Tuesday, May 15, 2012

ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո մի քանի ամսում լուծելով դրա՝ իր համար վտանգավոր զարգացումների հարցը՝ Քոչարյանը ձեռնամուխ եղավ այն ռեժիմի կառուցմանը, որը գործում է առ այսօր։ Շատ խելք պետք չէր գիտակցելու համար, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի զանգվածային տեղեկատվության միջոցները լիակատար վերահսկողության տակ վերցնելը, հասարակությանը տեղեկատվական շրջափակման ենթարկելը։ Մեկ-երկու հեռուստաընկերություններ, որոնք չմտան նախագահականի վերահսկողության տակ՝ անմիջապես փակվեցին։  Դրանով Հայաստանի բնակչության առնվազն 95%-ը, ըստ էության, ենթարկեց տեղեկատվական խուլ շրջափակման։ Տպագիր մամուլի միջոցով ընդդիմության ձայնը լսելու, այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեցող 1-2 տասնյակ հազարը ոչ մի վտանգ չէր ներկայացնում ռեժիմի համար։ Ճիշտ է՝ այն ամբողջությամբ չարհամարհվեց, սակայն, տարբեր ժամանակներում եւ իրավիճակներում այն տարբեր աստիճանի հետաքրքրություն է ներկայացրել ռեժիմի համար։
Հետո տեղի ունեցան կարեւոր փոփոխություններ։ Տարածվեց ինտերնետը՝ նույն տպագիր մամուլի նյութերը մատչելի դարձնելով ավելի լայն լսարանի։ 2007 թ. աշնանից համաժողովրդական շարժումը չմարեց իշխանական հետընտրական մարտիմեկյան արյունոտ ուժային օպերացիայով։ Ձեւավորվեց քաղաքացիական հասարակության ու քաղաքական շարժման ակտիվ ու չմաշվող մի կորիզ, որը կարող էր հասարակական անընդհատ աճող դժգոհության պայմաններում պայթուցիչի դեր խաղալ։ Իսկ հասարակական այդ կորիզի տեղեկատվության աղբյուրը հենց ամենօրյա մամուլն էր։ Դրանով իսկ, սահմանափակ, մի քանի տասնյակ հազար լսարան ունեցող մամուլը ռեժիմի համար դարձավ չափազանց վտանգավոր։ Դրան զուգահեռ, բնականաբար, մեծացավ տպագիր մամուլի նկատմամբ իշխնության ուշադրությունը։ Իշխանությունը նույնպես ուներ տպագիր մամուլի իր հայտնի միջոցները։ Սակայն փոփոխվող պայմաններում ավանդաբար իշխանական ճանաչված, իրենց աչառությամբ վաղուց վարկաբեկված ու արհամարհված մամուլի միջոցներն անկարող էին հակակշիռ լինել, հասարակության ակտիվացած մասի վրա ադեցություն գործել, հաջողության հասնել։ Մյուս կողմից՝ չէր կարելի փակել վերջին ընդդիմադիր կամ անկախ թերթը, քանզի այդ քայլը հեռուստաեթերի դեպքում, դեռ դժվարությամբ էր մարսվում, եւ Ա1+-ի խնդիրը ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպաներում շարունակում էր ծխալ։ Միակ աշխատող միջոցը ռեժիմի համար կարող էր լինել այն, ինչը հաջողությամբ փորձարկվել ու կիրառվում էր քաղաքական դաշտում՝ հայտնի կեղծ ընդդիմադիր ուժերի տեսքով։
Իրապես անկախ մամուլի օրգանների կողքին հիմնեցին թերթեր, արդեն եղածների մի մասն առնվեց իշխանական հովանավորության ու թելադրանքի տակ։ Ձեւավորվեց կեղծ անկախ թերթերի մի շարք։ Ինչպես քաղաքական ուժերի դեպքում, նրանց թույլ տրվեց իշխանության ցանկացած տեսակի քննադատություն, խրախուսվեց ցանկացած ընդդիմադիր գործչի հանդես գալը նրանց էջերում։ Խնդիրը մեկն էր՝ մամուլի ոչ մեծ լսարանի, բայց նաեւ հասարակության տեղեկացված ու քաղաքականապես ամենաակտիվ շերտի մեջ  ցանկացած գնով ձեռք բերել ընդդիմադիր կամ անկախ լրատվամիջոցի համբավ ու համարում։ Իսկ վճռական պահին կատարել նախագահականից իջած թանկարժեք պատվերը՝ նպատակ ունենալով տարակուսանք, հիսթափություն, անվստահություն առաջացնել հասարակության հենց այդ՝ ամենավտանգավոր, ամենաակտիվ խավի մեջ։
