Tuesday, April 29, 2014

Մտորումներ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից վերադառնալիս


Հերթական անգամ Ապրիլի 24-ի ամբողջ օրը չդադարեց մարդկային հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշարձան։
Հերթական անգամ ամեն մեկը համարեց, որ այդ այցելությամբ կատարեց իր ազգային պարտքը՝ անկախ այն բանից, թե ինչ մտորումներով ու զգացումներով անցավ այդ ճանապարհը։
Եւ հերթական անգամ ամեն մեկը մտքում որպես մխիթարանք արձանագրեց, թե դեռ ահագին մարդ կա Հայաստանում։ Մի քիչ «փորձագիտական» հայացքով նայողներն էլ հերթական անգամ արձանագրեցին, որ տարեցտարի, այնուամենայնիվ, նվազում է մարդկային հոսքը, շատ ավելի դյուրին և արագ է դառնում Կիևյան կամրջից մինչև հուշահամալիր հասնելը։
***
1877-78թթ. Ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Թուրքիան զգալի տարածքներ կորցրեց, այդ թվում՝ մի փոքր մաս էլ պատմական Հայաստանից։ Այդ փաստը և դրան գումարած՝ «Հայկական հարցի» հարուցումը, նշանակում էր, թե պատերազմական մի այլ առիթով նա կարող է կորցնել հսկայական մի տարածք՝ Արևմտյան Հայաստանի՝ հայ բնակչության հարաբերական մեծամասնություն ունեցող շրջանները։ Նման հեռանկարը կանխելու համար Թուրքիան իր համար ձևակերպեց այդ շրջաններից հայկական տարրի դուրս մղման քաղաքական ծրագիր։ Խնդիր էր դրված հայ բնակչության քանակը նվազեցնել այնքան, որ այն դադարի քաղաքական գործոն լինել ու քաղաքական վտանգ ներկայացնել։ Կամայականությունները, իրավական ու տնտեսական Ճնշումների խստացումները, մանր ու մեծ պարբերական կոտորածներն այդ նպատակն էին հետապնդում։ Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը, մեծ հաշվով, սկիզբ առավ 1878 –ից՝ որպես զանազան մեթոդներով իր երկրից հայության դուրս մղման քաղաքականություն։ Այն իր վերջնական լուծմանը հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ մնացածների ֆիզիկական բնաջնջմամբ ու բռնագաղթով։ Հրեշավոր, ինչպես այն ժամանակվա, առավել ևս՝ այսօրվա միջազգային իրավունքի առումով դատապարտելի ու անթույլատրելի մեթոդներով Թուրքիան այդ կերպ իր համար լուծեց հսկայական մի տարածք կորցնելու քաղաքական վտանգի չեզոքացման խնդիրը։
***
Արդեն քանի տարի է, ինչ հանրաճանաչ մարդկանց հրապարակային խոսքերում, զանազան վերլուծություններում, լրագրողական նյութերում, սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում նույն «ցեղասպանություն» կամ դրա համարժեք՝ «ազգասպանություն», «սպիտակ եղեռն», «ներքին ցեղասպանություն» և այլ որակումներ ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում Հայաստանի այսօրվա իրականության համար։
Խոստովանենք, հայ մարդու համար դժվար է «ցեղասպանություն» բառն օգտագործել այլ կոնտեքստում, այլ  իրադարձությունների համար։ Դա բոլորի գիտակցության մեջ ի սկզբանե վերաբերում է 1915-ի մեկուկես միլիոն զոհերին, մի տեսակ՝ դարձել է դրա հատուկ անունը, թվում է, թե նույն բառն այլ առիթով օգտագործելը սրբապղծության նման մի բան է ու նսեմացնում է 1915-ի «արժեքը»։ Նույնիսկ 1895-96 թթ 300.000 կոտորածների համար այս բառը չի օգտագործվում։
Հիմա դա ազատ օգտագործվում է Հայաստանի այսօրվա իրողությունների համար։ Որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ իր կործանարար հետևանքներով, արդեն համեմատելի, իսկ որոշ դեպքերում՝ համարժեք է Հայոց ցեղասպանության հետևանքներին։
Դրա տակ, առաջին հերթին, նկատի է ունեցվում իշխող ռեժիմի քաղաքականության հետևանքով Հայաստանը քամող, ազգային աղետի վերածված արտագաղթը։ Իսկ արտագաղթը միայն թվեր, միայն մարդկանց քանակ չէ, ասենք՝ վերջին 6 տարում 300.000, տարեկան, միջին հաշվով՝ 50.000 մարդ։  Այդ թվի տակ երկրի բնակչության՝ հայաստանյան չափանիշներով 50%-ից ավելիի, իսկ միջազգային չափանիշներով՝ 90%-ից ավելիի դառն աղքատությունն է ու անլուր տառապանքը։ Այդ թվի տակ տգետ ու ագահ իշխանավորներից, չինովնիկական կամայականություններից, արհամարհանքից ու նվաստացումներից վիրավորված, կողոպուտից, իրավազրկությունից, ապօրինություններից տուժող՝ գործնականում ողջ բնակչությունն է՝ խեղված ճակատագրով։ Այդ թվի տակ մարդկանց ձեռներեցության ու ձեռնարկատիրության կաշկանդումն է։ Այդ թվի տակ անհեռանկարայնության անընդհատ թանձրացող մթնոլորտում բնակչության՝ ազգային մտածողության կորուստը և Հայաստանը լքելու ծրագիրը կամ երազանքն է։
Շրջեք գյուղերը, փոքր քաղաքները, ավանները՝ մարդազուրկ գյուղամեջեր, դատարկ փողոցներ, անժպիտ, ուրվական դարձած մարդիկ, ակնհայտորեն սակավ երիտասարդություն, կրկնակի, եռակի փոքրացած դպրոցներ։ Նայեք արտագաղթի թեկուզ պաշտոնական՝ իրականից կրկնակի փոքրացված, բայց արդեն ահասարսուռ թվերը։ Յուրաքանչյուրդ վիճակագրություն արեք ձեր շրջապատում՝ քանիսն են գնացել, քանիսն են պատրաստվում գնալ և քանիսն են երազում այդ մասին։
***
Հայաստանից արտագաղթը նույնպես քաղաքական ծրագիր է և քաղաքական նպատակ է հետապնդում։ Այդ ծրագիրը մտահղացվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ավազակապետական ռեժիմի համար Հայաստանի բնակիչը, որպես «հեղափոխական»՝ վտանգ է ներկայացնում։ Սա դաժան, անսակարկելի ու հանրահայտ իրողություն է, եթե անգամ այդ փաստն արձանագրած չլիներ նախկին վարչապետ Տ. Սարգսյանը արտագաղթի մասին իր հայտնի ցինիկ խոսքում։ Այդ ծրագրով խնդիր դրվեց երկրի բնակչությունը սակավացնել այն աստիճան, որ այն այլևս քաղաքական վտանգ չներկայացնի ռեժիմի համար։ Ճիշտ այնպես, ինչպես 19-րդ դարի վերջում՝ Թուրքիայում։ Այս համեմատության մեջ, սակայն կան էական տարբերություններ.
Ա) Թուրքիայում ոճրագործ այդ ծրագիրը բխում էր երկրի ազգային շահերից և ազգային անվտանգության խնդիր էր։ Հայաստանում դրա նպատակը իշխանական շատ փոքրաթիվ մի խմբակի իշխանության պահպանումն  ու վերարտադրությունն է։
Բ) Շատ բան է գրվել Թուրքիայում ամբողջ 40 տարի հայության տարհանման ծրագիրն իրականացնող առաջին դեմքերի մասին, ծանրագույն մեղադրանքներ հարուցվել, սակայն, կարծես թե, այդ մեղադրանքների մեջ չի հիշվում, թե նրանք այդ ընթացքում անձնական շահ են հետապնդել ու անձնական աստղաբաշխական հարստություն կուտակել։ Նույնը չես ասի Հայաստանի կառավարիչների մասին։
Գ) Եթե 1878-ից ի վեր Աբդուլ Համիդը, ապա՝ երիտթուրքերը, մինչև 1915թ. կարողանային այնպիսի ինտենսիվությամբ հայությանը արտագաղթի մատնել իր հայրենիքից, ինչպես իր իշխանավարման 6 տարիների ընթացքում դա արեց Ս. Սարգսյանը, ապա 1915-ին Հայաստանում էլ հայ չէր մնա, և ֆիզիկական բնաջնջման տեսքով ցեղասպանության կարիք չէր լինի։ Եւ սա ընդդիմադիրի պատկերավոր ու չափազանցված քաղաքական խոսք չէ։ Սա թվաբանական փաստագրում է. տարեկան միջին հաշվով  50.000 արտագաղթի դեպքում Արևմտյան Հայաստանի 2 միլիոնից պակաս բնակչությունը 35 տարվա ընթացքում (1878-1914 թթ.) վաղուց սպառված կլիներ։ Այնպես որ՝ Ս. Սարգսյանի ռեժիմը, երկիրը դատարկելու, հայությանն արտագաղթի մատնելու իր ծրագրի գործադրման արդյունավետությամբ (մի կողմ դրած 1915թ.) գերազանցում է Աբդուլ Համիդի և երիտթուրքերի ռեժիմին։
***
Հիմա Ս. Սարգսյանը Հայաստանում դեռ ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում։ Հրամանագրեր է ստորագրում, կառավարություն է կազմում, վարչապետ ու նախարարներ է նշանակում։ Ոմանք էլ դեռ լուրջ-լուրջ քննարկում են նրա նշանակումներն ու քայլերը։

