մեղմ ասած՝ բացասական երեւույթների մասին, ապա դրանով կվնասենք, կհեղինակազրկենք, կթուլացնենք այն կառույցը, որը կոչված է ապահովելու Հայաստանն ու Ղարաբաղը արտաքին վտանգից։ Համարվում է, որ դրանով մի տեսակ մատնություն արած կլինենք, որ հակառակորդը կիմանա այդ մասին, կոգեւորենք նրան խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու։ Իբր՝ ինչքան մենք ավելի շատ խոսենք նրա՝ «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը» լինելու մասին, այնքան ապացուցացած կլինենք մեր հայրենասիրությունը, կբարձրացնենք նրա մարտական ոգին եւ այլն։
Սա իշխանական քարոզչամեքենայի կողմից երեսպաշտություն է, շանտաժ։ Այն խնդիրները, որոնց մասին խոսվեց վերջերս, ոչ մի կապ չունեն ո՛չ ռազմական, ո՛չ պետական գաղտնիքի հետ։ Ի՞նչ գաղտնիք, երբ ամեն ինչ հայտնի է Հայաստանի յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր բնակչի, պարզ չէ՞, որ դա չի կարող ռազմական գաղտնիք լինել։ Կա՞ որեւէ զինակոչիկ, որի ոչ միայն ծնողները, այլեւ հաճախ ողջ ազգուտակը նախապես չեն զբաղվում իրենց որդու «լավ տեղ» ծառայելու խնդրով։ Իսկ լավ տեղ ասելով էլ հասկանում են ոչ սահմանային գոտի եւ ոչ Ղարաբաղ։ Կա՞ որեւէ զինվոր, որի համար լուծել են կամ փորձել են լուծել այդ խնդիրը, եւ ինքն այդ մասին չգիտի։ Կա՞ որեւէ զինվոր, որ երկու տարի բանակում ծառայելով՝ չտեսնի այդտեղ տիրող բարքերը, կրիմինալ հարաբերությունները եւ հավատա ճիշտ հակառակ քարոզչությանը։ Դրանից նա ավելի է հիասթափվում ու կորցնում ոչ միայն մարտական ոգին։ Ասել է թե՝ գործնականում ամեն ինչ գիտի ողջ հասարակությունը, ամեն ինչ գիտեն բոլոր զինծառայողները։ Եւ եթե գործնականում ամեն ինչ գիտի ողջ հասարակությունը, հնարավո՞ր է, որ հակառակորդը չիմանա այդ մասին։ Ուրեմն՝ բոլորին հայտնի իրողությունները, ճշմարտությունը թաքցնելն է հենց ամենամեծ վնասարարությունը բանակին եւ մեր անվտանգությանը։ Եւ այդ մասին չխոսելն է, որ բանակում եղած արատների զարգացման համար լավագույն պայմաններն է ստեղծում։
Իսկ հնարավո՞ր էր այլ կերպ։ Երբ արդեն տասնամյա ավազակապետության պայմաններում ապականվել, քրեականացվել են կյանքի բոլոր բնագավառները, հնարավո՞ր է, որ մի բնագավառ մնար չապականված։ Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզության ու հակահետախուզության իր գործը թողած՝ արդեն քանի տարի զբաղված է սեփական քաղաքացիների նկատմամբ քաղաքական լրտեսությամբ։ Ներքին գործերի համակարգը, հասարակական կարգի պահպանման իր գործը թողած՝ արդեն քանի տարի զբաղված է հանրահավաքները խոչընդոտելով ու քաղաքական հետապնդումներով։ Պետական պաշտոնյաներն, իրենց գործը թողած՝ զբաղված են կա՛մ իրենց բիզնեսով, կա՛մ պարզելու, թե իրենց ենթակայության կամ ազդեցության տակ ընդդիմադիր հայացքներ ունեցողներից ովքե՞ր են աշխատում, որ նրանց զրկեն նվազագույն կենսապայմաններից։ Երբ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում այլասերում ու հանցավորության խորացում է գնում, ինչպե՞ս կարող է դրանցից մեկը՝ բանակն ապրի դրանից դուրս, այլ որակ ունենա։
Այդ ո՞վ չգիտի, որ բանակում ծառայելը մարդու համար ամենածանր փորձությունն է, որտեղից վերադառնում են հոգեպես, բարոյապես, երբեմն՝ նաեւ ֆիզիկապես խեղված։ Այդ ո՞վ չգիտի, որ ահագնացած ազգակործան արտագաղթի հիմնական խթաններից մեկն էլ սեփական երեխային այդ փորձությունից զերծ պահելն է։ Այս ամենի մասին գրելը, ասելը, հրապարակելը նշանակում է պետական մտածողություն չունենա՞լ, նշանակում է բարոյալքե՞լ բանակը, նշանակում է դավաճանությո՞ւն։ Ճիշտ հակառակը՝ այդ ամենի մասին չխոսելը կամ հակառակն ասելն է նշանակում զուրկ լինել պետական մտածողությունից, նպաստավոր պայմաններ ստեղծել բանակի բարոյալքման համար։ Այդ ամենի մասին չխոսելն ու դրա հիմքերը թաքցնելն է իրական դավաճանություն։