Վերջին չորս-չորսուկես տարվա ընթացքում, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ գործոնը ռեժիմի դեմ ծառացած Համաժողովրդական շարժումն է, Հայ Ազգային Կոնգրեսը, դժվար չէ տեսնել, որ հենց սա է եղել «անկախ» համարումով մի շարք թերթերի վարքագիծն ու գործառույթը։ Ներքին մի չգրված կանոնով թերթերը դժկամությամբ են ընդունում, երբ իրենց տպագրելիք հոդվածում այլ լրատվամիջոցի անուն է հիշատակվում։ Ամբողջությամբ չհասկանալով, բայց հարգելով այդ կանոնը՝ ստորեւ բերված մեջբերումներում կխուսափենք ուղղակի հղումներից, սակայն դրանցից ամենացայտուն օրինակը՝ «ժամանակ (Երեւան)»  որ չհիշատակենք էլ, ընթերցողը անմիջապես կնույնականացնի որպես նշված շարքի ամենացայտուն հատանմուշ։
Այժմ այս ֆոնի վրա ու ընդամենը մեկ օրինակով տեսնենք «անկախ» մամուլի ու նույնքան անկախ «վերլուծագանգերի» ֆունկցիոնալ «առաքելության» կատարումը՝ այլ տեղի ու ժամանակի թողնելով խնդրի ամբողջական ուսումնասիրումը ու ներկայացումը վերջին 5 տարվա ընթացքում։ Իսկ որպես օրինակ դիտարկենք նրանց արձագանքն ու գնահատականները Հայ Ազգային Կոնգրեսի՝ վերջին ընտրություններում ստացած արդյունքի մասին։
Ընտրախախտումների ողջ սպեկտրը նրանց ոչ միայն հայտնի է, այլեւ հաճախ հիանալի արձանագրած ու ներկայացված. ընտրողների ցուցակների ուռճացում, անձնագրերի դրոշմակնիքի թանաքի անմիջապես անհետացում, բացահայտ ու համատարած ընտրակաշառք, կարուսել, բամակի ու հարկադրական բաց քվեարկություններ, ընտրողների ուղղորդում, ահաբեկումներ, վարչական ռեսուրսի չարաշահում եւ այլն։ Այս ամենի հետ նաեւ քվեարկության օրը կատարված տասնյակ հազարավոր քրեական օրինախոխտումների նկատմամբ իրավապահների բացարձակ անտարբերություն։ Ոչ մեկը դրա դեմ չի վիճում։ Բայց այս ամենն արձանագրվում է այնպես, ինչպես կարձանագրվեր շատ սովորական, բնական մի բան, ասենք՝ այդ օրվա եղանակային փոփոխությունները։ Այդ ամենի մեջ ոչ մի ցնցող ու էքստրեմալ բան չկա. «Մայիսի 6-ին իշխանության պահվածքը շատ պարզ էր ու սպասելի, այստեղ արդեն հասարակությունը որեւէ քննելու բան չունի»։  Ասել է թե՝ այդ ամենը իշխանության՝ օրենքից ու սահմանադրությունից վեր բնական իրավունքն է։
Ավելին՝ այս ընտրությունները մի քանի քայլ առաջ էին նախորդների համեմատ, քանզի իշխանությունը նույն մասշտաբի կեղծիքներ կարողացավ իրականացնել անաղմուկ, առանց ծեծ ու ջարդի, առանց մարդասպանության ու մարդակերության։ Ներքին ոգեւորությունը վերլուծաբանին ստիպում է անգամ անկեղծ գովեստի խոսքեր ասել. «Իշխանությունը շատ լուրջ էր վերաբերել այս ընտրություններին ու տիտանական աշխատանք կատարել»։ Իսկ «տիտանական այդ աշխատանքն» էլ, խոստովանում է, որ այլ բան չէ, քան վերեւում թվարկած օրինախախտումները խնամքով նախապատրաստելը եւ քվեարկության օրը համատարած, արդյունավետ ու հնարավորինս անաղմուկ իրականացնելը։ Ենթագիտակցության թելադրանքով արվում է նաեւ հաջորդ քայլը. «Այս ընտրություններում անակնկալներ չեղան, ամեն ինչ տրամաբանության շրջանակներում է եւ բացատրելի... Մարդուն շատ պարզ ընտրություն առաջարկվեց՝ նպաստ ստանալ, աշխատանք ունենալ, մի քիչ փող աշխատել եւ այլն կամ ընտրել անորոշ ու անհեռանկար, չձեւակերպված ապագան՝ հանձին ընդդիմության տված անզեն աչքով անգամ անիրականանալի խոստումների»։ Ճիշտ է՝ «ուռճացված են ՀՀԿ-ի ձայները», բայց դա ել այն պատճառով, որ մի պահ խուճապի մեջ գտնվելով՝ մի քիչ «պերեստարալիս»։ Համեմատության մյուս եզրն, իհարկե, Հայ Ագային Կոնգրեսն է, որ ՀՀԿ-ին հակառակ՝ անփույթ է վերաբերվել ընտրությունների խնդրին, ժողովրդի հետ խոսել է ոչ թե նրա համար գերադասելի «կիսագրագետ, բայց հասկանալի», այլ՝ «ոլոր-մոլոր դիվանագիտական ու քաղաքական վերլուծությունների լեզվով»։ Ու հենց այդ պատճառով էլ վստահության չի արժանացել։ Ժողովուրդը, պարզապես, «ընտրել է չարյաց փոքրագույնը»։