http://www.ilur.am/news/view/28690.html

Tuesday, April 8, 2014

ՊԱՀԸ կորցնելը երկիրը կմատնի նորանոր կորուստների


Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական պայքարում կան միատեսակ օրինաչափություններ։ Որևէ գործողություն իրականացնելիս նախապես պետք է հաշվել դրա համար անհրաժեշտ ռեսուրսները, հաջողության հասնելու հնարավորության աստիճանը և ընտրել ճիշտ ՊԱՀԸ։ Միշտ չէ, որ հաջողության հնարավորությունը 100%-անոց է լինում, հաճախ գնում ես նաև ռիսկի։ Ուստի հնարավոր է նաև, որ այդ դրվագում չհաջողես, չհաղթես, տեղի տաս, նահանջես։ Բայց դրանից հետո չես կորցնի վերականգնվելու, ոտքի կանգնելու, հզորանալու, պայքարը շարունակելու ու հաղթանակի հասնելու հնարավորությունը։
Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական պայքարում շատ ավելի վտանգավոր է, երբ չես նկատում ու չես օգտագործում օբյեկտիվորեն քեզ տրված, էլ չասենք՝ հենց քո ձեռք բերած շանսը, հնարավորությունը, կորցնում ես ՊԱՀԸ։ Առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է ոչ թե դրվագային, այլ վերջնական ու լիակատար հաղթնակի հասնելու իրական հնարավորության բարենպաստ պահին։ Պահը պահ է, երկար չի ձգվում, ու հապաղելով՝ կարող ես այն անվերադարձ կորցնել։ Այս դեպքում արդեն քեզ չեն ներում, այս դեպքում, նվազագույնը՝ դու վերանում ես որպես տվյալ գործի համար պայքարող մարտիկ, միավոր, որպես գործոն։ Կարող ես նաև ծանր մեղադրանքների ու նվաստացուցիչ պիտակների արժանանալ։
* * *
Ներքին և արտաքին քաղաքականության առարկայացած հրեշավոր արդյունքներով՝ ժողովրդի վայրենի թալանից ու կողոպուտից մինչև ազգակործան արտագաղթ, Ցեղասպանության ուրացումից մինչև երկրի անկախության ատրիբուտների ոչնչացում, զարգացման խոչընդոտի վերածված ռեժիմն իր դեմ հասարակության հարաճուն դժգոհությունը վաղուց արդեն հասցրել է համատարած ատելության։ Բնականաբար, չուզենալով կիսել ռեժիմի հանցավորության պատասխանատվությունը, ընդդիմադիր դաշտ անցան նաև նրա հետ նախկինում որևէ կերպ համագործակցող քաղաքական ուժերը։ Վերջին տարիներին ստեղծվել է մի վիճակ, երբ ռեժիմի հեռացումը համընդհանուր ցանկություն ու պահանջ է հասարակության անխտիր բոլոր խավերի համար։
Բարենպաստ հասարակական այս մթնոլորտում ձևավորվեց խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների համագործակցությունը, նախ՝ առանձին խնդիրների շուրջ, ապա նաև՝ ընդհանրական՝ ամբողջական իշխանափոխության հարցում։ Ամբողջական իշխանափոխությունը ռեժիմի հեռացումն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ու նրա հիմնած արատավոր համակարգի  լիակատար կազմաքանդումը։ Նկատի ունենալով մարտավարության հարցում քաղաքական չորս ուժերի պատկերացումների տարբերությունը՝ գտնվեց ընդհանուր հայտարար՝ամբողջական իշխանափոխության հասնել փուլային տարբերակով։ Դա նշանակում էր, նախ, միասնաբար Ազգային ժողովում բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը, ապա, այդ կերպ հասնելով ուժերի հարաբերակցության փոփոխության, անցնել նաև Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին։
Ինչպիսի՞ն էր երկու կողմերի ռեսուրսների և հնարավորությունների հետ կապված պատկերացումը։
Պատկերացումն այնպիսին էր, որ միայն խորհրդարանական գործունեությամբ, համապատասխան քանակի ստորագրություններով կառավարության հրաժարականի խնդիրը ԱԺ օրակարգ մտցնելը ու քննարկելը բավարար չի լինի դրան հասնելու համար։ Ուստիև քառյակը հարցը ԱԺ մտցնելու օրը՝ ապրիլի 28-30-ին, նշանակեց նաև չորս ուժերի միասնական, շուրջօրյա հանրահավաք։ Նկատի ունենալով նախորդ (մարտի 1-ի) միայն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի բազմամարդությունը, չորս ուժերի միավորման շնորհիվ հասարակական մթնոլորտի շիկացումը, ակնհայտ էր, որ հրապարակը կարող էր եռապատկվել-քառապատկվել, ու ճնշումը իշխանության վրա կարող էր լինել աննախադեպ։ Եւ այնուամենայնիվ, շարունակվում էր քննարկվել երկու հնարավոր տարբերակ. ա) այդ ամենի հետևանքով հնարավոր է լինում հասնել կառավարության հրաժարականին, բ) իշխանությունն, այնուամենայնիվ, չի նահանջում, կառավարությունը մնում է։
Դեռ քառյակը նոր հայտարարեց նշանակված հանրահավաքի կազմակերպման հետ կապված քարոզչական և այլ նախապատրաստությունները սկսելու մասին, և ապրիլի 3-ին Տ. Սարգսյանը հապշտապ հրաժարական տվեց։ Տեղի ունեցավ այն, ինչի հնարավորությունը դեռևս 50% էր գնահատվում ապրիլի վերջի համար։ Այսինքն՝ այն, ինչը պիտի լիներ քառյակի համատեղ խորհրդարանական գործողության և հասարակական ճնշման արդյունքում, տեղի ունեցավ լոկ դրա սպառնալիքի տակ, այն էլ՝ դեռ մեկամսյա հեռավորությամբ։
