Tuesday, November 4, 2014

Շարժման ռեսուրսներն ավելի քան բավարար են


Ժողովրդավարական հասարակություններում իշխանափոխության մեջ որեւէ արտառոց ու «դարակազմիկ» բան չկա։ Ընդհակառակը՝ արտառոց է, երբ քաղաքական որեւէ ուժի իշխանություն ձգվում է տասնամյակից ավելի։ Իշխանափոխությունը տվյալ ժողովրդի համար նշանակալի, ընդհուպ՝ ճակատագրական նշանակություն է ստանում, երբ խոսքը վերաբերում է ռեժիմային իշխանություններին, որոնք գրված կամ չգրված «սահմանադրությամբ» իրենց համարում են իշխանության անսակարկելի ու մշտական տերը։ Նման ռեժիմները կարող են հենվել կրոնական ու դրան հավասարեցված որեւէ գաղափարախոսության վրա (գաղափարախոսականացված ռեժիմներ), օրինակ՝ ֆաշիստական, կոմունիստական։ Նման ռեժիմները կարող են հենվել նաեւ ցեղային, ազգակցական կամ պարզապես հայրենակցական ընդհանրությունների վրա (կլանային ռեժիմներ)։ Այս կտրվածքով՝ Հայաստանում ակնհայտորեն առաջինը (գաղափարախոսականացվածը) չէ, որքան էլ փորձ է արվում այդպես ներկայացնել։
Ժողովրդավարական հասարակություններում, ունենալով լայնածավալ քաղաքական աշխատանքի միջոցով զանգվածների հետ հաղորդակցվելու ու նրա համակրանքը շահելու լիարժեք հնարավորութունը, իշխանափոխության կարելի է հասնել հերթական ընտրությունների միջոցով։ Իշխող քաղաքական ուժը այս դեպքում դուրս չի գալիս օրենքի, օրինականության ու քաղաքական վարվելակերպի որոշակի շրջանակներից, եւ իշխանափոխությունը կատարվում է ամենամեղմ, անցնցում տարբերակով։Պատճառն այն է, որ տվյալ պահին իշխանություն ունեցող քաղաքական միավորը վստահ է, որ ինքը պահպանում է մեկ-երկու ընտրաշրջան հետո նույն մեխանիզմով իշխանության վերադառնալու հնարավորությունը։
Բռնապետական, ռեժիմային հասարակություններում իշխանափոխությունները անխուսափելիորեն ուղեկցվում են արմատական եւ ամբողջական համակարգային վերափոփոխումներով։ Դրանք կարող են լինել ինչպես արտահերթ ընտրությունների միջոցով, այնպես էլ՝ օգտագործելով համընկած հերթական ընտրության առիթը։ Ըստ էության չունենալով քաղաքական բնութագիր եւ ժողովրդավարության, օրինականության պայմաններում գործելու որակներ՝ բռնապետական ռեժիմ հաստատած ուժը շատ լավ գիտակցում է, որ իշխանությունը կորցնում է անվերադարձ՝ դեռ մի կողմ թողած իր կատարած ապօրինությունների համար դրանից հետո պատասխան տալու հնարավորության տխուր հեռանկարը։ Ուստիեւ հասկանալի է, որ իշխանությունը կորցնելու վտանգի առջեւ ռեժիմները գործի պիտի դնեն իրենց ողջ ռեսուրսները, ինչպես նաեւ ապօրինի մեթոդների ու միջոցների ողջ զինանոցը։
Ժողովրդավարական հասարակություններում, որտեղ ամեն ինչ, իշխանությունից սկսած, հենված է օրինականության, իրավունքի գերակայության, արժեքների, հասարակայնորեն ընդունված արժեքային համակարգի, մարդկանց արժանիքների օբյեկտիվ գնահատման վրա,  իշխանափոխության հետեւանքով հասարակության կյանքում ոչինչ կամ համարյա ոչինչ չի փոխվում։ Չի խաթարվում որեւէ մեկի հասարակական դիրքը, համարումը, ընդհուպ՝ կյանքի պայմանները։ Բռնապետական հասարակարգերում ռեժիմներն իրենց՝ սովորաբար ոչ օրինակարգ իշխանությունը պահելու համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հենարաններ են ստեղծում՝ բոլորովին այլ արժեքների ու չափորոշիչների վրա հենված հիրերարխիաների տեսքով։ Ուստիեւ՝ իշխանափոխության վտանգի դեպքում հօգուտ ռեժիմի՝ «կյանքի ու մահվան» պայքարի է դուրս գալիս արհեստականորեն ստեղծված այդ հիերարխիաներում առանձնաշնորհներ, օբյեկտիվորեն չվաստակած հասարակական դիրք, համարում եւ ապօրինի արտոնություններ ունեցողների ողջ «ընտրանին»։
Այս ամենի պատճառով է, ահա, որ ռեժիմների պայմաններում կատարված իշխանափոխությունները կոչվում են «հեղափոխություն»՝ նկատի ունենալով վերջինիս ոչ թե իրականացման ձեւը, այլ, առաջին հերթին՝ քաղաքական, բովանդակային կողմը։
Այս ամենը նշանակում է նաեւ, որ անխուսափելիորեն տարբեր պետք է լինեն իշխանափոխություն իրականացնելու համար կիրառվող «քաղաքական տեխնոլոգիաները» ժողովրդավարական եւ ռեժիմային հասարակարգերում՝ նաեւ դրանց իրականացման միանման խաղաղ ու բացարձակ անցնցում տարբերակների դեպքում։
***
Վերոշարադրյալը կարելի է հաստատել տարբեր երկրների ու ժողովուրդների փորձով։ Լավ է, սակայն, երբ ինքդ ունես սեփական փորձ, եւ այն էլ՝ ոչ վաղ անցյալում։
Ի տարբերություն ժողովրդավարության պայմաններում իշխանափոխության՝ ռեժիմային հասարակարգերում անհրաժեշտ են մի շարք պայմաններ.
ա) ռեժիմն իրեն սպառել է՝ կորցնելով նաեւ  արտաքին աշխարհի վճռորոշ օժանդակությունը,
բ) հասարակական դժգոհությունը հասել է իր բարձրակետին,
գ) առկա է այդ գործն անելու ունակ քաղաքական ուժ,
դ) ծավալվում է համաժողովրդական շարժում։
1988-90թթ. այս բոլոր պայմանները մեկտեղվեցին։ Կոմունիստական 70-ամյա իշխանությունը, «մարտի դաշտ» նետելով հանդերձ իր բոլոր ռեսուրսները՝ «կեղծ ընդդիմության» նախատիպ կազմակերպություններից («Նախախորհրդարան», զանազան «ճակատներ» եւ այլն) սկսած՝ մինչեւ հնարավոր ապօրինություններ, ստիպված եղավ տեղի տալ։ Այս պայմաններն առկա էին նաեւ 2007-08 թվականներին, երբ  ավազակապետական ռեժիմի դեմ ծայր առած Համաժողովրդական շարժումը վերջնական արդյունքի չհասավ միայն վարչախմբի՝ ազգային շահերի վաճառքի գնով արտաքին աշխարհում ձեռք բերած օժանդակության եւ բռնի ուժի կիրառման պատճառով։ Սակայն տեւական ու անզիջում այդ պայքարի շնորհիվ Շարժումը ոչ միայն պահպանեց իր հիմնական ռեսուրսները, այլեւ ստիպեց ռեժիմին բացահայտելու իր սնանկությունն ու ազգային դավաճանական էությունը։ Դրա շնորհիվ հնարավորություն առաջացավ վերջնական արդյունքի հասնելու համար կրկնապատկել իշխանության դեմ ծառացած հասարակական եւ քաղաքական ռեսուրսը։ 2011թ. սկսվեց ներքաղաքական ծրագրված մի գործընթաց, որի արդյունքը եղավ հիմնական ուժերի՝ ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի մեկտեղումը «ամբողջական իշխանափոխության» պլատֆորմի վրա։
 Ծանրակշիռ, իր հռչակած խնդրի լուծման բոլոր ռեսուրսներն ունեցող քաղաքական կենտրոնի կազմավորումը, որպես համախմբող գործոն, բնականաբար, իր անմիջական ազդեցությունը պիտի ունենար ողջ հասարակական եւ քաղաքական կյանքի վրա։
Հոկտեմբերի 10-ի եւ 24-ի հանրահավաքները, որպես նոր համաժողովրդական շարժման սկիզբ, դրա ապացույցն էին։ Դրանով ստեղծվել է իրոք նոր քաղաքական մի իրավիճակ, երբ արդեն հրապարակ է դուրս եկել նաեւ հիմնական «խաղացողը»՝ բազմահազար ժողովուրդը, իսկ հասարակական մթնոլորտը «պասիվ սպասողական» վիճակից վերածվել է «ակտիվ սպասողականի»։
Շարժման ռեսուրսներն ավելի քան բավարար են։ Հասարակական մթնոլորտն իր ակտիվ սպասումներով ավելի քան բարենպաստ է։ Իշխանության խուճապը եւ քանդվելու նշաններն ակնհայտ են։ Հասարակության ոչ ակտիվ, բայց կարեւոր խավերի մեջ տեղաշարժերն ակնառու են։ Հոկտեմբերի 24-ից հետո պետք են ոչ թե սովորական իշխանափոխությունների համար կիրառելի «քաղաքական տեխնոլոգիաներ», այլ քաղաքական գործողություններ՝ մեկը մյուսով թելադրված, հաշվարկված տրամաբանական քայլեր։