Խնդիրն ամենեւին անհատների, մարդկանց մեջ չէ՝ զինվորից մինչեւ գեներալ։ Հասարկությունը միշտ նույն որակն ունի, եւ կախված քաղաքական համակարգից, ստեղծված մթնոլորտից՝ այն կարող է ե՛ւ հերոսանալ, ե՛ւ այլանդակվել։ 1918-ին սովալլուկ մի ժողովուրդ կարող էր Սարդարապատ իրականացնել, 20 տարի անց՝ 1937-ին, նույն հասարկության մեջ 3-ից մեկը կարող էր մատնիչ լինել։ 1988-ի մթնոլորտում գողական աշխարհը կարող էր ինքն էլ յուրատեսակ «գործադուլ» անել, 1991-95-ի պատերազմում օգնել երկրի ու Ղարաբաղի պաշտպանությանը, դրանից 5-10 տարի անց գողական բարքերը կարող էին դառնալ ու դարձել են իշխանության ու պետական կյանքի բնորոշիչ։ Այնպես որ՝ խնդիրը, ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ՝ բանակի դեպքում, համակարգի մեջ է, ավազակապետական կոռուպցիոն բուրգի, որի գագաթին ինքնակոչ, ոչ լեգիտիմ նախագահն է։ Եւ բանակն էլ այս որակին է եկել ոչ թե ինքնաբերաբար, այլ դիտավորյալ, հաշվարկված, քանզի Մարտի 1-ին այլ որակի բանակ հնարավոր չէր լինի հանել սեփական ժողովրդի դեմ։
Խնդիրը համակարգի հանցավորության մեջ է, որի ամեն մի օրը մարդ է սպանում թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի իմաստով. մարդ է սպանում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես։ Թող ոչ մեկը չկասկածի, որ նույն այս բանակը, նույն անձնակազմով բոլորավին այլ՝ օրինական, ժողովրդավարական, իրավական պետության մեջ եւ լեգիտիմ իշխանության պայմաններում շատ կարճ ժամանակում կարող է դառնալ իր այսօրվա վիճակի եւ էության ճիշտ հակապատկերը, դրական հակապատկերը։ Ուրեմն՝ ամեն մեկի դռանը երբեւէ չոքող բանակում ծառայլու՝ փորձություն դարձած այս խնդրի լուծման ճանապարհը փող հավաքելը չէ՝ կաշառք տալու համար, ծառայլուց խուսափելու միջոցներ փնտրելը չէ, ոչ էլ արտագաղթը։ Կա շատ ավելի հեշտ, էժան եւ, մանավանդ, արժանապատիվ ճանապարհ. դա քաղաքացիական ակտիվության դրսեւորումն է՝ չարիք-համակարգից ազատվելու համար։
Վերջին ողբերգական դեպքերի ընթացքում զոհված զինվորներից մեկի ծնողը հայտարարել է հրապարակավ, թե տեղի ունեցածը ոչ այլ ինչ է եղել, քան մի «բիզնես պրոյեկտ»։ Այսինքն՝ դա դիտավորյալ կազմակերպվել է, որպեսզի մի քանի անգամ բարձրանա այն վճարը, որ տալիս են ծնողները, որպեսզի իրենց երեխան չծառայի Ղարաբաղում։ Դաժան գնահատական է, սակայն բացարձակապես հարիր՝ իշխող վարչախմբի բարոյական կերպարին, որի բարձրագույն պաշտոնյաների համար իշխանությունը այլ բան չէ, քան անձնական բիզնեսի (իրականում՝ թալանի) հնարավորություն, իսկ երկիրն ու նրա բնակչությունը՝ բիզնես օբյեկտ։ Այլ արժեք նրանց համար չկա, այլ տրամաբանություն չի կարող աշխատել, այլ տրամաբանություն կործանարար կլինի ավազակապետության համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
11.09.2010 «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ » թռուցիկ, հ.5


ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

11.09.2010


Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է կենսաթոշակների բարեփոխման իր ծրագրային հիմնադրույթները։ Այն բխում է Կոնգրեսի «100 քայլ» ընդհանուր տնտեսական վերափոխումների ծրագրից եւ սկզբունքորեն տարբերվում է իշխանական ծրագրի այսօր գործող համակարգից։ Նախատեսվում է երկու կարգի կենսաթոշակ՝ պարտադիր պետական կենսաթոշակ եւ, դրան գումարած՝ լրացուցիչ կենսաթոշակ։ Պետական պարտադիր կենսաթոշակների միջին չափը կապվելու է երկրում ձեւավորված միջին անվանական աշխատավարձի հետ ու հաշվարկվելու է նրա համապատասխան տոկոսի չափով։ Այսօր, չնայած կենսաթոշակների հաշվարկման այլ մեխանիզմ է գործում, միջին կենսաթոշակը հավասար է միջին աշխատավարձի մոտ 20 տոկոսին։ Նախատեսվում է այն բարձրացնել մինչեւ 30 տոկոսի։
Ի՞նչ կստացվի, եթե այդ բարեփոխումն արվի այսօր։ 2010թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը, ըստ Վիճակագրության ծառայության, կազմել է 106 300 դրամ։ Բայց դա, ինչպես այս իշխանության հրապարակած բոլոր թվերը, կեղծ թիվ է։ Հայտնի է, որ տարբեր ասպարեզներում գործատուները լայնորեն կիրառում են աշխատավարձերի վճարման երկու ձեւ. աշխատավարձի մի մասը ձեւակերպվում է, մյուս մասն աշխատողին տրվում է առանց ձեւակերպման, որպեսզի խուսափեն պետական հարկերից։ Այսինքն, իրական միջին աշխատավարձը երկրում շատ ավելի բարձր է, առնվազն մի 50 տոկոսով։ Միայն ստվերային այս աշխատավարձը հաշվարկելուց հետո կստացվի, որ Հայաստանում այսօր իրական միջին աշխատավարձը մոտ 150.000 դրամ է։ Ըստ այդմ, ահա, որեւէ դժվարություն չի ներկայացնում իշխանափոխությունից, օրինականության հաստատումից եւ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո միջին պետական կենսաթոշակի մեծությունը հասցնել առնվազն 40 000-45 000 դրամի՝ այսօրվա մոտ 25 000 դրամի փոխարեն։ Նվազագույն կենսաթոշակն այս դեպքում նույնպես կբարձրանա եւ կկազմի 33 000-35 000 դրամ։ Այնուհետեւ, կապված յուրաքանչյուր տարվա միջին աշխատավարձի բարձրացման հետ, հաշվարկման նույն բանաձեւով, համապատասխան չափով կբարձրանանան նաեւ պետական կենսաթոշակները։
Բացի կենսաթոշակի գրեթե կրկնակի բարձրացումից՝ նաեւ նախատեսվում է տղամարդկանց կենսաթոշակային տարիքն իջեցնել, հավասարեցնել կանանց կենսաթոշակային տարիքին։
Այսօր թոշակառուներն ստանում են միայն պետական կենսաթոշակ, եւ վերն ասվածը վերաբերում էր միայն դրան։ Ծրագրով նախատեսվում է նաեւ մտցնել լրացուցիչ կենսաթոշակ։ Այն կվճարվի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից, որոնք կձեւավորվեն գործավորների կամավոր մուծումների հաշվին՝ 5-8 տոկոս եկամուտներից։ Կառավարության ծրագրով այդ մուծումները նախատեսվում են պարտադիր սկզբունքով։ Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ փոխանցված այդ մուծումները կազատվեն հարկերից, ինչը աշխատողներին եւ գործատուներին կշահագրգռի մասնակցել այս հիմնադրամների ձեւավորմանը։ Նման հիմնադրամներ կգործեն նաեւ ինքնազբաղված բնակչության համար։ Հավաքված գումարները, պետության երաշխավորմամբ կներդրվեն տնտեսության տարբեր ոլորտներում, այնպես, որ դրանք տվյալ հիմնադրամ մուծումներ կատարած քաղաքացիների համար ապահովեն նաեւ համապատասխան շահույթներ։ Այսինքն, քաղաքացին հետագայում, որպես լրացուցիչ կենսաթոշակ, կստանա շատ ավելի, քան ժամանակին մուծումներ է կատարել։ Պետությունը նաեւ օրենքով կստանձնի պարտավորություններ, որոնք կապահովագրեն դրանք ժամանակի ընթացքում դրամի կուրսի հետ կապված արժեզրկումից եւ կապահովեն մասնավոր կենսաթոշակների վճարվող ամսական բաժնի գնողունակությունը: Լրացուցիչ կենսաթոշակները պետք է կազմեն պետական կենսաթոշակի մոտավորապես կեսի չափ։ Այսինքն, եթե լրացուցիչ կենսաթոշակների աղբյուր մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները ձեւավորված լինեին եւ գործեին այսօր, ապա միջին կենսաթոշակը կարող էր կազմել 60 000-65 000 դրամ։