Անմիջապես արձանագրվեց, որ Տ. Սարգսյանի «վաղաժամ» հրաժարականով կատարվեց շատ կարևոր մի բացահայտում. պարզվեց, որ վարչախմբի ուժն ու ռեսուրսները, ինչը նա կարող էր հակադրել իր դեմ ծառացած քաղաքական ու հասարակական ճնշմանը, բազմապատիկ ավելի սակավ են, քան կարելի էր ենթադրել (http://www.ilur.am/news/view/27560.html)։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն իշխանության ամրության ներքին ռեսուրսին, որ համեմատաբար ավելի հեշտ տեսանելի ու հաշվարկելի է։ Դրանով բացահայտվեց նաև ռեժիմի համար շատ կարևոր՝ արտաքին օժանդակության ռեսուրսը, ինչին նա ապավինել է տարիներ շարունակ։ Ընդ որում՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքում արդեն իսկ կարելի էր նկատել արտաքին այդ օժանդակության նվազման հստակ նշանները, սակայն անհայտ էր մնում դրա աստիճանը։ Պարզվեց, որ իշխանության արտաքին օժանդակության ռեսուրսը, ըստ էության, զրոյական է։
«Փուլային տարբերակով» նախատեսվում էր, հօգուտ ընդդմության ուժերի հարաբերակցության փոփոխությամբ՝ նախ հասնել որակապես նոր իրավիճակի ստեղծման՝ ամբողջական իշխանափոխության երկրորդ փուլին՝ Ս. Սարգսյանի հրաժարականին անցնելու համար։ Մինչդեռ պարզվեց, որ ուժերի հարաբերակցությունն այս պահին ավելի քան հօգուտ ընդդիմության է։ Պարզվեց, որ  «որակապես նոր իրավիճակը», որ պիտի ստեղծվեր ամիսներ անց, արդեն իսկ առկա է։ Ուստիև կառավարության հրաժարականի պահից գործում է երկրորդ փուլի համար անհրաժեշտ «որակապես նոր իրավիճակի» ռեժիմը, առաջնահերթ է դառնում այդ պայմաններում գործելու, չհապաղելու խնդիրը։
Ավելի քան երբեք՝ հասարակությունը ոգևորված է, մթնոլորտն էլեկտրականացված է ամբողջական իշխանափոխության հեռանկարով։ Դա տևական պայքարի և աշխատանքի արդյունք է։ Այս պահին ռեժիմը գոյատևման ոչ մի ռեսուրս չունի։ Նրա փրկության միակ տարբերակը կարող է դառնալ ընդդիմության կողմից ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀԸ կորցնելը, անմիջապես ամբողջական իշխանափոխության երկրորդ փուլին՝ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին չանցնելը։ Ս. Սարգսյանի միակ հույսը ընդդիմության հապաղումն է։ Մինչդեռ՝ անգամ ժողովրդական իմաստությունն է նման դեպքերի համար ասում՝ «Երկաթը տաք-տաք են ծեծում»։
***
Չորս ուժերն էլ օգտագործում են համակարգային փոփոխություններ տերմինը։ Եւ իրոք՝ խնդիրը արատավոր, հանցավոր կոռուպցիոն համակարգն է։ Իր էությամբ այն չի կարող ներսից բարենորոգման տրվել, այն պետք է կազմաքանդել։ Համակարգի հիմքը ոչ օրինակարգ իշխանությունն է։ Ուստիև՝ համակարգային փոփոխության գործիքը, օրինակարգ իշխանության հաստատումից բացի՝ այլ բան լինել չի կարող։ Հակառակ դեպքում՝ կոռուպցիոն համակարգը կարող է կուլ տալ ցանկացած անարատ վարչապետի, կառավարության ու նախագահի՝ իրենց փայլուն ծրագրերով հանդերձ։ Ըստ այսմ՝ Ս.Սարգսյանի հեռացումը անձի հարց չէ, այլ համաժողովրդական հիմքով օրինակարգ իշխանության հաստատման, որը միայն ի վիճակի կլինի իրականացնել համակարգային փոփոխությունն ըստ էության՝ եղածը կազմաքանդելով ու նորը՝ օրինականը, սահմանադրականը, պատասխանատուն ստեղծելով։
Ոչ մեկը չի կասկածում, որ Ս. Սարգսյանի հրաժարականի օրակարգով շուրջօրյա միասնական հանրահավաքը, արդեն իսկ ողջ հանրապետությունում էլեկտրականացած մթնոլորտում, շատ ավելի բազմամարդ, վճռական ու անկասելի կլինի, քան որ նախատեսված էր ապրիլի 28-ին։ Իսկ ամենահավանականն այն է, որ այն կարող է բերել նույն արդյունքին՝ Ս. Սարգսյանի հրաժարականին մինչև հանրահավաքի կայացումը։ Եւ անգամ այդ դեպքում պիտի արձանագրվի, որ Հայաստանում տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական կոչվող այն հեղափոխությունը, որ բերում է ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, գործարարություն, ազատում կապանքներից, իրավական պետություն, յուրաքանչյուրի համար արժանապատիվ կյանքի հնարավորություն։ Եւ այդ հեղափոխությունն, իր դերակատարներով հանդերձ, կմտնի պատմության ու քաղաքագիտության դասագրքեր՝ որպես քաղաքական արվեստի օրինակելի մի նմուշ, որպես աշխարհում եղած հարյուրավոր նման հեղափոխությունների մեջ ամենաթավշյան, ամենազանգվածայինը, ամենաախաղաղն ու ամենաանցնցումը։
Մինչդեռ ՊԱՀ-ը կորցնելը երկիրը կմատնի նորանոր կորուստների և չի ներվի ո՛չ ներկայի, ո՛չ ապագայի, ո՛չ պատմության կողմից։

