Saturday, May 26, 2012

ԿԵՂԾ ԵՒ ԻՐԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ


Որեւէ խնդիր լուծելիս կամ իրողություն գնահատելիս շատ կարեւոր է դիտանկյունը։ Եթե այն սխալ է ընտրված, ապա իրողությունը սխալ կմեկնաբանվի՝ կաշկանդելով քո հետագա քայլերը ու խոչընդոտ դառնալով դեպի նպատակ տանող ճանապարհիդ։ Դրանով դու միայն կօգնես քո թշնամուն, հակառակորդին։ Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսի՝ վերջին ընտրություններում ստացած արդյունքի ճիշտ դիտանկյունից մեկնաբանությունը հսկայական կարեւորությունը ունի։
Հակամարտությունը
Պատմությունը ամբողջական, ավարտված դրվագների մի շարան է։ Դրանցից ավելի ցայտուն են նրանք, որոնց հիմքում որեւեւէ հակամարտություն է դրված. առաջանում է հակամարտություն, տեղի է ունենում դրա զարգացումը, գալիս է լուծումը, ինչով պատմական տվյալ դրվագն ամբողջանում, ավարտվում է։
2007թ. աշնանից, ՀՀ Հիմնադիր-նախագահի առաջին հրապարակային ելույթներով դրվեց ավազակապետության կազմաքանդման եւ խաթարված սահմանադրական կարգի վերականգնման խնդիր-նպատակ, ինչի շուրջ ձեւավորվեց համաժողովրդական շարժում։ Իշխանությունն, իր հերթին դրեց համաժողովրդական շարժման լիակատար ոչնչացման խնդիր-նպատակ, ինչի միջոցով միայն կարող էր հասնել ռեժիմի վերարտադրմանն ու պահպանմանը։ Սրանով գոյացավ այն հակամարտությունը, որը վերջին չորսուկես տարվա ներքաղաքական կյանքի ոչ միայն առանցքն է, այլ, ըստ էության, ողջ բովանդակությունը։ Այդ հակամարտությունը շարունակվում է առ այսօր եւ դեռ չի գտել իր լուծումը։
2008թ. նախագահական ընտրությունները առաջին ճակատամարտն էր։ Այն կարող էր ավարտվել հաղթանակով ու դրանով կամբողջանար պատմական դրվագ-միավորը։  Բայց եղավ Մարտի 1 իր հայտնի հետեւանքներով։ Ոմանք ասացին՝ վերջ, պատմական դրվագ-միավորն ավարտվեց, ավարտվեց պարտությամբ եւ դա է լուծումը։ Կարող էր եւ այդպես լինել, համենայնդեպս իշխանությունն ամեն ինչ արեց, որ դա դառնա իշխող հասարակական պատկերացում եւ իրողություն։ Բայց վիճարկողները շատ էին ու համառ։ Եղավ շարժման վերակենդանացման, վերականգնման շրջան, նոր հանրահավաքներ, դիրքերի վերականգնում։ Դա հնարավոր եղավ, որովհետեւ ճիշտ էր դիտանկյանը. հակամարտությունը մի ճակատամարտով չլուծվեց, այն վերածվել է պատերազմի եւ մինչեւ վերջնական լուծում, բնական է, որ կլինի դիրքային պայքար, տեղի կունենան մանրումեծ այլ ճակատամարտեր, հարձակումներ, նաեւ մարտավարական նահանջներ (միշտ չէ, որ նահանջը բացասական է)։
Կարելի է հաշվել, թե քանի տասնյակ առիթներով իշխանական ու իշխանասուն քարոզչամեքենան գուժեց թե ավետեց Կոնգրեսի «չկարողանալը», «թուլացումը», «պառակտումը», «քայքայումը», «վախճանը». Կոնգրեսն այս անգամ էլ չկարողացավ հասնել հռչակած վերջնական նպատակին, ուրեմն..., հանրահավաքին մի քանի հոգի պակասեց, ուրեմն... մի քանի հոգի լքեցին, դուրս եկան, ուրեմն...։ Այսօրինակ քարոզչության նպատակն էր հնարավորինս մեծ տարածում տալ այն պատկերացմանը, թե վերոհիշյալ ելակետային հակամարտության հիմքի վրա առաջացած պատմական դրվագ-միավորը դրանով ավարտվել կամ ավարտվում է։ Ու եթե հաջողեր որեւէ պահի, որեւէ առիթով շատերին տեղափոխել իրենց ձեռնտու այդ դիտանկյան վրա, ապա իրոք կավարտվեր պատմական դրվագ-միավորը։ Կավարտվեր իշխանության հաղթանակով։ Վերջին այդպիսի առիթը, ահա, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն էին՝ հերթական ճակատամարտը ավազակապետության դեմ մղվող պատերազմում։ Եւ ինչպես ամեն մի քայլից հետո, արվում են հարցադրումներ երկու, տրամագծորեն տարբեր դիտանկյուններից։
Կեղծ քաղաքական դիտանկյունից
Այս դիտանկյունից արված հարցադրումներից թվարկենք մի քանիսը.