Այս ամենը եւ բազմաթիվ այլ բարեփոխումներ հնարավոր է իրականացնել ապօրինի, կոռումպացված, ամեն օր մեր գրպանը մտնող ավազակապետական այս համակարգից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու միջոցով։ Իսկ դրա միակ երաշխիքն այսօր Հայ Ազգային Կոնգրեսն է եւ ձեր ակտիվ մասնակցությունը ընդհանուր պայքարին։
Ա. Սարգսյան (տպագրվել է առանց ստորագրության)
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԹՌՈՒՑԻԿ Հ.5, Սեպտեմբեր






Thursday, August 19, 2010

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «168 ԺԱՄԻՆ»


19.08.2010


Հայտնի արձանագրությամբ նախատեսվում է կրկնակի երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում երկարաձգման այդ փաստը։ Ուժեր եւ անհատներ եղան, որոնք իրար հակասող գնահատականներ տվեցին։ Ինչո՞ւ Կոնգրեսը կարծիք չարտահայտեց։
Ռուսաստանի շահերի տեսակետից դա, անշուշտ, հաջողություն է։ Նա ձգտում է հնարավորինս վերականգնել իր նախկին ազդեցության ոլորտները, խորացնել ու առավել հարատեւ դարձնել այդ ազդեցությունը։ Սա բնական ձգտում է գերտերության համար։ Նույնքան բնական է, որ ազդեցության նախկին այդ ոլորտները, առաջին հերթին նախկին ԽՍՀՄ կազմում հայտնված, այսօր անկախ պետություններն իրենց հերթին աշխատում են հնարավորիս զերծ մնալ այդ ազդեցությունից, մեծացնել սեփական ինքնիշխանությունը։ Սակայն միմյանց հետ հարաբերվող երկու պետություններից մեկի լիակատար ազդեցություն ունենալը, մյուսի՝ այդ ազդեցությունից լիակատար դուրս լինելը նույն ուղղի հակառակ ծայրակետերն են։ Նման դեպքերում միայն տեսականորեն դրանք երկուսն էլ կարող են նաեւ ռեալություն լինել։ Իրականում օպտիմալ լուծումները գտնվում են այդ երկու ծայրակետերի միջեւ. կենտրոնո՞ւմ, դեպի աջ, թե՞ դեպի ձախ՝ կախված է բազմաթիվ հանգամանքներից։ Եւ այդ միջակայքում է, որ կարող է երկու երկրների հարաբերությունները կարգավորող պայմանագրերի համար օգտագործվել «փոխադարձաբար շահավետ» արտահայտությունը։ Իսկ թե ո՞ր կետում է տվյալ պահին «փոխադարձաբար շահավետը», դա էլ կախված է հարաբերվող երկրների ուժից, հզորությունից, նրանց ունեցած ներքին եւ արտաքին խնդիրներից, իշխանության որակից եւ այլն։ Նման օպտիմալ մի կետ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորող միջպետական փաստաթղթերում ժամանակին գտնվել էր, եւ որեւէ մեկը երբեւէ չի վիճարկել դրա, իրոք, փոխադարձաբար շահավետ լինելը։ Այդ պայմանգրերում վերջին 10 տարում էլի են եղել լրացումներ կամ փոփոխություններ, եւ ընդհանուր միտումը, տեղաշարժը ռուսական պետության ազդեցության մեծացման ուղղությամբ է գնացել։ Ռազմաբազայի ժամկետի այս երկարաձգումը հերթական մի քայլն է նույն ուղղությամբ։ Բայց այստեղ խնդիրը ամեն մի նման քայլի կամ փաստի առիթով հերթական «քաղաքական շոուն» սարքելը չէ՝ այն գերագնահատելով կամ թերագնահատելով, ոչ էլ նույնիսկ հիշատակածս միտումն արձանագրելը։ Խնդիրը դրա հիմքը, պատճառը բացահայտելն է։ Վերը թվարկածս հանգամանքներից տվյալ տեղաշարժում միայն մեկն է դեր խաղացել ու խաղում - դա իշխանության որակն է՝ ոչ լեգիտիմ, կոռումպացված, հանցավոր, ու դրանով իսկ՝ խոցելի ու թույլ։ Այդ որակով միջպետական հարաբերություններում նա վաղուց դադարել է հավասարազոր սուբյեկտ լինելուց. Նրան կա՛մ թելադրում են, կա՛մ նրանից խլում, կա՛մ ընդունում նրա «փեշքեշը»՝ իշխանական «յառլիկը» երկարաձգելու համար։
Ինչ վերաբերում է Կոնգրեսի դիրքորոշմանը. նոր միայն ամբողջությամբ հրապարակված փաստաթղթերն ուսումնասիրվում են, եւ պաշտոնական դիրքորոշում, կարծում եմ, կլինի։