 http://www.ilur.am/news/view/27672.html

Tuesday, April 1, 2014

Երբ հաղթահարվում է «հարցի քաղաքականացման» տաբուն


Խորհրդային տարիներին ամենավտանգավոր բառը «քաղաքականն» էր։ «Քաղաքականությամբ զբաղվելը» ծանր հանցագործության մեջ մեղադրանքի պես մի բան էր, իսկ որոշ տասնամյակներում՝ մահացու պիտակ, Սիբիր աքսորվելու ուղեգիր։ Որևէ ամենասովորական հարց քննարկելիս էլ պետք էր շատ զգույշ լինել, որպեսզի չմեղադրվեիր հարցին «քաղաքական աստառ» տալու մեջ։ Արտասահման գնալը որևէ մեկի համար անհնար բան էր, եթե նրա բնութագրում չլիներ «քաղաքականապես կայուն է» հավաստիացումը։ Միակ բանը «քաղաքական» բնորոշմամբ, որ 1960-ականների կեսերից, այն էլ՝ քչփչոցի մակարդակով, հնարավոր դարձավ, քաղաքական անեկդոտներն էին։ Բայց դրանք պատմողներն էլ անպայման հայտնվում էին ԿԳԲ-ի տեսադաշտում։
Խորհրդային տարիների համար այս ամենը հասկանալի էր կամ, ասենք՝ բացատրելի. այդ համակարգում սահմանադրորեն ամրագրված էր մեկ քաղաքական ուժի անսակարկելի իշխանություն, ուստիև որևէ կերպ «քաղաքականությամբ զբաղվելը», անգամ որևէ հարցի «քաղաքական աստառ» տալը համարվում էր ոտնձգություն սահմանադրորեն ամրագրված իշխանության դեմ։
(Մոտ 10 տարի առաջ իրականացվող մի ծրագրի շրջանակներում առնչվել եմ նախկին պաշտոնյաներից վերցված հարցազրույցների շարքի, որտեղից հիշում եմ «քաղաքական» բառից մնացած վախի հետևանքի շատ տիպիկ մի օրինակ։ Խորհրդային Հայաստանի կառավարության՝ Մինիստրների խորհրդի նախկին նախագահին հարցնում են. «Դուք, անշուշտ, մասնակցում էիք հանրապետությանը վերաբերող քաղաքական որոշումների ընդունմանը...»։ Նախկին պաշտոնյան, ընդհատելով հարցը՝ պատասխանում է. «Չէ, ի՞նչ եք ասում, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես այդքան տարի կառավարությունը ղեկավարեցի, անգամ մեր Սահմանադրությունը չէի կարդացել, ժամանակ չկար...»)։
1990թ. ժողովրդավարական ուժերի հաղթանակից հետո, ինչպես առաջին գումարման Գերագույն խորհուրդը, այնպես էլ առաջին գումարման Ազգային ժողովը պետք է կոտրեին ու կոտրեցին մտածողության այս իներցիան, կարծրատիպը։ Այդ ժամանակ հենց իշխող ուժն էր պնդում, որ խորհրդարանում քննարկվող բոլոր հարցերը քաղաքական են, որ քաղաքական են ոչ միայն Անկախության հռչակագիրը, սահմանադրության մեջ փոփոխությունները, Ղարաբաղի ու Ցեղասպանության հարցերը, այլև՝ լեզվի մասին, հողի մասին, ջրի մասին, սեփականաշնորհման մասին ու ընդհանրապես՝ բոլոր օրենքներն ու որոշումները, որոնք քննարկվում և ընդունվում են խորհրդարանում։ Մտածողության ու պատկերացումների իներցիան ծանր էր ու դժվար էր հաղթահարվում։
***
Հիմա ճիշտ հակառակն է։ Արդեն շատ երկար ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, հաճախ՝ ամենաբարձր մակարդակով, բողոքում են... հարցերի քաղաքականացումից։ Որքան հիշում եմ՝ խորհրդարանում շատ թե քիչ նորմալ բանավեճով ընթացող որևէ քննարկում առաջացնում է «խնդիրը քաղաքականացնելու»՝ ՀՀԿ խմբակցության ու հատկապես նրա ղեկավարի բողոքը։ Ընդ որում՝ այդ բողոքները հնչում են ընդհուպ «դասական քաղաքական» հարցերի քննարկման դեպքում, օրինակ՝ «մի քաղաքականացրեք Սահմանադրության հարցը» տեսքով։ Ու ամեն անգամ մարդ դժվարանում է հասկանալ՝ խորհրդարանում քննարկվող հարցերի առիթով «քաղաքականացման» դեմ բողոքները ցինիզմի՞, լսարանի հանդեպ արհամարհանքի՞, թե՞ իրենց մտավոր սահմանափակության արդյունք են։ Ճիշտն ասած՝ երկար ժամանակ համոզված էի, թե առաջին տարբերակն է, այսինքն՝ գործ ունենք լսարանի նկատմամբ արհամարհանքի, ցինիզմի հետ։ Վերջերս, սակայն, ֆինանսների նախարարի նմանատիպ մի անկեղծ բողոքը, թե՝ «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը այլևս ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական քննարկումների դաշտում է», խոսում է հօգուտ երկրորդ տարբերակի։ Ի՞նչ է նշանակում օրենքը մասնագիտական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ։ Ցանկացած օրենք՝ սկսած նախագծից մինչև վերջնական ընդունումը, քաղաքական փաստաթուղթ է։ Հակառակ դեպքում տնտեսական օրենքների ստեղծումն ու ընդունումն, օրինակ, կարելի էր հանձնարարել ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտին, գյուղատնտեությանը վերաբերող օրենքների ընդունումը՝ Գյուղակադեմիային, լեզվի օրենքը՝ Լեզվի ինստիտուտին և այլն, ըստ «մասնագիտական դաշտի»։
Հասարակությանը կամ նրա որևէ խավին հուզող ցանկացած հարց քաղաքական է, եթե այն ենթակա է օրենսդրական կարգավորման։ Չքաղաքականացման կոչն աշխատում է հօգուտ իշխանության։ Հենց դա է պատճառը, որ ՀՀԿ-ի իշխանության շրջանում հետևողականորեն փորձ է արվում հասարակության մեջ վերականգնել խորհրդային պատկերացումը։ Եւ ցավով պետք է խոստովանել, որ այն հաճախ շատ արդյունավետ աշխատել է։ Կարելի է հիշել տասնյակի չափ դեպքեր, երբ իշխանական ապօրինությունների ու կամայականությունների թիրախ դարձած սոցիալական տարբեր խմբեր ընդվզել են։ Օրինակ՝ Բուզանդի ու հարակից փողոցների բնակիչները, ոսկերիչները, տաքսիստները, տոնավաճառների առևտրականները, կրպակատերերը, բացօթյա առևտուր անողները, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարողները, Մաշտոցի պուրակի և բնապահպանական մյուս շարժումները և այլն։ Անխտիր բոլոր դեպքերում պայքարող այս խմբերում հնչել, քննարկվել է «չքաղաքականացնելու» հարցը։ Եւ դա մի բան է նշանակել. հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ գործ ունենալուց, նրանց օժանդակությունից, օգնությունից։ Ի՞նչն է դրան նպաստել։ Նախ՝ տարիների իշխանական քարոզչությունը շատերի մեջ, թերևս, վերականգնել է «քաղաքականացման»՝ խորհրդային տարիների բացասական ընկալումը՝ ստեղծելով նաև այն պատկերացումը, թե դրանով հարցը կարող է մատնվել չլուծման։ Երկրորդ՝ յուրաքանչյուր դեպքում իշխանական ու նրա կողմից ուղղորդվող «անկախ» մամուլի քարոզչությունը, թե՝ տեսեք, ընդդիմությունն ուզում է ձեզ օգտագործել իր «նեղ քաղաքական» նպատակների համար։ Եւ երրորդ՝ վարչախումբն ինչպես որ քաղաքական դաշտում պահում է կեղծ ընդդիմադիր ուժեր, նույնպիսի մեթոդների կարող էր դիմել նաև բողոքի հասարակական ընդվզումներն իր համար անվտանգ դարձնելու («քաղաքականացումից» հեռու պահելու) համար։ Համենայնդեպս, ակնհայտ է, որ վերոհիշյալ տասնյակ սոցիալական այդ բողոքներից, ընդվզումներից որևէ մեկն «առանց քաղաքականացման»՝ շատ թե քիչ առարկայական արդյունք չի արձանագրել (հասարակական տրանսպորտի գնի բարձրացումն ընդամենն առկախվել է, որոշումը չի վերացվել)։
Պարտադիր կուտակայինի խնդիրը, վերևում թվարկվածների համեմատությամբ՝ ունի մի քանի առանձնահատկություն։ Առաջին՝ դրանով վարչախմբի կողոպուտի թիրախ դարձավ հասարակական շատ մեծ շերտ՝ ավելի քան 250 հազար մարդ։ Երկրորդ՝ այս դեպքում կողոպուտը ոչ թե միջնորդավորված՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման, հարկերի ավելացման տեսքով է, այլ ուղղակի գրպանահատության՝ էական պահում ստացվող աշխատավարձից։ Եւ երրորդ առանձնահատկությունն այն է, որ այս  դեպքում հասարակական ընդդիմացումը կարողացավ հաղթահարել «հարցի քաղաքականացման» տաբուն։ Ընդդիմադիր խորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը, ի թիվս այլ գործոնների, կարևոր նշանակություն ունեցավ պարտադիր կուտակայինի խնդրով հարցի հասարակական ամենաբարձր հնչեղության ու համախմբման ապահովման համար։ Եւ, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի որոշում կընդունի Սահմանադրական դատարանը, այդ համագործակցությունը պիտի մնա հարցի երբևէ լուծման միակ երաշխիքը։ 