-   2008թ. Կոնգրեսն ուներ 350.000 ձայն, ինչո՞ւ հիմա դարձավ 107.000։
-   Դա չի՞ նշանակում, արդյոք, որ Կոնգրեսը սխալներ է ունեցել, վատ է աշխատել եւ այդքան ձայն է կորցրել։
-   Եթե այսպես շարունակվի, ապա ի՞նչ հույս ու երաշխիք, որ հաջորդ նախագահական ընտրություններում կարող ենք հաջողության հասնել։
-   Ո՞վ է դրա համար մեղավոր եւ այլն։
Ակնհայտ է, որ հիշյալ եւ այսօրինակ հարցադրուները եթե գերակշռող դառնան, ապա չորսուկես տարի առաջացած հակամարտությունը որպես պատմական դրվագ միավոր ավարտվելու է զրոյացմամբ եւ ավազակապետական ռեժիմի ամրապնդմամբ։ Հարցադրումներ անողները միայն իշխանական եւ իշխանասուն «չեզոք» քարոզչամիջոցները չեն, որոնք ամեն ինչ անում են դրանց ավելի լայն քաղաքացիություն տալու համար։ Արտաքուստ տրամաբանական թվալով, նման հարցադրումներ անում են նաեւ ուրիշները։ Անշուշտ, այս եւ բազմաթիվ այլ հարցադրումներ ունեն իրենց պարզ պատասխանները։ Օրինակ, ասենք՝ որ ո՛չ 2008թ. 350.000, ո՛չ էլ 2012թ. 107.000 ձայները Կոնգրեսի իրական ձայները չեն։ Եթե ընտրությունները ծայրեծայր կեղծվել են, ինչպե՞ս կարելի է նրանց կեղծ արդյունքների վրա վերլուծություն ու եզրակացություն անել։ Կամ, որ՝ տարբեր են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող յուրահատկությունը եւ հասարակական ընկալումը։ Կամ, որ՝ 2008թ. ընտրակեղծիքների մեքենան հարմարեցված էր բոլորովին այլ տիպի իրավիճակի, մինչդեռ հաջորդ 4 տարվա ընթացքում այն մանրակրկիտ «վերապրոֆիլավորվել» է եւ այլն։ Բայց այսօրինակ պատասխանները, ըստ էության, չեն բավարարում ու չեն մխիթարում հարցադրում անողներին։
Դիտանկյունը սխալ է, քաղաքական իմաստով խաբուսիկ, իրողությունները չբացահայտող, հետագա քայլերն ու գործողությունները կաշկանդող, ուստիեւ՝ հակառակ կողմին ձեռնտու։ Պետք է այս ամենին նայել ճիշտ դիտանկյունից։
Իրական քաղաքական դիտանկյունից
Որպես հարցադրուների ելակետ ընդունենք հետեւյալ փաստ-իրողությունները. Ա) այս հակամարտության մի կողմը եղել է Հայ Ազգային Կոնգրեսը, մյուս կողմը՝ ավազակապետական ռեժիմի եւ աշխարհի թիվ մեկ  1 գերտերության (ավելի ճիշտ՝ ողջ Արեւմուտի) կազմած դաշինքը։ Եւ սա ոչ պատկերավոր խոսք է, ոչ էլ առասպել ու չափազանցություն։ Այս դաշինքի նպատակն էլ եղել (եւ առ այսօր մնում է) Կոնգրեսի, որպես քաղաքական գործոնի  ոչնչացումը։ Չխոսենք ակնհայտորեն ու արմատապես կեղծված ընտրություններին Արեւմուտքի տված գնահատականների մասին։ Այդ դաշինքի գործողությունները մենք մասամբ տեսել ենք մեր աչքով, զգացել մեր մաշկի վրա։ Առաջին անգամ դա շատ կոշտ դրսեւորվեց 2010թ. գարնանը, երբ փորձ արվեց Հայոց համազգային շարժումը դուրս բերել Կոնգրեսից։ Իսկ այդ դաշինքի՝ Հայ Ազգային Կոնգրեսի ոչնչացմանն ուղղված ծրագրերի ու գործողությունների ամբողջական պատկերը բացահայտվեց մի դիպվածով, երբ՝ նույն գերտերության հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակվեցին հայտնի «Վիկիլիքս» կայքում։