Եւ այնուամենայնիվ, պե՞տք է, արդյոք, ինչ-որ բան միմյանցից առանձնացնել, ինչպես ասում են՝ սեւ ու սպիտակի խնդիր դնել։ Ո՛չ, իշխանության վրա իրենց փեշերն են փռում «անկախ» թերթերը. Եթե նա վատն է՝ ոչ մեկը նրանից ավելի լավը չէ. «Իշխանությունը գնեց ամեն ինչ՝ ձայնից մինչեւ բարոյականություն։ Եւ թույլ տվեց մյուսներին գնել այնքան, որքան կարելի է։ Մեկին թույլ տվեց գնել փողով, մյուսներին՝ մարդկանց խաբելով, իմիտացիմայով։ Բայց իրավիճակի ողջ նրբություն այն է, որ իշխանությունը դա արեց բոլորի հետ միասին՝ ամենաարմատականներից մինչեւ ամենակառուցողական ընդդիմության հետ միասին։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից  մնացած բոլոր ուժերը խորհրդարան անցան բացառապես իշխանության բարեհաճության շնորհիվ։ Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ փողի եւ իշխանական ռեսուրսների... Խորհրդարան անցած բոլոր 6 ուժերը մասնակից են այն գործընթացին, որը բեմադրեց իշխանությունը»։ Վերջ։ Եթե բոլորը հավասար են, նույն սանրի կտավը, էլ ի՞նչ իմաստ ունի որեւէ իշխանափոխություն։ Էլ ի՞նչ իմաստ ունի քննարկել, թե ինչպես են անցել ընտրությունները։ Իսկ կատարված ընտրախախտումները որպես փաստ, իրենց նշանակությամբ այլ բան չեն, քան այդ օրվա անցուդարձի խրոնիկա ու արձանագրում։
Այժմ երկու հարցի, որոնց՝ հիշյալ լրատվամիջոցների տված պատասխանով էլ ապացուցվում է մեղադրական մեր թեզի իրավացիությունը։
Մայիսի 6-ին Հայաստանում կայացե՞լ է, արդյոք, ընտրություն։
Հենց իրենց՝ «անկախ» լրատվամիջոցների էջերում՝ ընտրախախտումներին ու դրանց ծավալին վերաբերող նյութերն ի մի հավաքելով, այս հարցը այլ պատասխան չի ենթեդրում, քան՝ «բնականաբար ոչ»։ Ու, թերեւս, հենց այդպես էլ նրանք կպատասխանեն։ Սակայն այս հարցին նրանց տված իրական պատասխանը ոչ թե այս նյութերի մեջ է ու դրանց հիման վրա, այլ հետեւյալ հարցադրմանը նրանց տված հստակ պատասխանում։
Ինչպե՞ս պետք է գնահատել Հայ Ազգային Կոնգրեսի ստացած արդյունքը։
Նույն լրատվամիջոցները այս հարցին տալիս են համերաշխ պատասխան՝ մոռանալով իրենց իսկ հրապարակած նյութերից բխող տրամաբանական՝ «բնականաբար ոչ»  պատասխանը եւ որպես անսասան ելակետ ունենալով հրապարակված պաշտոնական արդյունքները։ Ահա դրանցից մի քանիսը. «Խորհրդարանական ընտրության պաշտոնական արդյունքներով անհաջողության մատնված քաղաքական ուժ», «Ընդդիմադիր այս դաշինքին հաջողվեց կորցնել իր համակիրներին այնքան, որ այսօր հազիվ հաղթահարի 7%-ի արգելքը»։  «Այսքանից հետո պարզ է, որ Հայ Ազգային Կոնգրեսը որպես միասնական կառույց այլեւս գոյություն չունի եւ ճիշտ կլինի, որ դրա մասին հայտարարվի հրապարակայնորեն», «Հայ Ազգային Կոնգրեսը հաստատ դադարել է լինել իշխանափոխության գործիք»,  «Հայաստանի խորհրդարանի ընտրությունը վկայեց ոչ թե երկրում օրինականության եւ սահմանադրականության ճգնաժամի, այլ ընդդիմության ճգնաժամի մասին»։ Այսինքն՝ առաջին հարցին նրանց տված իրական պատասխանը դրական է. «Այո, Հայաստանում  մայիսի 6-ին տեղի են ունեցել իրական ընտրություններ»։  Հակառակ դեպքում անհեթեթ կլիներ գնահատել Հայ Ազգային Կոնգրեսի եւ որեւէ այլ ուժի հավաքած ձայները, դրա հիման վրա քաղաքական գնահատականներ տալ ու եզրահանգումներ անել։
Հենց այս դրական պատասխան էլ ամենամեծ ծառայությունն է Սերժ Սարգսյանին։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայկական ժամանակ», 15.05.2012

No comments:

Post a Comment