Նախընտրական նյութեր սպասող ընթերցողը թող չհիասթափվի,
որ սկսելու եմ Տիգրան Մեծից։ Այս հոդվածն ամբողջությամբ վերաբերում է մայիսի 6-ի ԱԺ
ընտրություններին։
Տիգրան Բ Մեծ
Իր թագավորության առաջին տարիներին Տիգրան Բ-ն
դաշինք կնքեց Պոնտոսի թագավոր Միհրդատի հետ՝ միասին գրավելու համար իրենց հարեւան մի
այլ երկիր՝ Կապադովկիան։ Դաշինքն այսպիսի մի հետաքրքիր պայման ուներ. Կապադովկիան գրավելուց
հետո այն ինչ կարող էր տեղաշարժվել,այսինքն՝ ողջ բնակչությունն իր շարժական գույքով
անցնում էր Տիգրանին, այն ինչ հնարավոր չէր շարժել, այսինքն՝ ամբողջ երկիրը, դառնում
էր Միհրդատի սեփականությունը։ Պատերազմը հաջողությամբ ավարտելուց հետո Տիգրանը Հայաստան
է տեղափոխում 300.000 մարդ։ Անգամ մեր ժամանակների խոշոր պատմաբաններից ոմանք այս փաստը
մեկնաբանել են այնպես, թե դրանից Միհրդատը շահել է, ուստիեւ ենթադրել են, թե Տիգրանը
եղել է այս դաշինքի թույլ կողմը ։ Պատմաբան լինելուց զատ նաեւ մի փոքր քաղաքական հոտառություն
ունեցող գիտնականները, սակայն, նկատել են, որ նման պայմանից Տիգրանը ոչ թե կորցրել,
այլ շահել է։ Նման եզրահանգման օգնել է գալ նաեւ դեպքերի հետագա ընթացքը, մասնավորապես՝
Տիգրանի օրոք Հայաստանի աշխարհակալ պետություն դառնալը։ Այնպես որ, շատ ավելի հավանական
է, որ հիշյալ դաշինքը կնքելիս թելադրող կողմը եղել է հենց Տիգրանը։
Հիշյալ պայմանագրում, կարծում ենք, առարկայացած
է ժամանակի հայ քաղաքական մտքի նվաճած բարձրակետերից մեկը՝ որպես երկրի հորացման հիմք՝ժողովրդագրությանը
տված բացառիկ նշանակությունը։ Դա հաստատվում է Տիգրան Մեծի մասին նաեւ այլ վկայություններով,
մասնավորապես, որ նա նաեւ այլ երկրներից է մեծ
քանակությամբ ներգաղթ է կամակերպել ու բնակեցրել Հայաստանում։ Ընդ որում՝ ոչ որպես
ստրուկներ, այլ որպես քաղաքացիներ։ Բացի վերոհիշյալ շուրջ 300.000 կապադովկացիներից,
հիշատակություն կա Պաղեստինից ավելի մեծ թվով հրեաների Հայաստան տեղափոխելու մասին։
Ամենահամեստ հաշվարկներով Տիգրանը կարճ ժամանակում Հայաստանի բնակչությունը ներգաղթի հաշվին ավելացրել է շուրջ մեկ միլիոնով՝
այն ժամանակվա համար հսկայական մի թիվ։ Կարելի է չկասկածել, որ հենց երկրի բնակչության,
որպես ռեսուրսի, կտրուկ ավելացումն է, որ դարձել է Տիգրանի հետագա հաջողությունների
ամենակարեւոր հիմքերից մեկը։
Ո՞րն էր դեպի իր երկիր ներգաղթ կամակերպելու՝ Տիգրան Մեծի շարժառիթն ու նպատակը.
