Saturday, February 28, 2009

ԵՂԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԲԱԿՈՒԹՅԱՆ


Վերնագիրը կազմել եմ Եզնիկ Կողբացու “Եղծ աղանդոց”-ի նմանությամբ։ “Եղծ” նշանակում է մերժում, հերքում, ընդդեմ։ Հայտնի պատմաբան Լեոյի “Անցյալից” գիրքը նույնպիսի վերնագիր կարող էր ունենալ, ասենք՝ “Եղծ քաղաքական աղանդոց”։
70-80-ական թվականներին ինչ-որ մեկին հաջողվել էր Հանրային գրադարանի փակ ֆոնդից դուրս բերել այս գիրքը, որից պատճենած մի քանի օրինակները մտավորական շրջանակներում ձեռքից ձեռք էին անցնում։ Մի քանի տարի առաջ իմ ձեռքն ընկավ դրանցից մեկը, որի վրա այնքան շատ էին տարբեր մարդկանց կատարծ բազմագույն նշումներն ու ընդգծումները, որ արդեն շատ էջերում դժվարանում էր ընթերցումը։ Այսօր այդ գիրքը սեղանի վրա է նոր հրատարակությամբ՝ Պահպանողական կուսակցության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Հայրապետյանի ջանքերի շնորհիվ։ Սա պարզ վերահրատարակություն չէ, այլ գրքի երկրորդ մի ծնունդ. Մ. Հայրապետյանը խմբագրել է տեքստը, գրել արժեքավոր ու ընդարձակ առաջաբան, օժտել մանրակրկիտ ծանոթագրություններով, դրել օգտակար հավելվածներ, կազմել անվանացանկ եւ ձեւավորել գիրքն ամբողջությամբ։ Մ. Հայրապետյանը հսկայական այս գործն արել է ոչ միայն իրեն հատուկ բծախնդրությամբ ու բարձր մակարդակով, այլ նաեւ բացառիկ սիրով ու նվիրումով, նպատակի կարեւորության գիտակցմամբ։ Դրա համար նա ունեցել է նախանձելի նպաստավոր պայմաններ՝ շուրջ 1 տարի ընդհատակում, միայնության մեջ կենտրոնանալու ու սիրած գործին նվիրվելու առատ ժամանակ։ Եւ ճիշտ է հաշվարկել քաղաքական հալածյալը. այն, ինչ ընդհատակում գտնվելու պատճառով գործնական իմաստով պակաս է արել ինքն այս մեկ տարվա քաղաքական կյանքում, դա բազմակի կլրացնի նրա հրատարակած այս գիրքը։ Այսինքն՝ գրքի ընտրությունն էլ ամենեւին պատահական չէ։

Գրախանութում ո՞ր բաժնում պետք է տեղադրել Լեոյի “Անցյալից” գիրքը։ Խիստ տեխնիկական ու աննշան թվացող այս հարցադրումը որպես պատկեր ընտրելով, պարզենք, թե ո՞րն է այսօրվա համար այս հատորի առաջնահերթ գործնական-կիրառական նշանակությունը։ Լեոն ասում է, որ հուշեր է գրում՝ շուրջ կեսդարյա ընդգրկումով։ Մեծ պատմաբանի ու գրական մշակի հուշերն ինքնին, կարող էր արդեն չափազանց հետաքրքրական լինել որպես հուշագրական ժանրի հուշարձան եւ դրվել գրականության բաժնում։ Սակայն այսօր դա չէ այս գրքի տեղը։
Լեոն ոչ միայն մեծ պատմաբան է, նաեւ իր ժամանակի քաղաքական կյանքի ակտիվ մասնակից եւ, որպես այդպիսին, չէր կարող չներկայացնել այդ կես դարի պատմությունն ըստ էության։ Ավելին, հենց դա է եղել նրա նպատակը. “Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, այլ կտամ քննական վերլուծական հիշողություններ”։ Նաեւ ավելացնում է. “Իմ  վերլուծությունները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այդպես է նախեւառաջ այն պատճառով, որ ես երբեք ուրիշ կերպ գրել չեմ իմացել, երկրորդ, որովհետեւ այդպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը...” (էջ 41)։ Այս խոսքերն այլ բան չեն, քան նույն միլիոնավոր մորթվածների արյան ու թարմ հիշատակի առջեւ պատմաբանի՝ ինքն իրեն տրված երդման նման մի բան. գրել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, եւ ոչինչ բացի ճշմարտությունից։ Այսինքն, Լեոն, որպես հմուտ պատմաբան, այս գրքով տվել է մեր պատմության շատ կարեւոր կեսդարյա շրջանը՝ պատմելու համար ընթերցողին՝ “թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց եւ ինչպես էր, որ այդ հարցի հետեւանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը եւ իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան աշխարհագրական անունը” (էջ 40)։ Ասել է թե՝ հմուտ պատմաբանի գիրքը, որ կեսդարյա շրջանի անաչառ պատմությունն է ըստ էության, կարող է դրվել նաեւ պատմագիտության բաժնում։ Բայց այսօր նաեւ դա  չէ նրա տեղը։
Գրախանութի որ դարակում գրքի տեղի հարցը որոշելու համար, ելնելով վերոնշյալ՝ արդիականության, այսօրվա նրա գործնական նշանակության մեկնակետից, Լեոյի “Անցյալիցը” պետք է դնել քաղաքական, քաղաքագիտական գրականության բաժնում։ Ոչ թե որովհետեւ նա այս գրքում ներկայացնում է նաեւ ժամանակի հայ քաղաքական մտքի անսահման մեղկությունն ու թշվառությունը եւ դրա կարծանարար հետեւանքները։ Այլ այն պարզ պատճառով, որ, ցավոք, 100-150 տարի առաջվա հայ քաղաքական մտքի այդ մեղկությունն ու թշվառությունն այսօր էլ դեռ հաղթահարված չեն։ Այսօր էլ դեռ դրանք ապրում են, գործում են՝ շարունակելով ունենալ նորանոր կործանարար հետեւանքներ, սպառնալ նորանոր արհավիրքներով։ Ու, առաջին հերթին, հենց այս հանգամանքն է եղել նաեւ Լեոյի հատորի վերահրատարակման գաղափարը հղացողի առաջին շարժառիթը։