http://www.ilur.am/news/view/27343.html


Tuesday, March 25, 2014

Ռեժիմը ազգային անկախ պետականության հակապատկերն է


Անկախ պետականությունը, որ նույնացվում է ազատության գաղափարի հետ, ազգի գոյատևման ու զարգացման հիմնական գրավականն է։ Այս գիտակցումը շատ հին է և ներհատուկ բոլոր ժողովուրդներին։ Ազգի ազատությունն այլ կերպ անպատկերացնելի է, քան անկախ պետականության պայմաններում։ Պատահական չէ, որ հենց անկախության ձեռքբերումն է տարբեր ժողովուրդների տոնացույցերում համարվում ամենամեծ տոնը։
Անկախ պետականությունն ինքնին արժեք չէ։ Միաժամանակ՝ այն գերագույն արժեք է ու շատ թանկարժեք գործիք, եթե իրականացնում է երկու գործառույթ.
Ա) Ապահովում է տվյալ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և կյանքի հարաճուն բարգավաճումը
Այս ընկալումը ևս շատ հին է։ Եւ, հազարամյա հնություն ունենալով՝ խիստ արդիական, ընդօրինակելի և դաստիարակիչ այսօրվա համար։
Այդպիսի ընկալման ցայտուն մի օրինակ՝ պատմահայր Մովսես Խորենացուց։ Թագավորի քաջությունը, իմաստությունը, քաղաքական ու ռազմական հմտությունները եթե ընդարձակում են երկրի սահմանները, դա դեռ քիչ բան է նշանակում։ Այն իմաստավորվում է այնքանով, որքանով բերում է ժողովրդի բոլոր խավերի կյանքի ապահովության ու կենսապայմանների բարելավման։ Ահա մի օրինակ՝ կապված Հայկից սերված թագավորներից ամենահզորի՝ Տիգրան Երվանդյանի հետ.
«Եւ ո՞ր իսկական մարդը, որ համակրում է արիական բարքի ու խոհականության, չի զվարճանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել։ Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ»։
Շարունակությունն այն մասին չէ, թե հաջողությունների բարձրակետի հասած, ուրիշներին նվաճած, նրանց վրա հարկեր դրած թագավորը ինչպիսի առասպելական հարստություններով է լցնում իր գանձարանը, ինչպիսի շքեղաշուք կյանք է վարում։ Շարունակությունն այն մասին է, թե այդ ամենից ինչպես են հավասարապես օգտվել բոլորը, հասարակության բոլոր խավերը, ամեն մի քաղաքացի.
«Մթերքներ ոսկու և արծաթի, և պատվական քարերի, և զգեստների, և զանազան գույների գործվածքների՝ տղամարդկանց և կանանց համար՝ առհասարակ բազմացրեց, որոնցով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն այն ժամանակի համեմատ դյուցազունների էին նմանում։ Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները՝ հաջող աղեղնավորներ, կոպալներով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատսպարվեցին վահաններով ու երկաթե զգեստներով... Նա խաղաղություն ու շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով»։
Ու այս ամենից հետո ինքը՝ թագավորը մնաց «կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր» , անգամ՝ «մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր»։
Ահա անկախ պետականության գործառույթի ու իշխանության ղեկավարի առաքելության մասին 1500 տարի առաջվա պատկերացումն ու ընկալումը։ Եւ սա Պատմահոր մտքում ծնված գեղարվեստական պատկեր չէ, այլ ժամանակի ու դրանից առաջվա քաղաքական մտքի արձանագրում։ Դրա շնորհիվ ու այդ հիմքի վրա էր գոյատևել հայկական անընդհատ պետականությունն ամբողջ 1000 տարի շարունակ։
Հիմա ընդամենը մտովի համեմատենք այս պատկերացումն այսօրվա իշխանավորների՝ իշխանության ու պետականության մասին տրամագծորեն հակառակ պատկերացումների, տրամագծորեն հակառակ գործելակերպի ու, բնականաբար, տրամագծորեն հակառակ հետևանքների հետ։ Տրամագծորեն հակառակ՝ նշանակում է, թե այդ կերպ կարող էր վարվել և վարվել է օտարը, թշնամին, հակառակորդը՝ քեզ հարստահարելու կամ վերացնելու նպատակով։
Բ) Ապահովում է այն արժեհամակարգի անխաթարությունը, որ տվյալ ժողովրդի ազգային ինքնության հիմքն է
Դարերով ձևավորված ու սրբագործված արժեքային համակարգը ազգի նկարագիրն ու գոյության հիմքն է։ Ոչնչացնել այդ համակարգը՝ կնշանակի ոչնչացնել ազգը։ Ո՛չ մի օտար նվաճող արժեքային այդ համակարգը ոչնչացնելու խնդիր չի դրել իր առջև՝ որպես իր իշխանության հաստատման կամ պահպանման միջոց։ Նման խնդիր չէր դրել անգամ ամենագաղափարախոսականացված խորհրդային համակարգն ամբողջ 70 տարի՝ «սովետական մարդ» կերտելու իր նպատակով հանդերձ։ Այդպիսի խնդիր իր առջև դրել է իշխող ռեժիմը։
Ցույց տանք դա տասնյակ օրինակներից միայն մեկով։
Վերջերս սոցիալական ցանցերում հանդիպեցի այսպիսի մի գրառում. «Ճապոնիայի վարչապետին հարցրին` ո՞րն է Ձեր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը, նա ասաց` «Մենք տվել ենք դպրոցական ուսուցչին նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսրի չափ պաշտամունք»։
Գեղարվեստական թե պատմական գրականության մեջ դժվար է հիշել շրջան, անգամ դեպք, որ հասարակության մեջ ուսուցչի ընդհանրական կերպարը դրական չլինի։ Այդպես է հայ իրականության մեջ, հաստատ՝ նաև այլ ժողովուրդների մոտ։ Ուսուցչի կարգավիճակը միայն վստահություն, հարգանք ու ակնածանք է առաջացրել բոլոր ժամանակներում։ Հենց դա էր պատճառը, որ, օրինակ ռուսական նարոդնիկները կամ հենց 19-րդ դարի վերջում հայ հեղափոխական կուսակցություններն իրենց գաղափարները ժողովրդի մեջ տարածելու համար գնում էին գավառներ՝ ուսուցչի պաշտոնով։
Իշխող ռեժիմը դպրոցական ուսուցչի հետ վարվել է ճիշտ հակառակ կերպ (համեմատած ճապոնական օրինակին)։ Խոսքը նրանց տված աշխատավարձի մասին չէ (որ ոչ թե նախարարի, այլ նախարարության հավաքարարի աշխատավարձի հետ է համեմատելի), ոչ էլ ձևական հատուկ պատիվների։ Խոսքը նրանց ստորացնող, ստորացուցիչ արարաքների մղելու մասին է։ Միայն ընտրական հանձնաժողովներում նրանց ընդգրկումը ու նրանց ձեռքով ընտրակեղծիքների իրականացումը բավական է՝ հասարակության մեջ ուսուցչի կերպարը, «ուսուցիչ» արժեքը ոչնչացնելու համար։ Եւ ճիշտ այնպես, ինչպես Ճապոնիայի հաջողության գաղտնիքը այդ երկրի իշխանության կողմից դպրոցական ուսուցչին «նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսրի չափ պաշտամունք» տալն է, նույն կերպ՝ Հայաստանի կործանման պատճառներից մեկը կարող է դառնալ ռեժիմի կողմից դպրոցական ուսուցչին իրավախախտի, կեղծարարի, անգամ կաշառակերի համբավով օժտելը։
***
Տարբեր առիթներով ոմանք հաճախ են խոսում Հայաստանի անկախությանն սպառնացող արտաքին վտանգների մասին։
Անկախ պետականությունն ինքնին արժեք չէ։ Միաժամանակ՝ այն գերագույն արժեք է ու շատ թանկարժեք գործիք՝ ազգի ֆիզիկական անվտանգության, արժանապատիվ կյանքի ապահովման և արժեքային համակարգի պահպանման իր գործառույթով։ Այս դիտանկյունով՝ ներկա ռեժիմը ոչ մի կերպ չի կարելի անկախ պետականության դրսևորման ձև համարել։ Այն, ազգի արժեքային համակարգը ոչնչացնելու, նրան իրավական ու նյութական անապահովության մատնելու, իր բնօրրանից դուրս մղելու գործառութով, ազգային անկախ պետականության հակապատկերն է։
Այո, անկախ պետականությանն սպառնացող վտանգը, որպես կանոն, արտաքին է լինում։ Սա բացառիկ դեպք է, երբ անհանգստանալ Հայաստանի անկախությանն սպառնացող արտաքին վտանգից, մեղմ ասած՝ զավեշտ է։ Դա նույնն է, ինչ կեղտաջրում խեղդվողն անհանգստանա անձրևի տակ ընկնելուց ու թրջվելուց։ Քանի դեռ հայ ժողովրդի համար ներքին վտանգն ու չարիքը հարյուրապատիկ ավելի մեծ է իր արդեն առարկայացված արդյունքներով, Հայաստանի անկախության համար պայքարն այլ թիրախ չի կարող ունենալ, քան իշխող հանցավոր ռեժիմը։ Որևէ շեղում այս օրակարգից՝ քայլ է Հայաստանի անկախ պետականության դեմ։