http://www.ilur.am/news/view/36982.html

Tuesday, October 28, 2014

Իշխանափոխության ամենաստույգ նախանշանը


Համակարգային իշխանափոխության անհրաժեշտության, դրա համար հասունացած պայմանների, կողմերի ռեսուրսների հարաբերակցության փոփոխության, մարտավարական քայլերի մասին եւ այլն, արդեն բավարար ու համոզիչ գրվել է։ Այս իմաստով հասարակությանը լրացուցիչ համոզելու, կարծես, էլ բան չկա։ Իսկ վերջին երկու հանրահավաքները,  որպես ավելի լայն՝ ռեժիմի դեմ արդեն շուրջ մեկուկես տասնամյա պայքարի, ավելի նեղ՝ վերջին երեք տարվա ծրագրված քաղաքական գործընթացի արդյունք, այդ հարցը վերջապես լուծելու համար շատ ավելի մեծ հույսեր են առաջացրել, քան դա եղել է երբեւէ։
Սակայն, նման՝ բովանդակությամբ «հեղափոխական» (բռնապետականից ժողովրդավարական համակարգի անցման) իշխանափոխություններն ունենում են նաեւ հստակ նախանշաններ, որոնք միշտ չէ, որ հստակ տեսանելի են կամ հենց այդպիսին են գնահատվում առաջին հայացքից։ Այդ նախանշանները կարելի է ցուցադրել նաեւ փաստերի ու իրողությունների տրամաբանական վերլուծությամբ, բայց դա շատ ավելի համոզիչ է ստացվում արդեն կատարված նմանօրինակ պատմական իրադարձությունների համադրմամբ։ Հատկապես, երբ այդ համադրումն անում ես սեփական պատմության ոչ վաղ անցյալի նույնպիսի դրվագի հետ։ Վերջին հաշվով, այս ասպարեզում դժվար է նոր բան մտածել, եւ հոգեվարք ապրող բռնապետական իշխանության համար հիմնականում նույնը պետք է լինեն վերջին ջղաձիգ փորձերի դրսեւորումները, նրա ինքնապահպանման զինանոցի մեթոդներն ու միջոցները։
Այդ իմաստով շատ հետաքրքիր նյութ են տալիս կոմունիստական դարաշրջանից ժողովրդավարականին անցնելու 1988-90թթ. պատմության մեջ արձանագրված իրողությունները։ Նույնականությունն ապշեցուցիչ լինելով, օգնում է նաեւ հասկանալ այսօրվա շատ իրողություններ, որ շատերի համար կարող է հասանելի կամ համոզիչ չլինել, քանի դեռ չի ավարտվել ներկա գործընթացը կամ շրջափուլը։ Ճիշտ այնպես, ինչպես՝ ընտրական գործընթացների պահին, օրինակ, շատերի կողմից այլ կերպ էին գնահատվում հայտնի «ընդդիմադիր» քաղաքական ուժեր ու գործիչներ, եւ բոլորովին այլ կերպ՝ դրանց ավարտից հետո (Վ. Մանուկյան, Ա. Գեղամյան, ԱԽՔ եւ այլն)։
* * *
1989 թվականի մայիսի վերջին Շարժման առաջնորդների՝ «Ղարաբաղ» կոմիտեի բանտից ազատվելուց հետո կոմունիստական վարչախումբը շատ ավելի առարկայորեն զգաց իրենց իշխանության, ամբողջ համակարգի վտանգվածությունը։
Իշխանության միակ իրական հավակնորդ ուժի՝ ժողովրդավարական շարժման դեմ բացահայտ ու քողարկված պայքարը մղվում էր մի քանի ճակատներով։
«Ընդդիմության ընդդիմությունը» 1989-90-ին
Կոմիտեի ազատ արձակվելուց հետո` մի քանի ամսվա ընթացքում սնկի նման աճեցին ինչ-որ նոր «կազմակերպություններ»՝ հնչեղ անուններով։ Սեպտեմբերի 9-ին այսօրինակ 14 կազմակերպություն հայտարարեց «Նախախորհրդարան» անունով մի կառույց ստեղծելու մասին։ Ընդամենը վեց ամիս անց` արդեն հերթական ընտրությունների նախաշեմին, այս «կազմակերպությունների» թիվը հասավ 45-ի, որոնք «համախմբվեցին» այս անգամ «Համահայկական միացյալ ճակատ» անվան տակ։ Հանդես գալով իշխանության դեմ առավել «արմատական» դիրքերից, նրանց հիմնական գործը եղավ, սակայն, իշխանափոխության ունակ միակ իրական ուժին մեղադրել «միջին դիրք» գրավելու եւ  «ազգային միասնությունը» պառակտելու համար։ Ընթերցողի համար դժվար չի գտնել այս ամենի զուգահեռը վերջին տարիների իրականության մեջ՝ սկսած կեղծ ընդդիմության ինստիտուտից մինչեւ այսօրվա «ընդդիմության ընդդիմություն»։
Թե այս կազմակերպություններից որոնք էին իշխանության կողմից ստեղծված եւ որոնք՝ «ինքնաբուխ»՝ էական չէ։ Քաղաքական իմաստով կարեւորն այն է, որ, հանդես գալով որպես «ընդդիմության ընդդիմություն», նրանք օբյեկտիվորեն դառնում էին իշխանության բարեկամներ ու օգնում իշխանությանը։ Ասենք միայն, որ մայիսին կայացած ընտրություններում համաժողովրդական շարժման հաղթանակից անմիջապես հետո այս «կազմակերպությունները» միանգամից անհետացան քաղաքական դաշտից։
Նոմենկլատուրային մտավորականությունը
Կոմունիստական իշխանությանն սպառնացող համաժողովրդական շարժման դեմ երկրորդ ճակատում նոմենկլատուրային մտավորականությունն էր, որ Շարժմանը մեղադրում էր «հակառուսականության», «անջատման վտանգը» չգիտակցելու ու այլ մեղքերի համար։ Սրանք նույնպես ունեցան իրենց զանազան կառույցները, իսկ 1990թ. նախընտրական շրջանում (մարտ-մայիս) տասնյակ հոդվածներ գրեցին Շարժման դեմ (Վարդգես Միքայելյան, Վլադիմիր Պետրոսյան, Հրաչիկ Սիմոնյան, Բագրատ Ուլուբաբյան, Լեւոն Հախվերդյան, Զորի Բալայան, Ստեփան Պողոսյան, Ազատ Եղիազարյան, Լենդրուշ Խուրշուդյան)։ Խորհրդանշական է, սակայն, այս «ճակատի» ինքնամոռաց պայքարի վերջաբանը։ Մայիսի 20-ին ճակատագրական ընտրություններն էին։ Նախորդ օրը՝ մայիսի 19-ին «Խորհրդային Հայաստան» թերթում հրապարակվեցին Լենդրուշ Խուրշուդյանի՝ «Հայոց համազգային շարժում կազմակերպությունը եւ Հայկական հարցը» եւ  Սիլվա կապուտիկյանի՝ «Բաց նամակ Լեւոն Տեր-Պետրոսյանին» ընդարձակ հոդվածները. առաջինը` Շարժման, երկրորդն` անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Հաջորդ օրը, օրենքով քարոզչության արգելման հանգամանքով, չէր կարելի դրանց պատասխանել։ Հաշվարկն էլ հենց դրա վրա էր արված։ Արդյունքը, սակայն, եղավ այն, որ հաջորդ օրն այս հոդվածների հեղինակներն իրենց ընտրատարածքներում (երկուսն էլ պատգամավորության թեկնածուներ էին) ստացան, համապատասխանաբար,  30 եւ 60 ձայն։
Այս դեպքում եւս կարեւոր չէ, թե նոմենկլատուրային մտավորականներից ովքեր էին, որ գործում էին իշխանության թելադրանքով, ովքեր՝ սեփական համոզմունքներով, կամ՝ մտածելով, որ այլ համակարգում իրենք պիտի զրկվեն ունեցած դիրքից ու զանազան արտոնություններից։ Կարեւորն այն է, որ Շարժման դեմ անմնացորդ պայքարով նրանք մեծապես օգնում էին իշխող վարչախմբին։
Սրա զուգահեռներն էլ դժվար չէ գտնել այսօրվա կյանքում։
Սփյուռքյան կուսակցությունները
Ինչպես հայտնի է, ժողովրդավարական շարժումը 1990թ. ընտրություններին գնաց անկախության հասնելու հստակ ծրագրով, որ ընդունել էր դեռ 1989թ. նոյեմբերին՝ Հայոց համազգային շարժման 1-ին համագումարում։ Սփյուռքյան կուսակցությունները, մասնավորապես` Դաշնակցությունը, Շարժման դեմ իր գաղափարական պայքարը մղում էր «Հայ դատի» եւ «Պանթուրքիզմի վտանգի դիրքերից»։ Ըստ այդմ՝ «Հայ դատի» լուծումը ենթադրում է նախ՝ ուժեղ դաշնության մեջ լինելով հայկական հողերի ազատագրում, ապա այդ հողերի միացում խորհրդային Հայաստանին, ապա միայն «ինքնորոշում»։ Համարում էին, որ «պանթուրքիզմի վտանգը» նույնպես անհնար է դարձնում Հայաստանի անկախացումը։ Դրան գումարվում էին նաեւ կոմունիստական իշխանության վերաբերյալ արդեն բացահայտ դիֆերամբները. ՀՅԴ-ն, օրինակ, համարում էր, որ Հայաստանի կոմկուսը, որ «Կարեն Դեմիրճյանի օրերին դեռ մաֆիաների կենտրոն էր», նրանից հետո՝ «ապշեցուցիչ շրջադարձեր կատարեց դեպի արցախյան շարժման դրոշակակիրի դիրքերը»: Որպես այդպիսին` Հայաստանի կոմկուսին հակադրվում էր «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀՇ-ն, որոնք այդ ընթացքում ընդհակառակը՝ «քայլ առ քայլ սպառեցին համազգային հույսերու դրամագլուխը», որովհետեւ իշխանության հասնելու հարց դրեցին իրենց առջեւ (Տես «Դրոշակ», 14.03.1990, էջ 14):
Այս ամենը արտաքին՝ «գաղափարախոսական» կողմն էր։ Իսկ Շարժման դեմ պայքարի իրական շարժառիթն այն էր, ինչի մասին խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում. «Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրև-թե յոթանասուն տարի պայքարել էին Հայաստանի անկախության վերականգնման համար, երբ 1990-1991 թվականներին, այդ խնդրի լուծման հնարավորությունը իրական դարձավ, մեկ ակնթարթում փոխեցին իրենց դավանանքը և կտրուկ դեմ արտահայտվեցին անկախությանը, որովհետև այն ձեռք էր բերվում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ»։
* * *
Դժվար է սուղ էջերում մի քանի փաստերի հիշատակմամբ այսօրվա ընթերցողին լրիվ պատկերացում տալ 1990-ի «ամբողջական իշխանափոխության» նախաշեմին ժողովրդավարական շարժման դեմ սանձազերծված «խաչակրաց արշավանքի» մասին։ Նրանք, ովքեր եղել ու ուշադիր հետեւել են, կարող են դեռ հիշել։ Շարժման դեմ ձեւավորվել էին բոլոր հնարավոր ճակատները, կիրառվում էին նրա վարկաբեկման բոլոր հնարավոր՝ ամենաստորից մինչեւ ամենաէժան մեթոդները։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա։ Իսկ երկու-երեք ամիս անց «ամբողջական իշխանափոխությունը» կամ «հեղափոխությունը» իրականացված էր։ Այսինքն՝ դա այլ բան չէր, քան գործող իշխանության ավարտի, վախճանի ստույգ նախանշան, ախտանիշ։
Նույնն է նաեւ այսօր։ Իսկ այն, ինչ դեռ չկա, կարելի է այս հիմքի վրա կանխատեսել։ Օրինակ՝ առաջիկայում լուսանցքային ուժերի ու գործիչների համախմբում հնչեղ «գաղափարական հիմքով» ու խիստ ազգային անվամբ մի կազմակերպության մեջ։
Եւ այսպես՝ իշխանափոխության գործընթացն սկսած Համաժողովրդական շարժման դեմ որքան բազմանում են ամեն տեսակի «համախմբումները», «պայքարները», «ճակատները», որքան սաստկանում են մեղադրանքները,  մահացու են դառնում վերագրվող մեղքերը, որքան առավել ստոր ու էժանագին մեթոդներ են կիրառվում Շարժման առաջնորդներին վարկաբեկելու համար, այնքան ավելի իրական ու հավաստի է դառնում, թե գործ ունենք արդեն անկասելի ամբողջական իշխանափոխության ամենաստույգ նախանշանի հետ։