Մեծ Արհավարքից հետո, դրա ահավորության անմիջական ազդեցության տակ, ոմանք առաջին տարիներին փորձեցին բարդույթներից ազատված, իրատեսական հայացքով նայել անցած-դարձածին։  Հիսուն տարվա մեջ առաջին անգամ փորձեցին այդ ամենի մեջ փնտրել նաեւ մեր սխալներն ու մեղքերը։  Ցավոք, շատ կարճ տեւեց սթափության այդ շրջանը, իսկ նրանց գրածներն էլ քիչ անց, անտեսվելով կամ արգելվելով, դուրս եկան շրջանառությունից։ Դրանցից ամենահայտնին Հ. Քաջազնունու “Դաշնակցությունն անելիք չունի այլեւս” գիրքն է։ Դրանցից է նաեւ Լեոյի “Անցյալից”-ը՝ շատ ավելի համապարփակ ու փաստաշատ։
Լեոն նույն՝ Հայկական հարցին հաջորդող 50-ամյա շրջանի համար սեփական սխալների հարցադրումն է անում եւ այդ հարցին նվիրում ստվար մի հատոր։ Կենտրոնական խնդիրն այստեղ հայ քաղաքական մտքի չգոյության կամ դրա մեղկության ցուցադրումն է, դրանից ածանցված կամ դրա հետեւանք սահմռկեցուցիչ երեւույթներն ու իրողությունները։ Բնականաբար, նա դա անում է ո՛չ չարախնդորեն, առավել եւս՝ ո՛չ էլ կատարվածի մեջ մեղմացնելու համար Թուրքիայի անսակարկելի մեղքի բաժինը։ Դա անում է միայն մեկ նպատակով, որ թաղվի ու գերեզմանաքար դրվի քաղաքական մանկամտության ու իլյուզիաների վրա, որ դրանք մերժվեն իսպառ ու այլեւս երբեւէ չկրկնվեն. “Մեծ ճշմարտություններ են այսօր արձանացել պատմության հրապարակի վրա։ Նրանք դատաստան են անում։ Թող գոնե այդ ահռելի դատաստանը լինի շինարար ուժն այն ահռելի իլյուզիաների մեջ, որոնց փլատակների տակ թաղված է վերջին հիսնամյակի մեր համարյա ամբողջ պատմությունը” (42)։
Ահա Հայկական հարցի ծագումից մինչեւ Արեւմտահայաստանի լիակատար կործանում եւ Արեւելահայաստանի կեսի կորուստն ընկած հիսնամյակի համար տարբեր տեղերում ու առիթներով հայ քաղաքական մտքին նրա տված բնորոշումները. “քաղաքական անգրագիտություն”, “համբակային միամտության”, “անուղղելի ռոմանտիզմ”,  “երեխայական”, “քաղաքական մանկություն”, “քաղաքական ռոմանտիզմ”, “տղայական ռոմանտիզմ”, “տղայական անհեթեթություններ”, “երեխայական ձեռնարկություն”, “մանկամիտ քաղաքականություն” եւ այլն։ Բնորոշումներն ու գնահատականները վերաբերում են հիմնականում այդ շրջանում գործած “հեղափոխական” կազմակերպություններին, որոնք՝ “Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչեւ իրենց կատարյալ կործանումը” ( էջ 93)։ Գնահատականների համար Լեոն, որպես անսակարկելի մի չափանիշ կամ չափորոշիչ ընտրում է արդյունքը՝ քաղաքական գործունեություն կամ քայլ գնահատելու համար. “Պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ՝ նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսությունից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար” (94)։ Իսկ այս դիտանկյունից հերոսը դառնում է հակահերոս, հերոսությունը՝ արկածախնդրություն, իսկ դրանց 50-ամյա շղթան համատարած աղետ ու կործանում։
Բայց միայն ռոմանտիզմի եւ երեխայության խնդիր չէր. երեխան անգամ, երբ մի անգամ ձեռքն այրում է կրակով, երկրորդ անգամ ձեռքը չի մեկնում։ Այս ամենը միայն քաղաքական ռոմանտիզմի, քաղաքական մտքի խեղճության արդյունք չէր, այլ նաեւ քաղաքական այլասերման։ Խնդիրը սահմռկեցուցիչ մի բանաձեւի մեջ էր, որ որդեգրել էին հեղափոխական կուսակցությունները “...հայ հեղափոխական կազմակերպությունները փառավորապես ապացուցված էին համարում իրենց ծրագրային կենտրոնական միտքը՝ հայկական հալածանքների ու կոտորածների միջոցով առաջ բերել եւրոպական միջամտություն” (122)։ Կոտորածը, բազմաթիվ դրվագներով, լիակատար իրականացավ, հետեւանքը՝ եւրոպական փրկարար միջամտությունը այդպես էլ չեղավ։ Բերված սահմռկեցուցիչ բանաձեւին ավելացնենք Լեոի հիշատակած եւս մի օրինակ Դաշնակցության ղեկավար Քրիստափոր Միքայելյանի խոսքից, որ վերաբերում է հայությանը. “Միեւնույն է, ձեզ առանց այդ էլ կոտորելու են, իսկ մենք չենք կարող հեղափոխություն չկատարել” (172)։ Ուրիշ ինչ կերպ կարելի է գնահատել վերոհիշյալ բանաձեւը եւ տասնյակ ու հարյուրավոր վավերական այլ դրվագներ ու փաստեր, որ բերվում են Լեոի գրքում։
Լեոն կարեւոր արձանագրումներ, հետեւություններ է անում, գնահատականներ տալիս երեւույթների եւ իրողությունների որոնք, մինչ այդ, եւ դրանից հետո էլ “տաբուի” տակ էին։ Նկատի ունենք մասնավորապես Հայկական հարցի ծագումն ու ընթացքը, ֆիդայություն երեւույթը, հեղափոխական կազմակերպությունների “հերոսությունները”, Առաջին համաշխարհայինի տարիներին հայ կամավորական շարժումը, Արեւմտյան Հայաստանում հրահրված ապստամբությունները, եւ այլն։ Թվում է, թե ակնհայտ այդ ճշմարտությունները աներկբա պետք է դրվեին հետագա գիտական անաչառ պատմագրության հիմքում, նպաստեին նաեւ իրատես քաղաքական մտքի առաջացմանը։ Սակայն դրանց վերաիմաստավորումը կամ ճշգրիտ գնահատականները պետք չէին, ավելին՝ վնասակար էին ինչպես գաղափարախոսականացված կոմունիստական պատմագրությանը, այնպես էլ նույնքան եւ ավելի գաղափարախոսականացված սփյուռքահայ պատմագրությանը։ Դրա համար էլ նրա գիրքը նույնպես մնաց արգելված ու չտարածված, եզակի օրինակներով, փակ ֆոնդերում։

Այո, մեզանում կենսունակ մնացին քաղաքական ցնորքները, եւ դա ամենեւին մեր ժողովրդի ու նրա անհատների մտավոր յուրահատկության կամ տկարամտության արգասիքը չէ։ Դրանում տարբեր ելակետերից, բայց նույնչափ շահագրգրռված են եղել մի կողմից՝ այն ուժը, որը հետագա տասնամյակներում իշխել են Հայաստանում, մյուս կողմից՝ այն ուժերը, որոնց համար այդ ցնորքները դարձել էին ու մնացին որպես անբարոյական բիզնեսի  առարկա։ Ոչ միայն իրատես քաղաքականության, այլեւ մարդկային բանականության, պարզ տրամաբանությանը հակոտնյա անտիքաղաքական այդ պատնեշը հնարավոր եղավ ճեղքել միայն 1988-90թթ Համաժողովրդական շարժմամբ, այդ Շարժման արժեքների վրա  հիմնված Հայկական անկախ պետականությամբ ու նրա ձեռքբերումներով։ Բայց անտիքաղաքական ցնորքներն  ամբողջությամբ չհաղթահարվեցին, դրանց վերապրուկները կարողացան ռեւանշի հասնել 1998-ին։  Հաջորդ տասնամյակում Հայաստանում ձեւավորվեց այսօրվա ազգակործան ավազակապետական համակարգը։ Ուստիեւ Լեոի հատորը, որ վաղուց պետք է կատարած լիներ հայ քաղաքական միտքը ցնորքներից, իսկ քաղաքական դաշտը՝ այլասերումից մաքրելու իր առաքելությունը ու ասօր դրվեր գրականության կամ պատմագրության գրադարակում, դեռ ամբողջությամբ պահպանում է իր քաղաքական արդիականությունը։ Դա այսօր նախ եւ առաջ քաղաքական իրատեսության դասագիրք է ՀՀ այսօրվա Քաղաքացու համար, որն, ահա, կրկին համաժողովրդական պայքարի է ելել՝ ազատվելու համար քաղաքական համբակության ու այլասերման լեռնացած նոր հետեւանքներից։

«Հայք», 28.02.2009 ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ


Monday, February 9, 2009

Արդյո՞ք ցուցարարները զենք են ունեցել կամ կիրառել


Արդյո՞ք ցուցարարները զենք են ունեցել կամ կիրառել

Սա այն պատրվակն է, որով վարչախումբը, իբր, հիմնավորում է մարտի 1-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների ջարդը եւ նույն օրը երեկոյան իրագործած սպանդը։ Առ այսօր ո՛չ հարյուրից ավելի քրեական գործերի շրջանակներում, ո՛չ իրենց իսկ բազմաժամ նկարահանումների որեւէ կադրում, ո՛չ որեւէ վկայությունում չի բերվել որեւէ ապացույց։ Եթե նման թեկուզ մեկ փաստ ունենային, առաջին իսկ օրից եւ մինչեւ այսօր ամեն օր ողողված կլիներ հեռուստաեթերը։

Ո՞րն էր ՀԱԿ-ի ստեղծման պատճառը

Կոնգրեսը նույն Համաժողովրդական շարժումն է՝ օժտված նվազագույն անհրաժեշտ կազմակերպական հատկանիշներով։ Այն կուսակցություն չէ, որը հետապնդում է ժամանակային հստակ սահման չճանաչող խնդիրներ։ Բայց նաեւ շարժում չէ, որը կարող է պոռթկալ, կարճ ժամանակում լուծել իր խնդիրը եւ անհետանալ։ Կոնգրեսը կոչված է հասարակության առավելագույն ներգրավվմամբ լուծելու նույն՝ Շարժման խնդիրները՝ ավելի տեւական պայքարում, պայքարի քաղաքական մեթոդների գործադրմամբ։ Տվյալ դեպքում դա ավազակապետական համակարգի կազմաքանդումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, ժողովրդավարության հաստատումը եւ այլն, որոնք այլեւս հնարավոր չէր լուծել ոչ առանձին քաղաքական ուժերի, ո՛չ նրանց համատեղման, ո՛չ պոռթկացող շարժման միջոցով։

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս չեկավ մարդկանց մոտ մարտի 1-ին։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան ջարդից հետո հրաժարվել է հեռանալ հրապարակից։ Միայն մոտ երկու ժամ հետո նրան իր տուն են տեղափոխել ուժի գործադրմամբ՝ ձեռքերն ոլորելով։ Նրա տունը շրջափակված է եղել մի քանի տասնյակ զինված մարդկանցով, որոնք խստագույնս արգելել են ելք ու մուտքը։ Անմիջապես հաջորդ օրերին տված ասուլիսներում նա մանրամասն նկարագրել է մարտի 1-ին իր գործադրած համառ ջանքերը տնից դուրս գալու հնարավորություն ստանալու համար, ինչը նրան չի ընձեռվել։ Նա գտնվել է տնային կալանքի տակ։