Համաձա՞յն եք այն կարծիքին, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ է դրվում կրկնապատկելով այդ ժամկետը։
Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ է դրված առաջին հերթին իր ոչ լեգիտիմ, հանցավոր իշխանությամբ։ Վերջին հաշվով, չկա որեւէ արտաքին հանգամանք, որն այնքան վտանգավոր լինի երկրի ու ժողովրդի համար, որքան ներքինը։ Լեգիտիմ, անխոցելի իշխանությունը երկիրն ու արտաքին խնդիրները չէր հասցնի այնպիսի հանգրվանի, որ ինքը ստիպված լիներ նման մտահղացում ունենալ կամ Ռուսաստանին նման մտահղացման հիմք տալ։ Լեգիտիմ, անխոցելի իշխանությունը այս ընթացքում առնվազն կկարողանար «փոխադարձաբար շահավետ» միջպետական հիմնական փաստաթղթերը պահել նույն կետի վրա, եթե ոչ դրանք տեղաշարժել դեպի սեփական ինքնիշխանության մեծացում։ Այնպես որ, իրոք, հետեւանքների դեմ կռիվն ու աղմուկը միայն օգնում է մոռանալ դրանց հիմքի, պատճառի մասին։ Այս վարչախմբի համար բացի սեփական իշխանության պահպանումից եւ ունեցվածքի բազմապատկումից ուրիշ խնդիր գոյություն չունի, նրանց ամեն մի օրը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ գոյությունն իսկ։ Այնպես որ՝ ռազմաբազայի ժամկետի երկարաձգման հիշյալ խնդիրը ո՛չ դրանցից ամենակարեւորն է, ո՛չ էլ միակը։ Զանգվածային արտագաղթը, ժողովրդի ունեզրկումը, տնտեսության մոնոպոլիզացիայի աստիճանի խորացումը, արժեքային համակարգի այլասերումը, հասարակության մեջ երկիրը լքելու միտումի մեծացումը շատ ավելի մեծ ու անդարձելի վտանգներ են իրականում։
Կոնգրեսը միշտ հայտարարել է, որ անկախ այն բանից, թե երբ է նշանակված հերթական  հանրահավաքը, Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում արտահերթ հանրահավաք կանի։ Չկա՞ հիմա նման վտանգ այս փաստով։
Կոնգրեսը հանրահավաք է պլանավորել սեպտեմբերի 17-ին եւ այլ որոշում չունի։ Եւ ինչպես նախորդ բոլոր հանրահավաքները, սա եւս ուղղված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող թիվ 1 վտանգի՝ իշխող վարչախմբի դեմ։ Կարող եմ կրկնել. չարիքը պետք է արմատախիլ անել, ոչ թե կռվել նրա հետեւանքների դեմ։
 Հիշյալ փաստաթղթում ասվում է նաեւ, որ ռուսական ռազմաբազան «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»։ Ինչ է տալիս դա Հայաստանին։
Ռազմական բազայի առկայությունը որեւէ երկրում արդեն իսկ նման պարտավորություն ենթադրում է։ Չեմ կարծում, թե դրանով Ռուսաստանը լրացուցիչ պարտավորություն է ստանձնել։ Իսկ լավագույնը կլիներ այն, որ Հայաստանը ո՛չ սուր խնդիրներ ունենար հարեւանների հետ, ո՛չ էլ սեփական անվտանգությունն ապահովելուն ուղղված նման «անմիջական» օգնության կարիք։ 
«168 ԺԱՄ» 19.08.2010
Ներկածը կրճատված է տպագրում


Tuesday, August 10, 2010

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

10.08.2010

Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումից անցել է երկու տարի։ Նրա գործունեության ամփոփումն ու գնահատումը պատմության համար չէ։ Այն կարեւոր է այսօրվա խիստ գործնականության առումով։
Ծնունդը