http://www.ilur.am/news/view/36707.html

Thursday, October 16, 2014

Քաղաքական եռամյա գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ


Հոկտեմբերի 10-ի հանրահավաքով ավարտվեց այն քաղաքական զարգացումների մի փուլը, որի ընդունված գիտական անվանումը «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» է, եւ նույն այդ հանրահավաքով սկսվեց դրա եզրափակիչ փուլը։
Տարբեր հասարակություններում եւ տարբեր ժամանակներում քաղաքական այսօրինակ զարգացումները տարբեր դրսեւորումներ են ունեցել՝ որքան ավելի ուշ՝ այնքան ավելի խաղաղ ու անցնցում։ Այնպես որ՝ այս անվանումը, մասնավորապես իր վերջին՝ «հեղափոխություն» բաղադրիչով, դարձել է պայմանական։ Հենց դա է պատճառը, որ այդ տերմինը, շարունակելով գոյատեւել գիտական բնագավառում, քաղաքական կյանքում ու հռետորաբանության մեջ շատ քիչ է օգտագործվում, դրան փոխարինում են այլ որակումներ։
Իսկ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն» իր քաղաքական բովանդակությամբ այլ բան չէ, քան անցում անտրամաբանության, անհեթեթության աստիճանի հասած, արտադրողական ուժերը կաշկանդող, բնակչությանը անազատության մատնող, հաճախ երկիրը պազապես կործանման տանող պետական կառավարման բռնապետական ձեւից դեպի զարգացման, հզորացման ու բարգավաճման տանող ժողովրդավարական հասարակարգի։
* * *
Դժվարագույն եւ ամեն մի ժողովրդի համար ճակատագրական քաղաքական այս խնդիրը, բնականաբար, ոչ մի տեղ չի լուծվել ու չի կարող լուծվել միայն դժգոհ զանգվածների առկայությամբ ու նրանց ինքնաբուխ պոռթկմամբ։ Բայց նաեւ ոչ մի տեղ այս խնդիրը չի կարող լուծվել առանց պոռթկման պատրաստ դժգոհ ժողովրդական զանգվածների առկայության։
Ոչ մի տեղ այդ խնդիրը չի կարող լուծվել միայն բռնապետության պայմաններում կաշկանդված բուրժուազիայի՝ գործարար աշխարհի ջանքերով։ Բայց նաեւ ոչ մի տեղ այդ խնդիրը չի կարող լուծվել առանց գործարար աշխարհի, նրան ներկայացնող քաղաքական ուժի մասնակցության։
Սակայն խնդիրը չի կարող լուծվել նաեւ այս երկուսի ինքնին առկայությամբ եւ մեխանիկական գումարումով։ Պետք է քաղաքական ծրագրի ստեղծում եւ գործադրում՝ քաղաքական գործընթաց՝ ստանալու համար ոչ թե այս երկու ուժերի մեխանիկական գումարում, այլ քաղաքական մեկտեղում, քաղաքական գործոնի վերածում։ Ուստիեւ՝ ոչ մի տեղ այս խնդիրը չի կարող լուծվել առանց կարող, ունակ քաղաքական առաջնորդության։
Քաղաքական գործչի, քաղաքական գործընթացը նախաձեռողի ու ղեկավարողի առաջնային հատկանիշը, որպես հաջողության հասնելու երաշխիք, պետք է լինի ոչ թե ժողովրդահաճությունը, այլ անհրաժեշտության դեպքում նաեւ հասարակական պատկերացումներին հակադրվել կարողանալու եւ ուղղորդելու ունակությունը։
(Լինում է, երբ հասարակական բուռն դժգոհության ալիքի վրա հանդես են գալիս քաղաքական պատրաստությունից զուրկ ուժեր ու ղեկավարներ եւ, գայթակղվելով ամբոխահաճությամբ, տապալում են պատմականորեն տրված շանսը։ Անգամ եթե հաջողում են, ապա քիչ անց երկրին ու ժողովրդին բերում են աղետներ ու անդառնալի կորուստներ։ Հեռուն չգնանք՝ այդպիսին էին մեր հարեւան Վրաստանում՝ Գամսախուրդիայի, եւ Ադրբեջանում՝ Էլչիբեյի «հաջողությունները» 1990-ականների սկզբին։ Մեր պատմությունն էլ ունի ամբոխահաճության տրվելու ցավալի օրինակներ. 1918-20թթ. իշխանությունը հասարակական տրամադրություններին դեմ գնալու քաղաքական կամք չունենալու պատճառով է, որ կորցրեց 60-65 հազար քառ. կմ. տարածքով Հայաստան ունենալու եւ հաջորդներին փոխանցելու ռեալագույն շանսը)։
Ոչ թե տարբեր, այլ, կարելի ասել՝ հակադիր բաներ են՝ «գնալ հոսանքի առջեւից» եւ «առաջնորդել հոսանքը»։ Առաջին դեպքում գործելակերպի հիմքում ամբոխահաճությունն է, եւ պատասխանատվությունը մնում է «հոսանքի» վրա։ Երկրորդ  դեպքում՝ գործելակերպի հիմքում քայլերի ու գործողությունների արդյունավետ ծրագրավորումն է, ու դրանով իսկ՝ առաջնորդի կողմից քաղաքական պատասխանատվության ստանձնումը։ Եթե պատերազմում զինվորական կարգապահությունը ամենակարեւոր գործոններից մեկն է հաջողության հասնելու համար, ապա, թող ոչ մեկը չկասկածի, որ քաղաքական պայքարում հաջողության հասնելու համար նույնքան կարեւոր է քաղաքական կարգապահությունը։ Հենց այդ պատճառով է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Քառյակի առաջնորդների անունից ստանձնելով պատասխանատվությունը, շեշտեց քաղաքակա պայքարի այս աքսիոմը. «Տիրապետելով լիարժեք տեղեկատվության եւ ելնելով նպատակահարմարությունից, Քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը եւ հանրային միջոցառումների ժամանակացույցը։ Ուստի ձեզանից ակնկալվում է լիովին վստահել Քառյակին եւ ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին, որովհետեւ առանց փոխադարձ վստահության, մեր ձեռնարկած լրջագույն գործը չի կարող հաջողությամբ պսակվել»։
* * *
Այն, որ Հայաստանում հաստատված բնույթով ավազակապետական բռնապետությունից ազատվելու քաղաքական գործընթացը այլ բան չէր կարող լինել, քան «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն», արդեն ակնհայտ էր։ Ուստիեւ, հրապարակում ունեալով քաղաքական այդ գործընթացն ապահովելուն պատրաստ առաջին ուժը՝ դժգոհ ժողովրդական զանգվածները, Լեւոն Տեր-Պետրոսյանը  2007թ. դեկտեմբերի 8-ի հանրահավաքում ընդարձակ կոչով դիմեց գործարար աշխարհին.
«Սիրելի ու հարգարժան ձեռներեցնե՛ր եւ գործարարնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող այդ նվաստացումը, մինչեւ ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ։ Մի՞թե չեք հասկանում, որ ձեր ծառայամտությամբ դուք ամրապնդում եք խանական իշխանության հիմքերը եւ ստրկության դատապարտում մեր ողջ ժողովրդին, նաեւ՝ ձեր իսկ երեխաներին։ Մի՞թե չեք տեսնում, որ մենք կանգնած ենք բախտորոշ հասարակական վերափոխման շեմին, որի նպատակն է բացառապես քաղաքական պայքարի խաղաղ, օրինական միջոցներով վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Մե՛նք չէ, որ ձեզ պետք է հորդորեինք միանալ համազգային նոր շարժմանը։ Դո՛ւք պիտի առաջնորդեիք այն եւ ժողովրդին տանեիք ձեր ետեւից։ Ի՞նչն է ձեզ խանգարում համախմբվել ու թոթափել բոլորի, այդ թվում՝ ձեզ համար ատելի խանական լուծը։ Ինչի՞ց եք վախենում։ Մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը։ Ինչպե՞ս եք գիշերները քնում։ Արդյոք կարողանո՞ւմ եք նայել ձեր կանանց ու երեխաների աչքերին։ Ուստի քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք արժանացել ժողովրդի լիակատար քամահրանքին, ուղղեք ձեր մեջքը եւ վճռականորեն միացեք մեր շարքերին»։
 Ընդամենը չորս տարի անց, երբ կարեւոր որակական տեղաշարժեր ու փոփոխություններ էին կատարվել երկրի հասարակական-քաղաքական կյանքում, տնտեսական եւ այլ բնագավառներում, Լեւոն Տեր-Պետրոսյանը 2011թ. նոյեմբերի 25-ի ելույթում արդեն դիմեց ոչ թե ընդհանրական գործարար աշխարհին, այլ որոշակի՝ այդ խավի շահերը ներկայացնող քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Ճիշտ է՝ նա շեշտեց, որ իր խոսքը առայժմ ոչ թե համագործակցության առաջարկ է, այլ «քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ», սակայն, իրականում հենց այդ պահից սկիզբ դրվեց այն քաղաքական գործընթացին, որի եռամյա անխաթար ընթացքի առաջին փուլի եզրափակիչ ակորդը հոկտեմբերի 10-ի հանրահավաքն էր։
(Հիշեցնենք, որ հիշյալ «քաղաքագիտական վերլուծությունը» հանրահավաքում ներկայացնելուց առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը «բացեց մի փոքրիկ գաղտնիք». նա դա ներկայացնում էր՝ չունենալով Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի լիակատար համաձայնությունը (12 հոգուց դեմ էին երեքը- Ա.Ս.)։ Հենց այդ պատճառով էլ այն ներկայացնում էր իր անունից, իր պատասխանատվությամբ, որպես «քաղաքագիտական վերլուծություն»։
Առաջին անգամ չէր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ամենալայն լսարանի դեմ հանդես էր գալիս «դժվար մարսելի» թեմայով։ Ակտիվ մասնակիցները կհիշեն՝ այդպես էր 1988-90 թվականներին, այդպես էր նաեւ իր իշխանության տարիներին։ Նրա այս ելույթն էլ լուռ սառնությամբ ընդունեց հրապարակը. սառնությամբ՝ որովհետեւ ինչ-որ բան հակադրվում էր իրենց ունեցած պատկերացումներին, եւ լուռ՝ որովհետեւ յուրաքանչյուրին ճնշում էին սեփական փորձն ու վստահությունը հռետորի նկատմամբ։ Եւ, ինչպես 1988-ից ի վեր շաբաթներ, ամիսներ կամ տարիներ հետո մարսվել էին նրա «դժվար մարսելի» թեմաներով ելույթները, նույնը պատահեց նաեւ այս անգամ։ Դրա ապացույցը ոչ միայն հոկտեմբերի 10-ի հրապարակն էր, այլեւ տասնյակ հրապարակումները «քաղաքագիտական վերլուծությունն իրականություն դարձավ» արձանագրմամբ)։
Քաղաքական գործընթացը մտավ հաջորդ փուլ, ինչը Լեւոն Տեր-Պետրոսյանի 2011-ի հիշյալ ելույթում ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Հավատացած եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար»։
Հասկանալի է, որ քաղաքական հիշյալ գործընթացի հիմքում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական որակներն են։ Նա, մի կողմից՝ քաղաքական սառնասրտությամբ, մյուս կողմից՝ քաղաքական հետեւողականությամբ կարողացավ գալ ու ստանձնել պատմականորեն շատ կարեւոր մի դերակատարում, որ չէր կարող անել ուրիշ ոչ մի ուժ։ Հոկտեմբերի 10-ին հնչած խնդիրների միասնական լուծմամբ Հայաստանը կդառնա բոլորովին այլ երկիր, եւ ընդամենը տասնամյա ԲՀԿ-ն կարձանագրի իր՝ պատմականորեն ծանրակշիռ ավանդն այդ գործում։
Քաղաքական եռամյա գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ։ Այլեւս կասկածից դուրս է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում կլինի այն քաղաքական ու քաղաքացիական ներուժը, այն էներգետիկան, որի պայմաններում «ամբողջական իշխանափոխության», «սահմանադրական կարգի վերականգնման», «արմատական փոփոխությունների իրականացման» խնդիրների լուծումը կդառնա միայն քաղաքական տեխնիկայի հարց։

http://www.ilur.am/news/view/36234.html

Thursday, October 9, 2014

Բոլոր ճանապարհները տանում են դեպի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ


Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18-ին, Ազատության հրապարակում կսկսվի շատ երկար սպասված ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ։
Իրավիճակը, հասարակական մթնոլորտը եւ պահի կարեւորությունն այնպիսին են, որ անգամ խմբագրական հոդվածի համար թելադրում են ընտրել «ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ» կոչային սկսվածքը։ Եւ ուրեմն՝
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հանգամանքների բերմամբ Հայաստանի ժողովուրդը եկել, հասել է մի սահմանագծի, երբ խաղասեղանին նրա գոյության հարցն է՝ որպես ազգ-հասարակություն։ Երբ այս մարտահրավերն ազգի համար առաջանում է օտար նվաճման ու տիրապետության հետեւանքով,  դա վտանգավոր չէ։ Դրան անմիջապես հակադրվում է ժողովրդի՝ երբեւէ օտարի լծից ազատվելու, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ հասնելու երազանքն ու ձգտումը, ինչը տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ կարող է ապահովել ժողովրդի ազգային գոյությունը։ Եւ պատմական հարմարագույն ինչ-որ պահի այդ սպասումն ու ձգտումը պոռթկում է ազգային-ազատագրական ընդվզման տեսքով։ Երբ ժողովրդի ազգային գոյությանն սպառնացող մարտահրավերները ոչ թե արտաքին, այլ ներքին են՝ հարուցված սեփական իշխանության կողմից, անկախ պետականության պայմաններում՝ դրանք ժողովրդի ազգային գոյության համար դառնում են քայքայիչ ու մահացու։
Այսօր այլեւս քարոզելու ու համոզելու կարիք չկա, որ Հայաստանում իշխող ավազակապետական ռեժիմը, առանց դույզն-ինչ չափազանցության, երկիրն ու ժողովրդին հասցրել են կործանման եզրին՝ վտանգելով հայ ժողովրդի ազգային գոյությունը։ Այդ համոզմունքն այսօր համընդհանուր է դարձրել գործող վարչախումբն ինքը իր սեւ գործերով՝ կյանքի անխտիր բոլոր բնագավառներում։
Ո՛չ մի օտար բռնապետություն այնպիսի չափերով ու այնպիսի ցինիզմով չի կողոպտել հայ ժողովրդին, ինչպես այս ռեժիմի պարագլուխները։
Ո՛չ մի օտար իշխանություն այնպես չի իրավազրկել հայ ժողովրդին, ինչպես ներկա վարչախումբը։
Ո՛չ մի օտար իշխող (բացառությամբ թուրքական տիրապետության վերջին տասնամյակների) Հայաստանը հայերից դատարկելու դիվային ծրագիր չի իրականացրել, ինչպես դա արվում է հիմա։
Երեք դեպքում էլ գործ ունենք խնդիրների հետ, որոնց լուծման մեջ է ներկա վարչախումբը տեսնում իր իշխանության պահպանման ու վերարտադրման երաշխիքը, ու նրանից որեւէ այլ բան ակնկալելն անհեթեթություն է։
Մխրճվելով ծանրագույն հանցանքների մեջ՝ վարչախումբն, ի դեմս իր պարագլուխների, ամբողջությամբ կորցրել է ցանկացած իշխանության ներհատուկ քաղաքական որակներն ու քաղաքական բանականությունը։ Նա վաղուց արդեն ունակ չէ որեւէ կերպ ետդարձի՝ ո՛չ երկրի ու ժողովրդի կողոպուտը դադարեցնելու, անգամ մեղմելու, ո՛չ իրավազրկումը վերացնելու, ո՛չ ապօրինությունները թեկուզ փոքր-ինչ սակավացնելու ուղղությամբ։ Ավելին՝ իշխանության ղեկին գտնվող վարչախմբի պարագլուխների բանականության կորուստը վերաճել է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ինչը  երկրի ու ժողովրդի համար շատ ավելի վտանգավոր է, քան ցանկացած թալան, կողոպուտ, շահագործում ու իրավազրկում։
Վարչախմբի դեմ տեւական ու համառ ըմբոստացումն ու պայքարը վերջին տարիներին որակապես նոր փուլ է մտել՝ իր երկու կարեւոր առանձնահատկություններով։
Առաջին. ներկա վարչախմբի ինչպես հաստատումը, այնպես էլ մի քանի անգամ վերարտադրությունը չէր կարող լինել առանց արտաքին աշխարհի վճռական օժանդակաության։ Դրա դիմաց նա արտաքին աշխարհին վճարել է ի հաշիվ մեր ազգային շահերի, մասնավորապես՝ Ցեղասպանության ուրացմամբ եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի փաստական զոհաբերմամբ։ Բայց դա էլ չփրկեց։ Իրենցն ստանալուց հետո, արդեն ավելի քան մեկ տարի, Ս. Սարգսյանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքի բնորոշիչները «անվստահությունը» եւ «հիասթափությունն» են, հյուսիսում եւ արեւելքում՝ «արհամարհանքը»։ Այսինքն՝ նրա իշխանությունը, մեղմ ասած, այլեւս զրկված է դրսի որեւէ աջակցությունից։
Երկրորդ. Իր բնույթով թելադրված՝ խորացնելով հասարակության թալանն ու իրավազրկումը, վարչախումբը հասավ մի աստիճանի, երբ յուրաքանչյուր անհատի համար առարկայական դարձան իրեն սպառնացող վտանգները։ Նրա դեմ դժգոհությունը, վերածվելով ատելության, դարձել է համատարած։ Մյուս կողմից՝ սպառնացող ազգային աղետի գիտակցման հիմքի վրա տեղի ունեցավ հիմնական քաղաքական ուժերի համախմբում՝ բոլորովին միայնակ մնացած ու ճաքեր տվող իշխանական համակարգի դեմ։
Այս ամենը, բնականաբար, բազմապատկել են ռեժիմի վախն ու տագնապը, եւ նա, ծայրահեղ շփոթության մեջ, որպես վերջին միջոց՝ փորձում է դա սքողել, թաքցնել ցինզմի ու փուչ սպառնալիքների տարօրինակ դրսեւորումներով։ 
Ամեն ինչ ունենում է իր վերջն ու վախճանը։ Ս. Սարգսյանի հանցավոր ռեժիմը երբեք այսքան թույլ ու անպաշտպան չի եղել։
Փորձությունները ոչ միայն անհատի, այլ նաեւ ժողովուրդների, ազգերի համար են։ Խելոք ու արժանապատիվ մարդիկ ու ժողովուրդները, հաղթահարելով փորձությունը, ավելի ուժեղ ու կենսունակ են դառնում։ Նրանք, ովքեր դա չեն անում, փորձությունը դառնում է փորձանք՝ անդառնալի հետեւանքներով։
Տեւական ու համառ պայքարից հետո ու նույն այդ պայքարի շնորհիվ այսօր ժողովրդի ուժերն ավելի քան բավարար են՝ արդեն մեր գլխին փորձանք դարձած այս փորձությունից դուրս գալու համար։ Եւ որքան էլ իշխանությունը՝ թույլ ու ահաբեկված,  իսկ նրա դեմ ծառացած հասարակությունն ու քաղաքական ուժերը՝ հզոր, բոլորիս ներկայությունը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում պարտադիր է՝ համազգային այս գործն արագ, ապահով ու անցնցում ավարտելու համար։

Այնպես որ՝ այսօր, ուղիղ թե փոխաբերական իմաստով, բոլոր ճանապարհները տանում են դեպի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ։