Եւրոպական կառույցների մասին

Եւրոպական կառույցները, մասնավորապես Եւրոպայի Խորհուրդը, որի անդամ է Հայաստանը, պարտավորություն ունի իր անդամ պետություններում հետեւել ժողովրդավարության հաստատմանը, ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պահպանմանը։ Իրականում այդ կառույցները կարող են ինչ-որ կերպ նպաստել որեւէ երկրում այդ խնդիրների լուծմանը, եթե տեղում դրա համար տեսնում են իրական ուժ եւ պայքարի կամք։ Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի ժողովրդավարական ուժերը իրենց պայքարի շնորհիվ անվերապահ ճանաչվում են այդ կառույցների կողմից։ Նույն այդ պայքարի շնորհիվ ԵԽԽՎ-ը ընդունել է Հայաստանի մասին 3 բանաձեւ։

Լեռնային Ղարաբաղի հարց

Սերժ Սարգսյանը, ինչպես ժամանակին Ռ. Քոչարյանը, իշխանության եկան գերտերություններին խոստանալով ավելի համեստ պայմաններով ստորագրել ԼՂ խաղաղ կարգավորման փաստաթուղթը։ Ի տարբերություն նախորդ տասնամյակի, այս անգամ, որոշ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, Սերժ Սարգսյանին ստիպում են կարճ ժամկետում կատարել իր խոստումը։ Ընդ որում՝ Արեւմուտքը ծրագրել է այդ խնդիրը լուծել հատկապես Սերժ Սարգսյանի հետ՝ օգտվելով նրա թույլ կողմերից։

Թուրքիայի զարգացումներ

Նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի քարոզչական մեքենան Լեւոն Տեր-Պետրոսյանին անխնա մեղադրում էր “թուրքամետության” մեջ։ Սերժ Սարգսյանը նախագահի աթոռը զավթելուց հետո այնպիսի մի սիրախաղ սկսեց Թուրքիայի հետ, ինչպիսին մինչեւ 1915թ. արել էին միայն դաշնակները Երիտթուրքերի հետ։ Նա համաձայնեց Թուրքիայի հետ միասին պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելու առաջարկին՝ ստուգելու համար Ցեղասպանության լինել-չլինելու խնդիրը։ Դրանով նա ըստ էության ամենաբարձր մակարդակով ուրացավ Հայոց ցեղասպանությունը։ Այսօր միջազգային ասպարեզում այլեւս չկա Լեռնային Ղարաբաղի առանձին խնդիր։ Թուրքիային հաջողվեց այդ խնդրի անբաժան մաս դարձնել ահա՝ այս հանձնաժողովի ստեցծումն ու հայ-թուրքական սահմանների բացման հարցը։



Tuesday, January 27, 2009

ԵՒՐՈՊԱՆ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՎԱՐԿԻՆ

  

ԵԽԽՎ-ի 2009թ. ձմեռային նստաշրջանը ընդունեց իր հերթական՝ 1643 բանաձեւը Հայաստանի մասին։ Այն ճիշտ գնահատելու համար պետք է համեմատել
ա) նախորդ 1609 եւ 1620 բանաձեւերի,
բ) 2008թ. դեկտեմբերի 17-ի Մոնիտորինգի կոմիտեի որոշման հետ
եւ նկատի ունենալ որ՝
ա) առաջնային խնդիրը քաղբանտարկյալների ազատման հարցն է,
բ) 1643-ի նախագծում Հայաստանին “ձայնի իրավունքից զրկելը” առաջնային այդ հարցի անխուսափելի ածանցյալն էր, ոչ թե Շարժման կողմից ինքնուրույն հետապնդվող խնդիր։

1643-ը առաջընթաց է 1609-ի եւ 1620-ի համեմատությամբ

Արդ, 1649 բանաձեւը առաջնային՝ քաղբանտարկյալների հարցում ակնհայտ առաջընթաց է նախորդ երկու՝ 1609 եւ 1620 բանաձեւերի համեմատությամբ։
Մարտի 1-ի ջարդի ու սպանդի, դրան հետեւած աննախադեպ հետապնդումների ու ձերբակալությունների նկատմամբ միջազգային հանրության ռեակցիան սկզբից եւեթ մոտ էր կատարվածին համարժեք լինելուն։ Նկատի ունենք մասնավորապես Եւրամիության նախագահության մարտի 5-ի եւ 12-ի հայտարարությունները, ապա նաեւ եւրոպական այլ կառույցների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների տեսակետն արտահայտող բարձրաստիճան պաշտոնյաների խիստ գնահատականները։ Դրանցում, որպես կանոն, կենտրոնական խնդիրը “իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին” ազատ արձակելու պահանջն էր։ Ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջը կենտրոնական տեղ էր զբաղեցնում ԵԽԽՎ 1609 ու դրա կատարման ընթացքին վերաբերող հաջորդ՝ 1620 բանաձեւերում։ Այս երկու բանաձեւերում, այլ փաստաթղթերում, հայտարարություններում եւ այլն, ազատազրկվածների մասին թեեւ օգտագործվում է ոչ թե “քաղբանտարկյալ” իրավական տերմինը, այլ “քաղաքական հայացքների համար ձերբակալվածներ” կամ նման այլ նկարագրական ձեւակերպումներ, սակայն ըստ էության նրանք դիտվում են որպես քաղբանտարկյալներ։ Ըստ այդմ էլ՝ եւրոպաշտոնյաները նաեւ ամիսներ շարունակ պարբերաբար սպառնացել են, թե բանաձեւերի պահանջները  չկատարելը (առաջին հերթին քաղբանտարկյալներին ազատ չարձակելը) “աղետալի կլինի Հայաստանի համար”, ընդհուպ կհանգեցնի նրա պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելուն։
ԵԽԽՎ հերթական՝ 1643 բանաձեւը իր հիմնական պահանջներում նախորդների համեմատ ոչ մի մեղմացում չի արձանագրում ո՛չ քաղբանտարկյալների, ո՛չ էլ մյուս հարցերում։ Ավելին, եթե նախապես ձեւակերպված էր միայն նրանց ազատ արձակելու պահանջը՝ ձեւի ընտրությունը թողնելով իշխանությանը, ապա այս բանաձեւում առարկայացված, արձանագրված է նաեւ ձեւը. նրանց ազատել՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով 300 եւ 225 հոդվածները, ինչպես նաեւ ազատել նրանց, ովքեր ազատազրկված են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա։ Եւ դրա համար որոշակի ժամկետ է սահմանվել։ Ավելին՝ դրա համար վարչախմբից գրավոր պարտավորություն է վերցվել։ Այսինքն՝ 1643-ը նախորդ բանաձեւերի համեմատ ավելի կոշտ ու արդյունավետ լծակ է՝ ստիպելու համար վարչախմբին լուծել քաղբանտարկյալներին ազատելու խնդիրը։ Ավելի կոշտ ու արդյունավետ, բայց ոչ այն ամենակոշտն ու ամենաարդյունավետը, որ ամբողջությամբ համարժեք կլիներ իրավիճակին՝ արդարության, օրինականության ու մարդու իրավունքների լիակատար վերականգնման տեսակետից, ինչպիսին որ էր նախագիծը՝ Մոնիտորինգի կոմիտեի որոշումը։