 http://www.ilur.am/news/view/26943.html


Tuesday, March 18, 2014

Սովորական գողապետություն


Անցյալ տարվա աշնանից մարդիկ սկսեցին տարակուսած միմյանց պատմել, թե ինչպես գազօջախին ջուրը նկատելիորեն ավելի ուշ է եռում, սուրճը, ճաշը ավելի ուշ են եփվում։ Հետո խոսակցությունները դարձան ավելի համառ, դուրս եկան մամուլ։ Հետո կատարվեցին «լաբորատոր ստուգումներ», ու պարզեցին, որ ամեն ինչ կարգին է, դեռ մի բան էլ՝ գազի կալորիականությունը բարձր է սահմանված նորմատիվից։
Բայց ահա, հարցին նախանձախնդիր՝ Վահան Մարտիրոսյան անունով մի երիտասարդ ամենապրիմիտիվ սարքավորումներով ստուգում ու ամենահամոզիչ կերպով պարզում է, որ հազարավոր, տասնյակ ու հարյուր հազարավոր մարդկանց դիտարկումը՝ գազի որակի վատացման վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը։ Ըստ պարզ ու համոզիչ փորձի՝ տարբերությունը կազմում է ոչ թե 2-3, այլ ավելի քան 30%, որ, իրոք, անհնար է չնկատել։ Այսինքն՝ Հայաստանում գազը մինչեւ սպառողին հասնելը առնվազն 30%-ով  խարդախվում է։
Բայց սա ամբողջը չէ։ Ազգային ժողովում, երկար ու թեժ՝ գազի հետ կապված մի այլ հարց էր քննարկվում՝ կապված Հայռուսգազարդի 20% բաժնեմասի վաճառքի, գաղտնի պայմանագրերի, հանկարծահայտ 300 միլիոն պետական պարտքի գոյացման հետ եւ այլն։ Դրա մաս էր կազմում նաեւ այն հանելուկը, թե ինչպես է, հանքավայրից հազարավոր կիլոմետրեր տեղափոխվելով՝ Հայաստանի սահմանի վրա 1000 խ/մ 189 դոլարով գնված գազը, եւս 100-200 կմ անցնելով (մինչեւ սպառողին հասնելը)՝ դառնում ավելի քան կրկնակի՝ 390 դոլար։ Ըստ մասնագետների՝ ամենաառատաձեռն հաշվարկներով անգամ այդ ճանապարհին նրա գինը չպիտի գերազանցեր 290-300 դոլարը։ Այսինքն՝ գործ ունենք ակնհայտ խաբեության հետ, ինչի հետեւանքով գազի գինը սպառողի համար ավելանում է եւս առնվազն 20%-ով։
Այլ խոսքով՝ եթե չլինեին այս երկու հանգամանքը՝ խաբեությունն ու խարդախությունը, ապա այս ձմռանը նա, ով գազի համար վճարել է 100.000 դրամ, պիտի վճարեր 50.000, ով վճարել է 50.000, պիտի վճարեր 25.000, եւ այսպես շարունակ։
Հայտնի բան է, որ Հայաստանում վաղուց չի կարող 1000 դոլարի շարժ լինել՝ առանց ռեժիմի գիտության ու մասնակցության։ Անգամ փողոցների անկյուններում արեւածաղիկ վաճառող մի քանի տասնյակ տատիկները զոհ գնացին իշխանական ագահությանը։ Հասկանալի է, որ գազի հետ կապված՝ տասնյակ ու հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ այս «բիզնեսներն» անպատկերացնելի են՝ առանց ամենաբարձր իշխանության հովանավորության ու մասնակցության։ Բայց դրանք նաեւ խաբեության ու խարդախման հատկանիշներով ծանրագույն հանցագործություններ  են, որոնց զոհն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։  Առաջինը դա հաստատեց ինքը ռեժիմը՝ ի դեմս խորհրդարանական իր մեծամասնության։
Ի՞նչ պետք է աներ իշխանությունը, եթե այս ամենը չհամապատասխաներ իրականությանը։
Ազգային ժողովում գազի հետ կապված ահռելի այս ապօրինությունների մասին հնչած առաջին իսկ ելույթներից հետո պիտի ինքն առաջարկեր՝ ստեղծել խորհրդարանական հանձնաժողով՝ խնդիրն ուսումնասիրելու համար։ Ավելին՝ պիտի առաջարկեր, որ այդ հանձնաժողովում ընդգրկվեն միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։ Պիտի ասեր՝ խնդրեմ՝ բոլոր պայմանագրերը, փաստաթղթերը, լաբորատորիաները, մասնագետները, փորձագետները՝ գնացեք ստուգեք՝ ինչքան ուզում եք։ Թող գնային, ոչինչ չգտնեին, գային զեկուցեին, որ ամեն ինչ կարգին է (հո չէի՞ն կարող կեղծ փաստեր ու փաստաթղթեր հորինել), իրենք սխալվել են։ Ավելի մեծ «փիառ» հնարավո՞ր է պատկերացնել որեւէ իշխանության համար։
Իսկ ի՞նչ արեց իշխանությունը։
Բոլոր ուժերով, շաբաթներ ու ամիսներ շարունակ պայքար մղեց գազի հարցով որեւէ փաստաթուղթ տրամադրելու, որեւէ քննարկում կատարելու, որեւէ հանձնաժողով ստեղծելու դեմ։ Վարվեց ճիշտ այնպես, ինչպես կվարվեր խաբեության մեջ մեղավոր խաբեբան, խարդախության մեջ մեղավոր խարդախը։ Ինքն իրեն մատնելու ավելի խոսուն ձեւ հնարավո՞ր է պատկերացնել։
Հետո, տեսնելով, որ դրանով, իրոք, մատնում է ինքն իրեն, համաձայնեց այնպիսի մի «ապահով» հանձնաժողովի ստեղծման, որտեղ ՀՀԿ-ն պետք է մեծամասնություն լինի, որի նախագահը պետք է ՀՀԿ-ական լինի, որի նիստերը պետք է փակ լինեն, որի իրավասությունները պետք է սահմանափակ լինեն, որից ոչ մի տեղեկություն չպետք է հրապարակվի։ Հանցավոր կամ հանցակից լինելու մասին ավելի համոզիչ փաստարկ ու ապացույց հնարավո՞ր էր տալ հասարակությանը։
***
Կարելի է նստել ու հաշվել, թե որքան է տուժել մեզնից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին՝ գազային խաբեությունից ու խարդախությունից։ Նույնը կարելի է անել ցանկացած այլ բնագավառի համար՝ էլեկտրաէներգիա, տրանսպորտ, առողջապահություն, կրթություն, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, առեւտուր եւ այլն, եւ այլն։ Բայց այդ հաշվարկները վաղուց մանրակրկիտ արված են՝ ոչ միայն տեղական, այլ նաեւ միջազգային փորձագետների կողմից։ Իսկ արդյունքն այսպիսին է՝Հայաստանում տարեկան կոռուպցիոն շրջանառությունը կամ իշխանական կոռուպցիոն բուրգի կողմից ժողովրդից թալանված հարստությունը կրկնակի գերազանցում է երկրի պետական բյուջեն։
Այսինքն՝ կողոպտվում է այնքան, ինչքանով հնարավոր կլիներ երեք անգամ բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, ընդհանուր կենսամակարդակը, երեք անգամ աշխուժացնել տնտեսությունը, երեք անգամ ավելացնել աշխատատեղերը, ոչ թե երեք անգամ կրճատել, այլ իսպառ դադարեցնել արտագաղթը...
Սա, այսպես ասենք՝ նյութական վնասն է, որ կարելի է հաշվել թվերով։ Վաղը՝ օրինակարգ իշխանության պայմաններում, այն վերականգնելու համար ժամանակ, միջոցներ ու հսկայական ջանքեր են պետք գալու։ Շատ բան էլ, այդ թվում՝ հարյուր հազարավոր արդեն խեղված մարդկային ճակատագրեր, այդպես էլ անհնար է լինելու շտկել։ Թվերով անչափելի, բայց մեծությամբ, տեսակարար կշռով ու վերականգնման դժվարությամբ շատ ավելի մեծ է հասարակությանը, ժողովրդին հասցված բարոյական, հոգեբանական վնասը, դարերով, հազարամյակներով ձեւավորված, մեր ազգային գոյության առանցքը դարձած արժեքային համակարգի ոչնչացումը։ Բայց սա արդեն այլ թեմա է։