http://www.ilur.am/news/view/35982.html

Thursday, October 2, 2014

Ինչո՞ւ վախենալ ամենավախեցած մարդուց


Ասում են՝ երկրում մարդիկ վախեցած են։
Բայց այս երկրում ամենավախեցած մարդը Սերժ Սարգսյանն է։
Եւ, ի տարբերություն սովորական մարդկանց, բազմաթիվ ու բազմաբնույթ են նրա հիմքերն ու շարժառիթները։ Ահա նրա վախերի համառոտ պատմությունն ու փաստերը։
Ս. Սարգսյանը 2008-ին իշխանության եկավ արդեն ՎԱԽԻ մի հսկայական չափաբաժին ստացած։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է նա ապրել նախագահական ընտրություններին հաջորդած, օր օրի ահագնացող փետրվարյան շուրջօրյա հանրահավաքների օրերին։ Եթե որեւէ մեկը մտածում է, թե մարտիմեկյան ոճրագործությունը կատարվել է սառնասրտորեն, որպես ուժի եւ ինքնավստահության ցուցադրում, չարաչար սխալվում է։ Այդ քայլին գնացել են ՎԱԽԻ գերադրական աստիճանում։ Ս. Սարգսյանի վախն այնքան մեծ էր, որ նրա երդման արարողությունն իրականացնելու համար, բառիս բուն իմաստով, մարդաթափ արվեց Երեւանի ողջ կենտրոնը՝ մի քանի կիլոմետր շառավղով։ Եւ նա «հպարտ» քայլվածքով Ազատության հրապարակով Օպերային թատրոն մտավ միակ վկայի՝ գլխավերեւում քամու բերած ցելոֆանե դատարկ տոպրակի խորհրդանշական համառ ուղեկցությամբ...
Իր «հարամված նախագահության» ողջ ընթացքում Ս. Սարգսյանը պարբերաբար ՎԱԽԵՐԻ նորանոր չափաբաժիններ է ստացել Հայ Ազգային Կոնգրեսի ամեն մի հանրահավաքից, միջին հաշվով՝ «ամեն Աստծո ամիս»։ Եղել են պահեր, երբ նրա ՎԱԽԵՐԸ  հասել են բարձրակետի։ Որպես այդպիսին՝ առանձնանում է ամբողջ  2011թվականը։ Ձմռանից սկսված ու գարնանն ահագնացող հանրահավաքների թափին տեղի տալով է, որ նա ստիպված էր կատարել Կոնգրեսի բոլոր  երեք պահանջները՝ բացել Ազատության հրապարակը, հայտարարել Մարտի 1-ի էջը փակված չլինելու մասին, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Ոչ թե քաղաքական ողջախոհության հիմքով, այլ նույն հանրահավաքների ՎԱԽԻՑ էր, որ նա ստիպված եղավ ամռանը երկխոսության նստել Կոնգրեսի հետ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ քան սեփական իշխանության ոչ օրինակարգության եւ հրաժարականի պաշտոնական օրակարգով։ Նույն թվականի աշնանը, Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներից ահաբեկված, նա այլ միջոց չգտավ, քան ցուցարարներին «խեղճացնելու» համար փակել Ազատության հրապարակի շրջակայքի զուգարանները ... Ասում են՝ դրա համար նա հեղինակային իրավունք է ստացել, եւ որպես քաղաքական ընդդիմության դեմ պայքարի բացառիկ մեթոդ՝ այն գրանցվել է Գինեսի գրքում։
Վերջերս հրապարակված մի հարցազրույցում Ս. Սարգսյանը բացահայտ ասում է, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին նա «մի գիշերում» է ընդունել Մաքսային միությանը միանալու որոշումը (հիշեցնենք, որ մինչ այդ 4 տարի նա գնում էր «հակառակ» ուղղությամբ՝ դեպի եվրաասոցացում)։ Որեւէ մեկը ուրիշ այլ պատճառ, շարժառիթ, բացի ՎԱԽԻՑ, կարո՞ղ է մատնանշել, երբ երկրի ղեկավարը մեկ գիշերում կարող է այսօրինակ՝ բոլորի համար անսպասելի ու անակնկալ որոշում ընդունել (հիշեցնենք, որ արտաքին քաղաքական հարցերում սա «մեկ գիշերում» նրա ընդունված որոշման առաջին դեպքը չէ)։ Նախապես որդեգրած արտաքին քաղաքական խնդրի ձախողման խայտառակ այս դրվագից  հետո Ս. Սարգսյանը սեփական իշխանության փլուզման ՎԱԽԻՑ է, որ անմիջապես առաջ քաշեց, այսպես կոչված, սահմանադրական «բարեփոխումների» գաղափարը՝ շատ լավ հասկանալով, որ առանց դրա իր «քաղաքական թիմը» կսկսի փլուզվել։ ՎԱԽԻՑ է, որ նա դիմում է երկրի ղեկավարի համար ամոթալի՝ մանր ժուլիկության մեթոդների՝ իրականում նոր սահմանադրության իր ծրագիրը ներկայացնելով որպես ընդամենը «սահմանադրական բարեփոխում»։ Ամոթալի նույն մեթոդի գործադրման արդյունք է նրա ավելի քան տարօրինակ հայտարարությունը, թե ինքը Հայաստանի համար ճիշտ է համարում կառավարման գործող նախագահական համակարգը, սակայն «մեծահոգաբար» ընդառաջում է նրանց (ո՞ւմ), ովքեր խորհրդարանական համակարգի կողմնակիցներ են. վախենում է, որ հասարակությունը ճիշտ կհասկանա իր իրական նպատակները։ Անգամ ամենասովորական կենցաղում որեւէ մեկը չէր ուզի հայտնվել նման աննախանձելի, խեղճուկրակի վիճակում։
2014թ. ապրիլի սկզբին Քառյակը հանրահավաք նշանակեց նույն ամսվա 28-ի համար՝ Տ. Սարգսյանի հրաժարականի օրակարգով։ Ս. Սարգսյանը շատ լավ հասկացավ, որ համաժողովրդական համախմբումը կարող է թելադրել այլ օրակարգ եւ պահանջել նաեւ իր հրաժարականը։ Եւ այդ հանրահավաքի ՎԱԽԻՑ է, որ հաջորդ օրը պաշտոնանկ արեց մինչ այդ «անփոխարինելի» համարված իր վարչապետին։ Որեւէ մեկը բանական այլ բացատրություն կարո՞ղ է առաջարկել այս դեպքում։
Վերջին տարիներին Ս. Սարգսյանը բանակին հրահանգել էր համարժեք պատասխաններ չտալ հակառակորդի սահմանային ոտնձգություններին. ներսում ու դրսում սասանված դիրքերում գտնվելով՝ Ս. Սարգսյանը չափազանցված ՎԱԽ ունի  ոչ թե նույնիսկ պատերազմի վերսկսման, այլ սահմանային իրավիճակի սրման նկատմամբ։ Դրա հետեւանքով էր, որ այս տարվա ամռանը հակառակորդի լկտիությունը հասավ աննախադեպ չափերի՝ պատճառ դառնալով նորանոր զոհերի։ Լավ էր՝ այս դեպքում նրա «վախը բռնեց» Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ հայկական բանակը մի քանի օրում ամբողջությամբ շտկեց իրավիճակը։
Քառյակի խոստացած աշնանային հանրահավաքը դեռ չնշանակած՝ Ս. Սարգսյանը, ՏԱԳՆԱՊԻ ՈՒ ԽՈՒՃԱՊԻ մատնված՝ ներկուսակցական «ռազմական դրություն» հայտարարեց՝ ՀՀԿ-ական պատգամավորներին հրահանգելով Ազգային ժողովը համարել «ռազմաճակատի խրամատներ» ու ոչ մի րոպե չբացակայել, չլքել դրանք։ Որեւէ մեկն ավելի համոզիչ ու «գեղարվեստական» կարո՞ղ է ներկայացնել սեփական ՎԱԽԸ։
ՏԱԳՆԱՊՆ ու ԽՈՒՃԱՊԸ, ինչպես հայտնի է, խաթարում են բանական, տրամաբանական մտածողությունը։ Ու դրա լավագույն երեւակումն էին Ս. Սարգսյանի հրահանգով  կատարված՝ ոստիկանության հրապարակային, թատերականացված «զորավարժությունները»՝ ընդդիմության խաղաղ հանրահավաքները ցրելու սցենարով։ Բանականության հարթության վրա որեւէ մեկը կարո՞ղ է պնդել հակառակը։
Եւ վերջապես, բանականության հարթության վրա ու ինքնավստահության պայմաններում այդ ո՞վ կդիմեր Լիսկային կրկին Սյունիքի մարզպետ նշանակելու ինքնասպան քայլին։ Շատերն ասում են՝ դա ցինիզմի դրսեւորում է, ապտակ՝ հասարակության եւ բանակի երեսին։ Չէ։ Դա Սերժ Սարգսյանին համակած նույն ՎԱԽԻ արտահայտությունն է՝ առաջին հեթին։ Իսկ ցինիզմն ու կեղծ ինքնավստահությունը հենց այն շղարշն են, որով միայն կարելի է սքողել, թաքցնել սեփական վախն ու տագնապը։ Հակառակ դեպքում՝ բառացիորեն մեկ-երկու օրում կփլուզվի իշխանական բուրգը։
Եւ վերջապես՝ ինքնավստահության եւ ուժի՞, թե՞ ՎԱԽԻ արտահայտություն է հանրահավաքի օրերին հասարակական տրանսպորտը կանգնեցնելը, կիրակի օրով աշխատանքային օր հայտարարելը, ամենատարբեր լծակների գործադրմամբ մարդկանց հանրահավաքի գնալն արգելելը, հանրահավաքներին «իրեք մանեթանոց» կանանց սադրիչ խմբեր ուղարկելը եւ այլն։ Ինքնավստահության եւ ուժի՞, թե՞ ՎԱԽԻ ու վախկոտության նշան է  (աշխարհում չլսված մի բան) խորհրդարանական մեծամասնության կողմից ԱԺ արտահերթ նիստերը բոյկոտելը, երբ այն հրավիրված է փոքրամասնության նախաձեռնությամբ։
Ուստիեւ՝ շատ բնական հարց է առաջանում. ինչո՞ւ վախենալ Հայաստանի ամենավախեցած մարդուց ու նրա փլուզվող վարչախմբից։
Գուցե հոկտեմբերի 10-ին բոլորս միասին «չափե՞նք» Ս. Սարգսյանի վախը ու թե՛ նրան, թե՛ մեզ ազատե՞նք անհեթեթ այս մղձավանջից։ 