1643-ը զիջում է Մոնիտորինգի կոմիտեի որոշմանը   

Շուրջ 10 ամիս ուսումնասիրելով իրողությունները եւ հետեւելով երկրում ծավալվող իրադարձություններին, մասնավորապես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցի ճնշման տակ, ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեն, Հայաստանի մասին համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի առաջարկով, դեկտեմբերի 17-ի իր որոշմամբ վերջապես արձանագրեց հետեւյալը. Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ազատազրկվածները քաղաքական բանտարկյալներ են, որոնց պետք է անհապաղ ազատ արձակել, իսկ այդ պահանջի չկատարման դեպքում առաջարկելով Վեհաժողովին պատժամիջոց կիրառել՝ Հայաստանի խորհդարանական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Դրանով մարտի 1-ին ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին առաջին անգամ տրվեց լիակատար համարժեք գնահատակն, որդեգրվեց համարժեք դիրքորոշում։ Եթե այստեղ կար զարմանալու ինչ-որ բան, դա այն էր, որ Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշման դրույթները ձեւակերպվել էին հենց նույն Պրեսկոտն ու Կոլոմբիեն, որոնք մինչ այդ վատ համբավ էին ձեռք բերել՝ իրենց ակնհայտ իշխանական կողմնապահությամբ, ԵԽ-ին աղավաղ ու կեղծ տեղեկություններ հաղորդելով։
Թվում էր, թե տրամաբանության ու բանականության շրջանակներում այլեւս նահանջ, ետ քայլ հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ խաշած ձուն ինչ-որ ձեւով ետ եփել։ Որովհետեւ նույն համազեկուցողներն են, որ ամբողջ 10 ամիս իրենց դիտարկման ու ձեռք բերած հիմքերի վրա մարդկանց ճանաչել են քաղբանտարկյալներ։ Այդ ճանաչումից էլ անմիջապես ածանցվում էր Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու առաջարկը։ Դրանց հետո մեկ ամսվա ընթացքում նոր փաստ կամ հանգամանք չէր հայտնվել, որը հետ շրջեր ձեւավորած համոզումը, եւ ոչ էլ այդ մեկ ամսում փոփոխվել են մարդուն քաղբանտարկյալ ճանաչելու չափանիշները։ Դա հնարավոր էր փոխել միայն մի դեպքում՝ եթե մինչեւ Վեհաժողովի սկսվելն այլեւս չլինեին քաղբանտարկյալներ, այսինքն՝ նրանք ազատ արձակված լինեին։ Դա էլ չկար։ Եւ այնուամենայնիվ, համազեկուցողները որոշեցին (կամ՝ նրանց հանձնարարվեց, կամ՝ նրանց համոզեցին) մասամբ “ետ եփել” իրենց իսկ խաշած ձուն։

Գործարք վարչախմբի հետ

Վեհաժողովի նախօրեին Հայաստան կատարած այցից հետո համազեկուցողները ներկայացրեցին նոր մի զեկույց, որի հիման վրա որպես Վեհաժողովի բանաձեւի նախագիծ ծառայող՝ Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ։ Հանվեց Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու պահանջը, որ ինչպես ասացինք բխում, ածանցվում էր քաղբանտարկյալների իրավական ճանաչման փաստից։ Եթե հանվեց ածանցյալը, բնականաբար պետք է հանվեր դրա հիմքը՝ քաղբանտարկյալ ճանաչելու հստակ իրավական ձեւակերպումը։ Թերեւս կարելի է այսպես ասել. բանաձեւում դե-յուրե քաղբանտարկյալ արձանագրումը փոխարինվեց նույնի դե-ֆակտո արձանագրմամբ։
Կրկին շեշտենք հետեւյալ ապշեցուցիչ փաստը. նույն մարդիկ՝ Պրեսկոտը եւ Կոլոմբիեն, ձեռքի տակ ունենալով նույն հիմքերը, դեկտեմբերի 17-ի նախագծում ընդունում են Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության փաստը եւ պահանջում նրանց անհապաղ ազատ արձակել՝ հակառակ դեպքում ԵԽԽՎ նստաշրջանին առաջարկելով Հայաստանին զրկել ձայնի իրավունքից։ Ահա այդ նույն մարդիկ ընդամենը 40 օր հետո, հանդես են գալիս ճիշտ հակառակ առաջարկով։
Բանականության շրջանակներում չտեղավորվող այս շրջադարձը, որ ակնհայտորեն բարոյական հսկայական կորուստ է պարունակում, ունի մեկ բացատրություն. այն անպարկեշտ գործարք է ԵԽ բյուրոկրատիայի եւ Հայաստանի հանցավոր իշխանության միջեւ։ Իսկ կնքած գործարքը ունի երեք բաղադրիչ
ա) Համազեկուցողները համաձայնել են նախագծից հանել Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկը (եւ, դրա հետ կապված՝ քաղբանտարկյալների հստակ արձանագրումն ու նրանց անհապաղ ազատ արձակման պահանջը)։ Դրա դիմաց վարչախումբը խոստացել է, որ քաղբանտարկյալներն ազատ կթողնի օրենսդրական իրավիճակի, մասնավորապես Քրեկան օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությամբ։
բ) Համազեկուցողները համաձայնել ու Վեհաժողովում որպես “առաջընթաց” են ներկայացրել իբր Մարտի 1-ի հետ կապված 28 ազատազրկվածների ներումը՝ իրենց դիմումների հիման վրա։ Ընդ որում, նրանք քաջատեղյակ են եղել, որ “ներվածների” մի մասը նման դիմում են գրել խոշտանգումների հետեւանքով, մի մասը՝ պայմանական դատապարտված եւ արդեն իսկ ազատության մեջ գտնվողներ են, իսկ մեծ մասը Շարժման հետ որեւէ կապ չունեցող, հենց վարչախմբի կողմից ներդրված սադրիչներ ու քրեականն տարրեր են։ Ցավալի է, բայց համազեկուցողները ակնհայտ կեղծ այս տեղեկատվությամբ ապակողմնորոշել են Վեհաժողովը։
գ) Խախտելով ընդունված ու մինչ այդ անխափան գործող վարվելակարգը, Պրեսկոտը եւ Կոլոմբիեն խախտեցին բալանսը եւ վերջին այցի ընթացքում չհանդիպեցին քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին։ Արդեն դժվար չէ ենթադրել, որ դրա պատճառը նախապես ծրագրված անբարո գործարքն էր վարչախմբի հետ։ Եւ այդուամենայնիվ հայաստանյան վերջին այցի ժամանակ նրանց տրամադրվել են կարեւոր փաստեր ու փաստաթղթեր, որոնք նրանք անտեսել, ավելի շուտ թաքցրել են Վեհաժողովից, քանզի դրանց հրապարակումը ի չիք կդարձներ կնքված գործարքը եւ Վեհաժողովում կարող էր արմատապես փոխել իրավիճակը։

Գործարքի իրական գինը եւ կողմնակի հետեւանքները

Եթե կնքված գործարքը պատկերացնենք միայն այն տեսքով, ինչպիսին նկարագրեցինք վերեւում, կամ ինչպես այն ներկայացվել է Վեհաժողովում, ապա ստացվում է, որ վարչախումբը մի քանի անգամ ավելի ստացել է, քան տվել։ Բայց դա անհնար է Եւրոպայի հետ հարաբերություններում։ Այնպես որ՝ նկարագրվածն ու ներկայացվածը գործարքի միայն երեւացող մասն է։ Վարչախումբն իրականում վճարել է շատ ավելին։ Իսկ նման դեպքերում, այն է՝ սեփական իշխանության պահպանման, լեգիտիմության դեֆիցիտը մեղմելու, գործած հանցանքները պարտակելու, հակաժողովրդավար էությունը պարտակելու դիմաց վարչախումբը վաղուց օգտվում է մեկ վճարամիջոցից, մեկ դրամագլխից, եւ դա արդեն 10 տարի շարունակ։ Դա Լեռնային Ղարաբաղի հարցն է, դրանում նոր զիջումների գնալը։ Եւ վարչախումբն այս անգամ եւս անվարան վճարել է այդ գինը՝ քաղբանտարկյալներին օր ավելի անազատության մեջ պահելու, երկրում հակաժողովրդավարական իրավիճակը եւ իր իշխանությունը օր ավելի երկարաձգելու համար։
Եթե Եւրոպայի վերաբերմունքը համարենք հանցագործին կամ օրինազանցին իբր ուղղելուն միտված՝ սիրաշահման-ընդառաջման քաղաքականություն, ապա այն, որպես կանոն, հանգեցնում է հակառակ արդյունքների։ Հայաստանի բռնապետական վարչախմբի նկատմամբ Եւրոպայի որդեգրած այս վարվելակերպը երկարաձգում է քաղբանտարկյալների անազատությունն ու տանջանքները, օբյեկտիվորեն խրախուսում է իշխանություններին ավելի վստահ ու անպատիժ կերպով ոտնահարել ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները, շարունակել անգթորեն կեղեքել սեփական ժողովրդին։ Օգնելով ռեժիմին՝ Եւրոպան փաստորեն ծանր հարված է հասցնում Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանը։ Օգնելով ռեժիմին՝ Եւրոպան ծանր հարված է հասցնում Հայաստանի ժողովրդավարացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը՝ երկարաձգելով միլիոնավոր մարդկանց տառապանքները։ Օգնելով ռեժիմին՝ Եւրոպան ծանր հարված է հասցնում սեփական վարկին։ Մինչդեռ նրա կոչումը, իսկ ԵԽ-ի նաեւ ուղղակի պարտականությունը ճիշտ հակառակն է։

Մեր անելիքը
Եւրոպան՝ Եւրոպա։ Խնդիրները որ ծառացած են մեր առջեւ՝ քաղբանտարկյալների ազատումից մինչեւ ժողովրդավարութուն, տնտեսական ճգնաժամից մինչեւ լեգիտիմ իշխանություն ու սահմանադրական կարգի վերականգնում, մեր՝ Հայաստանի ժողովրդի խնդիրներն են։ Աշխարհը մեզ օգնելու է այնքանով, որքանով մենք շահագրգռություն, ուժ ու հաստատակամություն կդրսեւորենք մեր խնդիրների լուծման գործում։ Եւ այդ օգնությունը լավագույն դեպքում չի գերազանցելու 5%-ը։ Մնացածը մենք ենք անելու։ Չլիներ Համաժողովրդական շարժումը, չէր լինի միջազգային այն օգնությունը, որ ստացել ենք մասնավորապես ԵԽԽՎ երեք բանաձեւերի տեսքով։ Դրանք, այնուամենայնիվ, հույժ կարեւոր փաստաթղթեր են։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ «Հայկական ժամանակ
 05.02.2009թ.