2008 թ. նախագահական ընտրությունների առիթով ՀՀ Հիմնադիր-նախագահի նախընտրական արշավը շատ արագ վերածվեց Համաժողովրդական շարժման։ Դա նաեւ իշխող ռեժիմի դեմ հասարակության տեւական, չմարող ընդդիմացման ու չհամակերպման մի վկայություն էր։ Հայ Ազգային Կոնգրեսի ձեւավորումը Համաժողովրդական նույն այդ շարժման յուրատեսակ մի քննությունն էր, որ տեւեց ուղիղ 5 ամնս՝ 2008-ի մարտի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը։ Եթե, որպես քաղաքական երեւույթ, տարբերակում դնենք Շարժման ու ժողովրդական ճակատի մեջ, ապա առաջինին բնորոշ է նպատակին հասնելու գրոհային մարտավարությունը, երկրորդին՝ ավելի շատ դիրքային պայքար։ Հնում էլ էր այդպես. բերդերը, քաղաքները, երկրները գրավում էին ոչ միայն գրոհով, այլեւ տեւական պաշարմամբ։ Երկուսն էլ ճիշտ են։ Նայած իրավիճակի։ Նույնն էր 1988-ին. փետրվարյան Շարժմամբ՝ գրոհով, հարցը չլուծվեց։ Լուծվեց նույն թվականի ամռանը ձեւավորված ժողովրդական ճակատի տեւական դիրքային պայքարով։ Ընդ որում՝ միշտ չէ եւ ամենեւին պարտադիր չէ, որ համաժողովրդական շարժումները վերածվեն կամ վերաճեն ժողովրդական ճակատների։ Հանգամանքների մեջ չխորանանք, դրանք ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ սուբյեկտիվ։ Արձանագրենք սակայն, որ այս դեպքում էլ, ինչպես 1988-ին, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ անհրաժեշտ պայմանները ներդաշնակվեցին։ Ուստիեւ՝ հիշյալ 5 ամիսները Շարժման համար դարձան ոչ թե մարող ցնցումների, այլ կազդուրման, ժողովրդական ճակատի երկունքի շրջան, ինչը եւ օգոստոսի 1-ին մկրտվեց Հայ Ազգային Կոնգրես անունով։ Եւ դժվար է այդ երկունքի մեջ գերագնահատել երեք կարեւոր բաղադրիչներից որեւէ մեկի դերը. ա) կուսակցությունների, որոնք ապացուցեցին քաղաքական ուժի իրենց հատկանիշը, բ) Շարժման ղեկավարության եւ առաջնորդի, որոնք կարողացել էին ճշգրիտ ու հստակ բանաձեւել հասարակական դժգոհությունն ու դրա առարկան, գ) քաղաքացիական ակտիվության եկած բազմահազար անհատների հաստատակամության։ Մարտի 1-ի սպանդը եւ զանգվածային բռնությունները չդարձան Շարժման ավարտը, ինչպես ծրագրված էր։ Հաջորդած 5 ամիսները ոչ մի կերպ չի կարելի գնահատել տեղատվություն կամ նահանջ։ Դրանք ամենացավագին, սակայն նաեւ ամենաակտիվ, ամենահերոսական պայքարի ամիսներն էին։ Օգոստոսի 1-ը՝ Հայ Ազգային Կոնգրես-ժողովրդական ճակատի ստեղծումն, ըստ էության, վարչախմբի պարտությունն էր ամենավճռական ճակատամարտում ու նրա դատապարտվածության գրավականը։
Ռեսուրսների պայքարը
Հետագա պայքարը, բնականաբար, չպիտի կրեր գրոհային բնույթ, այլ՝  դիրքային։ Դրա հաջողության ու արդյունավետության չափանիշը չի կարող լինել դրված հիմնական նպատակին՝ ավազակապետական վարչախմբի տապալմանը ու սահմանադրական կարգի վերականգնմանը հասած լինել-չլինելու հանգամանքը, այլ՝ ուժերի հարաբերակցության որակական փոփոխության դինամիկան։ Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, 1989-ի վերջին կամ 90-ի սկզբին չէր կարելի խոսել դրված հիմնական խնդրի՝ անկախության ձեռքբերման ու Ղարաբաղի խնդրի լուծման ձախողման մասին։ Եւ Դա երկու կողմերի ռեսուրսների պայքար էր, եւ արդյունքները պետք է գնահատել երկու կողմերի ռեսուրսների հաշվեկռի դինամիկայի դիտանկյունով։ Հակառակ դեպքում՝ անհիմն կլինեն գնահատականները, իսկ անհիմն ու սխալ գնահատականները կարող են ազդել նույն այդ պայքարի ամենակարեւոր ռեսուրսի՝ հասարակության հույսի, վստահության, ակտիվության վրա։ Եւ պատահական չէ ամենեւին, որ իշխանական քարոզչամեքենան (ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա) իր անունից, կամ դրածոների բերանով, հետեւողականորեն հենց «նոր ընդդիմության», «երրորդ ուժի» ստեղծման, «նոր առաջնորդի» անհրաժեշտության մեռելածին գաղափարներ է հրապարակ նետում կամ դիմում ի սկզբանե դատապարտված նախաձեռնությունների։
Սա ռեսուրսների պայքար է, եւ, ինչպես 1989-90-ին, իշխանությունը մեծ հաշվով տանուլ է տալիս այդ պայքարում.