http://www.ilur.am/news/view/35677.html

Thursday, September 25, 2014

Իշխանափոխության խնդիրը լուծված կարելի է համարել


Հայաստանում իշխանափոխության, ռեժիմի հեռացման հնարավորություններն առավել են, քան եղել են երբեւէ։ Այդ հանգամանքը մեծապես սկսել է ազդել հասարակական մթնոլորտի վրա։
Հասկանալի է, որ միանգամից չծագեցին կամ օդից չընկան այդ հնարավորությունները։ Դրանք գոյացել են քայլ առ քայլ, հավաքվել կաթիլ-կաթիլ՝ որպես արդյունք նույն այդ ռեժիմի դեմ ժողովրդի, քաղաքացիական եւ քաղաքական ուժերի մղած հետեւողական պայքարի։
Դեռ 1998-ի պետական հեղաշրջմանը հաջորդած նախագահական ընտրություններում ժողովուրդը «ողնաշարով զգաց» սպասվող վտանգը եւ միահամուռ ձայն տվեց Կարեն Դեմիրճյանին։ Այս ընտրությունից սկսած՝ համապետական բոլոր ընտրություններում վարչախումբը հանդիպել է հասարակության համառ դիմադրությանը, համընդհանուր ընդդիմացմանը։ Հենց այդ դիմադրությունը հաղթահարելու կամ շրջանցելու համար է, որ վարչախումբը դրեց ու կառուցեց ընտրակեղծիքների այն դժոխային մեքենան, առանց որի անհնար պիտի լիներ նրա որեւէ վերարտադրություն որեւէ ընտրությունում։ Ստվերային բյուջե գոյացնող իշխանական կոռուպցիոն համակարգի կողքին՝ ընտրակեղծիքների համակարգը երկրորդն է, որ հասցված է կատարելության։
 Ռեժիմի դեմ պայքարը հաճախ արտահայտվել է չկազմակերպված խուլ դժգոհությամբ, պետական հիմնարկների դեմ բողոքի անհատական, խմբային պարբերական ակցիաներով։ Եղել են նաեւ սուր պոռթկումներ, երբ այդ դժգոհությունը քաղաքական հունավորում է ստացել, ինչպես՝ 2003 թ.  նախագահական ընտրությունների առիթով, երբ հստակ հաղթանակ էր տարել Ստեփան Դեմիրճյանը։ Այս առիթով բողոքի համաժողովրդական ընդվզումները հնարավոր եղավ զսպել միայն բռնի ուժի կիրառմամբ։ Եղել է՝ որ քաղաքական հունավորմամբ այդ պոռթկումները հասել են իրենց նպատակին, ինչպես նույն՝ 2003թ. խորհրդարանական ընտրություններին զուգընթաց՝ ռեժիմի մտահղացած, այսպես կոչված, «սահմանադրական բարեփոխումների» հանրաքվեի տապալումը։
Քաղաքացիական ու քաղաքական ընդվզումների, հասարակական ընդդիմացման զանազան դրսեւորումների կողքին՝ ռեժիմին ամենածանր հարվածը հասցրեց 2007թ. աշնանից ծայր առած անընդհատ, համառ համաժողովրդական շարժումը։ Ընդ որում՝ Շարժումը սկսվեց այն ժամանակ, երբ ռեժիմին ամրություն հաղորդող ներքին կառույցները վերջնականապես ձեւավորված էին, եւ երբ նա Հայաստանի պետական շահերի հաշվին արված խոստումների շնորհիվ ուներ արտաքին աշխարհի ամենալայն ու անվերապահ աջակցությունը։ Իր տեւականությամբ, անընդհատությամբ ու համառությամբ համաժողովրդական աննախադեպ այս պայքարը կանխեց վարչախմբի հետագա ամրացումը, խարխլեց նրա հիմքերը, ստիպեց, որ նա հասարակությանը երեւա իր ողջ զազրելի մերկությամբ։
Իր գոյության ընթացքում ռեժիմը երեք անգամ ստիպված եղավ դիմել ծանրագույն հանցագործության, որ նրա ճակատին մնացել է ոչ միայն որպես խարան, այլեւ որպես նրա համար պատասխանատվության հիմք. 1999-ի Հոկտեմբերի 27-ը, 2004-ի Ապրիլի 12-ը եւ 2008-ի Մարտի 1-ը։
Ռեժիմի վայրիվերո, անգրագետ ու միմիայն սեփական իշխանության պահպանման ելակետից բխող արտաքին քաղաքականությունը հանգեցրել է ծանրագույն հետեւանքների արտաքին քաղաքական բոլոր հարցերում։ Միջազգային ասպարեզում, մինչեւ աներեւակայելի աստիճան՝ ընկել է Հայաստանի հեղինակությունը։ Ընդհուպ՝ կարելի է ասել, որ Հայաստանը դադարել է լինել արտաքին քաղաքականություն իրականացնող սուբյեկտ։ Ս. Սարգսյանը ոչ միայն կորցրել է միջազգային ամեն տեսակ հեղինակություն ու վստահություն, այլեւ հաճախ արժանանում է երկրի փաստական ղեկավարի համար ամոթալի նվաստացուցիչ վերաբերմունքի։ Նրա իշխանության ի սկզբանե միակ ու վճռորոշ հիմքը՝ արտաքին աջակցությունը, այլեւս գոյություն չունի։
Մյուս կողմից՝ վերջին տարիներին զգալի որակական տեղաշարժեր են եղել երկրի ներսում քաղաքական ուժերի դասավորության մեջ։ ՀՀԿ-ի շուրջ ձեւավորված իշխանական կոալիցիան քանդվել է, եւ իշխանական կուսակցությունը մնացել է միայնակ։ Ընդդիմադիր հարթակի վրա հաջողությամբ համագործակցում են մյուս բոլոր՝ քաղաքական դաշտում որոշակի կշիռ ունեցող ուժերը։ Այդ համագործակցության շնորհիվ խորհրդարանը «դակող» մարմնից կրկին դարձել է քաղաքական բուռն քննարկումների ասպարեզ, իսկ ՀՀԿ-ին միշտ չէ, որ հաջողվում է անցկացնել իր ուզած որոշումները։ Ընդդիմադիր ուժերի համատեղ գործողությունների շնորհիվ իշխանությունը արդեն մի քանի կարեւոր նահանջի քայլեր է արել։
Հսկայածավալ արտագաղթի պատճառով ծանր կորուստ է կրել հասարակությունը։ Սակայն դրան զուգահեռ՝ իշխանական կողոպուտի ծավալման, իրավազրկության խորացման, աճող ապօրինությունների հետեւանքով ոչ թե աճել է հասարակական դժգոհությունը, այլ դժգոհության մակարդակից վերածվել է վարչախմբի նկատմամբ զզվանքի եւ ատելության։ Շատերի մոտ հուսալքության զգացումը սկսել է տեղի տալ չհանդուրժելու, չհամակերպվելու զգացումին։
Ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ այս պահին խաղաղ իշխանափոխության, վարչախմբի հեռացման խնդիրը, ոչ բարդ քաղաքական մեխանիզմների կիրառմամբ, ըստ էության՝ լուծված կարելի է համարել։