Wednesday, January 21, 2009

ՀԻՄԱ Է՞Լ ԽԱԲՎԵՆՔ...



ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունը, չնայած մամուլում արդեն իսկ եղած ոչ սակավաթիվ անդրադարձների, ավելի լուրջ ուշադրության է արժանի։ Ոչ թե այն պատճառով, որ նա սկսել է ավելի լավ կամ ավելի վատ աշխատել, այլ որովհետեւ ի դեմս նրա բացահայտվում է հայաստանյան հասարակությանը քաջծանոթ վտանգավոր երեւույթի մի նոր օրինակ-առարկայացում։

Բայց ամեն ինչ հերթով
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի վերջին ավելի քան մեկ տարվա գործունեությունը պետք է գնահատել նույն այդ շրջանում մարդու հանրահայտ իրավունքների խախտումների, ազատությունների կոպտագույն ոտնահարումների ամենօրյա հարյուրավոր փաստերի հիմքի վրա։ Ահա դրանց համառոտ ցանկը.
Տասնյակ հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ սահմանափակումներ,
Ընտրողի ազատ կամարտահայտման վրա զանգվածային ու համատարած բռնացումներ, ուժի գործադրում,
Վստահված անձանց ու դիտորդների զանգվածային ահաբեկումներ, ծեծ, սպառնալիքներ, ընտրատեղամասերից վտարում եւ այլն,
Խաղաղ, բացառիկ կարգապահությամբ ընթացող շուրջօրյա հանրահավաքների բարբարոսական ցրում, անմեղ մարդկաց նկատմամբ վանդալիզմ ու ջարդ մարտի 1-ի վաղ առավոտյան,
Նույն օրը երեկոյան խաղաղ քաղաքացիների արյունոտ սպանդ,
Ապօրինաբար մտցված արտակարգ դրություն, ազատ խոսքի եւ այլ իրավունքների լիակատար սահմանափակում,
Քաղաքական ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ու ղեկավարների անհիմն ձերբակալություններ, տասնյակ հազարավորների հետապնդումներ ու հալածանքներ,
Հեռախոսների ապօրինի գաղտնալսումներ,
Ամբողջ ընթացքում տեղեկատվության տարածման ու տեղեկություն ստանալու իրավունքի անսեթեւեթ խախտումներ,
Ընդիմության՝ հավաքներ անցկացնելու շուրջ 100 հայտերի ապօրինի մերժում, ինչով ըստ էության 100 անգամ մերժվել է 100.000 քաղաքացու (հանրահավաքի մասնակիցների միջին թիվը) ազատ հավաքների իրավունքը,
Ավելի քան հարյուր քաղբանտարկյալների գոյությունը, նրանց դեմ շինծու քրեական մեղադրանքների հարուցումն ու պատվիրված քաղաքական դատավարությունները,
Սեփականության եւ աշխատելու իրավունքի դեմ հազարավոր ոտնձգություններ,
“Հյուսիսային պողոտայում” զբոսնող մարդկանց հարյուրավոր ձերբակալություններ,
Լրագրողների նկատմամբ տասնյակ բռնություններ եւ այլն։
Այս ամենը որպես անսակարկելի փաստեր եղել են բոլորի աչքի առջեւ, արձանագրված են կարեւոր փաստաթղթերում՝ այդ թվում նաեւ ընտրություններին հետեւած միջազգային դիտորդների զեկույցներում, Մարդու իրավունքների հետ կապված՝ միջազգային ամենածանրակշիռ կազմակերպությունների փաստաթղթերում ու որոշումներում, այլ երկրների կառավարությունների ու բարձր պաշտոնյաների հայտարարություններում։ Այս ամենի ֆոնին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը այլ գնահատական չի կարող ունենալ, քան՝ խայտառակ անբավարար։

Խոտոր ելակետ
Սակայն, իրերի բերումով Ա. Հարությունյանի աշխատանքի հասարակական գնահատականը ձեւավորվել է ոչ այս՝ օբյեկտիվ ելակետից։ Իսկ այդ “իրերը” երկուսն են.
ա) Ա. Հարությունյանի պաշտոնեական անցյալը ու դրանցով հայտնի նրա զուտ մարդկային հայտնի որակները։ Նրա չափազանց տխուր դերը 2003 եւ 2005 թվականներին ՀՀ Սահմանադրության եղծման գործում։ 2003-ին բացահայտ, որպես Ռ. Քոչարյանի պաշտոնական ներկայացուցիչ, 2005-ին՝ ստվերում, նա դարձավ ՀՀ Սահմանադրության պղծման, ժողովրդի ու պետականության դեմ իրականացված այդ դավադրության առանցքային դեմքը։ Այսինքն՝ նա պատրաստակամորեն կատարել է ավազակապետական վարչախմբի պատվեր-հանձնարարություն՝ չխորշելով ոտնահարել որեւէ սրբություն ու մասնագիտական սկզբունք։ Այսպիսի մարդուց ի սկզբանե դժվար էր որեւէ սպասելիք ունենալ, ինչ պաշտոնում էլ որ նա լիներ։
բ) Ավազակապետական բռնատիրության հայաստանյան պայմաններում բոլոր նրանք, ում վրա անմիջական ներգործության լծակներ ուներ վարչախումբը պետք է անմնացորդ ծառայեր այդ վարչախմբի պահպանմանը։ Խույս տվողները, առավել եւս ընդդիմադիր դարձածները դաժանորեն պատժվել են անխտիր։ Ա. Հարությունյանի առջեւ նման պահանջ չդրվեց, նրան թույլ տրվեց կատարել իր պարտականությունների չնչին մի մասը՝ նրա համար “ընդդիմադիր” պաշտոնյայի իմիջ ստեղծելով։ Դրա շնորհիվ նա հասարակության աչքում երեւութապես գերազանցեց ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանից, այլ իրենից՝ կամակատար Ա. Հարությունյանից սպասելիքի չափը։

