Թիֆլիսի Հայ ազգային խորհրդի՝ 1918թ. մայիսի
28-ով թվագրված հայտարարությունը համարվում է Հայաստանի անկախության հռչակման փաստաթուղթ,
չնայած այն բանին, որ հիշյալ փաստաթղթում «անկախություն» բառը չի օգտագործված։ Դրանով
սկսվեց պատմականորեն կարճ՝ երկուսուկես տարի տեւած փաստական անկախության այն պատմաշրջանը,
որն ընդունված է կոչել Առաջին հանրապետության շրջան։
Դա ծանրագույն շրջան էր՝ պատերազմի հետեւանքներով
ու Արեւմտահայաստանում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո հարյուր հազարավոր գաղթականության
առկայությամբ։ Բայց դա նաեւ քաղաքական պատեհությունների, հնարավորությունների շրջան
էր, ինչպիսիք մինչ այդ դժվար էր անգամ երազել։ Այնպես որ, այդ տարիների Հայաստանի իշխանության
քաղաքական գնահատականը ոչ միայն սոցիալական ու տնտեսական դժվարությունների հաղթահարման
դիտանկյունից պետք է տրվի, այլ նաեւ, առաջին հերթին, քաղաքական պատեհությունների ու
հնարավորությունների օգտագործման դիտանկյունից։
Հայ քաղաքական միտքը ի դեմս Հայ ազգային խորհրդի
ու նրա ձեւավորված իշխանության մարմինների դրսեւորեց իր տկարությունը։ Միայն այն փաստը,
որ Թիֆլիսում ձեւավորված կառավարությունը մտածում էր, թե կարող է Թիֆլիսում մնալով
ղեկավարել Հայաստանը, արդեն բավարար է պատկերացնելու համար շատ բան։ Ներքին ու հատկապես
արտաքին քաղաքականության ասպարեզում կառավարությունն այդպես էլ շատ հեռու մնաց իրատես
քաղաքականության սկզբունքներից։ Նրա գործողությունների հիմքում քաղաքական հաշվարկի
փոխարեն հաճախ դրվում էին կամ գերապատվությունը տրվում էր սփյուռքահյության պատկերացումներն
ու տրամադրություններն։ Ընդամենը երկու տարում երեք ճակատով պատերազմել չորս հարեւաններից
երեքի դեմ՝ ոչ մի հաշվարկի ու քաղաքական տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Մաքսիմալիզմին
տուրք չտալու ու իրատեսական քաղաքական հաշվարկերով առաջնորդվելու դեպքում հնարավոր
էր ունենալ ու հաջորդ պատմաշրջանին փոխանցել առնվազն 60-65 հազար քառ/կմ տարածքով միջազգայնորեն
ճանաչված մի երկիր։ Հաջողվեց պահել դրա կեսից պակասը՝ այն, ինչը դարձավ Խորհրդային
Հայաստան եւ որի վրա այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
No comments:
Post a Comment