որպեսի ծաղկեցնի ու հորացնի Հայաստանը։
Մոնղոլ Աբու Սեյիդ խան
Թաթար-մոնղոլական լուծը նվաճված ժողովուրդների
համար իրավացիորեն համարվել է ամենածանրերից մեկը։ Նրանց հաստատած ռեժիմն իր յուրահատկությամբ
առանձնանում է մնացած բոլոր նվաճողների հաստատած ռեժիմներից։ Ընդ որում՝ այդ յուրահատկության
մեջ է մտնում նաեւ առանձնակի դաժանությունը։ Այնպես որ «մոնղոլ- թաթարական համակարգ»
բնորոշումը պատմագիտության մեջ հատուկ գիտական հասկացություն է, ռեժիմի մի տեսակ, որով
կարող են բնորոշվել նաեւ մոնղոլների հետ բոլորովին կապ չունեցող այլ ռեժիմներ։ Հենց
սրա մասին է, որ իր 2007թ. դեկտեմբերի 8-ի իր ելույթում մանրամասն խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝
բազմաթիվ զուգահեռներ մատնանշելով իշխանության իրականացման այդ ձեւի եւ քոչարյանասերժական
այսօրվա ռեժիմի միջեւ։
Սակայն հիմա կներկայացնենք այդ ամենադաժան ռեժիմի
շրջանում կատարված մի փաստ, որ մեզ է հասել ծավալուն արաբատառ արձանագրությամբ։ Հայաստանում
իշխող մոնղոլ կառավարիչներից մեկը՝ Աբու Սեյիդ անունով, ասում է հետեւյալը. Անի քաղաքի
եւ շրջակա տարածքների բնակչությունը տնտեսական
վիճակի վատթարացման պատճառով թողնում են իրենց երկիրն ու արտագաղթում։ Այդ արտագաղթը կանխելու համար նա Անիի եւ հարակից
տարածքների բնակչությանն ազատում է ծանր հարկատեսակներից։
Ո՞րն էր մոնղոլ խանի՝ Անիի եւ հարակից
հայկական տարածքների բնակչության հարկերը թեթեւացնելու
շարժառիթն ու նպատակը. որպեսզի կանխի այդ՝ իրեն ենթակա տարածքներից բնակչության արտագաղթը։
Պարսից շահ Աբաս
17-րդ դարի սկզբին Թուրքիայի դեմ պատերազմում
դեպի իր երկիրը նահանջող պարսից շահ Աբաս 1-ը Թուրքիայի հայկական շրջաններից մոտ
300.000 հայություն տեղափոխեց Պարսկաստան։ Այդ թվում նաեւ առեւտրականներով ու արհեստավորներով
հայտնի Ջուղայի բնակչությանը։ Ջուղայի հայ առեւտրականները, որ առեւտուր էին անում աշխարհի
ամենահեռավոր անկյուններում եւ ամենակարեւոր առեւտրական ուղիների վրա, այլեւս պիտի
զարգացնեին պարսկական արտաքին առեւտուրը։
Ո՞րն էր պարսից շահ Աբասի կողմից Հայաստանից
դեպի իր երկիր հսկայական ներգաղթ կազմակերպելու
շարժառիթն ու նպատակը. որպեսի զարգացնի իր երկրի տնտեսությունն ու առեւտուրը։
Ռուսական ցարիզմ
1826-27թթ. տեղի ունեցավ ռուս-պարսկական պատերազմն
ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Թուրքմենչայի պայմանագրով այսօրվա Հայաստանն անցավ
Ռուսական տիրապետության տակ։ Սակայն հաշտության պայմանագրով միայն տարածքների հարց
չէր լուծվում։ Դրա կետերից մեկը նախատեսում էր պարսկական այլ նահանգներից քրիստոնյա
(հայ) բնակչության տեղափոխման հնարավորություն դեպի ռուսական տիրապետության տակ անցած
հողեր։ 1828թ. պարսկական շրջաններից ռուսական տիրապետության տակ անցած հողեր տեղափոխվեց
45.000 հայ։
1928-29 թթ. տեղի ունեցավ ռուս-թուրքական հերթական