http://www.ilur.am/news/view/35337.html

Tuesday, September 9, 2014

Հուսանք, որ բանը չի հասնի Լիսկայի վարչապետ դառնալուն


Հետաքրքիր է՝ ի՞նչ էր մտածում Հովիկ Աբրահամյանը, երբ վարչապետ դառնալուց քիչ անց՝ մայիսին, հավաքելով մի քանի տասնյակ խոշոր գործարարների, նրանց լուրջ-լուրջ կոչ արեց «աշխատել հավասար դաշտում» և «ամեն ինչ անել, որ ստվերից դուրս գան», խոստացավ, որ մինչեւ հուլիսի 1-ը վերջ է տալու ստվերային տնտեսությանը։ Ընդ որում՝ իր խոսքը տպավորիչ ու վճռական դարձնելու համար ավելացրեց. «Դա, իհարկե, դժվար է լինելու, ես ինձնից եմ սկսելու, շատ-շատ մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց մենք գնալու ենք այդ քայլին: Այլընտրանք մենք չունենք: Դա պետք է բոլորը հասկանան, իմ մերձավորները պետք է հասկանան, որ ես ինձանից եմ սկսելու, եւ դա ինձ համար լինելու է սկզբունքային»։
Երեք ամիս հետո, ի կատարումն եւ ի ամփոփումն իր տված խոստման ու հանձնարարականի, դարձյալ լուրջ-լուրջ ասաց հետեւյալը.
«Դուք մտածում եք, որ ես ասել եմ ստվերի դեմ պայքարում ենք, ես կախարդական փայտիկով խփելու եմ, ու բոլորը գալու են հարկային դա՞շտ: Ոչ: Դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում: Հիմա այդ դժվարության համար, հաղթահարելու համար ժամանակ է մեզ պետք: Բայց որ գնալու ենք դրան, կամաց-կամաց վերացնելու ենք և կամաց-կամաց արձանագրելու ենք հաջողություն, ես դրանում ուղղակի համոզված եմ»:
Դե ինչ. քանի որ այս ամենի հեղինակը ոչ թե մի ժէկիպետ է, այլ վարչապետ, ուրեմնեւ մեր պարտքն է, դրանք որպես հիմք ընդունելով, անել մի քանի արձանագրումներ ու հարցադրումներ։
1.      Պարզ է, չէ՞, որ «հավասար դաշտում աշխատելու» իր կոչն անելու ու հանձնարարականը տալու համար Հ. Աբրահամյանը հավաքել էր այն գործարարներին (խոշոր),  որոնք ստվերում են աշխատում։ Անհեթեթ կլիներ, չէ՞, հավաքել եւ նույն բանն ասել մարդկանց, ովքեր հարկային դաշտում են աշխատում։ Այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարը գիտի, թե ովքեր են «ստվերում», եւ հենց նրանց էր հավաքել։ Վերջիններս էլ դրա (իրենց ստվերում աշխատող համարելու) դեմ ոչ միայն չբողոքեցին, այլեւ հենց այդ դիրքերից փորձեցին անգամ «բազարներ» անել։ Բայց ստվերում աշխատելը, հարկեր թաքցնելը (այս դեպքում՝ հարյուրավոր միլիոնների ու միլիարդների) ծանր հանցագործություն է։ Հանցագործներին պետք է հորդորել ու կոչ անե՞լ, թե՞, ինչպես նախատեսված է օրենքով, համապատասխան իրավական գործընթաց սկսել նրանց նկատմամբ։ Սա զավեշտ է։ Զավեշտի աստիճանը Հ. Աբրահամյանին ավելի հասկանալի դարձնելու համար փոխենք հանցանքի տեսակը, ասենք՝ բնակարանային գողությամբ։ Հավաքում ես մի քանի տասնյակ մարդկանց ու կոչ անում, հանձնարաում չզբաղվել բնակարանային գողությամբ։ Ասել է թե՝ դու փաստերով գիտես, որ հավաքվածները բնակարանային գողեր են (հակառակ դեպքում այդ մարդիկ կվիրավորվեն, կբողոքեն), ու իրենք էլ դրա դեմ չեն բողոքում, ընդհակառակը՝ դեռ մի բան էլ բազար են անում քո առաջարկների շուրջ։ Չգիտեմ՝ ո՞րն է հասարակության համար ավելի վտանգավոր, եւ ո՞րն է օրենքով ավելի խիստ պատժվում՝ բնակարանային գողությո՞ւնը, թե՞ հարյունավոր միլիոնների ու միլիարդների հարկեր թաքցնելը։ Իսկ գուցե ստվերում կամ ոչ ստվերում աշխատելը Հ. Աբրահամանի համար ոչ թե օրենքի, այլ բարոյակա՞ն հարթության խնդիր է, ինչպես, օրինակ, աստվածաշնչային՝ «սիրիր ընկերոջդ քո անձի պես» հորդորը։  Զավեշտ չէ՞։
2.      Պարզվում է՝ հենց այդպես էլ կա։ Ասում է՝ «ինձնից եմ սկսելու ու իմ մերձավորներից» (ստվերից դուրս գալը)։ Այսինքն՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդը իրոք չգիտի, որ ստվերում աշխատելը ոչ թե բարոյական հարթության խնդիր է, կամ վատ սովորություն, կամ ծուլություն, այլ օրենքով հետապնդվող հանցանք։ Հակառակ դեպքում, որպես ինքնախոստովանական ցուցմունք, պարզ ու բացահայտ չէր խոստովանի, որ ինքն ու իր մերձավորներն էլ են ստվերում աշխատում, ու հիմա պետք է հենց այդտեղից սկսի (ինքը դուրս գա եւ մերձավորներին դուրս բերի ստվերից)։ Սա արդեն զավեշտի մեջ էլ չի տեղավորվում։ Սա, ինչպես ասում են, վերջն է։ Բայց դժվար է ասել, թե ինչի վերջը։
3.      Սակայն, ինչպես երեւում է, վարչապետի պաշտոնում կարելի է նաեւ ինչ-որ բան սովորել։ Օրինակ, ընդամենը երեք ամիս պահանջվեց, որպեսզի երկրի վարչապետը իր համար պարզի այն խորախորհուրդ ճշմարտությունը, որ տնտեսվարողների համար ստվերից դուրս գալը «ֆինանսական կորուստ է, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում»։ Վստահաբար՝ նա մայիսին այդ մասին չգիտեր, այլապես նման խոստում չէր տա։ Համզված ենք նաեւ, որ Հ. Աբրահամյանի կողմից փիլիսոփայական մակարդակի այս ճշմարտության բացահայտումն ու հանրայնացումը մեծ նպաստ կլինի հասարակության ինքնակրթության գործում։ Իսկ որ ամենակարեւորն է՝ այդ ճշմարտությունը յուրացնելով ու այն որպես «մեղմացուցիչ դեպք հանցանաց» համարելով, մարդիկ ըմբռնումով կմոտենան ստվերում աշխատողների նկատմամբ։