Հիմա, ընթերցողին խնդրելով վերոընդգծյալն ընդունելով որպես անսակարկելի փաստական հիմք՝ պատասխանել հետեւյալ հարցադրումներին.
1.      2008թ. մարտի 1-ին տեղի ունեցավ ջարդ ու սպանդ, ապա նաեւ ձերբակալվեցին 100-ավոր մարդիկ, առաջին հերթին շարժման տասնյակ ղեկավարներ։ Հազարավոր ակտիվիստներ ենթարկվեցին հալածանքների ու հետապնդումների, Շարժումն, ըստ էության, հասավ զրոյական մակարդակի։ Բռնությունների, ապօրինությունների եւ ահաբեկչության շարունակվող մթնոլորտում ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան վերակենդանացնել Շարժումը, ստիպել, որ իշխանությունը նախ համակերպվի չարտոնված հանրահավաքների ու երթերի հետ, ապա նաեւ արտոնի դրանք։
2.      Ովքե՞ ր եւ ինչպես՞ կարողացան չեզոքացնել Մարտի 1-ի՝ սպանություններից սկսած ամեն ինչի պատասխանատվությունը Շարժման վրա դնելու իշխանական վարկածը, ստիպել, որ ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում քաղաքացիություն ստանա հակառակ՝ ամեն ինչում իշխանության մեղավորության վարկածը։ Ընդ որում՝ դրան հնարավոր եղավ հասմնել տեղեկատվական խուլ շրջափակման մեջ։
3.      Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան հասնել նրան, որ շինծու քրեական մեղադրանքներով բոլոր ձերբակալվածները ինչպես հասարակական ընկալումներում, այնպես էլ միջազգային ասպարեզում քաղբանտարկյալներ ճանաչվեն, ապա ստիպել, որ նրանք ազատ արձակվեն։
4.      Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան ստիպել, որ հանրահավաքների համար բացվի Ազատության հրապարակը։
5.      Ովքե՞ր եւ ինչպես կարողացան ստիպել, որ  «Մարտի 1-ի էջը փակված» համարած Ս. Սարգսյանը հրապարակավ հանձնարարի այն վերաքննել՝ դրանով իսկ խոստովանելով, որ այդ գործն իրական քննություն չի անցել։
6.      Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան ստիպել նույն՝ «Մարտի 1-ի էջը փակված» հռչակած եվրոկառույցներին նորից ու նորից այդ խնդիրը դնել Ս. Սարգսյանի առջեւ։
7.      Ովքե՞ր եւ իչպե՞ս կարողացան ստիպել իշխանությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղից քիչ անց պարզապես փախավ՝ դրանով իսկ ողջ աշխարհի առջեւ խոստովանելով, որ անզոր են պատասխանել իրենց ներկայացված ահռելի մեղադրանքներին։