http://www.ilur.am/news/view/26540.html

Tuesday, March 11, 2014

«Արևմտամետության» և «ռուսամետության» թեման Ս. Սարգսյանի հիմնական զենքն է


1990-ական թվականներին հայաստանյան քաղաքական լեքսիկոնում ու քննարկումներում չկային «ռուսամետություն», «արևմտամետություն» բառերը, որոնք այսօրվա «քաղաքական» քննարկումներում ամենաշատն են հոլովվում։ «Հայ դատ» ու «հայդատականություն»՝ կային, «ազգային գաղափարախոսություն» ու «ազգային միասնություն»՝ կային, «ռուսամետություն» ու «արևմտամետություն»՝ չկային։ Դրանք չկային ո՛չ իշխող Հայոց Համազգային Շարժման, ո՛չ նրա բազմաթիվ ու բազմաբնույթ ընդդիմադիր ուժերի քաղաքական բառացանկում։
Ինչո՞ւ չկային։
Դեռ 1988թ. օգոստոսի 19-ին «Ղարաբաղ կոմիտեի» ստորագրությամբ հրապարակված «Հայոց Համազգային Շարժման ծրագիր» կոչվող փաստաթղթում արձանագրված էին այսպիսի դրույթներ.
«Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի ուրիշի հովանավորության վրա: Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով և ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին: Ստրկամտության արտահայտություն է նաև այն մտայնությունը, ըստ որի՝ ազգն ունի մշտական բարեկամ և մշտական թշնամի»:
«Մենք մերժում ենք անբարոյական և մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը, մի կողմից, իբրև «դիվանագիտություն»՝ ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ և համաժողովրդական քծնանք այլ ժողովուրդների նկատմամբ, մյուս կողմից՝ պահանջում է թշնամություն քարոզել ուրիշ ժողովուրդների կամ կրոնների դեմ»:
«Ժողովրդի պատմության մեջ արտաքին գործոնները, անշուշտ, կարևոր դեր են խաղում, բայց վտանգավոր է, որ ժողովուրդն իր հաջողությունների ու անհաջողությունների պատճառը միայն իրենց դուրս է որոնում: Դա կազմալուծում է նրան և տանում ազգային ինքնավերացման: Անբարենպաստ պայմանները, արտաքին ճնշումը ժողովրդին կարող էին ստիպել դիմելու նահանջի, բայց այն ազգերը, որոնք իրենց մեջ ապագայի նկատմամբ հավատ, բարոյական և հոգեկան ուժ են պահպանում և դրանք դրսևորում վճռական պահերին, ոչ միայն ապահովում են իրենց ազգային գոյությունը, այլև հասնում են իրենց իղձերի իրականացմանը»:
Արտաքին քաղաքական որևէ կողմնորոշման մերժման առանցքային այս սկզբունքների վրա էին հենված 1988-1990թթ. Համաժողովրդական շարժումը, ապա՝ այդ Շարժումը ներկայացնող քաղաքական ուժի իշխանությունը 1990-1998-ին։ Ուստիև հասկանալի է, թե ինչու այդ շրջանի քաղաքական լեքսիկոնում բացակայում էին «ռուսամետությունն» ու «արևմտամետությունը» ոչ միայն այդ տարիների իշխանության, այլև ընդդիմության բառապաշարում։
1998 թվականից հետո հաստատված՝ պետականության բոլորովին այլ կարգի հիմնադրույթներ դավանող իշխանության պայմաններում շատ բան պիտի փոխվեր։ Պիտի փոխվեր նաև այս սկզբունքը, կամ տեղի պիտի ունենար նրանից աստիճանական հրաժարում։ Պատճառը միայն նախորդներին հակադրվելն ու նրանցից տարբերվելը չէր։ Պատճառը խիստ գործնական էր։
Պետական հեղաշրջման միջոցով հաստատված իշխանությունը օրինակարգության խնդիր ուներ ի սկզբանե։ Ժամանակի հետ այդ խնդիրը ոչ թե մաշվեց, նվազեց, այլ ամեն մի հերթական, ավելի ու ավելի խայտառակ ընտրության հետևանքով խորացավ և այսօր հասել է իր գագաթնակետին։ Ներքին ոչ օրինակարգության համար հակակշիռ էր պետք։ Այդպիսի հակակշիռ կարող էր լինել արտաքին աշխարհում օրինակարգության ձեռքբերումը։ Իսկ դրա համար պետք էր վճարել՝ ոչ միայն մաս-մաս զոհաբերելով ազգային շահերը, այլ նաև այս կամ այն կողմի վրա «...մետություն» խաղալով կամ ցուցաբերելով։ Սա առաջին գործնական անհրաժեշտությունն էր իշխանության պահպանման տեսակետից։ Որքան խորանում էր ներքին ոչ օրինակարգությունը, այնքան մեծանում էր արտաքին օրինակարգության համար վճարվող գինը՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմի մանդատից զրկելուց մինչև Ցեղասպանության ուրացում։ Հենց դրա շնորհիվ է, որ ամեն մի կեղծված, նախորդից երեք քայլ հետ ընտրություն՝ «մի քայլ առաջ» էր գնահատվում արտաքին աշխարհի կողմից։
Ժամանակի ընթացքում, երկրի չընտրված ղեկավարի ոչ օրինակարգության աստիճանի խորացմանը համընթաց, արտաքին օրինակարգությունը սկսեց քչություն անել՝ հավասարակշռելու համար աճող ներքին ոչ օրինակարգությանը։ Մի կողմից՝ հասարակության տարբեր շերտերի մեջ խորացավ դժգոհությունն ու ատելությունը, մյուս կողմից՝ ռեժիմի միակ կրող ՀՀԿ-ի ընկերակցությունից հրաժարվեցին նրա հետ կոալիցիա կազմած ուժեր՝ անցնելով ընդդիմադիր դաշտ։ Դրա անխուսափելի հետևանքը կարող էր լինել հասարակական ու քաղաքական շատ ավելի լայն հիմքի վրա համաժողովրդական միասնական ընդդիմացումը։ Անհրաժեշտ էր գտնել այդ համախմբումը խոչընդոտող, այն պառակտող նոր մի գործիք։ Վարչախմբի քաղաքական տեխնոլոգները որոշեցին, որ հասարակության ու քաղաքական դաշտի պառակտման համար արդյունավետ կարող է լինել «քաղաքական կողմնորոշման» հարցը։ Առաջին պլան նետվեց,  ակտիվացվեց «արևմտամետության» և «ռուսամետության» խնդիրը։ Այն վտանգավոր էր ոչ միայն որպես վարչախմբի դեմ պայքարը խոչընդոտող մի մեխանիզմ, այլև՝ որ անկախ դրանից՝ ամբողջ ազգի մեջ մի նոր, արհեստական, անիմաստ բաժանում էր առաջացնում։
Այդ վտանգն առաջինն արձանագրեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2012թ. դեկտեմբերի 22-ին Հայոց Համազգային Շարժման 17-րդ համագումարում։
«Ինձ մտահոգություն է պատճառում հետևյալ հանգամանքը. առանց այդ էլ մեր ազգի բաժանումները քիչ չէին, այսօր որոշանապատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցել մեր ազգի մեջ, որն ավելի վտանգավոր է, քան մինչև հիմա եղած հակասությունները: Հիմնիվեր սխալ, բայց, ինչպես ասացի, վտանգավոր և շատ վնասակար։ Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արևմտամետների և ռուսամետների` շփոթելով բոլոր կատեգորիաները, շփոթելով այս հասկացությունների քաղաքական, արժեքային և գաղափարախոսական բաղադրիչները»:
Հետագա ընթացքը ցույց տվեց, որ մտահոգությունն ավելի քան տեղին էր։ Անկախ այն բանից, թե որոշակիորեն ո՞ր «անպատասխանատու մարդկանց» միջոցով էր մտցվում այդ բաժանումը, կասկածից դուրս է, որ ծրագիրը մշակված էր իշխանական խոհանոցում։ Ոմանք դա իրականացնում էին որպես պատվեր, հրահանգ, ոմանք ակամա կարող էին տրվել հոսանքին՝ որպես քաղաքական նորաձևություն։ Համենայն դեպս՝ այդ բաժանումն այսօր իր պառակտիչ դերով հօգուտ վարչախմբի աշխատող հիմնական գործոններից մեկն է։
Խնդրի լուծումը մեկն է. քաղաքական կողմնորոշման հարցադրումը պետք է հայտարարել ու համարել ոչ օրինակարգ։ Այն պետք է հանել ամեն տեսակի քննարկումներից։ Քաղաքականությամբ զբաղվող ու իրեն հարգող ամեն մի ուժ, անհատ, լրատվամիջոց, քաղաքագետ, վերլուծաբան, հրապարակախոս և այլն, ոչ թե պետք է շտապի որոշել իր տեղը պարտադրված այս երկընտրանքում, այլ արհամարհի այն։ Որևէ «...մետություն»՝ անհատից սկսած մինչև քաղաքական ուժի համար, ոչ թե պարտադիր, անխուսափելի համարվող մի հատկանիշ է, անգամ՝ պարծենալու առիթ, այլ՝ քաղաքական հայհոյանք ու խայտառակություն։ Հենց այդպես էր 1990-ականներին։ «Արևմտամետության» և «ռուսամետության» թեման Ս. Սարգսյանի ռեժիմի հիմնական զենքն է ժողովրդի ու քաղաքական դաշտի համախմբման դեմ։ Փակելով թեման՝ նրան զրկում ենք այդ զենքից։ 