պատերազմը։ Այն նույնպես ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Ու դարձյալ՝ հաշտության համապատասխան
պայմանագրով առանձին մի հոդվածով Ռուսաստանն իրավունք էր ստանում թուրքապատկան տարածքներից
հայ բնակչության ներգաղթ կամակերպել դեպի իրեն միացած հայկական հողեր։ Ներգաղթողների
թիվը կազմեց շուրջ 100.000 մարդ։
Ո՞րն էր գրաված նոր հողերը՝ Արեւելյան
Հայաստանը Պարսկաստանից եւ Թուրքիայից կամակերպված ներգաղթի միջոցով բնակեցնելու շարժառիթն
ու նպատակը. նոր գրաված տարածքները տնտեսապես արագ զարգացնելը։
Խորհրդային շրջան
Խորհրդային դարձած Հասայտանը ներգաղթ կամակերպեց
արդեն անմիջապես՝ 20-ական թվականներին։ Երկրորդ ներգաղթը կամակերպվեց Հայրենական պատերազմից
անմիջապես հետո՝ 1946-48 թվականներին։ Ներգաղթողների թիվը՝ 100.000-ից ավելի էր։
Ո՞րն էր խորհրդային իշխանության շարժառիթն ու նպատակը. երկու դեպքում էլ, դժվար
չէ նկատել, որ ներգաղթը կազմակերպվել է երկրի համար տնտեսապես ամենածանր շրջանում ու
դիտվել է որպես երկրի կենսունակությունը բարձրացնող, տնտեսական զարգացման կարեւոր ռեսուրս։
(Միջանկյալ եզրահանգում)
Բնականաբար, պատմական փաստերով բերված այս օրինակները
կարելի է տասնապատկել ինչպես մեր եւ հարեւան ժողողովուրդների, այնպես էլ այլ ժողովուրդների
պատմության դրվագներով։ Այսինքն՝ 2000 տարուց ավելի տվյալ երկրի իշխանությունը, ղեկավարը,
տերը մի անհերքելի, բանական ճշմարտությամբ է առաջնորդվել, այն է՝ մարդը, քաղաքացին
ամենաթանկ, անգամ հողից թանկ կապիտալն է։ Այս սկզբունքով են առաջնորդվել ոչ միայն տեղական,
այլեւ օտար, մեր երկիրը նվաճած իշխանությունները։ Իսկ դա նշանակում է, որ ժողովրդագրության
հարցերը լուծելով, լուծվում են նաեւ երկրի տնտեսական զարգացման ու հզորացման հարցերը։
Դա նշանակում է՝ վաղուց է գիտակցվել, որ արտագաղթը ազգն արյունաքամ անող, երկիրը վտանգող
ամենամեծ չարիքն է։ Ուստիեւ՝ իշխանությունը, լինի տեղական թե օտար, եթե ժողովրդագրության
հետ կապված ծրագիր է կազմել կամ իրականացրել, ապա միայն մեկ ՝ իր իշխանության տակ գտնվող
երկիր ներգաղթ իրականացնելու, բնակչության քանակը ավելացնելու ուղղությամբ ։ Իսկ եթե
ինչ-ինչ պատճառներով (բնական կամ ոչ բնական աղետ եւ այլն) իր երկրից է զանգվածային
արտագաղթ սկսվել՝ ձեռնարկել է արտակարգ միջոցառումներ այն դադարեցնելու համար։ Տիգրան
Մեծի, կամ Հին Հռոմի ժամանակներից ի վեր մինչեւ
այսօր, այս կանոնին հակադրվող միայն երկու բացառություն կա։ Առաջինը տեւել է մոտ
40 տարի, երկրորդը՝ արդեն մոտ 12 տարի։
Աբդուլ Համիդ եւ երիտթուրքեր
Հայաստանի վրա թուրքական շուրջ 600-ամյա իշխանության շրջանում վերոհիշյալ կանոնն, ըստ էության,
չի խատվել։ Համենայնդեպս թուրքական տիրապետության շրջանում մեզ հայտնի չէ հայությանն
իր երկրից, առավել եւս Թուրքիայի սահմաններից դուրս մղելու քաղաքական ինչ-որ ծրագիր
(վատ պայմաններից արտագաղթ միշտ էլ եղել է, խոսքը՝ ծրագրի մասին է)։ Առաջին անգամ նման