“Լակմուսի թուղթը”
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի 2008թ. դեկտեմբերի 17-ին հայտնի որոշմամբ “մարտի 1-ի գործով” ազատազրկվածները միջազգայնորեն ճանաչվեցին որպես քաղբանտարկյալներ ու պահանջվեց նրանց անհապաղ ազատ արձակել։ Այս որոշումը դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց նաեւ Ա. Հարությունյանի իրական դեմքն ու դերը։ Այն փաստերն ու իրողությունները, որոնց հիման վրա Մոնիտորինգի կոմիտեն հիշյալ գործով ազատազրկվածներին քաղբանտարկյալներ ճանաչեց, առնվազն տասն անգամ ավելի շատ ու ավելի շուտ եւ տասն անգամ ավելի մատչելի են եղել  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, նա այդ ամենի ամենօրյա ակնատեսն է եղել։ Քաղաքացիական քաջություն եւ պաշտոնեական արժանապատվություն ունենալու դեպքում նա առաջինը եւ շատ վաղուց պետք է հայտարարեր ձերբակալվածների ու դատվածների քաղբանտարկյալ լինելու մասին։
Եւրոպայում եւ աշխարհում շատ մեծ կարեւորություն են տալիս տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը, դրա ղեկավարի կարծիքին ու գնահատականներին, այսինքն՝ նա ապակողմնորոշել է նաեւ միջազգային հանրությանը։ Ժամանակին չկատարելով իր պաշտոնական պարտականությունները՝ Ա. Հարությունյանը անձամբ պատասխանատու է այսօրվա իրավիճակի առաջացման համար։ Նա առաջինը եւ շատ վաղուց պետք է հայտարարեր իշխանության սանձազերծած հալածանքների քաղաքական բնույթի, քաղբանտարկյալների առկայության մասին։ Նա պարտավոր էր արձագանքել ընդդիմադիր գործիչների ձերբակալման յուրաքանչյուր դեպքի, ամեն ինչ աներ կանխելու նրանց նկատմամբ շինծու դատավարությնները։ Նրանց անազատության մեջ գտնվելու թիվ 1 պատասխանատուն Մարդու իրավուքների պաշտպան Ա. Հարությունյանն է։
Սակայն նա, ինչպես սովոր էր, այս դեպքում էլ կատարել ու շարունակում է կատարել վարչախմբի պատվերը։ Մոնիտորինգի կոմիտեի որոշումից հետո, թվում էր, թե նա այլեւս փախչելու տեղ չունի։ Եթե մինչ այդ վախեցել է առաջինը լինելուց, ապա դրա համար այլեւս մեծ քաջություն պետք չէր։ Եթե մինչ այդ չէր արել, հիմա նա պարտավոր էր անձամբ թույլ չտալ սկսել հերթական դատական ֆարսը այսպես կոչված “7-ի գործով։ Անձամբ պետք է կանգներ դատարանի դռան առջեւ ու թույլ չտար դատավորին ներս մտնել։ Մինչդեռ Ա. Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է “մոնիտորինգի” ենթարկել “7-ի գործով” դատավարությունը, եւ դրա ավարտից հետո միայն կարող է հայտնել իր կարծիքը։ Նա կրկնեց իրավական, քաղաքական ու պարզ տրամաբանական առումով անհեթեթ, վարչախմբի անգրագետ ներկայացուցիչների այն միտքը, թե մեղադրյալի քաղբանտարկյալ լինելը կարող է որոշվել միայն դատարանում, դատավարության ավարտից հետո։ Դրանով նա ոտնահարեց իրավաբան գիտնականի, բանական մարդու ու քաղաքացու որակները ճիշտ նույն կերպ, ինչպես դա արել էր 2003-ին եւ 2005-ին՝ կատարելով Սահմանադրության եղծման խոհարարի դերը։ Բացի այդ, նրա ասածը նաեւ բացահայտ ցինիզմ է, անպարկեշտ վերաբերմունք լսարանի, ժողովրդի նկատմամբ. մինչ այժմ, 10 ամիս շարունակ, նրա քթի տակ ընթացել են շուրջ ինը տասնյակ նմանօրինակ դատավարություններ, թող “մոնիտորինգ աներ” դրանցից յուրաքանչյուրը եւ ամիսներ առաջ գար համապատասխան հետեւության։ Կամ, հենց հիմա թող պահանջի այդ դատավարությունների 1-2-ի փաստաթղթերն ու ուսումնասիրի։ Ինչո՞ւ չի արել, ինչո՞ւ հենց հիմա որոշեց։ Շատ պարզ պատճառով. այդպիսին է նրան իջեցված իշխանական պատվերը, ինչի համար ավելի քան մեկ տարի նրան խնամքով “հասունացրել” են։

Ա. Հարությունյանը հերթական “պրոյեկտ” Է
Հայտնի է, որ իշխանությունն ամեն կերպ պահելու համար ավազակապետական վարչախմբի ամենակարեւոր զենքը եղել է կեղծ ընդդիմությունը։ 2008թ. նախագահական ընտրություններում, հայտնվելով աննախադեպ ծանր իրավիճակում, վարչախումբն ստիպված էր այս զենքից կրակել իր բոլոր փամփուշտները, բացահայտել իր բոլոր “ընդդիմություն” պրոյեկտները՝ նախագահի 7 թեկնածուների ու մի շարք կուսակցությունների տեսքով։ Ինքնապահպանման զենքի այս շատ կարեւոր զինանոցը համալրելուն ուղղված նրա բոլոր ջանքերն անցած մեկ տարում, մասնավորաբար “երրորդ բեւեռ” ստաղծելու գործում, ապարդյուն անցան։ Սակայն նմանօրինկ մի պրոյեկտ, ահա, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, կարծես թե ստացվել է։ Ավելի ակնառու դարձնելու համար թվարկենք այդ “պրոյեկտի” բաղկացուցիչները կամ հասունացման էտապները.
ա) Ա. Հարությունյանին, ի տարբերություն պետական որեւէ այլ պաշտոնյայի, թույլ տրվեց երբեմն կեսճշմարտություններ ասել, կատարել իր պարտականությունների փոքր, անվտանգ մի մասը։ Մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի զբոսնողները, թռուցիկներ բաժանողները, երթերի մասնակիցները եւ այլն, պարբերաբար բերման էին ենթակվում ոստիկանություն, ապա իսկույն ազատ էին թողնվում Պաշտպանի “բարձր” միջնորդությամբ։
բ) Ռ. Քոչարյանը, իբր դժգոհ նրա “ընդդիմադիր” աշխատանքից, ինչ որ պահի հայտարարեց, թե Ա. Հարությունյանն իր միակ անհաջող նշանակումն է։ Նման գնահատականից հետո վերջինիս հեղինակությունն ու համարումը կտրուկ աճ ունեցավ։
գ) Երկու-երեք ամիս առաջ Ա. Հարությունյանը դիմեց իշխանությանը՝ իր անվտանգությունը ապահովելու համար թիկնապահներ խնդրելով։ Իշխանությունը մերժեց։ Այս մասին կարող էր նաեւ որեւէ մեկը չիմանալ, սակայն այն տեւական մի շրջան մամուլում քննարկման նյութ էր։ Նպատակը՝ մի կողմից տպավորություն ստեղծել, թե “ընդդիմադիր” գործելակերպի պատճառով իր անձնական ապահովությունը վտանգված է, մյուս կողմից՝ որ իշխանությունն իրեն, որպես “չուժոյի”,  մերժում է։
Եւ ահա, եկել է հերթական այս պրոյեկտի “աստեղային ժամը”։ Նա պետք է նպաստի, որ վարչախումբը կարողանա լուծել երկու խնդիր՝ ե՛ւ ԵԽԽՎ-ում չզրկվի ձայնի իրավունքից, ե՛ւ ազատ չարձակի քաղբանտարկյալներին։ Ինչպես ասվեց, տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմանը մեծ կարեւորություն է տրվում Եւրոպայում։ Եթե վարչախումբը կարողանա խույս տալ ձայնի իրավունքից զրկվելու վտանգից ու դրանով իսկ համարի, որ քաղբանտարկյալներին եւս 3 ամիս կարող է անպատիժ անազատության մեջ պահել, ապա դրանում էական կլինի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի դերը։

Հ. Գ.-1. 2008 թ. փետրվարի վերջին օրերին անգամ դեռ բոլորը չէ, որ համոզված էին “ընդդիմադիրների” իշխանական պրոյեկտ լինելու մեջ։ Երբ տեղի ունեցավ նրանց վերջնական միավորումը Ս. Սարգսյանի շուրջ, հաջորդ իսկ օրը տեղի ունեցավ Մարտի 1-ը։ Այն հաստատ տեղի չէր ունենա, եթե ժամանակին իրերը կոչվեին եւ ընդունվեին իրենց անուններով ու արժանանային համապատասխան վերաբերմունքի։
Հ.Գ.-2 Համաձայն չեմ Ն. Փաշինյանի վերջերս տված գնահատականին, թե Ա. Հարությունյանը “կզել է”։ Նա միշտ էլ կուզ է եղել, իսկ կուզին...

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”, 21.01.09


Wednesday, December 24, 2008

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ


Մարտի 1-ի սպանդից հետո ընդդիմության դեմ ձեռնարկված աննախադեպ հալածարշավի սկզբից եւեթ ամեն մի բանական մարդու համար պարզ էր, որ դրա հետեւանքով ազատազրկվածները այլ բան չեն, քան քաղաքական բանտարպկյալներ։ Դա պարզ էր ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, դեպքերին ու իրողություններին ներկա, մասնակից, ականատես, տեղեկացված մարդկանց համար։ Դա պարզ էր նաեւ աշխարհում։ Պատահական չէ, որ արդեն մարտ 4-ին եւ 12-ին Եւրոմիության Նախագահությունը իրար հետեւից երկու հայտարարություն տարածեց՝ պահանջնելով ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար բոլոր ձերբակալվածներին։ Դրանց հետեւեցին այլ կառույցների ու երկրների նմանօրինկ կոչեր ու հորդորներ։