 http://www.ilur.am/news/view/26126.html%20%20


Tuesday, March 4, 2014

Սահմանադրական կարգի վերականգնման բանալին


Իշխանափոխության, իսկ ավելի ճիշտ՝ ոչ օրինկարգ, հանցավոր այս իշխանության հեռացման ու սահմանադրական կարգի վերականգնման քաղաքական խնդիրը ժողովրդի մեծ մասի կողմից, 1998-ից ի վեր, գիտակցվել է մշտապես։ Այդ գիտակցումը, մասնավորապես՝ ընտրությունների շրջանում, համախմբել է հասարակությանը ռեժիմի դեմ։ Ճիշտ է՝ հնարավոր չի եղել հաղթահարել վարչախմբի ապօրինությունների պատնեշը, սակայն համախմբման, ընդվզման այդ ակտերը շատ կարեւոր դեր են խաղացել՝ թույլ չեն տվել, որ վարչախումբն իրեն պատի օրինակարգության շղարշով։ Մոտ 10 տարվա փորձով արդեն իսկ ակնհայտ էր, որ համապետական ընտրությունները, լինելով հանդերձ այդ խնդրի լուծման լավագույն առիթը, այնուամենայնիվ, բռնապետական ռեժիմի պայմաններում, քիչ են՝ հաջողության հասնելու համար։ Քաղաքական որեւէ ուժի նախընտրական պայքարը, որքան էլ կազմակերպված, գրագետ եւ հուժկու, չէր կարող հաջողությամբ պսակվել, եթե այն չվերածվեր իրական համաժողովրդական շարժման, ողջ ժողովրդի ընդվզման։ Հասարակության բոլոր խավերի, առկա քաղաքական ուժերի առավելագույն համախմբում, գերհամախմբում ապահովելը միայն կարող էր դառնալ հիմնական քաղաքական խնդիրը լուծելու ԲԱՆԱԼԻՆ։
2008 թվականի փետրվարի նախագահական ընտրությունների նախընթաց ամիսները նպատակաուղղված էին այդ գերհամախմբման՝ համաժողովրդական շարժման գոյացման ապահովմանը։ Դրան էին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ելույթներում ռեժիմի էության՝ «ավազակապետության անատոմիայի եւ մեխանիկայի»՝ որքան մանրազնին ու գիտական, նույնքան հանրամատչելի ու համոզիչ բացահայտումները։ Բաց տեքստով դրան էին ուղղված նրա նույն ելույթների առանցքային ուղերձները հասարակական բոլոր խավերին, ընդհուպ՝ խոշոր գործարարներին։ Նույն նպատակն էին հետապնդում նրա գործնական հանդիպումները քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների եւ ազդեցիկ անհատների հետ։ Համախմբման խնդիրը լուծվեց այն առավելագույն չափով, ինչքանով դա թույլ տվեց տվյալ պահին հասարակական խավերի, ազդեցիկ անհատների ու քաղաքական ուժերի պատրաստության աստիճանը։ Դա բավարար եղավ ընտրություններում ապահովելու Լեւոն Տեր-Պետրոսյանի դե-ֆակտո հաղթանակը։ Սակայն արտաքին ուժերի կողմից ռեժիմին ցուցաբերված շահախնդիր հովանավորչության պայմաններում, մարտիմեկյան սպանդի ու պետական հեղաշրջման հետեւանքով հնարավոր չեղավ փաստացի հաղթանակը դե-յուրե արձանագրել։ Ընտրական գործընթացն այդ կերպ խաթարվեց, սակայն անհնար եղավ կասեցնել ձեւավորված Համաժողովրդական շարժումը, այն վերածվեց պերմանենտ քաղաքական գործընթացի, որ շարունակվում է առ այսօր։
Այնքանով, որքանով առ այսօր չի փոխվել իրավիճակը, չի փոխվել սահմանադրական կարգի վերականգնման եւ օրինակարգ իշխանության հաստատման հիմնական քաղաքական խնդիրը, անցած տարիներին եւ առ այսօր չի փոխվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի առանցքային մոտեցումը։ Խնդրի լուծման ԲԱՆԱԼԻՆ հասարակական բոլոր խավերի, քաղաքացիական նախաձեռնությունների, բնականոն քաղաքական գործունեության դաշտով շահագրգիռ քաղաքական ուժերի գերհամախմբումն է ռեժիմի դեմ։
Պետական մտածողությամբ պայմանավորված այս ելակետը կարելի է տասնյակ փաստերով ցուցադրել անցած տարիներին Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական փաստաթղթերում, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում։ Ռեժիմի դեմ բոլորի համախմբման կոչ է արվել եւ քայլեր ձեռնարկվել թե՛ այն դեպքերում, երբ Կոնգրեսը, որպես քաղաքական ուժ, գտնվել է իր հզորության բարձրակետերում, թե՛ այն ժամանակ, երբ գտնվել է հարաբերական տեղատվության փուլերում։ Ռեժիմի հեռացման եւ սահմանադրական կարգի վերականգնման ԲԱՆԱԼԻՆ գոյացնելու համար Կոնգրեսը, հանուն գերնպատակի, պատրաստակամություն է հայտնել զիջումների ու կոմպրոմիսների։ Այստեղ բերենք ընդամենը երկու օրինակ։
Դեռ 2007 թ. աշնանը, առաջիկա նախագահական ընտրություններում իրեն նախագահի թեկնածու հռչակելով հանդերձ, Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Որպեսզի այլեւս ոչ մի կասկած չմնա, որ մենք հետապնդում ենք այլ նպատակներ, պաշտոնապես հայտարարում եմ նաեւ հետեւյալը. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր Նախագահ ընտրել։ Ընդ որում՝ այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է Ազգային ժողովի նախագահը։ Երեք տարին ինձ անհրաժեշտ է՝ Ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար» (Ելույթ 2007թ. նոյեմբերի 16-ի հանրահավաքում, «Վերադարձ», էջ 93)։ Ռեժիմի հեռացման եւ սահմանադրական կարգի վերականգնման բանալին գոյացնելու խնդիրը լուծելու համար նա նույնպիսի կոչով հասարակության տարբեր շերտերին եւ քաղաքական դաշտին դիմել է 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում՝ միավորվել Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ։ Եւ կրկին՝ ցրելու համար Կոնգրեսի կողմից «այլ նպատակ» հետապնդելու որեւէ մտավախություն, նա այս անգամ էլ խոստացել է նման համախմբմամբ Ս. Սարգսյանի հրաժարականի խնդիրը լուծելու դեպքում չառաջադրել իր թեկնածությունը։
Հայ ժողովրդի առջեւ կանգնած թիվ 1 քաղաքական խնդիրը հնարավորինս լայն համագործակցությամբ, միասնաբար լուծելու գիծն առանցքային է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության գործողություններում։ Այդ գիծն առանցքային էր մարտի 1-ի հանրահավաքի, ըստ էության, բոլոր ելույթներում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի հիմնական ուղերձն էլ 2007-ից ի վեր անթեք ձգվող քաղաքական այդ գծի վերջին մի հաստատումն էր. «Գաղտնիք չէ, որ Հայ ազգային կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման` գիտակցելով միաժամանակ, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը»։ Այս անգամ էլ՝ նկատի ունալով, որ  Հայաստանի թիվ 1 քաղաքական խնդրի լուծման ճանապարհին խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերը հակված են «հանգրվանային» տարբերակի (սկսելով կառավարության հրաժարականի պահանջից), «ճանապարհային քարտեզի» մշակման գործը թողեց չորս ուժերի քաղաքական կոնսուլտացիաներին. «Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում, և ամենևին չհավակնելով առաջատարի դերի՝ պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ` կառավարության հրաժարականին հասնելու հարցում»։
***
Ոմանց կարող է թվալ, թե ներքին եւ արտաքին օժանդակությունից զրկված, աննախադեպ թուլացած ու խուճապի մատնված ռեժիմի հանդիման, 30-40 հազարանոց հանրահավաքի առջեւ, կարելի էր նաեւ այլ լեզվով խոսել։ Հայ ազգային կոնգրեսը երբեւէ այդ կերպ չի վարվել՝ գիտակցելով, որ Հայաստանի համար անսակարկելի անհրաժեշտություն է իշխանափոխությունն իրականացնել բացառապես անցնցում ու անարյուն , ինչի միակ երաշխիքը կարող է լինել ռեժիմի դեմ հասարակության լիակատար համախմբումը։ Բայց դա պայմանավորված է նաեւ մի երկրորդ հանգամանքով ու հեռահար պետական մտահոգությամբ։ Խոսքը պարզ իրավիճակի եւ պարզ իշխանափոխության մասին չէ։ Այս պայմաններում, եթե որեւէ առանձին ուժի անգամ հաջողվի որեւէ այլ կերպ (հատկապես՝ ոչ սահմանադրական ճանապարհով) հասնել ռեժիմի հեռացման, դա դեռ ապահով երաշխիք չէ սահմանադրականության եւ ժողովրդավարության վերջնական հաստատման եւ անխաթար ապագայի համար (հաստատող օրինակներ աշխարհի այսօրվա եւ պատմական փորձից կարելի է տասնյակներով բերել)։ Սահմանադրական կարգի վերականգնման եւ օրինակարգ իշխանության հաստատման մեջ պետք է իրենց նպաստն ու իրենց «արժեթղթերը» ունենան հասարակության բոլոր խավերը, քաղաքացիական նախաձեռնությունները, ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Այդ դեպքում այն կլինի բոլորի ձեռքբերումը՝ հավասարապես թանկ ու գուրգուրելի յուրաքանչյուրի, ողջ ժողովրդի համար։  Դա կլինի ոչ միայն ապահով երաշխիք, այլ նաեւ անմոռանալի մի դաս, որպեսզի այլեւս որեւէ մեկը չհանդգնի մտածել իշխանության հասնել այլ կերպ, քան օրինական ընտրությունների միջոցով, իշխանության միակ տիրոջ՝ ժողովրդի արդար քվեով։


http://www.ilur.am/news/view/25724.html