4.      Հ. Աբրահամյանն ասում է՝ «ես կախարդական փայտիկ չունեմ» ստվերը վերացնելու համար։ Այս դեպքում մի քիչ դժվար է կոտրել հասարակական նախնական համոզմունքը։ Վերջինս (հասարակությունը), ի տես ակնառու փաստերի՝ համոզված էր, որ Հ. Աբրահամյանն ունի այդպիսի «կախարդական փայտիկ»։ Այլապես, առանց այդ փայտիկի՝ ինչպե՞ս հնարավոր էր Ազգային ժողովի մոնումենտալ շենքի տեսքով ու նմանությամբ (ճիշտ է՝ չափերով մի քիչ ավելի փոքր) սեփական մի դղյակ կառուցել Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ, որի արժեքը ոչ թե միլիոնավոր, այլ տասնյակ միլիոնավոր դոլարի շրջանակներում է։ Առանց կախարդական փայտիկի՝ ինչպե՞ս կարելի է հազարավոր հեկտար հողերի տեր դառնալ ու դրանից հարյուրավոր միլիոնների շահույթ ստանալ այն դեպքում, երբ նույն այդ հողից «անփայտիկ» գյուղացին ավելի հաճախ «տակ է տալիս», քան ինչ-որ բան ստանում։ Առանց կախարդական փայտիկի՝ ինչպե՞ս կարող էր գոյանալ այն ահռելի հարստությունը, որի մի քանի էջանոց ցանկը դեռ 2010թ. արձանագրել է ռուսական մամուլը, ու ոչ մի հերքում չի ստացել։ Հո չի՞ գողացել Հ. Աբրահամյանը։ Հասարակությունը հենց Հ. Աբրահամյանի՝ «կախարդական փայտիկ» ունենալու մեջ համոզված լինելով է, որ երեք ամիս առաջ հավատաց «ստվերը վերացնելու» նրա խոստմանը։ Իսկ ինքը, ահա, տվեց ջարդեց իր այդ լեգենդը, միֆը։ Ափսոս։ «Շատ խելք պետք չէր» այդպես չվարվելու համար։   
5.      Եւ այնուամենայնիվ, անկողմնակալ լինելու համար ասենք՝ ստվերի հետ կապված իր խոստումների շրջանակներում Հ. Աբրահամյանն ինչ-որ բան արել է՝ սկսելով հենց իր մերձավորներից։ Վերջերս մամուլում եղավ այսպիսի մի հրապարակում. «Արարատի մարզի Մրգավետ գյուղում գործող «ART city» սուպերմարկետն այն տասնյակ բիզնեսներից մեկն է, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Երկհարկանի սուպերմարկետի հիմնադիրը «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն է: Այս տարվա ապրիլից ՍՊԸ-ի 100 % բաժնետեր է դարձել վարչապետի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը»: Նյութի հեղինակները գնացել, ստուգողական գնումներով պարզել են, որ՝ «Հովիկ Աբրահամյանի կնոջ խանութում ՀԴՄ չի տրամադրվում»։ Կինը, ինչպես գիտենք, ամուսնու մերձավորներից է։ Այդ կարծիքին է անգամ հայտնի երգիծաբան Արկադի Ռայկինը։ Ելնելով Հ. Աբրահամյանի տված խոստումից, թե ստվերի դեմ պայքարը սկսելու է, առաջին հերթին՝ իր մերձավորներից, ու «ցավացնելու է» նրանց, դժվար չէ ենթադրել, որ համապատասխան մարդկանց այդ խանութ են ուղարկել հենց վարչապետական խոստման կատարման շրջանակներում։ Չգիտենք, թե իրավական իմաստով ինչ են եղել սույն հրապարակման արդյունքները, բայց որ դա խանութի տիրոջը «ցավացրել է»՝ կասկածից դուրս է։ Հայտնի չէ՝ իր մերձավորներից ուրիշ է՞լ ում է ցավեցրել վարչապետը։ Հա, վերջերս մի այլ հրապարակում էլ եղավ այն մասին, որ Հ. Աբրահամյանի վարորդ Գոքորը իրեն պատկանող ռեստորանը, ըստ էության, վերածել է հասարակաց տան։ Վարորդը, ինչպես գիտենք, ներկա իշխանական համակարգում նույնպես մերձավորի կարգավիճակում է։ Կարելի է չբացառել, որ այս դեպքում էլ ստվերային գործունեությամբ զբաղվող այս օբյեկտի վրա «նավոդկան» տվել է վարչապետը (ուրիշ ո՞վ կհամարձակվեր)։
6.      Ընդամենը երեք ամսվա ընթացքում իր համար պարզելով տնտեսագիտական-փիլիսոփայական այն ճշմարտությունը, որ ստվերից դուրս գալը մարդկանց համար «ֆինանսական կորուստ է, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում» (երեխա են պահում), իր խոսքի տեր վարչապետը փորձել է շրջանցիկ ճանապարհներ գտնել ստվերը մեղմացնելու համար։ Այսինքն՝ «չաղ» գործերը տալիս է ստվերից դուրս, լույսի տակ, թափանցիկ աշխատող թափանցիկ մարդկանց, ովքեր մայիսյան նրա հայտնի հավաքի մասնակիցների մեջ չեն եղել։ Հենց այդ նպատակով է, որ իր նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանին է տրվել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների խիստ եկամտաբեր մենաշնորհը։
Չէ, այս ամենը կոմեդիա չէ, ոչ էլ տրագիկոմեդիա։ Ոմանք կարող են ասել, թե ցինիզմ է, կամ հասարակությանը տկարամիտի տեղ դնելու հետեւանք։ Իրականում այս ամենը հենց տկարամտության ու անճարակության արդյունք է, ու անգամ ցինիզմը դա չի կարող սքողել։
Իսկ ընդհանրապես, ամեն ինչ ընթանում է բռնապետական իշխանության համար բնականոն ընթացքով։ Բռնապետությունները փլուզվում կամ տապալվում են, երբ դրանցում  իշխանությունը հասնում է անհեթեթության բարձրակետի։ Օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի մասով Գալուստ Սահակյանով արդեն արձանագրված է այդ բարձրակետը։ Գործադիր իշխանության մասով Հ. Աբրահամյանը նույնպես լիուլի ապահովում է նույն բարձրակետը։ Հուսանք, որ բանը չի հասնի Լիսկայի վարչապետ դառնալուն։


http://www.ilur.am/news/view/34720.html