Այս ամբողջ ընթացքում իշխանությունը խոստանում էր բացահայտել եւ ի ցույց դնել ընդդիմության կողմից պետական հեղաշրջման ու այլ ծանր հանցանքների բազմաթիվ սահմռկեցուցիչ փաստեր ու ապացույցներ։ Բացի ծախու արարածների միջոցով կեղծ վկայություններ հերյուրելուց, նրանց չհաջողվեց ոչինչ. ի հայտ չեկավ ոչ մի իրեղեն ապացույց, ոչ մեկի մոտ չհայտնաբերվեց զենք, անգամ նկարված միլիոնավոր կադրերից որեւէ մեկում։ Ավելին՝ քրեական գործեր չհարուցելով 10 սպանությունների առիթով, ինչպես նաեւ եւ բազմաթիվ այլ փաստերով՝ վարչախումբը մատներց սեփական ծանրագույն հանցագործությունը, որ եւ այժմ փորձում է պարտակել, այսպես կոչված, “7-ի գործով”՝ քաղբանտարկյալների այս խմբին փորձելով մեղադրել զանգվածային անկարգությունների ու պետական հեղաշրջման կազմակերպման հոդվածներով։ Սա վերջին փրփուրն է, որից նա կառչում է։ Ի հեճուկս վարչախմբի պաշտոնական քարոզչության՝ անազատության մեջ գտնվողների համար ավելի ու լայն տարածում էր գտնում նրանց քաղբանտարկյալ համարողների շրջանակը։ Ուստիեւ վարչախումբը կառչել էր մի քանի անհեթեթ մտքերի, մասնավորապես, որ՝ Հայաստանում չեն կարող քաղբանտարկյալներ լիներ, քանի որ մեր օրենսգրքում նման հոդված ու հասկացություն չկա, կամ, որ դատարանը պետք է որոշի՝ նրանք քաղբանտարկյալներ են, թե ոչ, իսկ ոմանք էլ համարում էին, թե նրանց քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցը պարզ կդառնա միայն Եւրոպական Մարդու իրավունքների դատարանի վճռից հետո։ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեի վերջերս ընդունած որոշումը վերջապես ազատազրկվածներին պաշտոնապես ճանաչեց քաղբանտարկյալներ։ Թվում էր, թե սրանով ամեն ինչ այլեւս պարզ է ու լուծված, որ դա վերջ պետք է տա նաեւ անգրագիտության, անամոթության ու պարզունակ դեմագոգիայի այս շքահանդեսին։ Եւ ոմանք, իրոք, կարծես թե գերադասեցին զգուշանալ ու լռել։ Սպասելի էր, անշուշտ, որ ոմանք էլ՝ վարչախմբի վճարովի կամ անվճար սպասարկուների տեսքով, դեռ շարունակելու են նույնը կրկնել։ Երբ այդ բանն շարունակում են անել դհոլատիպ մանկլավիկներ, դա դեռ հասկանալի է՝ մամուլում անբնորոշելի մի հարթության վրա։ Երբ այդ բանը դեռեւս փորձում են անել Հանրապետականների ոչ առաջնային շարմազանովատիպ դեմքերը՝  դա եւս հասկանալի է՝ անճարակության հարթության վրա։ Սակայն, երբ ըստ էության նույն կերպ է վարվում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, դա... վիրավորական է։ Վիրավորական է բոլորիս համար։

Համաժողովրդական շարժումը, ու դրանով իսկ հասարակական կարծիքը, այս ամբողջ ընթացքում “ըմբռնումով” է մոտեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, նկատի ունենալով, որ մարդն այնուամենայնիվ աշխատում է “թունավոր ցեխում”, եւ այն ծայրահեղ նվազագույնն էլ, որ համարձակվում է անել, մանր-մունր մի քանի խնդիրներ լուծել, մարդու իրավունքների հարյուրավոր խախտումներից մի քանիսի մասին թեկուզ 10%-ոց ճշմարտություններ ասել, էլի ինչ-որ տեղ ... սրտի մխիթարանք է։ Արմեն Հարությունյանի նկատմամբ հասարակական կարծիքը երբեք չի ներկայացրել այն պահանջների անգամ 1/10-րդ մասը, որ կարող էր բխել Մարդու իրավունքների պաշտպանի նրա զբաղեցրած բարձր ու պատասխանատու պաշտոնից։ Թվում էր, թե ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեի որոշումից հետո վերջապես Ա. Հարությունյանը քաջություն կունենա ինքը եւս հայտարարելու Հայաստանում մոտ յոթ տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին։ Ընդհանրապես, իր պաշտոնի ու կոչման բերումով նա այդ բանը պետք է աներ առաջինը, պետք է աներ մարտի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին... Կամ թեկուզ մինչեւ Մոնիտորինգի կոմիտեի որոշումը։ Նա չունեցավ այդ համարձակությունը՝ դրանով իսկ ցույց տալով, որ ինքը շատ հեռու է իր զբաղեցրած պաշտոնի ու կոչման նվազագույն նշագծից։ Նա այդ բանը չարեց նաեւ Մոնիտորինգի կոմիտեի որոշումից հետո։ Դրանից հետո նա ոչ միայն պետք է կրկներ նույնը, այլեւ հայտարարեր, որ այդ որոշումից հետո քաղբանտարկյալների նկատմամբ որեւէ քննչական կամ դատական գործողություն ապօրինի է, եւ նրանց պետք է պարզապես անհապաղ ազատ արձակել։ Եւ առաջին հերթին՝ “7-ի գործով” մեղադրվողներին։ Արմեն Հարությունյանն ընդհակառակը՝ դրանից հետո էլ շարունակում է “խաղաղության աղավնի” խաղալ, խոսել ներման ու համաներման մասին, դատական պրոցեսին հետեւելու ու այն մոնիտորինգի ենթարկելու մասին, այլ խոսքով՝ խայտառակ այս դատավարության օրինաչափության մասին։ Ո՞ւմ ներել՝ քաղբանտարկյալներին, այսինքն՝ մարդկանց ում իրենց քաղաքական հայացքների համար արդեն 10 ամիս անտեղի պահում են բանտերում։ Նրանց պետք է ներել, թե՞ նրանցից պետք է ներողություն խնդրել, ծնկաչոք՝ վարչախմբի պարագլուխներից սկսած մինչեւ Մարդու իրավունքների պաշտպան։ Սա Մարդու իրավունքների պաշտպանի համար աներեւակայելի վարքագիծ է, որ արդեն նշանակում է, թե այն ամենը, ինչ ինքն արել է միչ այժմ, դա արել է վարչախմբի գծած թույլատրելի շրջանակներում՝ իր համար ստեղծելու համար քիչ թե շատ ընդունելի մի կերպար՝ վճռական պահին որպես գործիք նույն վարչախմբի կողմից օգտագործվելու համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Չորրորդ իշխանություն», 24.12.08


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԽԵՂԿԱՏԱԿ ՉԷ


Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի որոշման առիթով, որտեղ առաջարկվում է ԵԽԽՎ-ին Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, Գալուստ Սահակյանը աներկիմաստ արձագանքեց հետեւյալ կերպ. Եվրոպայի Խորհուրդն այն միակ կառույցը չէ, որին անդամագրվելը այդքան կենսական է Հայաստանի համար։ Կան նաեւ այլ միջազգային լուրջ կառույցներ՝ մասնավորապես մուսուլմանական աշխարհում, եւ, նեղացնելու դեպքում, Հայաստանը կարող է դուրս գալ այդ կազմակերպությունից ու մտնել այդ միջազգային կառույցների մեջ։ Հաջորդ օրերին աննախադեպ այս հայտարարությանը լրագրողական եւ քաղաքական շրջանակներում տված արձագանքը, այսպես ասենք, թեթեւ էր, ոչ համարժեք արված հայտարարությանը։ Գալուստ Սահակյանը, իշխող Հանրապետական կուսակցության շարքային անդամ չէ։ Նա այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության, որ ամենամեծն է խորհրդարանում, ղեկավարն է։ Դա շատ բարձր պաշտոն է. եթե համարենք, որ կուսակցության առաջին դեմքը Սերժ Սարգսյանն է, երկրորդը Հովիկ Աբրահամյանը, որոնք եւ զբաղեցրել են համապատասխանաբար ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնները, ապա Գ. Սահակյանը խմբակցության ղեկավարի իր կարգավիճակով, ասել է թե՝ նաեւ քաղաքական կշռով ու ազդեցությամբ, երրորդն է այս կուսակցության հիեարխիկ համակարգում։ Ահա, որպես այդպիսին էլ, նրա այս հայտարարությանը պետք է վերաբերել ամենայն լրջությամբ։
Մի փոքր լրագրողական հետախուզում անելով՝ մենք պարզեցինք, որ, իրոք, այս խնդիրը վերջին մեկ տարում, ու մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ոչ միայն լուրջ քննարկման առարկա է եղել Հանրապետական կուսակցության ներսում, այլեւ արդեն իսկ ունի իր գործնական, առարկայական դրսեւորումները արդեն որպես Հայաստանի իշխանության կատարած քայլեր։ Մասնավորապես՝ այդ դրսեւորումներից առաջինը Թուրքիայի նախագահ Գյուլին Սերժ Սարգսյանի՝ միասին ֆուտբոլային խաղ դիտելու սիրալիր հրավերն էր Հայաստան, ինչը եւ ընդունվեց Գյուլի կողմից։ Երկրորդ, շատ ավելի առարկայական դրսեւորումը՝ Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող ու նրա հետագա ճանաչումներին խոչընդոտող, այսպես կոչված՝ “պատմաբանների համատեղ հանձնաժողով” ստեղծելու Թուրքիայի շատ վաղուց արած առաջարկին Սերժ Սարգսյանի կողմից հավանություն տալն էր։ Կարելի է չկասկածել, որ այս երկու փաստերն այլ բան չեն եղել, քան նաեւ Գալուստ Սահակյանի մատնանշած ուղղությամբ արված լուրջ նախապատրաստական քայլեր։
Ասել է թե՝ Գալուստ Սահակյանի՝ արած հայտարարությունը հենց այնպես, պահի ազդեցության տակ ասված զգացմունքային խոսք չէ. այդպես մտածելու դեպքում մենք անտեղի վիրավորած կլինենք Հայաստանում իշխող եւ խորհրդարանում վճռական մեծամասնություն ունեցող կուսակցության խմբակցության ղեկավարին՝ նրան վերագրելով թեթեւսոլիկ պեհվածք ու խեղկատակի դեր։ Իրողությունն այն է, որ քաղաքական այս հայտարարությունն, իրոք, դատարկ տեղում չի արվել, եւ Հայաստանի իշխանությունները, նրա բերանով արձագանքելով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի խմբի որոշմանը, միաժամանակ բացահայտել են նաեւ իրենց կողմից ամենայն լրջությամբ քննարկած ու ընդունած՝ արտաքին քաղաքական հիմնական ռազմավարական ուղղությունը։