- Վարչախումբը տանուլ տվեց՝ փորձելով քաղբանտարկյալներին դարձնել Կոնգրեսի Աքիլլեսյան գարշապարը. վերջիններս իրենց քաղաքական ու բարոյական հաստատակամությամբ փառավոր էջ գրեցին Շարժման պատմության մեջ՝ դառնալով ու մնալով նրա կենսունակության ու հզորացման կարեւոր հիմքերից մեկը։
- Վարչախումբը տանուլ տվեց բռնությունների եւ ուժի կիրառման ասպարեզում. պայքարողների առաջին շարքերում գտնվողներից որեւէ մեկը չընկերկեց ոստիկանական ապօրինությունների առջեւ, եւ, ըստ էության, ամենաիսկական ճակատամարտերում պահպանեց ամենօրյա «քաղաքական զբոսանքների», ամենշաբաթյա եւ ըստ առիթի ակցիաների իր իրավունքը։
- Վարչախումբը չհաջողեց բազմահազարանոց հանրահավաքները եւ երթերը կանխելու կամ «մարելու» իր մարտավարության մեջ. դրանք կայանում են ըստ անհրաժեշտության, անկախ «արտոնումից», պատկառելի թվաքանակով, ամեն անգամ ուժերի հաշվեկշիռը փոխելով հօգուտ Կոնգրեսի՝ ապահովելով քաղաքական գործոնի նրա կշռի մեծացումը ներքին քաղաքական կյանքում ու արտաքին ասպարեզում։
- Իր անվերապահ հսկողության տակ ունենալով բոլոր հեռուստաընկերությունները՝ վարչախումբը տանուլ տվեց քարոզչական պայքարում. հասարակական պատկերացումներում ավելի խորացել եւ արմատավորվել է նրա՝ չարիք լինելու պատկերացումը, այդ չարիքից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու անհրաժեշտության ու անխուսափելիության համոզումը։
- Վերջապես, վարչախումբը տանուլ տվեց Կոնգրեսը պառակտելու, խարխլելու իր ծրագրերում. Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չտրվեց գայթակղության, չդարձավ բիզնես-պրոյեկտ՝ ապացուցելով որպես քաղաքական ուժ իր անվերադարձ կայացած լինելու հանգամանքը։
Շարքը կարել ի շարունակել եւ մանրամասնել։ Բայց այս ու այսքանն էլ բավարար է տեսնելու համար, որ ժողովրդական ճակատ-Հայ Ազգային Կոնգրեսի ռեսուրսներն անընդհատ ավելացել եւ ավելանում են, վարչախմբի ռեսուրսները՝ նվազում, սպառվում։ Եւ խոսքը վերաբերում է այդ ռեսուրսների ոչ միայն ֆիզիկական ծավալներին, այլ նաեւ որակական հատկանիշներին։ Վերջին ճակատամարտից առաջ, կարելի է ասել, որ Հայ Ազգային Կոնգրեսը տիրապետում է հսկայական քաղաքական կապիտալի, ինչի դեմ վարչախումը կարող է դնել իր վերջին հույս ֆինանսական կապիտալը։
Ձեռքբերումները
Տարեդարձի առիթով սովորաբար նման ամփոփում են կատարում։ Այս դեպքում՝ ոչ հավուր պատշաճի։ Եւ ձեռբերումների շարքում սովորաբար թվարկվում է այն, ինչ եղել է։ Մինչդեռ այս դեպքում կարեւոր նաեւ այն, ինչը կանխվել ու չի եղել։ Որքան էլ վերջինս առաջինի նման առարկայական չթվա, սակայն շատ կարեւոր է, մանավանդ՝ հաճախ եղածն ու կանխվածը միաձուլվում են։ Եւ այսպես, Հայ Ազգային Կոնգրեսի երկամյա պայքարի շնորհիվ՝
ա) Վերջնականապես քողազերծվեց ու ոչնչացվեց ավազակապետական վարչախմբի վերարտադրման ամենահզոր զենքը՝ կեղծ ընդդիմության ինստիտուտը։ Հասարակությանը մոլորեցնելու, դրսի աշխարհի աչքերին թոզ փչելու այս գործիքի ոչնչացման հետ ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել վարչախումբը, սակայն ապարդյուն են մնում «նոր ընդդիմության», «երրորդ ուժի», «նոր առաջնորդի» տեսքով դրա վերականգնման ջանքերը։
բ) Կանխվեց Մարտի 1-ի մասին իշխանական վարկածի քաղաքացիություն ստանալը։ Քաղաքացիություն ստացավ Կոնգրեսի տեսակետը։ Ապացույցը ԵԽԽՎ 4 բանաձեւերն են, տասնյակ միջազգային այլ փաստաթղթեր, իսկ այժմ՝ նաեւ ԵԽԽՎ-ում պաշտոնապես շրջանառվող՝ վարչախմբի կողմից բանակի ներգրավմամբ իրականացված, մարդկային զոհերով ուղեկցված պետական հեղաշրջման՝ ծանրագույն հանցագործության մասին փաստաթուղթը։
գ) Կանխվեց նույն այդ պետական հեղաշրջման ու կազմակերպած սպանդի գլխավոր ճարտարապետներից մեկի՝ Ռ. Քոչարյանի վարչապետ դառնալու հեռանկարը. ավելին՝ Կոնգրեսի նախաձեռնությամբ, հարյուր հազարավոր քաղաքացիների ստորագրություններով, նրա դեմ հայցը այլեւս Հաագայի դատարանում է։
