Երկու ամիս առաջ, երբ կազմվում էր Հայ Ազգային
Կոնգրեսի համամասնական ցուցակը, այն բուռն քննադատությունների արժանացավ։ Որոշ «անկախ»
լրատվամիջոցներ ու «վերլուծաբաններ» շահարկում էին այն փաստը, թե իբր հակաժողովրդավարական
է այն, որ այդ ցուցակը կազմել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր էլ, չարամտորեն խեղաթյուրելով
իրականությունը, այդ քննադատությունը շարունակվում է (տես «Ժամանանակ»,
11.05.2012) եւ դա այն դեպքում, երբ ինչպես երկու ամիս առաջ, այնպես էլ հիմա, բավարար
չափով հայտնի է, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել, ճիշտ
հակառակ եզրահանգումների հիմք է ըստ էության։
Չարամիտների ու ավելորդ ջանացողների եռանդը
զսպելու համար, որպես մասնակից եւ ականատես,
անհրաժեշտ ենք համարում սպառիչ ներկայացնել Կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելու
ողջ պատմությունը։
Ինչպես եւ բնական էր, այդ ցուցակի վրա աշխատանքներն
սկսվեցին Կոնգրեսի Քաղաքական խորհրդում այն բանից հետո, երբ այս մարմինը մինչ այդ արդեն
համաձայնությամբ կայացրել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը։
Երկու շաբաթից ավելի, գիշեր-ցերեկ, Քաղաքական խորհուրդը քննարկեց ցուցակի կազմման սկզբունքների,
ապա բուն ցուցակի հարցը։ Որոշ սկզբունքների շուրջ ձեռք բերվեցին համաձայնություններ,
այլ սկբունքներ, ինչպես նաեւ բուն ցուցակի կազմումը, սակայն, հանդիպեց անհաղթահարելի
տարակարծությունների։ Երբ այլեւս ակնհայտ էր, որ Քաղխորհրդում կոնսենսուս չի կայանալու,
իսկ ժամկետներն այլեւս հնարավորություն չէին տալիս երկարաձգել, որոշվել է հրավիրել
Կոնգրեսի ողջ ակտիվի նիստ։ Այդ նիստին մասնակցում էին Կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ
Կենտրոնական գրասենյակի անդամները, տարածքային կառույցների ղեկավարներ, քաղբանտարկյալների
մության ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել է համամասնական ցուցակի կազմելու երեք
հնարավոր տարբերակ.
1. Քաղաքական խորհուրդը
շարունակի աշխատել եւ որոշակի կարճ ժամկետում ավարտին հասցնի գործը։ Ելույթ ունեցողները,
եւ առաջին հերթին հենց Քաղխորհրդի բոլոր անդամները միահամուռ դեմ արտահայտվեցին այդ
տարբերակին՝ մատնանշելով այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքի ու ջանքերի
անարդյունավետությունը։
2. Առաջարկված երկրորդ
տարբերակը հետեւյալն էր. համամասնական ցուցակի կազմելու գործը հանձնարարվի Քաղաքական
խորհրդի կողմից ընտրված մամնի՝ հետեւյալ կազմով. ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին,
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, ՀՀՇ վարչության նախագահ Արամ
Մանուկյան, եւ, որպես ոչ կուսակցականների ներկայացուցիչ, «Այլընտրանքից»՝ Դավիթ Մաթեւոսյան։
Այս տարբերակը նույնպես ոչ մի պաշտպան չգտավ, այս դեպքում եւս դրան դեմ էին նաեւ իրենք՝
այս խմբի մեջ առաջադրվածները։
3. Երկու տարբերակների
միահամուռ մերժումից հետո ժողովը եւ առաջին հերթին Քաղաքական խորհրդի բոլոր անդամները
առաջարկեցին ցուցակը կազմելու իրավասությունը պատվիրակել, հանձնարարել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝
հաշվի առնելով Քաղխորհրդի կողմից մշակված այն չափորոշիչներն ու առաջարկները, որոնք
ընդունվել էին համաձայնությամբ։
Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ վերջին այս տարբերակի
ամենաջերմեռանդ պաշտպաններից էին Արամ Սարգսյանը եւ Դավիթ Շահնազարյանը։ Ընդունվեց համապատասխան որոշում, որը ստորագրեցին Քաղխորհրդի հիշյալ նիստին
մասնակից բոլոր 14 անդամները։
Հիմա
առաջարկում ենք բոլոր այն լրատվամիջոցներին ու վերլուծաբաններին, ովքեր խոսել ու խոսում
են Կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման ոչ ժողովրդավարական եղանակի մասին, ցույց
տալ, թե տվյալ դեպքում որտե՞ղ եւ ինչպե՞ս է խախտվել ժողովրդավարությունը։ Նաեւ ցույց
տալ, թե Հայաստանում ո՞ր քաղաքական ուժի համամասնական ցուցակն է կազմվել ավելի ժողովրդավարական
սկզբունքներով, այն դեպքում, երբ, ի տարբերություն «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի,
նրանք, որպես գրանցված կուսակցություններ, ունեցել են կանոնադրական լուծումներ։ Ուրիշ
ինչպիսի՞ ժողովրդավարական լուծում կարելի էր գտնել տվյալ դեպքում, որն անտեսվել կամ
շրջանցվել է։ Միակ այդպիսի լուծումը, թերեւս, կլիներ այդպես էլ մինչեւ վերջ ցուցակ
չունենալը, ուստիեւ՝ ընտրություններին մասնակցելը ձախողելը։ Ուրիշի ճաշի մեջ մազ փնտրողները
գուցե հենց այդ էլ ուզո՞ւմ էին։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»,
12.05.2012
No comments:
Post a Comment