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
“ՀԱՅՔ” 24.12.08.


Wednesday, December 17, 2008

“ժԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆԻ” ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ


Ձեր թերթի դեկտեմբերի 17-ի 1-ին եւ 3-րդ էջերից իր պատահականորեն հաջողված լուսանկարից ընթերցողին է ժպտում է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ Նա ընդարձակ հարցազրույց է տվել ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւերի եւ դրանց հետ կապված առաջիկա քնարկումների մասին։ Հարցերը ձեւակերպված են շատ կոռեկտ, ու եթե դրանց տակ ենթատեքստ փնտրենք, ապա կարելի է գտնել միայն հարգալից, եթե ոչ ակնածական վերաբերմունք՝ հարցազրույց տվողի անձի, գիտելիքների ու անաչառության նկատմամբ։
Տիգրան Թորոսյանը մինչեւ 2-3 ամիս առաջ ԱԺ նախագահն էր։ Երկար տարիներ նա մաս է կազմել ավազակապետական այն համակարգի, որի դեմ արդեն մեկ տարուց ավելի համաժողովրդական պայքար է մղվում։ Նա հանրապետության երկրորդ դեմքն էր վերջին նախագահական ընտրությունների ընթացքում, որպես այդպիսին առաջիններից մեկը անձնական մասնակցություն ու պատասխանատվություն ունի այն բոլոր բռնությունների, ապօրինությունների, վայրագությունների համար, որ տեղի են ունեցել նախընտրական շրջանում, ընտրության օրը եւ դրանից հետո։ Նա առաջիններից մեկը անձնական մասնակցություն ու պատասխանատվություն ունի մարտի 1-ի սպանդի, դրան հաջորդած աննախադեպ բռնությունների, հազարավոր մարդկանց դեմ իրականացված քաղաքական հալածանքների, շուրջ 150 քաղբանտարկյալների (67-ը դեռ բանտում) համար։ Նա, արդեն ոչ թե առաջիններից մեկը, այլ, որպես ԱԺ նախագահ, առաջին պատասխանատուն է մարտի 1-ին հանրապետությունում ապօրինի արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, առանց որի անհնարին կլինեին հետագա բռնությունները, գուցե եւ սպանությունները։ Նրա ղեկավարած ԱԺ-ն առանց քննարկման, ու իր իսկ հորդորով, մի քանի րոպեում, առանից քննարկման, իր համաձայնությունը տվեց Համաժողովրդական շարժման կողմն անցած չորս պատգամավորների ձերբակալելությանը։ Նա ու նրա ղեկավարած ԱԺ-ն ոչ մի ձայն չհանեց, երբ շուրջ 100 անգամ մերժվեցին հավաքներ անելու իր սահմանադրական իրավունքն իրականացնել ցանկացող քաղաքական ընդդիմության հայտերը։
Մինչեւ վերջին պահը նա անմնացորդ ծառայեց ավազակապետությանը։ Իսկ վերջին պահն այն էր, երբ ավազակապետական սխոդկայում որոշեցին, որ ըստ իր “վաստակի” հատուցելու համար Հովիկ Աբրահամյանին պետք է համապատասխան պաշտոն տալ։Որոշեցին որ այդ համապատասխան պաշտոնը ԱԺ նախագահի աթոռն է, եւ առանց այլեւայլության, ոհմակի օրենքով, զոհաբերեցին իրենց թիմակցին։
 Պատասխանելով վերջին հարցին՝ մասնակցելո՞ւ է նա արդյոք “յոթի գործով” դատավարությանը՝ “հատկապես, որ Ձեր չորս գործընկերներից երեքը ներգրավված են այդ գործում”, Տ. Թորոսյանը բացառիկ ցինիզմով իմիջիայլոց ասում է. “Ինչ վերաբերում է իմ գործընկերներին, վաղուց ժամանակն էր եւ ճիշտ կլիներ, որ խորհրդարանում եւս մեկ անգամ քննարկում լիներ, եւս մեկ անգամ ներկայացվեին այդ հիմքերը, որոնցով պատգամավորները շարունակում են մնալ կալանքի տակ։ Եթե կային իսկապես ճիշտ հիմքեր, լավ հիմքեր, ապա ճիշտ էր, որ դրանք ներկայացվեին խորհրդարանին եւ հասարակությանը”։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է. առաջին՝ Տիգրան Թորոսյանը խոստովանում է, որ 10 ամիս առաջ իր գլխավորած ԱԺ-ը առանց որեւէ հիմքի է իր համաձայնությունը տվել չորս պատգամավորներին ձերբակալելու ու կալանավորելու համար։ Իսկ դա, բնականաբար, տեղի է ունեցել իր գործուն մասնակցությամբ ու հորդորով։ Բայց դրա համար նա չի ափսոսում ու ներողություն չի խնդրում։ Երկրորդ՝ ասում է վաղուց ժամանակն է, որ այդ հիմքերը եւս մեկ անգամ քննարկվեր խորհրդարանում. այսինքն ընդունում է, որ նախ կարելի է պատգամավոր գործընկերներին ձերբակալելու թույլտվություն տալ եւ ամիսներ հետո նայել՝ հիմքեր կայեին դրա համար թե ոչ։ Երրորդ՝ այդ երբվանի՞ց է “վաղուց ժամանակը”։ Իր պաշտոնավարման վերջին ամսում այդ ժամանակը դեռ չէ՞ր հասունացել։ Այդ ժամանկը եկավ, երբ իրեն դուրս շպրտեցին իր պաշտոնից։ Կամ՝ եթե վաղուց ժամանակն է, որպես պատգամավոր ինչո՞ւ մինչեւ հիմա նման հարց չի բարձրացնել։
Մեզ համար զարմանալի չէ այս ամենը, որ հատում է անգամ անբարոյականության սահմանները։ Դա ամբողջությամբ տեղավորվում է այն մեղկ ու ցածրորակ կերպարում, որը Տ. Թորոսյանը, որպես պետական պաշտոնյա, իր համար հետեւողականորեն ձեւավորց իր գործունեության տարիների ընթացքում։ Մեզ համար զարմանալի չէ, որ ավազակապետության հանցագործ պարագլուխներից մեկը, ներքին վերաբաշխումների պատճառով աթոռազուրկ՝ հաջորդ իսկ օրվանից ամեն կերպ փորձում է ներկայանալ նոր, այլ, “ընդդիմադիր” կերպարով, սպիտակ ձեռնոցներով, զարմանալի է այն, որ ընդդիմադիր “Ժամանակ Երեւանը” ակամա նպաստում է դրան։ Խոսքն այն մասին չէ, որ մենք էլ իշխանական լրատվամիջոցների գործելակերպը որդեգրենք՝ դուք մեզ չեք տալիս ձեր եթերն ու թերթերի էջերը, մենք էլ չենք տալիս մերը։ Ամենեւին։ Մինչեւ այդպիսի շնորհի արժանանալը Տ. Թորոսյանը առնվազն պետք է մաքրվի մարտի 1-ի արյան բծերից։ Խոսքն այն մասին է, որ թերթի խիստ որոշակի ընթերցողը կարող է մեծ հիասթափություն ապրել։ Ու որպեսզի դա տեղի չունենա, խնդրպում եմ չհրապարակել նրա հարցազրույցի խոստացված շարունակությունը։

Հարգանքներով՝ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ժամանակ Երեւան», 17՞.12.2008