դ) 2008-ի նախագահական ընտրությունների եւ Մարտի 1-ից հետո բոլոր ձերբակալվածները միջազգային ամենահեղինակավոր կառույցների ու պետությունների փաստաթղթերում ճանաչվեցին քաղբանտարկյալներ՝ հօդս ցնդեցնելով նրանց դեմ հարուցված «քրեական» մեղադրանքները։
ե) Կանխվեց մարտի 1-ից հետո հարյուրավոր նոր մարդկանց պլանավորված ձերբակալությունները։ Ներքին եւ արտաքին կազմակերպված ճնշումների հետեւանքով կարճ ժամանակում ազատ արձակվեցին քաղբանտարկյալների մեծ մասը։
զ) Կոնգրեսը ձեռք է բերել միջազգային ճանաչում, նրա հետ հարաբերվում են, ըստ էության, որպես երկրորդ մի իշխանության։
է) Կոնգրեսի շուրջ ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն՝ անընդհատ լայնացող շրջանակներով. սա հասարակության այն կրիտիկական զանգվածն է, որն անվերադարձ պայքարելու է ազատության, արժանապատվության, արդարության եւ օրինականության հաստատման համար։
Այստեղ եւս թվերկումը կարելի եւ շարունակել եւ մանրամասնել։ Սակայն ավելի կարեոր է մեր այս նյութի շրջանակներում առանձին անդրադառնալ եւս երկու խնդրի։


Երկու վախը՝ մի մահ
Շատ է խոսվել է հասարակության մեջ վարչախմբի կողմից սերմանված վախի մասին։ 2007-ի աշնանը դա համատարած էր։ Այսօր դա շատ հեռու է համատարած լինելուց։ Եւ որակն է փոխվել. այսպես ասենք, «անխառն վախից»  այն վերածվե է ատելության ու զզվանքի հետ միախառնված պայթյունավտանգ մի զգացում։ Մինչդեռ նույն այդ վախը, սարսափը բոլորովին անխառն է վարչախմբի դեպքում՝ արդեն բնազդականի հասնող դատապարտվածության վախը։ Իշխանության համար այլ են վախի ու թուլության արձանագրման հայտանիշները։ Ուժեղ եւ ինքնավստահ իշխանությունը հանրահավաքների համար ծիծաղելի ու մեղկ խոչընդոտներ չի հարուցի՝ ընդհուպ հրապարակը երեխաներով ու կարուսելներով լցնելով։ Ամեն հանրահավաքի օր լայնամասշտաբ համահանրապետական միջոցառում չի ձեռնարկի՝ ոչ միայն մարդկանց մուտքը Երեւան, այլեւ ելքը իրենց բնակավայրերից, անգամ սեփական տան դարպասներից թույլ չտալու համար։ Սա դուրս է իրավունքի, օրենքի խախտումից։ Սա ուժի վկայություն չէ, ոչ էլ լկտիություն ։ Սա դատապարտվածի վախ է։ Ճիշտ նույն կերպ՝ առատաձեռնության ու շռայլության վկայություն չէ, երբ, ըստ տեղեկությունների, Կոնգրեսի քաղաքական կապիտալը չեզոքացնելու իր չհաջողված ծրարգրից մեկի տակ վարչախումբը նախատեսած է եղել ընդհուպ 75 մլն. դոլար։ Սա հոգեկան հիվանդության մի տարատեսակի վերաճած կենդանական վախի վկայությունն է։ Իսկ, ինչպես հայտնի է, երկու վախը մի մահ է։
  Կոնգրեսը կանխում է պատերազմը
Որոշ վերլուծաբաններ, իրավացիորեն, անհնար են համարում Ղարաբաղյան խնդրում ստատուս-քվոյի պահպանումը։ Բայց նաեւ չեն պատկերացնում հայտնի պայմաններով վերջնական պայմանագրի ստորագրումը՝ համարելով դա կլինի Ս. Սարգսյանի իշխանության վերջը։ Ուստիեւ, նկատի ունենալով վարչախմբի հանցավոր եւ անբարո էությունը, հնարավոր են համարում երրորդ՝ «պայմանավորված պատերազմի» միջոցով խնդիրը լուծելով չքմեղանալու տարբերակը։ Հասկանալի է, որ սա ամենահանցավոր տարբերակը կլինի. ե՛ւ Ղարաբաղը կորցնել, ե՛ւ հազարավոր զոհեր, ե՛ւ հսկայական զոհողություններ։ Այս կերպ, այլ պայմաններում, հնարավոր կլիներ պահել իշխանությունը. «կռվեցինք, ամեն ինչ արեցինք, պարտվեցինք, բայց մենք դեռ...» Սրան կգումարվեին կեղծ հայրենասիրական հիսթերիան, հակառակորդի նենգության, օտարների դավաճանության մասին լեգենդներ... Սրան էլ կգումարվեր «ներքին թշնամի»... նոր բռնաճնշումներ։ Հայ Ազգային Կոնգրեսի, նրա շուրջ եւ ազդեցությամբ ձեւավորված քաղաքացիական հասարակության գոյությունն ու հզորացումն այսօր նմանօրինակ արյունոտ ու ազգադավ հանցագործության դեմ միակ պատնեշն է։ Եւ, այնքան հզոր կլինի այդ պատնեշը, որքան հզոր լինեն Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքները։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» 10.08.2010

(Տպագրված տեքստում կատարվել են մանր խմբագրական փոփոխություններ)