8.      Տեղեկատվական խուլ շրջափակման մեջ գտնվող երկրում ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան, արդեն չորսուկես տարի հսկայկան համաժողովրդական շարժումը պահել ամենօրյա պայքարի ռեժիմով՝ ունենալով միջին հաշվով ամսական ավելի քան 1 համահանրապետական բազմահազարանոց հանրահավաք, հազարի հասնող այլ ակցիաներ՝ եզակի դեպք քաղաքական պայքարի համաշխարհային պատմության մեջ։
9.      Այդ ինչպե՞ս եղավ, որ ռեժիմը ստիպված եղավ համակերպվել, որ իր կողմից չորս տարի շարունակ բանտերի ու հալածանքների դատապարտված քաղաքական ուժը ներկայություն ունենա իշխանության օրենսդիր մարմնում, բանտերից տեղափոխվի խորհրդարան։
Այս ամենն իր ահռելիությամբ անհավատալի է թվում։ Բայց թվարկվածը ոչ միայն չափազանցված չէ, այլ նույնիսկ ամբողջը չէ։ Չափազանցություն չէ մեր կողմից հատուկ կրկնված «ստիպված» բառը՝ նկատի ունենալով, թե ինչպիսի ուժեր են աշխատել եւ աշխատում Կոնգրեսի դեմ։ Այդպես լինում է. 1989 թ. աշխարհի ամենահզոր պետություն ԽՍՀՄ-ը ստիպված եղավ բանտերից ազատ արձակել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, իսկ մի քանի ամիս անց ստիպված եղավ համակերպվել, որ նրանք պետք է մտնեն խորհրդարան։ Ու դրա դեմ այսօր ոչ մեկը չի կարող վիճել, այն ժամանակ կարող էր տարբեր կերպ մեկնաբանվել։
Այս ամենից պարզ չէ՞, թե 2008-ի մարտից առ այսօր հակամարտության նժարներից որն է ծանրանում եւ որը՝ թեթեւանում։ Այս ամենի հանդիման որեւէ մեկը պիտի պնդի, թե Կոնգրեսն անընդհատ տանո՞ւլ է տալիս։ Ուրեմն նա կա՛մ խնդիր ունի տեսողության, կա՛մ զգացողության, կա՛մ տարրական տրամաբանության հետ։ Կամ՝ պարզապես որպես փաստ ներկայցնում է սեփական ցանկությունը։
Վերեւում բերված հարցադրումներում կրկնված «Ովքե՞ր կարողացան» հարցի պատասխանն էլ ակնհայտորեն այսպիսին է. Կոնգրեսի առաջնորդից, քաղաքական ղեկավարությունից սկսած մինչեւ ամենօրյա «քաղաքական զբոսանքի» եւ հանրահավաքի յուրաքանչյուր շարքային մասնակիցը։ Գուցե դրանց թիվը 107 հազա՞ր է, գուցե 700.հազա՞ր, գուցե ավելի՞ն։ Նույն հարցադրումներում կրկնված «ինչպե՞ս» հարցի պատասխանն էլ, նույնքան ակնհայտորեն սա է. այս ամենը հնարավոր է դարձել, քանզի կատարվածը նրանց բոլորի կողմից մեկնաբանվել ու գնահատվել է իրական քաղաքական դիտանկյունից, այն է՝ սա հակամարտություն է, պատերազմ, որը կավարտվի, երբ կլուծվի դրա հիմնական խնդիրը։ Իսկ ընթացքը ցույց է տալիս, որ այն անպայման կավարտվի հաղթանակով, եթե չփոխվի անցածի եւ ներկայի գնահատման դիտանկյունը։ Մայիսի 6-ի ընտրությունները այդ նպատակին տանող հերթական ճակատամարտերից մեկն է, որը, չի բացառվում, կդառնա ու կգնահատվի ամենակարեւորը, երբ հաջողությամբ կավարտվի պատմության այս դրվագ-միավորը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» 26.05.2012

No comments:

Post a Comment