խնդիր է առաջանում, երբ 1878թ. որպես միջազգային դիվանագիտության խնդիր ձեւակերպվում
է «Հայկական հարցը», իսկ քիչ անց սկսվում է հայկական «հեղափոխական» կուսակցությունների
գործունեությունը։
Մեր պամության այդ ավելի քան երկու հազարամյակի
կտրվածքով մի բացառություն կա՝ ընդամենը 4 տասնամյակ տեւողությամբ։ Դա Թուրքիայում
19-րդ դարի վերջում եւ 20-ի սկզբում սուլթան Աբդուլ Համիդի եւ նրան հաջորդած Երիտթուրքերի
իշխանության շրջանն է։ Այս ընթացքում է մշակվել եւ իրականացվել Հայաստանը հայ բնակչությունից
մաքրելու ծրագիրը։
Ո՞րն է եղել Աբդուլ համիդի եւ երիտթուրքերի շարժառիթը, նպատակը. հասունացող «Հայկական
հեղափոխությունը» կանխելը, այլ խոսքով՝ հայ ագային-ազատագրական պայքարը խոչընդոտելը։
Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան
Հայաստանի Հանրապետությունից խաղաղ պայմաններում
արտագաղթն ահագնացել է 2000 թվականից։ Միայն պաշտոնական վիճակագրությամբ այդ թիվը հասնում
է 260,000-ի։ Իսկ նկատի ունենալով այն հանրահայտ փաստը, որ նույն այս ընթացքում դպրոցականների
թիվը կրճատվել է երկու անգամ, ապա արտագաղթի իրական թիվը պետք է գնահատել մեկ միլոնի
չափ։ Եւ դա այն դեպքում, երբ այդ ընթացքում ոչ պատերազմ է եղել, ոչ խոշոր չափի բնական
աղետ։ Ընդհակառակը իշխանությունն ամեն տարի ներկայացրել է տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներ։
Իրականում Ռ. Քոչարյանը Հոկտեմբերի 27-ից հետո
հաստատելով այսօր գոյություն ունեցող ավազակապետական ռեժիմը՝ ծրագրված ամեն ինչ արել
է երկրից բնակչության արտագաղթը խթանելու, խրախուսելու համար։ Այդ ծրագիրը գործում
է առ այսօր։ Առանց այդօրինակ հատուկ ծրագրի անհնար էր այսպիսի ռեկորդային արդյունքների
հասնել։
Ո՞րն է եղել շարժառիթը, նպատակը. այն հստակ խոստովանել է ռեժիմի վարչապետ Տ. Սարգսյանը.
«թողնենք մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»։
Այն, ինչպես տեսնում ենք, բառացի համընկնում
է համիդյան շարժառիթին։ Այս երկու ծրագրեը, հավասարապես հրեշավոր լինելով, ունեն, սակայն
մի էական տարբերություն։ Աբդուլ Համիդն ու երիտթուրքերը դրանով հետապնդում էին իրենց
երկիրի տարածքային ամբողջականությունը պահպանելու, սրանք՝ դրանով հետապնդում են ընդամենը
ժողովրդից թալանած միլիարդները չկորցնելու նպատակ։
Այսպիսով՝2000-ամյա պատմությունն իր անբեկանելի
փաստերով մի շարքում է դնում Աբդուլ Համիդին, երիտթուրքերին, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին
եւ երկուհազարամյա իմաստությամբ ասում է՝ ձայն տալ Սերժ Սարգսյանին, Հանրապետական կուսակցությանը՝
նշանակում է մերժել նույն պատմության տրամաբանությունը, նշանակում է ձայն տալ Աբդուլ
Համիդին ու երիտթուրքերին։ Սա ողբալի փաստ է, մղձավանջային իրողություն։ Ու դրանից
դուրս գալու ձեւը մեկն է՝ մայիսի 6-ին Ո՛Չ
ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» 02.05.2012
No comments:
Post a Comment