Thursday, May 3, 2012

Ելույթ 03.05.2012 հանրահավաքում


Այն ճշմարտությունները, որոնք այլեւս անվիճելի են դառնում, բոլորի կողմից ընդունելի, բյուրեղանում են ասացվածքի, առածի, առակի նաեւ՝ անեկդոտի տեսքով։ Մայիսի 6-ի ընտրությունների հետ կապված նման մի անեկդոտ է շրջում.
-        Ո՞ւմ ես ձայն տալու։
-        Հանրապետականին։
-        Դե լավ, չես ուզում՝ մի ասա։
Այսինքն՝ Հայ Ազգային Կոնգրեսի «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը որպես ճշմարտություն, արդեն ընդհանուրի սեփականությունն է։
Քարոզարշավի վերջին շրջագայության ժամանակ մեր համակիրներից մեկը պնդում էր, որ Հանրապետականի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի մեջ կոդ է դրված՝ մեջտեղում չորս տառ, որոք հանելուց հետո ստացվում է՝ «հավատափոխենք» ՝ հավատափոխ անենք։ Այսինքն՝ այն, ինչ մեզ հետ չեն կարողացել անել օտարները 1500 տարի շարունակ։ Կոդը մի կողմ, բայց, եթե հավատափոխ բառի տակ հասկանանք ոչ թե դրա կրոնական արտաքինը, այլ ՝ բովանդակությունը՝ որպես արժեքային համակարգ, ապա ամեն ինչ ճիշտ է։ Իշխող ռեժիմը Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու անձնական օրինակով ջարդում է 1500-ամյա մեր արժեքային համակարգը, իրոք հավատափոխ անելու նպատակ ունի.
Այսպես՝ մեր հավատի հիմքում դրված արժեքային համակարգն ասում է՝
-        Մի՛ գողացիր, - սրանք գողանում են եւ իշխանությունը եւ մեր ունեցվածքը,
-        Մի՛ սպանիր, - սրանք Մարտի 1 են իրականացնում եւ պարտակում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որ սպանության է հավասար,
-        Մի՛ ուրացիր, - սրանք ուրանում են Հայոց Ցեղասպանությունը,
-        Մի՛ դավաճանիր, - սարանք դավաճանում են Լեռնային Ղարաբաղին՝ այն լքելով ու նրան զրկելով հակամարտության կողմ լինելու միջազգային մանդատից,
-        Սուտ մի՛ խոսիր, - սրանց ողջ գործունեությունը հենված է հրապարակային անամոթ ստի ու խաբեության վրա։
Ցանկը կարել է  շարունակել։ Բայս կարճ անդրադառնանք դրանցից ամենաանմեղ թվացող՝ սուտ խոսելու երեւույթին։
Սերժ Սարգսյանն իր գլխավորած կուսակցության վերջին համագումարի ընդարձակ ելույթում սուտ խոսելու յուրահատուկ ռեկորդ սահմանեց։ Մոտ 20 էջանոց նրա ելույթի տնտեսական մասում Հրանտ Բագրատյանն արձանագրեց մի քանի տասնյակ սուտ ու կեղծիք եւ ընդամենը մեկ իրական փաստ։ Նույն ելույթի քաղաքական մասում մեզ չհաջողվեց գտնել իրականությանը համապատասխանող գեթ մեկ փաստ, 20 էջ սուտ։
Երեխան մինչեւ չորս տարեկան դառնալը, երբ սուտ է խոսում, ծնողներն ուրախանում են, դա համարում նրա խելքի արտահայտություն։ Չորս տարեկանից հետո, սակայն երախային նախ տանը, ապա նաեւ դպրոցում ասում են, որ սուտ խոսելը վատ բան է։
Եթե մարդը սուտ է խոսում նեղ ընտանեկան միջավայրում, դա իր եւ ընտանիքի խնդիրն է։ Երբ նույն մարդը, օրինական թե ոչ, նաեւ երկրի ղեկավարի է, եւ նույն բանն անում է հրապարակայնորեն, դա չափազանց վտանգավոր է։ Քազնի երկրի ղեկավարը, իր կարգավիճակի բերումով, նաեւ թիվ 1 ընդօրինակման առարկան է՝ նախ իշխանական համակարգում, ապա նաեւ դրանից դուրս։
Ունենալ եւ հանդուրժել գող, սպանող, ուրացող, դավաճանող, ստախոս իշխանություն, նշանակում է վտանգի ենթարկել դարերով մեր պահպանած արժեքային համակարգը,  այո, ժողովրդին մատնել  իրական հավատափոխության վտանգի, ոչնչացնել ազգը որպես այդպիսին։ Դրա դեմ մենք պայքարել ենք 1500 տարի։ Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսի կարգախոսն այսօր  թելադրում է միակ համարժեք վարվելակերպը՝ «Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ»։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ


No comments:

Post a Comment